Տարափող ընդունում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տարափող ընդունում, ռելեային և տրոպոսֆերային ռադիոգծերով ընդունվող ազդանշանի նվաղումների դեմ պայքարի միջոց։ Կարճ և գերկարճ ալիքների ռադիոգծերում ռադիոալիքները տարածվում են ինչպես երկրամերձ ուղիներով, այնպես էլ անդրադառնալով իոնոլորտից, այսինքն՝ ընդունիչին հասնում են տարբեր ճանապարհներ անցած ալիքներ, որոնք ինտերֆերում են ընդունող անտենայում և, կախված փուլերի ակնթարթային տարբերությունից, կարող են մասամբ կամ լրիվ չեզոքացնել միմյանց՝ առաջացնելով ընդունված ազդանշանի նվաղումներ։ Այս երևույթի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը տարածական, հաճախային կամ անկյունային տարափող ընդունումն է։ Տարածական տարափող ընդունման դեպքում ազդանշանն ընդունում են երկու կամ ավելի անտենաներով, որոնք հեռացվում են միմյանցից մի քանի տասնյակ ալիք հեռավորությամբ, այնպես, որ ընդունիչների մուտքերում ազդանշանների փոփոխությունները վիճակագրորեն անկախ (չկոռելացված) լինեն։ Այնուհետև ընդունիչների ելքային ազդանշանները կամ գումարվում են, կամ ընտրվում է միայն տվյալ պահի ամենամեծ ազդանշանը։ Հաճախային տարափողման դեպքում ազդանշանը միաժամանակ հաղորդվում է տարբեր հաճախականություններով, որոնք ընտըրվում են այնպես, որ ազդանշանի նվաղումները կոռելացված չլինեն։ Այդ պայմանը բավարարվում է, եթե հաճախականությունների հարաբերական ապալարքը 10−2-10−3 կարգի է։ Ընդունիչները միացվում են միևնույն անտենային։ Անկյունային տարափողման դեպքում ազդանշանը միաժամանակ հաղորդվում է տարբեր ո՚ւղղորդվածության դիագրամներ ունեցող հաղորդիչ անտենաներով, ընդ որում ազդանշանների անկախությունն ապահովելու համար անկյունների տարբերությունը պետք է լինի աստիճանի տասնորդական մասերի կարգի։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 613