Պարամագնիսականություն
Պարամագնիսականություն կամ մագնիսականություն, արտաքին մագնիսական դաշտի ուղղությամբ մարմինների մագնիսացման հատկությունն է։ «Պարամագնիսականություն» տերմինը 1845 թվականին ներմուծել է Մայքլ Ֆարադեյը։ Պարամագնիսականուտթյանը բնորոշ է սեփական մագնիսական մոմենտ ունեցող մասնիկներ՝ ատոմներ, մոլեկուլներ, իոններ և միջուկներ պարունակող նյութերին, որոնք կոչվում են պարամագնիսական նյութեր և բնութագրվում են՝ դրական, մագնիսական ընկալունակությամբ։ Մագնիսական դաշտի բացակայությամբ մագնիսական մոմենտ ունեցող մասնիկների տարրական, մագնիսակա մոմենտների, քաոսային ջերմային շարժման հետևանքով պարամագնիսների մագնիսացումը հավասար է զրոյի։ Արտաքին, մագնիսական դաշտի ազդեցությամբ՝ տարրական մագնիսական մոմենտները, ի տարբերություն դիամագնիսականության, կողմնորոշվում են դաշտի ուղղությամբ, և պարամագնիսական նյութը մագնիսանում է։ Թույլ մագնիսական դաշտերում, երբ դաշտով պայմանավորված էներգիան շատ ավելի փոքր է մասնիկների ջերմային շարժման միջին էներգիայից դիտվում է I մագնիսացման աճ՝ մագնիսական դաշտի Н լարվածության մեծացմանը զուգընթաց։ Այստեղ մագնիսական ընկալունակությունն անկախ է դաշտի լարվածությունից, սակայն նվազում ջերմաստիճանի աճի հետ Կյուրիի օրենքով։ Կյուրիի օրենքին են ենթարկվում այն պարամագնիսները, որոնց բնորոշ է թույլ փոխազդեցությունը մագնիսական մոմենտ ունեցող մասնիկների միջև։ Ուժեղ մագնիսական դաշտերում և ցածր ջերմաստիճանների տիրույթում, երբ մագնիսական դաշտը լիովին ճնշում է ջերմային շարժման ապակողմնորոշող ազդեցությունը, և նյութում հաստատվում է մագնիսական հագեցում։ Այս դեպքում մագնիսական ընկալունակության ջերմաստիճանային վարքը նկարագրվում է Կյուրի-Վեյսի օրենքով։ Այս օրենքին են ենթարկվում օրինակ՝ անցումային խմբի և հազվագյուտ հողերի տարրերը։ Մետաղների պարամագնիսականությունը պայմանավորված է հիմնականում ազատ էլեկտրոնների և բյուրեղային ցանցի ատոմների իոնների էլեկտրոնային թաղանթների մագնիսական մոմենտներով։ Զուտ հաղորդականության էլեկտրոնների ներդրումն անկախ է ջերմաստիճանից, դա ակնհայտ է ալկալիական և հողալկալիական մետաղներում, որոնցում մագնիսական մոմենտ ունեն միայն ազատ էլեկտրոնները։ Ֆիզիկայում, պարամագնիսական նյութերն օգտագործվում են գերցածր ջերմաստիճանների ստացման համար։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |