Ռելեային համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռելեային համակարգ, կառավարման մեջ, ավտոմատ կառավարման համակարգ, որն ունի ռեչեային բնութագրով օժտված թեկուզ մեկ օղակ։ Ռելեային համակարգը ոչ գծային դիսկրետ ավտոմատ կառավարման համակարգի տեսակներից է։ Տարբերում են երկդիրք և բազմադիրք ռելեային համակարգեր։ Երկդիրք ռելեային համակարգի սկզբունքային առանձնահատկությունը կայունացված ռեժիմում (այսինքն՝ անցումային պրոցեսների ավարտից հետո) ելքի (կարգավորվող) պարամետրերի ինքնատատանումների առկայությունն է։ Ամպլիտուդը և ինքնատատանումների պարբերությունը որոշվում է կիրառվող ռեչեային տարրի ռելեային բնութագրով, ինչպես նաև ավտոմատ կառավարման համակարգի մեջ մտնող՝ կառավարման օբյեկտի, գործադիր մեխանիզմների, չափիչ և փոխակերպիչ սարքերի դինամիկական բնութագրերով։ Ռելեային համակարգերը համեմատաբար պարզ են պատրաստման ու շահագործման տեսակետից, ունեն ցածր արժեք։ Ոչ կոնտակտային ռելեային տարրերի օգտագործումը բարձրացնում է համակարգի հուսալիությունը։ Ռելեային համակարգերը լայնորեն կիրառվում են տարբեր տեխնոլոգիական պրոցեսների կառավարման դեպքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։