Աշխարհագրական ընկերություններ
Աշխարհագրական ընկերություններ, կամավոր գիտական ընկերություններ, որոնք միավորում են աշխարհագրագետ գիտնականներին, դասախոսներին, դասատուներին, աշխարհագրական գիտությունների զարգացմամբ ու տարածմամբ հետաքրքրվող անձանց։ Աշխարհագրական ընկերությունները կոչված են օժանդակելու աշխարհագրական գիտությունների առաջընթացին, գիտության մասսայականացմանը, հրատարակում են աշխարհագրական և քարտեզագրական աշխատություններ, ամսագրեր, քարտեզներ, զանազան տեղեկատուներ, կազմակերպում գիտական արշավախմբեր։ 1871–1913 թվականներին աշխարհագրական ընկերությունների նախաձեռնությամբ հրավիրվում էին միջազգային աշխարհագրական կոնգրեսներ։ Հետագայում դրանով սկսեց զբաղվել Միջազգային աշխարհագրական միությունը։ 17-18-րդ դարերում կազմակերպվել են Վենետիկի և Նյուրնբերգի, հետագայում՝ Փարիզի (հիմն. 1821), Բեռլինի (1828), Լոնդոնի թագավորական (1830), Ռուսական (1845, այժմ՝ ԽՍՀՄ աշխարհագրական ընկերություն), Ամերիկյան (Նյու Յորք, 1852) աշխարհագրական ընկերությունները։ Ներկայումս աշխարհագրական ընկերություններ կան աշխարհի 46 երկրներում։ 1935 թվականին, Երևանում, պրոֆեսոր Հ. Հովհաննիսյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց Հայկական աշխարհագրական ընկերություն։ Մինչ այդ Հայաստանի աշխարհագրությամբ զբաղվել է Ռուսական աշխարհագրական ընկերության (1926 թվականի՝ Պետական աշխարհագրական ընկերություն) Կովկասյան բաժանմունքը (Թիֆլիս, 1850), որը և հրատարակել է դրան նվիրված մոտ 200 հոդվածներ ու գրքեր, այդ թվում՝ Հ. Աբիխի, Վ. Լիսովսկու, Ա. Ղուկասովի, Գ. Սրվանձտյանի աշխատությունները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 481)։ |