Jump to content

Անձրև (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Անձրև»
անգլ.՝ Rain
«Դը Սմարթ Սեթ» ամսագրի կազմը 1921թ․-ի ապրիլին, «Օրիորդ Թոմփսոն»՝ «Տարվա ամենահիասքանչ կարճ պատմվածքը»
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակՍոմերսեթ Մոեմ
ԵրկիրՄիացյալ Թագավորություն
Բնագիր լեզուԱնգլերեն
Հրատարակչություն«Դը Սմարթ Սեթ»
Հրատարակվել է1924թ․, ապրիլ
 Rain (short story)

«Անձրև» (անգլ.՝ Rain), բրիտանացի գրող Սոմերսեթ Մոեմի կարճ պատմվածքներից։ Առաջին անգամ տպագրվել է ամերիկյան «Դը Սմարթ Սեթ» գրական ամսագրի 1921 թ. ապրիլյան համարում «Օրիորդ Թոմփսոն»[1] անվանմամբ։

Իրադարձությունները տեղի են ունենում Խաղաղ օվկիանոսի ափերից մեկում։ Անբարոյական կնոջը փոխելու միսիոներական մտադրությունը վերածվում է ողբերգության։

1916 թվականին խաղաղօվկիանոսյան իրենց ուղևորության ժամանակ Մոեմն ու իր քարտուղար-ուղեկիցը՝ Ջերալդ Հաքստոնը Սոնոմա շոգենավով ուղևորվում են Ամերիկյան Սամոայի մայրաքաղաք՝ Պագո Պագո։ Կարանտինային ստուգումների պատճառով նրանք մյուս ուղևորների հետ ստիպված են լինում մնալ տեղի կացարաններից մեկում։ Շոգենավի մյուս ուղևորներից են «Օրիորդ Թոմփսոնը» և մի բժիշկ՝ իր կնոջ հետ, որոնք էլ հետագայում դառնում են «Անձրև» ստեղծագործության կերպարները[2]։

Պագո Պագոյի կողքին է գտնվում Ռեյնմեյկեր լեռը, որի պատճառով Պագո Պագո նավահանգստում մշտապես ուժեղ անձրևներ են[3]։

Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող Ապիա ուղևորվելիս մի նավ կանգ է առնում Պագո Պագոյում։ Ուղևորների թվում են բժիշկ Մաքֆեյլը և միսիոներ Դևիդսոնը՝ իրենց կանանց հետ (պատմությունը շարադրվում է Մաքֆեյլի տեսանկյունից)։ Կղզում տարածված կարմրուկի (տեղացիների համար լուրջ հիվանդություն) համաճարակի պատճառով նավը չի կարող շարունակել իր ճանապարհը, քանի դեռ հաստատված չէ, որ անձնակազմում վարակված մարդ չկա։ Մաքֆեյլներն ու Դևիդսոնները կացարան են գտնում առևտրական Հորնի մոտ։ Նրանց կեցության գրեթե ողջ ընթացքում այնտեղ հորդ անձրև է տեղում, որը երկու ընտանիքների համար էլ ճնշող է։ Դևիդսոնը Մաքֆեյլին պատմում է, թե որքան խստապահանջ է ինքը միսիոների իր գործում։

Այդ նույն կացարանում է բնակվում նաև նավի ուղևորներից օրիորդ Թոմփսոնը։ Նրա սենյակից լսվում են գրամոֆոնի երաժշտություն ու տղամարդկանց ձայներ։ Դևիդսոնը հիշում է, որ օրիորդը նավ բարձրացավ Հոնոլուլուից, ենթադրաբար Իվելեից՝ Կարմիր լապտերների թաղամասից։ Դևիդսոնը որոշում է դադարեցնել այդ ամենը ու փորձում է այնպես անել, որ Հորնը օրիորդ Թոմփսոնին թույլ չտա այցելուներ ընդունել։ Մաքֆեյլը զգում է, որ Դևիդսոնը մութ գործերի մեջ է։ Նա այն տպավորությունն ունի, որ Դևիդսոնը զգուշորեն այդ կնոջ շուրջ ցանց է հյուսում, և հանկարծ, երբ ամեն ինչ պատրաստ լինի, նա կձգի ցանցի թելերը[4]։

Դևիդսոնը հանդիպում է կղզու նահանգապետին և պահանջում է, որ օրիորդ Թոմփսոնին հաջորդ իսկ ուղևորվող նավով ուղարկի Սան Ֆրանցիսկո։ Երբ Մաքֆեյլն է այցելում նահանգապետին՝ խնդրելով, որ չկատարի Դևիդսոնի պահանջը, նահանգապետը, վախենալով այդ օրերին միսիոներների ունեցած մեծ ազդեցությունից, մերժում է նրան։ Օրիորդ Թոմփսոնը շատ ծանր է տանում այն փաստը, որ իրեն ուզում են ուղարկել Սան Ֆրանցիսկո՝ ուղղիչ գաղութ։ Դևիդսոնը հաճախ է օրիորդ Թոմփսոնի հետ լինում՝ այժմ նրան արդեն կոչելով ուղղակի Սեդի։ Դրա արդյունքում նա փոխվում է՝ զղջալով իր արածների համար։ Դևիդսոնն ասում է Մաքֆեյլներին. «Իսկական վերածնունդ է։ Մեղքով էր լցված նրա մութ հոգին, այժմ այն նման է ճերմակ լույսին....ամբողջ օրը աղոթում եմ նրա հետ....»[5]:

Մի քանի օր անց Դևիդսոնի մարմինը գտնում են ափին՝ վիզը ածելիով կտրած։ Սկզբում Մաքֆեյլը ոչինչ չի հասկանում մինչև այն պահը, երբ վերադառնում է կացարան՝ տեսնելով, որ Սեդի Թոմփսոնը հանկարծ նորից դարձել է այն նույն «պճնամոլ թեթևսոլիկը, որին ի սկզբանե ճանաչել էին»[6]։ Օրիորդ Թոմփսոնը մի բարձր ու ծաղրական ծիծաղ է շպրտում տիկին Դևիդսոնի ու Մաքֆեյլների երեսին՝ պարոն Մաքֆեյլին ասելով. «Դու՛ք, տղամարդի՛կդ, զզվելի՛, կեղտո՛տ խոզեր....բոլորդ էլ նույնն եք, բոլո՛րդ»[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Literature for Sadie Thompson at the Internet Movie Database
  2. Page 244 Samuel J. Rogal, A William Somerset Maugham Encyclopedia. Greenwood Publishing Group, 1997.
  3. Rainmaker Mountain Lonely Planet, accessed 27 November 2016.
  4. "Rain", էջ 29
  5. "Rain", էջ 45
  6. 6,0 6,1 "Rain", էջ 51