Գիտության համաշխարհային օր՝ հանուն խաղաղության և զարգացման
Յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 10-ը Գիտության համաշխարհային օրն է, որն ընդգծում է գիտության կարևոր դերը հասարակության մեջ։ 2022 թվականին առաջարկում ենք նոյեմբերի 10-ից սկսած, մեկ ամսում՝ գիտության, գիտական թեմաների, գիտնականների մասին հոդվածներ ստեղծել Հայերեն Վիքիպեդիայում։ Խրախուսվում է նաև անավարտ և թերի հոդվածները բարելավելը։
Վիքիպեդիայի բոլոր նյութերը պետք է ստուգելի լինեն, ինչը նշանակում է, որ հանրագիտարանն օգտագործող այլ մարդիկ կարող են ստուգել, որ տեղեկությունը ստացվել է հուսալի աղբյուրից։ Ակադեմիական գրադարանները ռեսուրսների մեծ աղբյուր են՝ ակադեմիական և գրախոսվող հրապարակումները և գիտական մենագրությունները հաճախ համարվում են Վիքիպեդիայի ամենահուսալի աղբյուրները: Գիտական նյութերը հաճախ հասանելի չեն առցանց, և կարիք կա օգտվել և որպես աղբյուր օգտագործել տպագիր գրքերը, ամսագրերը և ակադեմիական տվյալների շտեմարանների նյութերը։ Այս նախագիծը առիթ է գրադարանային ռեսուրսներն օգտագործելու համար:
«Հայկականք» հանգույցում կարող եք գտնել մատենագիտական շտեմարաններ, էլ․ գրքեր, էլ․ ամսագրեր, ինչպես նաև ԳԱԱ բոլոր ամսագրերը, ըստ գիտության հինգ ճյուղերի։