Ջառմոն բազմաշերտ արհեստական բլուր-բնակատեղի է, 1,3 հեկտար մակերեսով, մշակութային շերտի առավելագույն հաստությունը՝ ավելի քան 7 մ: Բացվել են միմյանց վրա գտնվող 16 տարբեր շինությունների հատակներ (դիտվում են իբրև շինարարական 12 հորիզոններ)։ Ուղղանկյուն հիմքով տների (բաղկացած են բնակելի և օժանդակ կառույցներից) հարդախառն կավաշաղախով պատերը դրված են մանր քարերով շարված գետնախարսխի վրա։ Տանիքները ծածկված են եղեգներով ու ծառի ճյուղերով, ծեփված կավով։ Տների ներսում, պատերին կից, գտնվել են երկբաժին կավաձև խոհանոցային վառարաններ, ինչպես նաև կավածեփ օջախներ։ Ջառմոյի ստորին շերտերը ներկայացնում են նախախեցեղեն նեոլիթի մշակույթը։ Խեցեղեն ամաններ հայտնաբերվել են միայն վերին 5 հատակներից։ Դրանք պատրաստվել են հարդախառն կավից, ունեն մուգ դեղին կամ նարնջագույն, մասամբ՝ փայլեցված մակերես։ Հայտնաբերվել են նաև կավե ուլունքներ, դրոշմներ, կոնաձև խաղաքարեր, կենդանակերպ (շուրջ 1100) և մարդակերպ (180) կավե արձանիկներ։ Ջառմոյում առանձնապես զարգացած է եղել քարի մշակումը, գտնվել են քարե սանդեր ու վարսանդներ, աղորիքներ, թերթաքարից պատրաստած կացիններ, կայծքարե և վանակատե շեղբեր, երկրաչափական ձերով միկրոլիթյան գործիքներ, մարմարե գալարազարդ ապարանջաններ, ուլունքներ, հղկված ձևավոր անոթներ են։ Մեծ քանակություն են կազմում նաև ոսկրե գործիքներն ու այլ առարկաները (գդալներ և այլն)։ Դամբանատեղին գտնվում է բնակավայրից դուրս։ Ջառմոյում տիրապետել է երկրագործական–անասնապահական տնտեսությունը։ Մշակել են ցորեն, գարի, հավանաբար՝ ոսպ, բուծել հիմնականում այծեր, ավելի սակավ՝ ոչխարներ, հետագայում՝ նաև խոզեր։ Դեռևս կարևոր նշանակություն են ունեցել որսորդությունը (զուբրեր, վարազներ, եղջերուներ և այլն) և հավաքչությունը (սիսեռ, վայրի կաղին և այլն)։ Ջառմոյի հասարակությունը կազմել է հիմնականում անհատական փոքր ընտանիքներից բաղկացած տոհմական համայնքը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 478)։