Պերսեպտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պերսեպտրոն, պերցեպտրոն (անզլ․ perception, գերմ․ Perzeptron, < լատ․ perceptio - ճանաչում, ընկալում), ընկալումը մոդելավորող սարք։ Ուսուցվող ճանաչող համակարգ է։ 1957 թվականին ամերիկացի գիտնական Ֆ․ Ռոզենբլատը, ուսումնասիրելով գլխուղեղի և տեսողական զգայարանների կառուցվածքը, մշակել է ընկալման ընթացքի մաթեմատիկական մոդել, որն անվանել է «Մարկ-Ա Պ»։

պերցեպտրոնի աշխատանքի տարրական սխեման

Պերսեպտրոնը կազմված է նեյրոնները մոդելավորող երեք տեսակի տարրերից․

  • S ընկալիչներից (ռեցեպտորներ), որոնք կազմում են ցանցաթաղանթը,
  • A ձևափոխիչներից (ասոցիատիվ տարր)՝ բազմամուտք միաելք շեմային տրամաբանական լուծող և հիշող տարրեր են
  • R հակազդող տարրերից։

Հավանականությունների բաշխման օրենքով A տարրերը պատահական ձևով գրգռող և արգելակող կապերով կապված են ցանցաթաղանթի հետ։ Հակազդող R տարրը նույնպես շեմային տարր է, որի մուտքը կապված է բոլոր A տարրերի ելքերի հետ, իսկ ելքը՝ պերսեպտրոնի ելքի հետ։ Պերսեպտրոնն աշխատում է երկու ռեժիմով՝ սովորելու (ուսուցչի՝ օպերատորի օգնությամբ և ինքնուսուցմամբ) և ճանաչելու։ Առանց նախնական ծրագրավորման ուսուցմամբ պերսեպտրոնը կարող է ճանաչել պատկերներ և ընդունել որոշումներ։ Ուղեղի այլ մոդելներից և ճանաչող համակարգերից պերսեպտրոնը տարբերվում է նրանով, որ նրանում թույլատրվում է կապերի մեծ ընտրություն, և վարքը չի սահմանափակվում նախօրոք տրված տրամաբանական ալգո- րիթմով, այլ աստիճանաբար, ուսուցմամբ բարելավվում է ճիշտ որոշում ընդունելու ունակությունը։ Պերսեպտրոնն աշխատում է նաև անսարք բաղադրիչի և մուտքում աղմուկի առկայության դեպքում։ Պերսեպտրոնը կարևոր դեր է խաղացել պատկերների ճանաչման տեսության, բանական վարքի մոդելավորման, արհեստական ինտելեկտի, ուսուցվող և ինքնասացվող համակարգերի, ինքնահարմարվող համակարգերի ստեղծման գործում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Розенблатт Փ․, Принципы нейродинамики, пер․ с англ․, М․, 1965;
  • Перцептрон-система распознаванния образов, Киев, 1975․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png