Պորտալ:Լոռու մարզ/Ներածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լոռու մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հյուսիսում։ Մարզկենտրոնը և ամենախոշոր քաղաքը Վանաձորն է։ Լոռու մարզը բնակչության թվով առաջին մարզն է: Մարզն իր բոլոր հարևան մարզերի և Վրաստանի հետ կապվում է բարեկարգ ավտոխճուղիներով: Այստեղ X-XI դդ. գոյություն է ունեցել հայկական անկախ պետություն՝ Լոռու թագավորությունը: Մարզի մի մասը հանդիսացել է Զաքարյանների տոհմական կալվածքը:

Տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է Հայաստանի տարածքի 12.7 %-ը), տարածքը զբաղեցնում է պատմական Հայաստանի Գուգարք նահանգի արևելյան կեսը: Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա:

Լոռու մարզն ընդգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ և ունի ոչ հարթ ռելիեֆ և տարածքի մոտ 80% զբաղեցնում են լեռնաշղթաները և խոշոր լեռները։ Նրա տարածքում են ձգվում Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց, Հալաբի լեռնաշղթաները: Առանձնանում են Փամբակի, Լոռվա գոգավորությունները և Լոռվա ձորը: Մարզի տարածքով է հոսում Դեբեդ գետը (154 կմ երկարությամբ, 2-րդը հանրապետությունում)՝ իր Ձորագետ, Մարցագետ և Փամբակ վտակներով: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում: Հարուստ է հանքային աղբյուրներով: Բնակավայրերը գտնվում են ծովի մակերևույթից 520-ից 1800 մետր բարձրության վրա։