Գլոբալ քաղաքացիականություն
Գլոբալ քաղաքացիականությունն առաջարկում է քաղաքացիականությունը հասկանալ գլոբալ իմաստով՝ այսօրվա փոխկախվածության և փոխազդեցության դարաշրջանում այն դիտարկելով որպես աշխարհի բոլոր քաղաքացիների միջև սոցիալական պայմանագիր։ Նրանք, ովքեր առաջ են մղում այս հայեցակարգը, կարծում են, որ մարդիկ ունեն միմյանց նկատմամբ որոշակի իրավունքներ և պարտականություններ հենց միայն այն պատճառով, որ բոլորս ապրում ենք Երկիր մոլորակի վրա[1]։
Այս գաղափարի կողմնակիցները փորձում են ցույց տալ, որ գլոբալ քաղաքացիականության պատկերացումն իրագործելի է։ Համաձայն այս հայեցակարգի՝ այսօրվա խիստ փոխկապակցված աշխարհում գլոբալ քաղաքացիներին անհրաժեշտ է կողմնացույց, որը կխթանի կոլեկտիվ մտածողությունը, կստեղծի ընդհանուր գիտակցություն և գլոբալ պատասխանատվության զգացում` աշխարհի հրատապ խնդիրների վերաբերյալ, ինչպիսիք են բնապահպանական խնդիրները և միջուկային զենքի տարածումը[2]։
Հայեցակարգի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտական շրջանառության մեջ «Գլոբալ քաղաքացիականություն» տերմինն առաջին անգամ օգտագործվել է Բրուքինգսի ինստիտուտի Համաշխարհային տնտեսության և զարգացման ծրագրի ավագ գիտաշխատող Հաքան Ալթինայի կողմից՝ 2010 թվականի մարտին հրապարակված աշխատանքային փաստաթղթում։ Հայեցակարգը հիմնված է գլոբալ էթիկայի, գլոբալ արդարության և համաշխարհային քաղաքացիության հիմքում ընկած հիմնական դրույթների վրա՝ դրդելով անհատներին խորհել փոխկապակցված աշխարհում իրենց կարևոր դերի մասին։ 2011 թվականի սկզբին Ալթինայը հրատարակեց գլոբալ քաղաքացիականության մասին «Գլոբալ քաղաքացիականություն. պարտականություններ և իրավունքներ փոխկապակցված աշխարհում» հոդվածների ժողովածուն[3]։ Այն ներառում էր աշխարհի տարբեր երկրների գիտնականների և մտավորականների այս թեմայով արված հետազոտությունները։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլոբալ քաղաքացիականության հայեցակարգի քննադատները պնդում են, որ ամբողջ աշխարհում բոլոր մարդկանց նկատմամբ, նույնիսկ նվազագույն չափով պատասխանատվություն ստանձնելու գաղափարը ճնշող է և գործնականում գրեթե անհնար։ Այս փաստարկները նաև պնդում են, որ քաղաքացիականությունը ենթադրում է արդյունավետ պետություն և օրենքները կիրառելու կարողություն։ Քննադատները նաև պնդում են՝ քանի որ չկա համաշխարհային կառավարություն, գլոբալ քաղաքացիականության ներդրումն անհնար է։ Ավելին, նրանք ենթադրում են, որ համաշխարհային գերտերությունները եսասեր ու վտանգավոր են, և գործում են առաջին հերթին սեփական շահերից ելնելով և կաշկանդված չեն միջազգային նորմերով և օրենքներով[4]։ Եվ վերջապես, քննադատները պնդում են, որ մարդկանց միջև գլոբալ համերաշխության ցանկացած զգացում չի կարող հիմք հանդիսանալ իրավունքների և պարտականությունների համապարփակ փաթեթի ստեղծման համար, որը կիրառելի կլինի ամբողջ աշխարհում բոլոր անհատների համար։ Քննադատները պնդում են, որ գլոբալ քաղաքացի լինելն արտոնություն է, որը հասանելի է միայն միջազգային էլիտաներին ու մի քանի ակտիվիստների[2]։
Համալսարանների դերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլոբալ քաղաքացիականության կողմնակիցներն ընդգծում են, որ համալսարանական կամպուսները վճռորոշ դեր ունեն ժամանակակից գլոբալ աշխարհի գործելակերպի խորը ընկալումը տարածելու գործում և նպաստում են ապագա սերունդներին նման միջավայրում ապրելու նախապատրաստմանը։ Այս տեսակետը կոչ է անում ստեղծել տեսլական համալսարաններ, որոնք կարող են հաջողությամբ «իրենց ուսանողներին տրամադրել հարթակներ և գործիքներ՝ քննարկելու և պարզելու, թե որն է նրանց պատասխանատվությունը այլոց առջև[1]։
2014 թվականից գլոբալ-քաղաքացիական համալսարանի հայեցակարգը մշակվել է Վելինգթոնի Վիկտորյա համալսարանի կողմից։ Համալսարանը քաղաքացիական ներգրավվածությունը դիտարկում է ժամանակակից գլոբալ համատեքստում՝ ընդգծելով իր ներդրումը ոչ միայն Վելինգթոնի տարածաշրջանում, այլև Նոր Զելանդիայում, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և ամբողջ աշխարհում։ Համալսարանի նախկին պրոռեկտոր, պրոֆեսոր Գրանտ Գիլֆորդը գլոբալ-քաղաքացիական համալսարանները սահմանել է հետևյալ կերպ.
- Մեծ համալսարաններն առողջ համայնքներին կապող արդյունավետ ցիկլն ակտիվորեն խթանվում է կայուն կերպով և փոխանցվում սերնդեսերունդ։
- Համայնքի ներգրավվածությունն ուսուցման և հետազոտության հետ մեկտեղ հիմնական գործառույթ է և դիտարկվում է ինչպես տեղական, այնպես էլ գլոբալ համատեքստում։
- Համալսարանի միջազգային օրակարգը շեշտը դնում է գործընկերության վրա, որպեսզի իրար կապի տեղական և գլոբալ նախաձեռնությունները, գիտելիք տրամադրի՝ ամրապնդելու գլոբալ կառավարումն ու դիմակայելու գլոբալ մարտահրավերներին։
- Հանրային բարիքի արժեքները գերակշռում են շուկայական արժեքներին։
- Անբարենպաստ փորձառությունների պատճառով ռիսկի ենթարկված մտավոր ներուժի պաշտպանության ապահովումը համարվում է հավաքական առաջնահերթություն։
- Հետազոտության որակը և ազդեցությունը հավասարապես կարևոր են համարվում։
- Աշխարհի լավագույն համալսարանների վարկանիշում հայտնվելն ընդհանուր ակնկալիք է[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Altinay, Hakan (2010). «The Case for Global Civics». Global Economy and Development at Brookings. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 3-ին.
- ↑ 2,0 2,1 Altinay, Hakan (2010 թ․ հունիս). «A Global Civics: Necessary? Feasible?». Global Policy.
- ↑ Altinay, Hakan (2011). Global Civics: Rights and Responsibilities in an Interdependent World. Washington, D.C.: Brookings Institution Press.
- ↑ Kagan, Robert (2006). Dangerous Nations. New York: Alfred A. Knopf.
- ↑ «A global-civic university». 2020 թ․ մարտի 5. Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Altinay, Hakan (2011). Global Civics: Rights and Responsibilities in an Interdependent World. Washington, D.C.: Brookings Institution Press.
- Goldstein, Alyosha (2004 թ․ մարտի 17). «The Global Civics of Poverty: Community, Participation, and Neoliberal Governance».
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - Levin-Goldberg, Jennifer (2009). «Transforming Global Civics: The Need for Human Rights Education». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 8-ին.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - «Taiwan Students Top Global Civics Study». Taiwan Today. 2010 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 8-ին.
- «Global Warming and Global Civics». Financial Times. 2012 թ․ դեկտեմբերի 9.
|