Տրամաբանական տարրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տրամաբանական տարրեր, էլեկտրոնային, էլեկտրական, էլեկտրամեխանիկական, ինչպես նաև պնևմատիկ սարքեր, որոնցով իրականացվում են պարզագույն (տարրական) տրամաբանական գործողությունները, կառուցվում թվանշանային հաշվողական մեքենաների թվաբանական և տրամաբանական հանգույցները։ Տրամաբանական տարրերի փոփոխականները կարող են ընդունել միայն 2 դիսկրետ արժեք․ «1», որը նշանակում է «ճիշտ է» և «0», որը նշանակում է «կեղծ է»։ Այս նշանակումը հնարավորություն է տալիս տրամաբանական գործողություններն արտահայտել թվանշանների տեսքով և իրականացնել թվաբանական գործողությունների նման։ Լայնորեն տարածված են «ոչ–և», «ոչ–կամ» տարրերի համակցությունից կազմված տրամաբանական տարրերը։ 60-ական թթ․ վերջերից դրանք պատրաստում են միայն կիսահաղորդչային ինտեգրալ սխեմաների տեսքով։ Ինտեգրալ տեխնոլոգիան հնարավորություն է տալիս միասնական պրոցեսով ստանալ մեծ քանակությամբ ամբողջական սխեմաներ, որոնք չափերով ավելի փոքր են, քիչ էներգիա են ծախսում, ավելի արագագործ ու հուսալի են։ Ըստ սխեմատիկ կառուցվածքի, տրամաբանական տարրերը բաժանվում են անմիջական կապով, դիոդ–տրանզիստորային, ռեզիստիվ կապով, տրանզիստոր–տրանզիստորային, էմիտերային կապով, ինժեկցիոն ինտեգրալային կապով և այլ տրամաբանական սխեմաների։ Տարրը բնութագրվում է արագագործությամբ, հուսալիությամբ, ինտեգրման աստիճանով, կայունությամբ և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 75 CC-BY-SA-icon-80x15.png