Պեպեններ, բաց և մուգ, դեղին, ոչ մեծ պիգմենտային հետքեր են մաշկի վրա։ Մեծ մասամբ հանդիպում են դեմքի և դաստակների, երբեմն նաև իրանի վրա։ Պայմանավորված է մաշկում հատուկ գունանյութի՝ մելանինի կուտակումով։ Սակայն ի տարբերություն խալերի չեն պարունակում մեծ քանակությամբ մելանին արտադրող բջիջներ՝ մելանոցիտներ։
Սովորաբար հայտնվում են 4-6 տարեկանում, իսկ 30-ից հետո նրանց քանակը պակասում է։ Ձմռանը պեպենների գույնը ավելի բաց է դառնում, ամռանը՝ մգանում։ Պեպենոտությունը ժառանգական հատկանիշ չէ, բայցևայնպես նրանց քանակը կանխորոշվում է գենետիկորեն։ Այն պայմանավորված է MC1R գենի առկայությամբ։ Արևի լույսը ոչ միայն պեպենները դարձնում է ավելի մուգ, այլև առաջացնում է նոր մելանինի սինթեզ, ինչի պատճառով էլ առաջանում են նոր բծեր, նույնիսկ այն դեպքում, երբ դրանք անհետացել էին տարբեր քսուքներից կամ լազերի կիրառումից։ Պեպենները չեն դասվում մաշկային հիվանդությունների և գենետիկ մուտացիաների շարքին, սակայն պեպենոտ մարդիկ ավելի խոցելի են ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցության նկատմամբ, ինչը պայմանավորված է մաշկում ֆոտոռեցեպտոր մելանինի ցածր կոնցենտրացիայով։ Այս մարդկանց խորհուրդ է տրվում օգտագործել արևապաշտպան քսուքներ և խուսափել արևի տակ երկար մնալուց։ Կախված արևի ներգործության աստիճանից և ազդման ժամանակից, պեպենների գույնը /նրանցում պարունակվող մելանինի գույնը/ կարող է փոփոխվել բաց-դեղինից մինչև մուգ-շագանակագույն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 233)։