Վիքիպեդիա:Լեզվի կոմիտեի հորդորակներ/Իրականացնել, կատարել, անել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Երբեմն մեր աչքն ու ականջն այնպես են սովորում հաճախ կրկնվող սխալներին, որ դրանք այլևս չենք նկատում: Այդպիսի մի սխալ կապված է «իրականացնել» բառի հետ: Այս բառն էլ լեզվում է ստացել «գերիշխող» դիրք, արշավ սկսել իր հոմանիշների դեմ՝ նրանց հանիրավի դուրս մղելով և հաճախ ոչ տեղին կիրառվելով:

Բերենք օրինակներ մամուլից և հեռուստատեսային եթերից.

  • «Հարկ վճարողների բանկային հաշիվներին իրականացվում է վերադարձ»:
  • «Մարալիկցիները նստացույց են իրականացնում քաղաքի կենտրոնական հրապարակում»:
  • «Խափանման միջոցը փոխելու համար ստորագրահավաք են իրականացրել Ազգային ժողովի պատգամավորները»:
  • «Ո՞վ է ինքնահրկիզում իրականացրած քաղաքացին»:
  • «Մի շարք սահմանապահ համայնքներում աշնանացան իրականացնելու դեպքում բնակիչները մեկ հեկտարի համար կստանան 60 000 դրամ աջակցություն»:

Բանը հասել է նրան, որ իրականացվում է նույնիսկ գրպանահատությունը, և օդաչուներն էլ իրականացնում են ինքնանետում:

Հավանաբար շատերը նկատած կլինեն, որ գրեթե ոչ մի աշխատանք այլևս ո՛չ կատարվում, ո՛չ էլ արվում է: Հիմնականում տարվում կամ իրականացվում է:

Այսպես՝ գրեթե բացառապես իրականացվում են նորոգումը, սպասարկումը, քննչական գործողությունները և այլն, և այլն:

Կրկնենք: Սա այն դեպքերից է, երբ մի բառը դուրս է մղում այլ բառերի, և նրա գործածությունը չարաշահվում է: Իհարկե, բերված օրինակներում գործ ունենք ոչ միայն բառի գործածությունը չարաշահելու, այլև լեզվական սխալի հետ, որովհետև չենք կարող ընդունել, որ, օրինակ, նստացույցը, աշնանացանը, գրպանահատությունն ու ինքնահրկիզումն իրականացվում են:

Չմոռանանք բառերի իմաստները, հաշվի առնենք նրբերանգները: «Իրականացնել» նախ և առաջ նշանակում է «իրական դարձնել, իրականություն դարձնել, իրագործել»:

Կարելի է առարկել՝ ասելով, որ ժամանակի ընթացքում բառերը նոր իմաստներ են ստանում, իմաստափոխվում: Այո՛, բայց, այնուամենայնիվ, աշնանացանը կատարում են, նստացույցը՝ անում, ինքնահրկիզվում են կամ գրպանը մտնում: Եվ պարտադիր չէ ծառայությունն իրականացնել, քանի որ կարելի է պարզապես ծառայել:

Նկատի ունենալով ասվածը՝ Լեզվի կոմիտեն

ՀՈՐԴՈՐՈՒՄ Է

չչարաշահել «իրականացնել» բառի գործածությունը, այն կիրառել միայն համապատասխան իմաստով՝ չխուսափելով ուրիշ, մասնավորապես «կատարել» և «անել» բառերի գործածումից:

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ