Վրվեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վրվեռ (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), Թոնդրակյան շարժման գործիչ (10-րդ դարի վերջ —11-րդ դարի սկիգբ)։ Եղել է իշխան, կալվածքներ է ունեցել Մանանաղի գավառում։ Միանալով գավառում Կունծիկ Աբեղայի գլխավորությամբ բռնկված Թոնդրակյան շարժմանը՝ գործակցել է Կամարա և Ախնի քույրերին, նրանց հետ Կաշե և Աղյուսո գյուղերում կազմակերպել թոնդրակյան համայնքներ։ Մոտակա Բազմաղբյուր ավանի խաչի կործանման մեղադրանքով՝ գավառի Սամվել եպիսկոպոսը ավերել և հրկիզել է Թոնդրակյան շարժման կենտրոն դարձած գյուղերը և Վրվեռի կալվածը։ Բյուզանդական կայսրության (Մանանաղի գավառը վերջինիս կազմում էր) ներկայացուցիչ Եղիան (Էլիաս), քննելով կատարվածը, խիստ պատիժներ է սահմանել թոնդրակյաններին, սակայն արդարացրել Վրվեռին։ Պատմիչ Արիստակես Լաստիվերցին դա բացատրում է Վրվեռի եղբոր՝ Կոնստանդնուպոլսում ունեցած հեղինակությամբ և դիրքով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արիստակես Լաստիվերցի, Պատմություն, Ե․, 1971։