Գողթան երգեր
Գողթան երգեր, հայ ժողովրդական վեպի՝ վիպասանքի երգերի և զրույցների շարք, որ երգել ու պատմել են Գողթն գավառի երգիչ վիպասանները։ Գոթղան երգերի և երգիչների մասին առաջին վկայությաները պահպաևվել են Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց»-ի մեջ (V դար)։ Խորենացու վկայած «Հայոց երգք վիպասանաց», Թվելյաց երգեր, «Ի վիպասանացն, որ պատմին ի Գողթան» տերմինները հանդես են գալիս իբրև հոմանիշներ, այսինքն՝ միևնույն իրողության տարբեր անվանումներ։ Ենթադրվում է, որ Գողթանի երգիչ-վիպասանները երգել ու պատմել են Տիգրանի, Երվանդի, Արտաշեսի վիպական ճյուղերն իրենց մանրամասներով, այսինքն՝ վիպասանքն ամբողջությամբ։ Այնուամենայնիվ, ըստ Մովսես Խորենացու, եթե վիպասանքը ոչ ամբողջությամբ, ապա նրա Արտաշիսյան շարքը (Արտաշատի շինարարությունը, Արտաշեսի ամուսնությունը, վիշապազունների պատերազմը, Արտաշեսի զավակների թշնամությունը Սմբատի և միմյանց դեմ, Արտաշեսի մահն ու անեծքն Արտավազդին) պատմել ու երգել են երգիչները։ Բանասիրության մեջ գողթան երգեր անվանումն ունի ավելի նեղ նշանակություն, դրա տակ սովորաբար հասկանում են վիպասանքի Արտաշիսյան շարքի չափածո հատվածները («Քեզ ասեմ, այր քաջ Արտաշէս», «Եւ ուստի՛ տացէ քաջն Արտաշէս», «Տեղ ոսկի տեղայր», «Տենչայ Սաթենիկ տիկին», «Մինչ դու գնացեր»), ինչպես նաև Վահագնի ծննդյան երգը ու Գրիգոր Մագիստրոսի ավանդած՝ «Ո՝ տայր ինձ զծուխ ծխանի» վիպական երգը։ Գողթան երգերը հին, հիմնականում Մովսես Խորենացու հաղորդած վիպական և առասպելական երգերն են, ազգային վիպական բանաստեղծության՝ մեզ հասած հնագույն նմուշները՝ հորինված պարզոտնյա խառն, ազատ ոտանավորով, գեղեցիկ մակդիրներով, նվազական փաղաքշական որոշիչներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 150)։ |