Վնասի հատուցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վնասի հատուցում, պարտատիրոջ (կազմակերպություն, քաղաքացի) գույքային կորստի վերականգնումը, որը պատճառվել է պարտապանի ոչ իրավաչափ գործողությամբ կամ անգործությամբ։ Կատարվում է բնամթերքով կամ դրամով։ Վնասելով հասկացվում են՝ պարտատիրոջ կատարած ծախսերը, նրա գույքի կորուստը կամ վնասումը, չստացած այն եկամուտները, որոնք նա կստանար, եթե պարտապանը կատարեր պարտավորությունը։

Վնասի մեջ մտնում են նաև պարտատիրոջ ապագա ծախսերը (պարտապանի առողջարանային բուժման, խնամքի, ուժեղ սննդի են)։ Վնասի հատուցման իրավական հիմքերն են՝ պարտապանի հակաիրավական վարքագիծը, պարտատիրոջ վնասի առկայությունը, պարտապանի հակաիրավական վարքագծի և պարտատիրոջ վնասի մեջ պատճառական կապը, պարտապանի մեղքը։ Երբեմն իրավունքում կարող է գործել վնասի լրիվ հատուցման սկզբունքը։ Օրինակ, ելնելով տուժողի (պարտատիրոջ) մեղքի աստիճանից, վնասի հատուցուման չափը կարող է նվազեցվել կամ հատուցումը մերժվել։ Հաշվի առնելով քաղաքացու գույքային վիճակը՝ դատարանը կարող է նվազեցնել պատճառած վնասի հատուցման չափը։

Տրանսպորտի բոլոր տեսակներով փոխադրումների դեպքում բեռան կորստի, փչացման կամ վնասման համար փոխադրողը պատասխանատվություն կրում է բեռի իրական արժեքի չափով։ Կազմակերպությունները պարտավորվում են հատուցել աշխատանքային (ծառայական) պարտականությունների կատարման ժամանակ աշխատողի մեղքով պատճառած վնասը։ Մինչև 15 տարեկան անչափահասի պատճառած վնասը հատուցում են նրա ծնողները, խնամակալը կամ այն ուսումնական հաստատությունը, դաստիարակչական կամ բուժական հիմնարկը, որի հսկողության տակ գտնվել է նա, եթե չապացուցվի, որ այն առաջացել է ոչ իրենց մեղքով։ 15—18 տարեկան անչափահասն ինքն է հատուցում իր պատճառած վնասը, եթե ունի բավարար գույք կամ վաստակ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 482