Վիգեն Բադալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիգեն Բադալյան
Դիմանկար
Ծնվել է10 հունվարի 1975
ԾննդավայրՋերմուկ, Հայկական ԽՍՀ
ՄասնագիտությունՁեռնարկատեր
ԳործունեությունSoftConstruct ընկերության համահիմնադիր
Կայքvigenbadalyan.com

Վիգեն Ռոմիկի Բադալյան (հունվարի 10, 1975, Ջերմուկ, Հայկական ԽՍՀ), հայ գործարար, բարերար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիգեն Ռոմիկի Բադալյանը (անգլ.՝ Vigen Badalyan, ռուս.՝ Виген Бадалян, արաբ․՝ فيكين باداليان‎‎) ծնվել է 1975 թվականի հունվարի 10-ին Ջերմուկ քաղաքում։ Վիգեն Բադալյանը SoftConstruct ընկերության համահիմնադիրն է։ SoftConstruct-ը Հայաստանի Հանարապետությունում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ամենամեծ ՏՏ ընկերությունն է[1]՝ միտված նորարարական տեխնոլոգիաների համաշխարհային արդյունաբերությունը աշխուժացնելու և զարգացնելու գործին։ Ընկերությանը ստեղծել է այնպիսի պրոդուկտներ, ինչպիսիք են Ucraft, Fastex Ecosystem, FeedConstruct, Hoory, և այլն։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռնարկատիրական գործունեությամբ սկսել է զբաղվել 1989 թվականից, հոր ու եղբոր հետ հիմնադրել է մի շարք բրենդներ, որոնք այսօր կազմում են «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը՝ գործունեություն ծավալելով բիզնես հետևյալ ուղղություններով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսաբանկային, գյուղատնտեսական, խաղային։

Բիզնես գործունեության սկիզբ 1989-1994թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին սկսել է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ 1992 թվականին Բադալյանները կառուցել են առաջին մասնավոր բենզալցակայանը Հայաստանում, ապա ևս 3-ը՝ դառնալով վառելիք ներմուծող խոշոր ընկերություններից մեկը։

Ֆինանսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1994-ին հիմնադրվել է «Ֆասթ Կրեդիտ ՈՒՎԿ» ՓԲ ընկերությունը, որը երկար տարիներ խոշորագույն վարկային կազմակերպություն էր ՀՀ-ում։  2021 թվականի օգոստոսին ընկերությունը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ստացել է բանկային գործունեություն իրականացնելու նախնական հավանություն։ 2022թ․ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ձեռք է բերել բանկային գործունեության լիցենզիա և հանդես է գալիս «Ֆասթ Բանկ» (Fast Bank) անվանմամբ։

2016թ․ Բադալյան եղբայրները մուտք են գործել Մեծ Բրիտանիայի ֆինանսական շուկա և Անգլիայում հիմնադրել Ֆասթ Կրեդիտ վարկային ընկերությունը, որն իր 7 մասնաճյուղերով տարիներ շարունակ մրցունակ դիրքեր զբաղեցնելով վարկային ոլորտում՝ 2022 թ․ ընթացքում ավարտին է հասցնում Անգլիայում «Էլեկտրոնային փողերի կարգավորման ինստիտուտ» (EMI - electronic money institution) փոխանցումների և այլ գործարքների իրականացման լիցենզիայի ստացման գործընթացը։

2018 թ. Բադալյան եղբայրները հիմնադրել են Fast Shift ընկերությունը, որը  մատուցում է վճարահաշվարկային ծառայություններ 24/7 ռեժիմով։ Fast Shift-ն ունի ավելի քան 1000 վճարային տերմինալների ցանց և տրամադրում է ավելի քան 300 վճարման եղանակներ տարբեր  ոլորտների համար։

Տեղեկատվական տեխնոլոգիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թ․ սկսած Բադալյան եղբայրները հիմնադրել են մի շարք ընկերություններ, որոնց հիմնական նպատակը և առաքելությունը եղել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը Հայաստանում և էկոհամակարգերի ստեղծումը։ Այսօր այդ բոլոր ընկերությունները միավորվում են «Սոֆթ Կոնստրակտ» բրենդի ներքո։

2003 թ․ հիմնադրվել է Vbet-ը, որը առաջարկում է հարթակ սպորտային խաղադրույքների, առցանց կազինոյի, պոկերի, Կիբերսպորտի և այլ առցանց խաղերի համար։

2006 թ. ընկերությունը գործարկեց տարածաշրջանում առաջին iGaming կայքը, որը դարձավ սպորտ և խաղեր սիրող տասնյակ հազարավորների վստահելի հարթակը։

«Սոֆթ Կոնստրակտ» բրենդի կազմում գործում են մի շարք ընկերություններ և  պրոդուկտներ, որոնցից են՝ «ԲեթԿոնստրակտը», որը խաղային ոլորտի համար ծրագրային ապահովումներ ստեղծող ընկերություն է։

2014-ին հիմնադրված Ucraft ընկերությունը Հայաստանում միակ հարթակն է, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին պատրաստել կայքեր օնլայն բիզնեսների և բրենդների համար՝ առանց ծրագրավորման և դիզայնի գիտելիքների։

2019 թ․  հիմնադրվեց Hoory արհեստական բանականությամբ աշխատող եզակի օգնականը, որը կարողանում է արագ և համապատասխան արձագանքներ տալ՝ միաժամանակ բացահայտելով հաճախորդների վարքագծի վերաբերյալ պատկերացումները։ Ընկերությունը առաջ է շարժվում իր նորարարական գաղափարներով և լուծումներով, որտեղ ակտիվորեն կիրառվում են արհեստական ինտելեկտի (AI) և Machine Learning (ML) տեխնոլոգիաները։

Feedconstruct ընկերությունը 2017 թ․ առաձնանալով BetConstruct-ից՝  դարձավ  սպորտային տվյալների առաջատար մատակարարներից մեկը Հայաստանում և Հայաստանից դուրս։

2018 թ․ բլոկչեյն տեխնոլոգիայի հիման վրա ստեղծվեց նոր կրիպտոարժույթ` FastToken-ը։ Հիմնադրվեց նաև Web 3.0-ի վրա հիմնված FASTEX էկոհամակարգը, որն առաջարկում է պրոդուկտների բազմազան տեսականի։ Էկոհամակարգը ներառում է՝ Fastex Verse, ftNFT շուկան[2], Fastex Chain, Fastex Pay կրիպտո վճարային համակարգը, Fasttoken և Fastex Exchange կրիպտո և fiat փոխանակման հարթակը։

2020 թ․ դեկտեմբերին Բադալյան եղբայրները հիմնադրեցին Fast Media-ն, որի մեջ են մտնում FastTV-ն և Fast Sports-ը։ FastTV-ն հայկական առաջին սպորտային հեռուստաալիքները հեռարձակող միակ OTT հարթակն է[3]։ Այն թույլ է տալիս դիտել մեր հեռուստաալիքները և հարթակի ամբողջ բովանդակությունը ցանկացած խելացի սարքով կամ գաջեթով։

Գյուղատնտեսության ոլորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բադալյան եղբայրներ» խմբի նոր զարգացող բիզնես ուղղություններից է նաև գյուղատնտեսությունը և հատկապես ինտեսիվ այգեգործական տնտեսությունների ստեղծումն և զարգացումը։ Այն հանդես է գալիս ArLeAM բրենդի ներքո։  2021-2022 թվականների ծառատնկումներից հետո  ընկերության տնտեսությունում կհաշվարկվի մեկ միլիոնից ավել ծառ[4][5]։

Այլ ոլորտներ (պատմամշակութային)[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թ․  Երևանում հիմնադրվել է «Կովկաս Պանդոկ» ռեստորանը, այնուհետև 2012 թվականին «Կովկաս» հյուրանոցառեստորանային համալիրը Աշտարակ տանող ճանապարհին կից։ Կովկաս համալիրի հիմնադրմամբ Բադալյան եղբայրները ցանկացել են վերակենդանացնել հայոց և, ընդհանրապես, կովկասյան խոհանոցի ավանդույթները։

Բարեգործական և հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիգեն Բադալյանը հայտնի է նաև իր բարեգործական գործունեությամբ։

2012 թ․ սկսած Բադալյան եղբայրները զոհված ազատամարտիկների ընտանիքներին դրամական աջակցություն են ցուցաբերում (յուրաքանչյուր ընտանիքին 1 000 000 ՀՀ դրամ)։ Այս նախաձեռնությունը հիմք դարձավ 2017 թ․ կառավարության կողմից «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի ստեղծմանը։ Բադալյան ընտանիքի կողմից աջակցությունը տրամադրվել է 2012-2019 թվականներին բոլոր զոհված ազատամարտիկներին։

Հետագայում աջակցություն է տրամադրվել նաև «Զինվորի Տուն» վերականգնողական Կենտրոնին։ Բադալյանների ընտանիքը վերականգնողական կենտրոնին է տրամադրել շուրջ 60 մլն ՀՀ դրամ[6]։ Նաև շուրջ 100 զինծառայող մասնագիտական ուսուցում է ստացել, ինչպես նաև աշխատանքով ապահովվել SoftConstruct ընկերությունում[7]։

«Վահագն Բադալյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով է կառուցվել նաև Էրեբունի ամրոցի հարակից տարածքում գտնվող առաջին սմարթ այգին[8]։ Հիմնովին վերափոխված մոտ 1 հեկտար տարածքն ամբողջովին կանաչապատվել է։ Հարմարավետ նստարանները, փոքրիկների համար խաղահրապարակը՝  շախմատով և սքեյթբորդի թեք հարթակներով, ինչպես նաև տարաբնույթ միջոցառումների համար կառուցված մեծ բեմը հաճելի մթնոլորտ են  ապահովում այգու այցելուների համար, այդ թվում տարածքում գործում է անվճար Wi-Fi:

Բադալյան եղբայրները Թալինի, Հաղարծինի, Թեղուտի և Ջերմուկի դպրոցներում հիմնել են համակարգչային դասարաններ։

Բադալյան եղբայրների բարեգործական գործունեությունը իրականացվում է ոչ միայն «Վահագն Բադալյան» բարեգործական հիմնադրամի միջոցով, այլ նաև շատ հաճախ այն բոլոր ընկերությունների միջոցով, որոնց սեփականատեր են հանդիսանում Վահե և Վիգեն Բադալյանները։ Այդպիսի նախաձեռնություններից է նաև վերջերս «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի աջակցությամբ և հովանավորությամբ վերանորոգված Արամ Խաչատրյան համերգասրահի սանհանգույցները։

Վիգեն Բադալյանը Հայաստանի Հանրապետությունում Կոլումբիայի պատվո հյուպատոսն է[9]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիգեն Բադալյանի հայրը՝ Ռոմիկ Մաթևոսի Բադալյանը, մասնագիտությամբ բժիշկ է։ Համալսարանն ավարտելուց հետո որպես բժիշկ գործուղվել և մեկ տարի շարունակ ապրել է Տաջիկիստանում։ Մայրը՝ Անահիտ Լևոնի Մարգարյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է։ Վիգեն Բադալյանն ամուսնացած է, ունի հինգ երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի TOP 20 ՏՏ հարկատուները 2022թ-ի 1-ին կիսամյակում». Modex. 12 Օգոստոսի, 2022.
  2. «SoftConstruct opens first-ever NFT stores in Dubai». ArabianBusiness. 2022 թ․ նոյեմբերի 10.
  3. «FAST SPORTS-Ը ՍՏԱՑԱՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍՈՒՄ ՍԼՈԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ». «Հրապարակ». 2023 թ․ սեպտեմբերի 15.
  4. «Արագածոտնում հիմնվել են մրգերի գերինտենսիվ և ինտենսիվ այգիներ (տեսանյութ)». «Առավոտ». 2022 թ․ ապրիլի 4.
  5. «Հայաստանում մեկնարկել է բացառիկ չորանոցների արտադրություն». «Արմենպրես». 2021 թ․ դեկտեմբերի 9.
  6. «50 մլն դրամ Վահե և Վիգեն Բադալյաններից օգնություն երկու արցախյան ընտանիքներին՝ բնակարան գնելու նպատակով». «Առավոտ». 2023 թ․ հոկտեմբերի 12.
  7. «ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ 100 ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԿԱՊԱՀՈՎՎԻ «ՍՈՖԹԿՈՆՍՏՐԱԿՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ». «Հրապարակ օրաթերթ». 2021 թ․ օգոստոսի 20.
  8. «Երևանում բացվեց առաջին Սմարթ այգին (տեսանյութ)». «Ա1+». 2018 թ․ նոյեմբերի 9.
  9. «ՊԱՏՎՈ ՀՅՈՒՊԱՏՈՍ Վիգեն Բադալյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 30-ին.