Ստորադասություն
Ստորադասություն, բառակապակցության բաղադրիչների, նախադասության անդամների և բարդ նախադասության մեջ մտնող նախադասությունների քերականական հարաբերության և կապակցության տեսակ, որի ժամանակ հարաբերակցվող և կապակցվող միավորները քերականորեն հավասարազոր չեն․ կապակցվող միավորներից մեկը (բառը, նախադասության անդամը, նախադասությունը) գերադաս է, իսկ մյուսը՝ նրա իմաստային ծավալիչը, լրացում։ Ըստ գերադաս և ստորադաս մասերի հարաբերության իմաստային բնույթի ստորադասը լինում է հիմնականում 3 տեսակ՝ որոշչային, խնդրային և պարագայական՝ սրանց համապատասխան ենթատեսակներով։ Բառերի և նախադասության անդամների ստորադասական հարաբերությունը քերականորեն արտահայտվում է առդրության, խնդրառության և համաձայնության կապակցական եղանակներով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր դրսևորման հատուկ միջոցները՝ կից շարադասություն (կարմիր ծաղիկ, արագ քայլել), հոլովներ ու կապեր (տեսնել որդուն, գիրքը դնել սեղանի վրա), քերականական ձևերի համաձայնեցում՝ հարմարեցում (Դու՝ ուսանողդ, պարտավոր ես շատ պարապել)։ Բարդ նախադասության բաղադրիչ նախադասությունների ստորադասական հարաբերությունը իրականացվում է կապակցության 2 եղանակով՝ շաղկապական, որի ժամանակ գործածվում են հատուկ կապակցական բառեր՝ ստորադասական շաղկապներ, հարաբերական դերանուններ ու հարաբերյալներ, և անշաղկապ կամ շարահարական, որի ժամանակ կապակցությունը իրականացվում է բաղադրիչ նախադասությունների իմաստային հարաբերակցության, ստորոգյալների ժամանակային համաձայնեցման, շարադասության, առանձին բառերի և հնչերանգի օգնությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 146)։ |