Ստեփանոս Ա Սյունեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփանոս Ա Սյունեցի
Ծնվել էանհայտ
Մահացել էանհայտ
Մասնագիտությունբանաստեղծ

Ստեփանոս Սյունեցի (ծննդյան և մահվան տարեթվերն անհայտ են), V դարի հայ բանաստեղծ-երաժիշտ[1], Սյունիքի եպիսկոպոս[1]։ Որոշ հետազոտողներ Ստեփանոս Սյունեցի Առաջինին նույնացնում են Ստեփանոս Սյունեցի Երկրորդի հետ։

Հավանաբար եղել է Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի կրտսեր աշակերտներից մեկը։ Հայկական «Շարականում» պահպանվել են հեղինակի շուրջ 80 ստեղծագործություններ[1]։ Սյունեցու աշխատությունները առանձնանում են բարձր գեղարվեստական արժեքով, էմոցիոնալ անմիջականությամբ և արտահայտչականությամբ։ Նրա բանաստեղծությունները և օրհներգերը («Հարության օրհնություն») պահպանել են V դարի երկրորդ կեսի հայկական օրհներգության բնորոշ գծերը։

Հնագույն և հազվադեպ գեղեցկությամբ աչքի ընկնող այդ երգերը կոչվում են «Յարութեան աւագ օրհնութիւնք» և կատարվում են Զատկին և առհասարակ բոլոր կիրակիներին (Սուրբ Հարությունը խորհրդանշող օրերին)։ Ստեղծվել են հայոց հնագույն Սաղմոսարան-Ժամագրքում ընդգրկված մարգարեական 10 օրհնությունների հարասությամբ և սկզբնապես երգվել են վերջիններին կից՝ որպես կցուրդներ։ Հորինվել են հայ հոգևոր ինքնուրույն երգի զարգացման վաղ շրջանում (ոչ ուշ քան V դ-ի կեսը)։ Բոլոր 80 երգերի ձայնակարգերի հիմքը պարզ է. ոչ մեկը բազմաճյուղ-ստեղի կամ զարտուղի եղանակով նմուշ չէ։ Զարտուղություն չկա նաև դարձվածք տիպի (2 շարքում) ձայնեղանակներում։ Երգերի ընթացքը միջակ է կամ չափավոր, եղանակները փոքրածավալ, սակայն աչքի են ընկնում մոնումենտալ ոճով և հնչյունների իմաստավոր փոխհարաբերությամբ։ Նկատելի են նաև երգերի զուտ գեղագիտական արժանիքները՝ տրամադրության խորություն, խոհականություն, ապրումների անկեղծություն, արտահայտության անմիջականություն։ Նրանց մի շարք նմուշներ շփման եզրեր ունեն Սահակ-Մեսրոպյան այն երգերի հետ, որոնք զերծ են հետսամույծ ակնհայտ փոփոխություններից։ Ստեփանոս Սյունեցին ստեղծագործաբար կիրառել է իր մեծ ուսուցիչների երաժշտաբանաստեղծական արվեստի լավագույն ավանդույթները։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թահմիզյան Ն., Սյունիքի համանուն երկու երաժիշտներ և Հարության ավագ օրհնությունները, Էջմիածին, 1973, № 2:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Армянская советская энциклопедия. — Ер., 1985. — Т. 11. — С. 137-138.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։