Փայլակ (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փայլակ (այլ կիրառումներ)

«Փայլակ», քաղաքական–հասարակական, գրական երկօրյա թերթ (1917 թվականի Ν 33-ից ունեցել է «Քաղաքական–հասարակական թերթ» և «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք» վերտառությունները)։ Լույս է տեսել 1915–1917 թվականներին, Շուշիում։ Խմբագիր–հրատարակիչ՝ Լևոն Վարդապետյան։ Խմբագրության աշխատանքներին մասնակցել են բոլշևիկներ ու մենշևիկներ (մինչև 1917 թվականի Ν 33-ը, այնուհետև՝ միայն բոլշևիկները)։

Լուսաբանել է ՌԽԴԲԿ Շուշիի բյուրոյի աշխատանքները, պրոպագանդել մարքսիստ-լենինիստական գաղափարախոսություն։ Դեմ է արտահայտվել դաշնակցության տեղական գործիչներին, նրանց «Ապառաժ» (1917–1919) հրատարակությունը։ Գյուղացիության ծայրահեղ աղքատության պատճառներ է համարել պատերազմը, տնտեսությունը վարելու «նահապետական ձևերն ու միջոցները»։

Թերթը բազմիցս անդրադարձել է Արևմտյան Հայաստանի կացությանը, հայ բնակչության հանդեպ թուրքական կառավարության վարած քաղաքականության հետևանքներին, Շուշիի բնակչությանը կոչ արել օգնել գավառում տեղավորված հայ գաղթականներին։

Գրական–գեղարվեստական նյութերով հանդես են եկել Գ․ Ղազարյանը, Գ․ Ներսիսյանը, Լ․ Վարդունին և ուրիշներ, Արցախի և արցախցիների մասին պատմաբանասիրական նյութերով՝ Լեոն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։