Փոխանցում (մեքենա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փոխանցում մեքենաներում, մեխանիզմ, որը ծառայում է անընդհատ պտտական շարժման փոխանցման համար։ Փոխանցման օգնությամբ կատարվում է արագության փոքրացում տարբեր հաղորդակներում, արագության աստիճանական կամ ոչ աստիճանական կարգավորում, շարժման ուղղության փոփոխություն, մեկ շարժիչով մի քանի մեխանիզմների գործարկում։ Փոխանցման հիմնական բնութագրերն են․ փոխանցվող մոմենտը, անկյունային արագությունը, փոխանցման հարաբերությունը, օգտակար գործողության գործակիցը։ Տարբերում են մեխանիկական, հիդրավլիկական, պնեմատիկ և էլեկտրական փոխանցումներ։ Մեխանիկական փոխանցումները, որոնք հիմնված են կառչման և շփման օգտագործման վրա, տարածում են ստացել հաստատուն և փոփոխվող փոխանցման հարաբերությամբ փոքր ու միջին հզորության փոխանցումների տուփերում, ինչպես նաե հաստոցների, ավտոմոբիլների, տրակտորների վարիատորներում։ Հիդրավլիկական և էլեկտրական փոխանցումները, որոնք թույլ են տալիս փոխանցել մեծ հզորություններ և ունեն ավտոմատ կարգավորման հարմար համակարգ, կիրառվում են մեքենաշինության տարբեր բնագավառներում, հատկապես ծանր տրանսպորտային մեքենաների հաղորդակներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։