Վիքիմեդիա Հայաստանը վիքիմարզիչների, փորձառու խմբագիրների միջոցով նոր մասնակիցների ներգրավելու, փորձառու խմբագիրների ակտիվությունը բարձրացնելու, նոր որակյալ հոդվածներ ստեղծելու համար, նախաձեռնել է «Վիքիթիմ 1+3» խմբագրական մրցույթի երկրորդ փուլը։ Առաջարկվելու է փորձառու խմբագիրներին երեք նորեկների կամ փորձառուների ներգրավել, առավելագույնը չորս հոգով միավորվել և միասին հոդվածներ ստեղծել։ Դառնալ խմբի ավագը, սովորեցնել խմբի մասնակիցներին հոդվածներ ստեղծել, հետևել հոդվածների որակին։ Տարիքային սահմանափակում չի լինի։ Մրցույթի ավարտին ընտրվելու է լավագույն խումբը, լավագույն խմբագիրը, լավագույն հոդվածը և լավագույն ավագը։ Մրցույթի տևողությունը 12 օր է։ Հաղթողները Վիքիմեդիա Հայաստանի կողմից կստանան մրցանակներ։
Ինչպես մասնակցել
Յուրաքանչյուր ակտիվ խմբագիր մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ հավաքում է առավելագույնը 3 հոգանոց թիմ կամ թիմեր և լրացնում մրցույթի հայտը։ Մրցույթը տևելու է 12 օր՝ դեկտեմբերի 2-13-ը, որի ընթացքում յուրաքանչյուր թիմ խմբագրելու է նախապես պատրաստված ցանկերից հոդվածներ, ըստ ցանկության։ Խմբագրաթոնը բաժանված է երեք փուլի՝ չորսական օրով։ Թիմերը յուրաքանչյուր փուլի երեք օրը խմբագրելու են ավազարկղերում, իսկ չորրորդ օրը ստուգելու նյութը և տեղափոխելու հիմնական տարածք։ Յուրաքանչյուր փուլի հոդվածները ցանկավորելու համար էջ է բացված։