Ավտոբուսի պայթյուն Բալիգոլիում
Ավտոբուսի պայթյուն Բալիգոլիում | |
---|---|
Տեսակ | ահաբեկչական հարձակում պայթյունով |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Տարեթիվ | օգոստոսի 20, 1988 |
Զոհվածներ | 8 մարդ |
Վիրավորներ | 28 |
Ավտոբուսի պայթյուն Բալիգոլիում (անգլ.՝ Ballygawley bus bombing), Իռլանդիայի հանրապետական բանակի «ժամանակավոր» թևի զինյալների կողմից 1988 թվականի օգոստոսի 20-ի գիշերը Կարր արվարձանից ոչ հեռու՝ Տիրոն հյուսիսիրլանդի շրջանի Բալիգոլի գյուղի մոտ իրականացված ահաբեկչությունը։ Բրիտանացի զինվորներով ավտոբուսը օդ է բարձրացել, 8 մարդ զոհվել է, 28-ը վիրավորվել[1]։ Այդ ահաբեկչությունից հետո Բրիտանական բանակը սկսել է իր զինվորներին հասցնել Տիրոն կոմսություն և այնտեղից տարհանել միայն ուղղաթիռներով։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրիտանական բանակի պարեկության վրա ԻՀԲ-ի «ժամանակավոր» թևի հարձակումները, այդ թվում՝ քողարկված ականների և ինքնաշեն ռումբերի պայթյունները, սկսվել են 1970-ական թվականներից։ Նման դիվերսիաների մեծ մասը տեղի է ունեցել գյուղական վայրերում, հատկապես Տիրոն կոմսությունում, որտեղ գործել է ԻՀԲ-ի Արևելա-Տիրոնական բրիգադը, և Արմա կոմսության հարավային մասում (Հարավ-Արմանի բրիգադ, ԻՀԲ)։ 1979 թվականի օգոստոսին Ուորենպոյնտի մոտ երկու պայթյունների հետևանքով 18 զինվոր է զոհվել, ինչը դարձել է Հյուսիսային Իռլանդիայում բրիտանական զորքերի վրա ԻՀԲ-ի ամենախոշոր գրոհը հակամարտության ողջ պատմության ընթացքում։ 1981 թվականի մայիսին պայթեցվել է «Սարացին» զրահամեքենան՝ Արմա կոմսությունում, զոհվել է հինգ զինվոր[2][3]։ 1983 թվականի հուլիսին Բալիգոլիի (Տիրոն կոմսություն) մոտ հակատանկային ականի վրա պայթել Է բրիտանական բանակի զրահամեքենան, ինչի հետևանքով զոհվել է ևս 4 զինվոր[4]։ 1985 թվականի դեկտեմբերին թագավորական ոստիկանության զորանոցի վրա Բալիգոլիում կատարված հարձակման հետևանքով սպանվել է երկու սպա, իսկ զորանոցները պայթեցվել են[5]։ Վերջապես, 1988 թվականի հունիսին Լիսբերնում միկրոավտոբուսի պայթեցման հետևանքով զոհվել է վեց զինվոր, որոնք մասնակցել են բարեգործական մարաթոնին[6]։
Հարձակում
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականի օգոստոսի 19-ի լույս 20-ի գիշերը 52 տեղով և առանց տարբերանշանների[7] ավտոբուսը ՌՕՈՒ-ի էլդերհրոուվ բազայից մեկնել է Օմա քաղաքի մոտ գտնվող ռազմակայան, ավտոբուսում գտնվել է թեթև հետևակային գնդի 36 զինվոր[8]։ Բոլոր զինծառայողներն այդ պահին մեկուկես տարի ծառայել են Հյուսիսային Իռլանդիայում իրենց հասանելիք երկու տարվա ծառայությունից և բազա են վերադարձել ոչ մեծ արձակուրդից հետո[9]։
Տեղական ժամանակով ժամը 0:30-ի սահմաններում, երբ ավտոբուսը Բալիգոլի քաղաքից դեպի Օմա տանող գլխավոր ճանապարհով էր գնում[10], ԻՀԲ-ի զինյալները կառավարման վահանակի օգնությամբ հեռահար պայթեցրել են ռումբը, որի հզորությունը կազմում էր 91 կգ, սեմտեքսի համարժեքով[7]։ Ոստիկանության ցուցմունքների համաձայն՝ ռումբը տեղադրել են ավտոբուսում և մոտ 300 մետր հեռավորությունից պայթեցրել[9]։ Պայթյունի հետևանքով ավտոբուսը շրջվել է և 30 մետր գլորվել ճանապարհին[10]։ Մարդիկ, ովքեր այնտեղ էին, ցնցված ալիքից դուրս են շպրտվել՝ բառացիորեն ցրված դաշտով մեկ[7]։ Պայթյունի վայրում գոյացել է 1,8 մետր խորությամբ խառնարան, իսկ դիակների և բեկորների մնացորդները ցրվել են ամբողջ շրջանում[8]։ Վկաները պայթյունի հետևանքով զինվորների և ողջ մնացածների դիակներ են գտել ոչ միայն դաշտում, այլ նաև ավտոբուսի բեկորներում։ Որոշ զինվորականներ պարզապես կոնտուզիայի են ենթարկվել և շրջում էին շրջակայքում՝ չգիտակցելով տեղի ունեցածը[9]։ Առաջինը ահաբեկչության վայր են ժամանել Տղաների բողոքական նվագախմբի օլսթեր լոյալիստները, որոնք ավտոբուսով վերադառնում էին Պորտադաունի շքերթից[9]։
Զոհ է դարձել 8 մարդ[1]՝
- Ջեյսոն Բյորֆիթ (19 տարեկան)
- Ռիչարդ Գրիներ (21 տարեկան)
- Մարկ Նորսուորսի (18 տարեկան)
- Սթիվեն Ուիլքինսոն (18 տարեկան)
- Ջեյսոն Ուինթեր (19 տարեկան)
- Բլեր Բիշոփ (19 տարեկան)
- Ալեքսանդր Լյուիս (18 տարեկան)
- Փիթեր Բալոք (21 տարեկան)
Դա եղել է ԻԲՀ-ի կողմից բրիտանական զոհերի ամենամեծ հարձակումը 1979 թվականի Ուորենփոյնթիում դարանակալելուց հետո[11]։ Վերապրածներից մեկի հուշերը Քեն Ուորթոնին հրապարակել է «Երկար նախալեռնային պատերազմ. Բրիտանական բանակի ձայները Հյուսիսային Իռլանդիայում», 1969-1998» գրքում (A Long Long War: Voices from the British Army in Northern Ireland, 1969–98)[12]:
Հետաքննությունը ցույց է տվել, որ այն ճանապարհը, որտեղ կատարվել է ահաբեկչությունը, զինվորականները գերադասում էին չօգտվել իռլանդացի ապստամբների կողմից ահաբեկչությունների սպառնալիքի պատճառով։ Ավտոբուսի վարորդը, որը նույնպես ծառայել է բանակում, բացատրել է, որ իրեն մոլորության մեջ են գցել ինչ-որ մեկի կողմից տեղադրված ճանապարհային երթևեկության նշանները, որոնց պատճառով էլ նա դուրս է եկել ճանապարհ։ Հետաքննությունը պարզել է, որ այդ նշանները հաստատվել են ճանապարհին, ոչ ոստիկանության, ոչ ճանապարհային ծառայությունների կողմից, սակայն ԻՀԲ-ն նաև հերքել է նշաններ տեղադրելու մեղադրանքները և հայտարարել, որ ռազմական ավտոբուսները մշտապես երթևեկել են այդ ճանապարհով։ Զոհվածներից մեկի մայրը բրիտանացի զինվորականներին մեղադրել է կատարվածի իրական հանգամանքները թաքցնելու մեջ[9]։
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատասխանատվությունը պաշտոնապես ստանձնել է Իռլանդական հանրապետական բանակը, այն է՝ նրա «ժամանակավոր թևը»[8]։ Կատարողներ են ճանաչվել Արեևելյան-Տիրոնական բրիգադը, իսկ ապստամբները հայտարարել են, որ զենքը վայր չեն դնի այնքան ժամանակ, քանի դեռ բրիտանական զորքերը դուրս չեն բերվել Հյուսիսային Իռլանդիայից[10]։ Անվտանգության ծառայությունները կասկածել են, որ ինչ-որ իրազեկիչ կարող էր ապստամբներին տրամադրել ավտոբուսի երթուղին և հսկիչ կետեր անցնելու ժամանակը[10]։ Դրանից հետո բրիտանական զորքերը որոշում են ընդունել ամրապնդել Արևելյան Տիրոն և այնտեղից զորքերը դուրս բերել միայն ուղղաթիռներով, որպեսզի խուսափեն տեղի ունեցած ողբերգության կրկնությունից[13]։
Հյուսիսային Իռլանդիայի պետական քարտուղար Բարոն Թոմ Քինգը ենթադրել է, որ պայթուցիկ սարքը հայտնվել Է Լիբիայի ապստամբների մոտ, և քննարկման է ներկայացրել Հյուսիսային Իռլանդիայում զանգվածային խուզարկություններ անցկացնելու հարցը, ինչպես 1971 թվականին[8]։ Հենց Լիբիայից զենքի և պայթուցիկների առաքումն է բացատրել Բրիտանական բանակի դեմ ԻՀԲ-ի հաջողությունների հիմնական պատճառը, այդ թվում նաև պատճառը, թե ինչու Բալիգոլիում ավտոբուսի պայթյունը չի հաջողվել կանխել[14]։
Բրիտանական հետախուզությունը շուտով հայտնել է, որ պարզել է պայթյունի մասնակից երեք անձանց ինքնությունը՝ Ջերարդ եղբայրներ (29 տարեկան) և Մարտին Հարթ (21 տարեկան), Բրայան «Բարդ» Մալլին (26 տարեկան)։ 1988 թվականի օգոստոսի 30-ին Հատուկ օդային ծառայությունը Դրամնակիլիում Արևելյան Տիրոնում հատուկ գործողություն է իրականացրել և ոչնչացրել բոլոր երեքին, ինչը առիթ է հանդիսացել իռլանդացի ազգայնականների կողմից երգ ստեղծելու՝ ի հիշատակ երեք զոհերի՝ «Ambush at Drumnakilly»[13]: «Շինն Ֆեյն»-ի կողմից հակաբիտանական քարոզչությունը դադարեցնելու նպատակով ահաբեկչությունից երկու ամիս անց բրիտանական կառավարությունը լիակատար արգելք է սահմանել ԶԼՄ-ներում իռլանդացի ազգայնականների ելույթի վրա[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Sutton's Index of Deaths from the Conflict in Ireland: 1988». Conflict Archive on the Internet (CAIN). Վերցված է 2010 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Sutton's Index of Deaths from the Conflict in Ireland: 1981 Արխիվացված 2011-05-14 Wayback Machine. Conflict Archive on the Internet (CAIN). Retrieved 20 August 2013.
- ↑ Northern Ireland: Death Cycle Արխիվացված 2013-08-26 Wayback Machine. Time, 1 June 1981.
- ↑ A Chronology of the Conflict: July 1983 Արխիվացված 2011-03-01 Wayback Machine. Conflict Archive on the Internet (CAIN).
- ↑ Taylor, Peter. Brits: The War Against the IRA. Bloomsbury Publishing, 2002. p.273
- ↑ English, Richard. Armed Struggle: The History of the IRA. Oxford University Press, 2004. p.258
- ↑ 7,0 7,1 7,2 «IRA blast kills seven troops». Evening Times. 1988 թ․ օգոստոսի 20.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Lohr, Steve (1988 թ․ օգոստոսի 21). «IRA Claims Killing of 8 Soldiers As It Steps Up Attacks on British». New York Times. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 McKittrick, David. Lost Lives: The stories of the men, women and children who died as a result of the Northern Ireland Troubles. Random House, 2001. pp.1141–1142
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 Richard Yallop (1988 թ․ օգոստոսի 22). «IRA forces security review». The Age.
- ↑ McDonald, Henry (2009 թ․ սեպտեմբերի 6). «Timeline: IRA attacks allegedly linked to Libya». The Guardian. London. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ A Long Long War: Voices from the British Army in Northern Ireland 1969-98. Goodreads. Retrieved 20 February 2014.
- ↑ 13,0 13,1 Van Der Bijl, Nick (2009). Operation Banner: The British Army in Northern Ireland 1969 to 2007. Pen & Sword Military, p. 179. 1-84415-956-6
- ↑ Pierce, Andrew (2009 թ․ սեպտեմբերի 8). «Britain's carefully crafted diplomatic relationship with Libya starts to unravel». Daily Telegraph. London. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 11-ին.