Jump to content

Արտավազդ Բրինձյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտավազդ Բրինձյան
Ծնվել է1898
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել է1920
Մահվան վայրԹիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
ԿրթությունՆերսիսյան դպրոց

Արտավազդ Կյուրեղի Բրինձյան (Հովհաննիսյան, 1898, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1920, Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն), հայ հեղափոխական, կուսակցական գործիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թիֆլիսում, գրաշարի ընտանիքում։ Հայրը աշխատել է սկզբում Ռոտինյանի տպարանում, ապա՝ հին գրքեր վաճառողի խանութում։ 1911 թվականին ընդունվում է Ներսիսյան դպրոց, որտեղ դառնում է առաջադեմ աշակերտներից մեկը։ Բարձր դասարաններում ներգրավվում է հեղափոխական գործունեության մեջ։ Իր հոր գրավաճառանոցը նրան «գաղտնարան» է ծառայում, որտեղ գրքեր վաճառելու պատրվակով ընդհատակյա աշխատողների հանդիպումներ է կազմակերպում, թռուցիկներ տարածում։ Մի քանի անգամ Արտիստական թատրոնի գալյորկայից ներկայացման ժամանակ նա թռուցիկներ է շպրտել դեպի պարտերը։ Նրա բնակարանում հաճախ գաղտնի ժողովներ և խորհրդակցություններ են անցկացվել։

1918 թվականին ընդունվելով բոլշևիկյան կուսակցության շարքերը՝ Բրինձյանը կատարել է Թիֆլիսի կոմիտեի հանձնարարությունները։ Իսկ 1920 թվականի մայիսին նրան է հանձնարարված եղել մի խումբ ընկերների հետ զինված հարձակում գործել Թիֆլիսի յունկերական դպրոցի վրա և գրավել այն։ Հենց այդ գործողության ժամանակ Արտավազդը վիրավորվում է և ձերբակալվում։ Նույն գիշերը Բրինձյանին գնդակահարում են մենշևիկյան բանտում։ Ինչպես վկայել է Բրինձյանի եղբայրը, պահնորդական բաժնի աշխատակիցները խուզարկում են նրա բնակարանը և այնտեղից տանում հրացաններ ու ատրճանակներ, թռուցիկներ և գաղտնի գրականություն, իսկ նրա հոր գրավաճառանոցից՝ «3 ֆուրգոն գրականություն»։

Բրինձյանի գործունեության մասին գրված է Ս. Վարդանյանի «Ընդհատակում» գրքում (1926), Գ. Քալաշյանի «Թիֆլիսի ընդհատակում» հուշերում (1958), ինչպես նաև «Լենինսկոյե զնամյա» լրագրի 1963 թվականի հոկտեմբերի 20-ի համարում լույս տեսած Ս. Առաքելյանի հոդվածում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Անմոռաց դեմքեր (Ներսիսյան դպրոցի սաներ), Ե., «Հայաստան», 1965, էջ 32-35։