Արաբական երաժշտությունը ձևավորվել է բուն արաբ․ և նվաճված երկրների երաժշտական մշակույթների միաձուլումից։ Վաղ՝ «բեդվինյան» շրջանին բնորոշ է երաժշտության և բանաստեղծության միասնությունը։ Տեղեկություններ են պահպանվել արաբ․ հին պրոֆեսիոնալ երգիչ–բանաստեղծների (շաիրների), հիդա (քարավանի երգեր), հաբաբ (հեծյալների երգեր) երգային ժանրերի, դուֆֆ (քառակուսի փոքրիկ դափ), միզհար (պրիմիտիվ վին՝ կաշվե դեկայով), ռեբաբ (միալար ջութակի տեսակ) գործիքների մասին։ Ընդարձակելով իրենց տիրապետությունը՝ արաբները յուրացրին ավելի զարգացած տեղական մշակույթների ավանդույթները (ընկալեցին հուն․ երաժշտության տեսության հիմունքները, պարսկական և բյուզանդական մելոդիկայի ազդեցությամբ արաբ․ հնչյունաշարը ընդլայնվեց մինչև երկու օկտավ)։ Արաբական դասական երաժշտության ծաղկումը սկսվում է VII դ. վերջերից։ Այն հիմնվում է յոթնաստիճան լադերի վրա, որոնց մեջ հիմնական հնչյունների շարքում կիրառվում են միջակա ինտերվալներ՝ կոմմաներ (ամբողջ տոնի 1/8-ից պակաս)։ Արաբական երաժշտությանը բնորոշ է ծաղկուն մելիզմատիկան, երգը կատարվում է յուրօրինակ եղանակով՝ լայնորեն կիրառվող գլիսանդոյով (հնչյունից հնչյուն սահելով)։ Դասական երաժշտությունն առավելապես վոկալ է։ Համեմատաբար տարածված է վոկալ–գործիքային անսամբլը՝ երգչի առաջատար դերով։ Օմայանների շրջանի խոշորագույն երգիչներից էին Իբն Մուսաջիհը, Մուսլիմ իբն Մուհրիզը, երգչուհի Ջամիլեն ու նրա աշակերտները, Աբբասյանների օրոք՝ երաժիշտներ Իբրահիմ ալ–Մաուսիլին (742–804) և նրա որդին՝ Բաղդադի դպրոցի հիմնադիր Իսհակ ալ–Մաուսիլին (767–850), ինչպես և Մանսուր Զալզալր։ Միջնադարյան երաժշտության ականավոր տեսաբաններից էին ալՔինդին, որը արաբական երաժշտության համար մշակել ու կիրառել է նեոպլատոնականների «Տիեզերքի հարմոնիաներ»–ը մետաֆիզիկական դոկտրինան, «Երգերի մեծ գրքի» հեղինակ ալ–Իսֆահանին (897–967), Սաֆի–ադ–դին Ուրմավին (մոտ 1230–94), որը ակուստիկայի և հարմոնիկ կապերի մասին գրել է «Էշ–Շարաֆիյյա» տրակտատը՝ միշնադարյան Արևելքի երաժշտագիտական նշանավոր երկը։ Արևելքի երաժշտության մասին կարևոր տեղեկություններ կան «Երաժշտության մասին մեծ տրակտատ»–ի հեղինակներ ալ–Ֆարաբիի, Իրն Սինայի և ուրիշների երկերում։ Միջին դարերում արաբ․ երաժշտությունը ազդել է Իսպանիայի, Պորտուգալիայի երաժշտական արվեստի, եվրոպական մի շարք գործիքների ձևավորման վրա։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 672)։