Օդային ավազան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Օդային ավազան, օդային տարածություն՝ քաղաքի (ավանի, գյուղի) կամ արտադրական ձեռնարկության տարածքի սահմաններում։ Պայմանականորեն ընդունված է, որ օդային ավազանի վերին սահմանը գտնվում է տեղական ամենաբարձր շենքից կամ կառույցից վերև։ Օդային ավազանը մարդու, կենդանիների և բույսերի կյանքի համար անհրաժեշտ, ինչպես նաև տարբեր տեխնոլոգիական պրոցեսների, օդափոխման, ջեռուցման և այլ համակարգերի համար օգտագործվող օդի աղբյուր է։ Օդային ավազանը անընդհատ աղտոտվում է արտադրական ձեռնարկությունների, օդափոխման և ջեռուցման տեղակայանքների արտանետվածքներով, ինչպես նաև մարդու և կենդանիների կենսագործունեության արգասիքների քայքայումից առաջացող տհաճ հոտերով։ ԽՍՀՄ-ում մեծ նշանակություն է տրվում օդային ավազանի աղտոտվածության դեմ պայքարին։ Ըստ ԽՍՀՄ-ում սահմանված սանիտարական նորմաների՝ վնասակար արտանետվածքներով արտադրական ձեռնարկությունները մերձակա բնակելի շրջանի նկատմամբ կառուցում են այնպիսի վայրերում, որ քամու հոսանքը չնպաստի տվյալ շրջանի օդի աղտոտմանը։ Օդային ավազանի աղտոտման դեմ պայքարի միջոցառումներ սահմանելիս ելնում են այն բանից, որ բնակելի վայրերում օդի մեջ վնասակար նյութերի պարունակությունը չպետք է անցնի սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից։

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Մթնոլորտի սանիտարական պահպանություն

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 516 CC-BY-SA-icon-80x15.png