Ամենամեծ առավելությունների սկզբունք
Արտաքին տեսք
Ամենամեծ առավելությունների սկզբունք, միջազգային պայմանագրերով սահմանված իրավական ռեժիմ, ըստ որի կողմերը պարտավորվում են իրենց տերիտորիաներում միմյանց տրամադրել այնպիսի իրավունքներ, արտոնություններ ու առավելություններ, որոնցից օգտվում է կամ կօգտվի որևէ երրորդ պետություն։
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենամեծ առավելությունների սկզբունքը կիրառվում է պետությունների առևտրական և տնտեսական հարաբերությունների բնագավառներում։ Հայտնի են ամենամեծ առավելությունների սկզբունքը անպայման կամ անհատույց և պայմանական կամ հատուցանելի (փոխհատուցման կամ համարժեքի) ձևերը։
- Առաջին ձևը ենթադրում է կողմերի պարտավորությունը՝ անմիջապես, անպայման և անհատույց միմյանց տրամադրել այն բոլոր իրավունքները, արտոնություններն ու առավելությունները, որոնք տրվել են կամ կտրվեն երրորդ պետություններին։
- Երկրորդ ձևը նախատեսում է, որ պայմանադիր մեկ կողմի՝ մի երրորդ պետությանը տրամադրած կամ տրամադրվելիք արտոնություններն ու առավելությունները տարածվելու են մյուս կողմի վրա անհատույց, եթե այդպիսիք երրորդ պետությանը տրամադրվել են անհատույց, և միևնույն կամ համարժեք պայմաններով, եթե արտոնություններն ու առավելությունները երրորդ պետությանը տրամադրվել են հատուցմամբ։
Ինչպես սոցիալիստական պետությունների, այնպես էլ նրանց ու կապիտալիստական պետությունների առևտրական հարաբերություններում, որպես կանոն, կիրառվում է ամենամեծ առավելությունների սկզբունքի անպայման կամ անհատույց ձևը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 280)։ |