Տեղագրական հանույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տախոմետրիական աշխատանքներ

Տեղագրական հանույթ, տոպոգրաֆիական հանույթ, տարբեր մասշտաբի տեղագրական քարտեզներ և պլաններ կազմելու համար տեղանքի չափագրումների հանրագումարը՝ աերոտիեզերական տեղագրության կամ գետնային հանույթի եղանակներով։ ժամանակակից տեղագրությունն իրականացվում է ակնաչափական կամ բուսոլային, տախիոմետրիական, մենզուլային, աերոչուսանկարահանման (աերոհանույթ), կոմբինացված, ֆոտոթեոդոլիտային և տիեզերական եղանակներով։

Ակնաչափական հանույթը կիրառվում է, երբ անհրաժեշտ է տալ տեղանքի ընդհանուր, մոտավոր պատկերացումը։ Հանույթի ժամանակ տեղանքում հեռավորությունները որոշվում են ակնաչափական եղանակով կամ չափաժապավենով։ Հորիզոնական անկյունները չափվում են բուսոլի կամ դիտաքանոնի, իսկ կետերի միջև եղած հարաբերական բարձրությունները՝ բարոմետրերի օգնությամբ։ Ռելիեֆի գծագրումը քարտեզների կամ տեղագրական պլանների վրա կատարվում է միջարկման եղանակով և մոտավոր ճըշտությամբ։ Տախիոմետրիական հանույթն օգտագործում է տարբեր ճշտության (1"— 30") թեոդոլիտներ, հեռաչափական ձողաքանոններ և անկյունաչափական ձողեր։ Ստացված տվյալները գրանցվում են դաշտային մատյանի մեջ, և կազմվում է տեղանքի սխեման։ Մենզուչային հանույթն, իրականացվում է մենզուլային կոմպլեկտ գործիքի միջոցով, որի մեջ մտնում են ինքնաշխատ կիպրեգելը, պլանշետը (մենզուլան), եռոտանին և հեռաչափական ձողաքանոնները։ Տեղագրական հանույթի ժամանակ հաճախ օգտագործվում է համակցված եղանակը, երբ հանույթի այս կամ այն ձևը զուգակցվում է մեկ այլ ձևով։ Կապված տիեզերքի ուսումնասիրության ժամանակակից մեթոդների կատարելագործման հետ՝ աերոհանույթն աստիճանաբար փոխարինվում է տիեզերական հանույթով։ XX դարի սկզբներից մեծ տարածում է ստացել ֆոտոթեոդոլիտային հանույթը, որն իրականացվում է երկրի մակերևույթի վրա ֆոտոթեոդոլիտային կոմպլեկտի միջոցով։ Հանույթը կատարվում է նախօրոք ընտրած բազիսների կետերից, և ստացվում են համապատասխան ստերեոզույգեր (ֆոտոնեգատիվներ՝ 13— 18 սմ չափի)։ Դրանց հետագա լուսագրաչափական մշակումից ստացվում են տեղանքի պլանները կամ քարտեզները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 645