Ռուդբեկիա երկգույն, աստղածաղկավորների ընտանիքին պատկանող միամյա կամ երկամյա ծաղկաբույս է՝ 30-70 սմ բարձրությամբ, դեղին զամբյուղներով, ոչ խոշոր, կիսագնդաձև-ուռուցիկ կենտրոնով։ Վայրի վիճակում տարածված է հյուսիսային Ամերիկայում։ Ծաղկում է հուլիսից մինչև հոկտեմբեր ամիսներին։
Պահանջկոտ է հողի նկատմամբ։ Աճում է փուխր, սննդանյութերով հարուստ, ստրուկտուրային, բավարար խոնավ հողերում։ Լուսասեր բույս է։ Սերմերը ցանում են արկղերի մեջ մարտի սկզբին։ Սերմնաբույսերը վերատնկում են արկղերում կամ բաց գրունտում, եթե անցել է ուշ գարնանային ցրտահարությունների վտանգը։
Մշակության մեջ հաճախ է հանդիպում բազմամյա ռուդբեկիան, որի բարձրությունը հասնում է մինչև 2 մետրի։ Բարձր է գնահատվում հատկապես այս բույսի լիաթերթիկ ծաղկավոր այլատեսակը, որը կոչվում է «ոսկեգունդ»։ Բազմանում է թփի կիսման միջոցով և սերմերով։
Բազմամյա ռուդբեկիան օգտագործվում է միքսբորդերներում, լանդշաֆտային, ազատ ձևավորումներում, խմբերում։ Ռուդբեկիա բույսի միամյա տեսակն օգտագործվում է ծաղկադեկորատիվ ձևավորումներում։ Հայաստանի Հանրապետությունում կարելի է մշակել ստորին և միջին լեռնային գոտիներում[1]։