Վակֆ

Վակֆ (արաբ․ وَقْف, բառացի՝ կանգ առնել, դադար առնել, անշարժանալ), իսլամադավան երկրներում, սկսած արաբական տիրապետության ժամանակաշրջանից, պետության, ֆեոդալների և ունևոր հավատացյալների կողմից մզկիթներին, եկեղեցիներին (իսլամահպատակ քրիստոնեական երկրներում), բարեգործական կամ ուսանողական հաստատություններին իբրև հավիտյան անօտարելի, ապահարկ սեփականություն նվիրած հողային տիրույթներ ու այլ եկամտաբեր ստացվածքներ։ Հայկական աղբյուրներում և պաշտոնական, վավերագրերում «Վակֆ» տերմինը տառադարձված է «վախմ» և «վախուպ» ձևերով։ Հայոց եկեղեցին վակֆի նման տիրույթներ ունեցել է դեռևս մինչև արաբական տիրապետությունը, որոնց զգալի մասը ժառանգել է հեթանոսական տաճարներից։ 14-18 դարերում ի տարբերություն վակֆի, «գանձագին» կամ վանքի միջոցներով գնված կալվածները ենթակա էին հարկման։ Վակֆի հանձնումը ձևակերպվում էր հատուկ նվիրատվական արձանագրությամբ (վակֆնամե), որտեղ նկարագրվում էր նվիրելիք հողերի և այլ օբյեկտների չափն ու սահմանները, նշվում եկամուտների բաշխման մանրամասները։ Եկամուտների տնօրինման պարտավորությունը դրվում էր հոգևոր հաստատության մութավալիի (խնամակալ-հոգաբարձու, քրիստոնյաների մոտ սովորաբար վանքի վանահայրն էր) վրա։ Արձանագրությունն ավարտվում էր «անեծքագրով», որով հանձնարարվում էր սրբությամբ կատարել վակֆի օրենքները, ընդգծվում, որ վակֆը բացի կարճատև վարձակալությունից, այլ կարգի օտարման չի ենթարկվում։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 241)։ |