Պազիրիկ գորգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գորգը հայտնաբերվել է Ռուսաստանի Հնագիտական Ինստիտուտը գլխավորող Սերգեյ Ռուդենկոյի արշավախմբի կողմից 1949թ-ին՝ սկյութական առաջնորդներից մեկի դամբարանում:
Պազիրիկ գորգ, լավագույն հնագույն նմուշը

Պազիրիկ գորգ, գտնվել է Արտաքին Մոնղոլիայից 75 կմ. արևմուտք, Սիբիրի Ալթայի երկրամասի Պազիրիկ հովտում, որտեղից էլ ստացել է իր անվանումը[1]։ Համարվում է մինչ այժմ հայտնաբերված հնագույն գորգը։ Գորգը հայտնաբերվել է Ռուսաստանի Հնագիտական Ինստիտուտը գլխավորող Սերգեյ Ռուդենկոյի արշավախմբի կողմից 1949թ-ին՝ սկյութական առաջնորդներից մեկի դամբարանում։

Այս գորգի հետ հայտնաբերվել են նաև շքեղ կտորեղեն և արվեստի աչքի ընկնող գործեր։

Հավանաբար թաղման արարողությունից հետո դամբարանը կողոպտվել է, ջուր է ներհոսել, և դարեր շարունակ գորգը սառած վիճակով է մնացել։

 Պազիրիկի գորգը գորգագործության պարզ օրինակ չէր։ Այն չէր հասկացվում ոչ քոչվորների, ոչ գյուղացիների կողմից։ Այն արվեստի շատ բարդ աշխատանք է՝ լի խորը իմաստով և սիմվոլիկայով և, դրա հետ մեկտեղ, նույնիսկ այդ դարաշրջանի արվեստի կուլիմինացիոն կետը չէ։ Իհարկե, զարգացման մի քանի հարյուրամյակ պետք է անցներ, մինչ նման բացառիկ որակի և ոճային կոնցեպցիայի գորգ հնարավոր կլիներ գործել[2]։

Գորգի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնական գորգադաշտի կարմիր տափին տեղադրված են 24 նմանատիպ քառակուսի մեդալյոններ, որոնք եզերված են բարակ սև ժապավեններով։ Կարմիր քառակուսիներից յուրաքանչյուրը ներփակում է նմանատիպ խաչաստղեր։ Սպիտակավուն խաչերի ծայրամասերը չորս սև գծերով մասնատված են։ Նրանց միջից դուրս են գալիս կապույտ տերևազարդեր։ Թվում է, թե դա գալիս է սոճու կաղինների և լոտուսի ասորական ոճից։ Այս օրնամենտը ներկված է դեղին, բաց և մուգ կապույտ, իսկ դաշտի գույնը կարմիր է։

Առաջին փոքր ներքին եզրագոտին բաղկացած է փոքր քառակուսիներից, որոնցում դեղին ֆոնի վրա հայտնվում են արծվանման գիրֆոնները։ Գրիֆոնի գլուխը ուղղված է դեպի հետ և բաց երախում տեսանելի է լեզուն։ Նրանց մարմինը կարմիր է և նրանց թևերի փետուրները մուգ կապույտ և սպիտակ են։

Երկրորդ ներքին գոտում, բաց կապույտ ֆոնի վրա ներկայացված է այծյամների շարք։ Բոլորը ուղղված են դեպի ձախ։ Նրանց մարմինները կարմիր են՝ դեղին կետերով։ Գորգի յուրաքանչյուր կողմում ներկայացված են վեց այծյամներ։ Առաջին հայացքից կարելի է մտածել, որ դրանք հյուսիսային եղջերուներ են, բայց ֆիգուրների մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք միջինարևելյան այծյամներ են՝ կետավոր եղջերուների արու տեսակը։

Հաջորդ գոտում պատկերված են տերևների և ծաղիկների հյուսվածքներ, որոնք շատ նման են գորգի կենտրոնում պատկերված խաչաստղերին։ Այս ծաղիկները բաց կապույտ, մուգ կարմիր կամ մուգ կապույտ են և պատկերված են դեղին ֆոնի վրա[3]։

Ամեանալայն գոտում ներկայացված են հեծյալներ, ինչպես նաև հատակին կանգնած և ձիու սանձը բռնած զինվորներ։ Այս գոտու կերպարները ներկայացված են այծյամներին հակառակ ուղղությամբ, այսինքն ՝դեպի աջ։ Ձիերը ամուր սանձված են, նրանց պոչերը հանգուցավորված են, կրծքերը լանջապաներով պաշտպանված են։ Որպես թամբ ծառայում են բազմագույն գորգերից հատվածներ՝ զարդարված կենաց ծառերով, հատիկաշարով, հայկական տեգրեկաձևի ոճավորված վիշապազարդով, որոնք ժողովուրդը կոչում է նաև օձիկներ։ Ձիավորները հագել են կարճ վերարկուներ, նեղ տաբատներ՝ նախատեսված ձիավարության համար և կրում են ռազմական սաղավարտներ, որոնք կոչվում են բաշլիկ, որոնք կապվում են դնչից ներքև։ Այս գուտու կերպարները ներկայացված են կարմիր խորքի վրա։

Վերջին եզրագոտին կրկնում է առաջին եզրագոտին, այսինքն այստեղ ևս ներկայացված են փոքր քառակուսու մեջ պատկերված գիրֆոնները, սակայն այս գոտում նրանք ներկայացված են հակառակ ուղղությամբ։

Գոտիների կերպարների տարբեր ուղղվածությությունը պատահական չէ և վկայում է գորգի ծագման մասին։

Գորգը՝ որպես թաղման ծիսակարգի ատրիբուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերեզմանաբլուրները, սովորաբար, բաժանվում էին մի քանի մասի՝ հիմանական, որտեղ մեռյալն էր և կողային մասերը, որտեղ սպանված ձիերն էին և կառքերը։ Պազիրիկի գերեզմանաբլուրում հայտնաբերվել են այդ ժամանակի լավագույն կտորեղենը և դժվար չէ կռահել, որ սա սկյութների նշանավոր և արվեստասեր առաջնորդի դամբարանն է եղել։ Գորգը գտնվել է գերեզմանաբլրի կողային մասերից մեկում, կառքի հետ և այն փաստը, որ գորգը գտնվել է կառքի հետ միասին, չի թողնում կասկածներ, որ այն առաջնորդի անձնական, արժեքավոր իրերից էր։

Հույն պատմաբան Հերոդոտոսը, իր «Պատմություն» երկում նկարագրում է, թե ինչ է պատահում, երբ սկյութացի առաջնորդը մահանում է։

Այն ժամամակ, երբ փորվում է առաջնորդի համար նախատեսված փոսը, սկյութները վերցնում են մարմինը (որը նախապես կոնսերվացվել էր) և դնում են այն բաց կառքի վրա, որպեսզի ցուցուդրեն նրան սկյութական տարածքում գտնվող հարևան ցեղերին։ Դա տևում էր այնքան ժամանակ,  մինչև նրանք հասնում են Ալթայի երկրամասի այն վայրը, որտեղ պետք է թաղվեր առաջնորդը։ Անկասկած, երկար ճանապարհորդության ժամանակ, որը կարող էր տևել մի քանի շաբաթ, արքայի և նրա կնոջ մարմինը (որը պետք է մահանար նրա հետ), պետք է պաշտպանվեր փոշուց, շոգից և այլ վնասներից։ Եվ, Պազիրիկ գորգը, ամենայն հավանականությամբ, որպես պաշտպանիչ իր, փռված է եղել մարմինների տակ։

Գորգի՝ որպես թաղման և ծիսական օբյեկտի ընկալման հաջորդ բանալին նրա ձևավորումն է։ Ըստ սկյութների հավատալիքների՝ քարայծը և գրիֆոնը կյանքից մահվան անցման խորհրդանիշներն են։ Այդ պատճառով էլ նշված քարայծերի մեկ հիմնական շարքը և գրիֆոնների երկու ուղեկցող եզրագոտիները, գորգը գործողի կողմից մատնանշումն է այն փաստի, որ գորգը գործվել է որպես թաղման ատրիբուտ։ Իսկապես, գերեզմանաբլրի կողային փոսերում հայտնաբերվել են դիմակներ, որոնք ծածկում էին սատկած ձիերի գլուխները՝ դրանց գրիֆոնների և քարայծերի գլուխների տեսք տալով։ Ըստ Շուրմանի, սա հենց նույն գաղափարն է, որ դրդում է մեզ ծածկել սև հագուստով այն ձիերին, որոնք դիակառք են տանում։

Վերադառնալով ամենալայն եզրագոտութն, որտեղ պատկերված են ձիավորներն իրենց ձիերի հետ, նշենք մի կարևոր փաստ։ Ուղղահայաց հատվածներից մեկում ձերից մեկը ավելի կարճ է պատկերված, իսկ նրա ետևում պատկերված են երկու վարդյակներ։ Սկզբում Շուրմանը, ինչպես Ռոդենկոն, կարծել է, որ նման հորինվածքը կապված է եղել գործողի հետ։ Հաճախ գորգը գործողները հասկանալով, որ հորինվածքը մի փոքր այլ ձևով է ստացվել, ազատ տարածքը լրացնելու համար պատկերել են նման վարդյակներ։ Սակայն այս գորգը սովորական գորգագործի աշխատանք չէր, այլ արվեստի բարձր արժեք ներկայացնող իր։ Հետևաբար, միտումնավոր է այդ ձին կարճ պատկերվել, իսկ նրան հաջորդող երկու վարդյակները իրականում անիվներ են։ Այս անիվները իրեն մեջ խորը, սարսափելի իմաստ են կրում։

Այս հորինվածքը հասկանալու համար մենք նորից դիմում ենք Հերոդոտոսի պատմվածքին։ Այստեղ պատմվում է, որ տարվա վերջում մի արարողակարգ էլ էր կատարվում։ Ընտրում էին արքայի լավագույն հիսուն սպասավորներին, որոնք ազգությամբ սկյութներ էին, նրանց մարմինները ազատում էին օրգաններից և դրանց փոխարեն լցնում էին ծղոտ։ Նույնը անում էին նաև հիսուն ձիերի հետ։ Այնուհետև վերցնում էին մի շարք անիվներ, բաժանում դրանք երկու մասի և կիսաշրջաններով միացնում միմյանց։ Դրանց էլ միացնում են ցիցեր։ Այդ ցիցերը այնպես են դրվում, որպեսզի դրանցից մեկը պահի ձիու վիզը, իսկ մյուսը ազդրերի միջոցով պահի փորը։ Այսպիսով ստեղծվում էր կառքի նման մի բան:Նույն եղանակով ձիերին միացված էին նաև ձիավորները, որոնք ձիերին միացված սանձի միջոցով ասես կառավարում էին նրանց։ Այս խումբը տեղակայվում էր առաջնորդի գերեզմանի շուրջ։

Ձիավարության համար նախատեսված ձիերը սովորաբար ամորձատված էին լինում, իսկ Պազիրիկում ձիերը ամորձատված չեն և սա ցույց է տալիս, որ այս ձիերը նախատեսված են եղել զոհաբերվելու  և որպես պաշտպանիչ ուժ գերեզմանաբլուրում օգտագործվելու համար։

Ի տարբերություն մյուս առաջնորդների դամբարանների, որտեղ հայտնաբերվել են հարյուրավոր սպանված սպասավորներ և ձիեր, այստեղ եղել են վեց ձիեր, որոնք տեղափոխել են կառքը և չորս ձիեր, որոնք տարել են առաջնորդի և նրա կնոջ անձնական իրերը։

Ընդհանուր առմամբ գորգը գերեզմանաբլրի այլաբանական վերարտադրությունն է. Կենտրոնի զարդերը ասես խորհդանշեն մահացածներին, իսկ մի շարք եզրագոտիները՝ տարբեր առասպելական կենդանիներով, պաշտանիչ նշանակություն ունեն։

Մերձավոր Արևելքը, որպես գորգի գործման վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պազրիրիկ գորգ, հնագույն գորգարվեստի ցուցանմուշը։

Պազիրիկը մեզ հասած ամենահին գորգն է։ Գործման ձևից, ոճից և նյութից մենք հասկանում ենք, որ սա «ակադեմիական» և մաքուր կատարված գործ է։ Նման գորգեր գործվել են տարբեր տարածաշրջաններում մոտավորապես Ք.ա 500թ-ին։

Գերեզմանում, ինչպես նշեցի, հայտնաբերվել է նաև տարբեր երկրներից բերված կտորեղեն և այլ իրեր։ Ամենայն հավանականությամբ մահացած առաջնորդը կառավարել է այն վայրում, որտեղ խաչաձևել են չինական, ասորական, հելենիստական և ուրարատական մշակույթները։ Միայն վերջերս հնագետները գտան ուարատական պետության կարևորության և մշակութային նկրտումների ապացույցներ։ Հանս-Յորգ Կելները՝ Մյունխենի նախապատմական պետական հավաքածուի տնօրենը, այստեղ տեղի ունեցած ցուցահանդեսի վերաբերյալ իր կատալոգում պատկերացում է տալիս ուրարտական պետության և մշակույթի կարևորության մասին։ Կատարվել են նաև պեղումներ, որի շնորհիվ գտնվել են մի շարք մետաղական իրեր, մասնավորապես գոտիներ, որոնք տեղեկություններ են տալիս ուրարտացիների ոճի մասին։ Սրանց վրա հիմնականում պատկերված են կրկնվող կենդանիների շարքեր, որոնցից շատերը ազդել են ասորական և հետագայում նաև սկյութական համակարգերի վրա։ Եթե մենք ցանականում ենք հասկանալ Պազիրիկ գորգի ծագումը, մենք պետք է վերադառնանք այն մարդկանց, ովքեր ապրել են Ուրարտուում և Ք. ա. 6-րդ դարում նվաճվել են սկյութների կողմից։  

Պազիրիկ գորգի՝ Ք. ա. 5-րդ դարում առաջացման ցուցիչներից կարող են լինել (1)ուրարտական արվեստաբանական ոճի համադրումը սկյութական մանրամասների հետ, մասնավորապես ձիերի ձևը (դրանք ստեպերի մարմնեղ ձիերն են), (2) ձիավորների հագուստը և (3) գրիֆոնների ու քարայծների միստիկ ասպեկտները։

Այսպես, գորգի ձիավորների սաղավարտներից, պատկերված անյպես, ինչպես  գորգում է, այլևս չենք հանդիպում որևէ այլ հուշարձանի վրա։ Դրան հակառակ, սկյութները ճանաչված էին որպես սրածայր բաշլիկներով անձինք։ Պերսեպոլիսի հին պալատների պատերին ներկայացված ձիերի և մարդկանց երեք օրինակները համարվում են սկյութներ։ Նրանց փոքր ձիերը մատնանշում են տարբերությունը գորգում ցուցադրված բարձրահասակ ձիերից[4]։

Պազիրիկ գորգում ցուցադրված բաշլիկները պատկանում են սկյութների մի ցեղի, որոնք նախկին ուրարտական շրջանի բնակիչներ էին։ Գտնվել է նաև երկու կնիք, որոնք վկայում են վերը նշվածի մասին։ Մեկը կլոր կնիք է, որի վրա պատկերված է նետ արձակող զինվոր՝ նստած իր ձիու վրա։ Մյուսի վրա, որը հավանաբար իրենից փոքր կնիք ներկայացնող մատանի է, պատկերված է թագավորական կերպար վայրի խոզի որս անելիս։ Կարո՞ղ է դա լինել գերեզմանատանը թաղված թագավորը կամ թագաժառանգը։

Երկու կնիքներն էլ ունեն մերձավորարևելյան արվեստի խմբի նմուշներին նման  ոճ և դրանց վրա պատկերված սկյութներն ունեն նույն գլխարկները, ինչ որ Պազիրիկ գորգի ձիավորները։ Սա ևս մեկ փաստ է, որ գորգը նույնպես ստեղծվել է Միջին Արևելքի նույն շրջանում։

Սկյութական ոսկե սկավառակի վրա, որը մի ժամանակ տրվել էր Պետրոս Մեծին, պատկերված են Պազիրիկի ձիերի վրա առկա միևնույն սանձերի ճշգրիտ մանրամասները։ Հաստ պարանը, որը գալիս է ականջի ետևից և միանում է ձիու բերանի հիմնական պարանին, չի կարելի գտնել քարի վրա կերտված ձիերի վրա։ Փաստացիորեն, դրանք դուրս են թողնվել Պազիրիկ գորգի նկարներից և նկարագրություններից։ Թվում է, թե գեղեցիկ սկավառակը պատմում է իր թագադրված թագուհու գրկում մահացող թագավորի պատմությունը։ Պե՞տք է ձիերի սանձերի մշակումը դիտարկել որպես թաղման արարողություն։

Արդյո՞ք նրանք եկել են մահացած թագավորին տանելու։

Ալթայի սկյութները, որքանով մենք կարող ենք ենթադրել, փորձառու չէին խավավոր գորգերի գործման հարցում։ Այնուամենայնիվ, նրանք աչքի էին ընկնում մեծ գեղեցկության և բազմազանության կարպետներ գործելու մեջ։

Պազիրիկ գորգում պատկերված կենդանիները ոճաբանորեն չեն համապատասխանում սկյութների հայտնի գեղարվեստական ոճերին։ Սա լավագույնս նկատելի է նրանց ոսկե և փայտե աշխատանքներում, որտեղ տարօրինակ կերպով կծկված կենդանիները թվում են հանգստացած, բայց մինույն ժամանակ պատրաստ բեղմնավորվելու։

Պազիրիկ գորգում, այնուամենայնիվ, քարայծները թվում է թե արածում են տրտմությամբ, թուլացած և առանց լարվածության, ձիերը առանց հուզմունքի քայլում են երկայնքով. այս ամենը ոճաբանորեն պատկանում է Միջին Արևելքի արվեստին։

Քանի որ Միջին Արևելքում կամ Ալթայի արմտյան մասում Ք. ա. 5-րդ դարում ոչ մի թուրք կամ թյուրքական ցեղ գոյություն չուներ (նրանք չեն հիշատակվում մինչև 1000 տարի անց), Շուրմանը գտնում է, որառաջ քաշված պնդումները, որ գորգը գործվել էր կամ թուրքերի, կամ թյուրքական ցեղերի կողմից, ամբողջությամբ անհիմն են և այդ պատճառով էլ անկենսունակ են գորգի ծագման վերաբերյալ ցանկացած օբյեկտիվ գնահատման տեսանկյունից։

Նույնիկ առանց այս ժամանակավրեպության, թյուրքական ցեղերը երբեք չէին ունենա երևակայություն ոչ այսպիսի գորգային ոճ հորինելու, ոչ էլ փոքր կամ կարևոր մանրամասներ օգտագործելու համար, ինչպես, օրինակ, ձիավորներին և ձիերին սանձից բռնած առաջնորդողներին մեկընդմեջ պատկերելը։ Սա տարբեր կերպ է պատկերված գորգի յուրաքանչյուր կողմում։ Ձախ կողմում երեք առաջնորդողներ են և չորս ձիավորներ, ներքևի ծայրում՝ հինգ առաջնորդողներ և երկու ձիավորներ, որոնցից մեկը միակն է ողջ գորգում, որը հագած է դեղին տաբատ. մյուս բոլորը հագած են նեղ կապույտ տաբատներ։ Աջ մասում, որքան թույլ է տալիս տեսնել վնասը, պատկերված են առնվազն երկու ձիավորներ և երեք առաջնորդողներ, և վերին ծայրում պատկերված են երեք առաջնորդողներ և չորս ձիավորներ։ Հավանաբար, այս ամենն ունեցել է խորհրդավոր նշանակություն[5]։

Ք. ա. մոտ 590 թ-ին Ուրարտուի թագավորության վերացումից հետո տարբեր ցեղերից բաղկացած բնակչությունը խառնվեց սկյութներին և այս խառնարանից ծնվեց հայ ժողովուրդը։ Ոչ ոք չի զարմանա, եթե նրանք ժառանգած լինեն ուրարտական ժողովրդի հիասքանչ մոտեցումը արվեստին։ Ոչխարների բրդից ապրանքները, որոնք լի էին նրանց երկրում, թույլ տվեցին նրանց ստեղծելու հիասքանչ գորգեր։ Ավելի քան 150 տարիները նրանց բավարար ժամանակ տվին զարգացնելու իրենց սեփական ոճը և ընդօրինակելու որոշակի սկյութական մանրամասներ։

Հնագետները հայտնաբերել են, որ արևմտյան սկյութների մայրաքաղաքը կարող էր լինել Սակիչ քաղաքը։ Այն տեղակայված է Նինվեից փոքր-ինչ արևելք, և այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ Նինվեի պալատների պատերին կերտված գորգերը մեծ նմանություն ունեն Պազիրիկ գորգի կենտրոնին։ Դրանք փռված էին թագավորի մասնավոր սենյակների մուտքերի առջև[6]։

1971թ. Վանա լճի մոտակայքում գտնվող գյուղում 2000 բրոնզե սկավառակներից բաղկացած թաղված հարստություն է հայտնաբերվել։ Գեղեցիկ դեկորացիաներով իրերը «գտնողների» կողմից վաճառվել են ամբողջ աշխարհով մեկ։ Դրանց ձևավորումը ևս մեկ ապացույց է այն բանի, որ Պազիրիկ գորգը կարող էր ստեղծվել միայն միևնույն տարածաշրջանում։ Դա կենդանիներին շարքով կրկնելու միևնույն ոճն է՝ հաճախ փոխելով ուղղությունը։ Հայերն ապրել են այդտեղ և, որպես ուրարտական արվեստի ժառանգներ, հնարավոր է ստեղծել են այդ բրոնզե իրերից շատերը։

Պազիրիկ գորգի ստեղծման ժամանակ, այսինքն՝ Ք. ա. 5-րդ դարի վերջում, Սակիչը կարող էր լինել Ալթայի լեռների գերեզմանատանը թաղված թագավորի բնակավայրը։ Նա հաստատապես կրթված և վառ անձնավորություն էր, որը հնարավոր է պատվիրել էր գորգը իր մահվանից տարիներ առաջ, և հայերը, որոնց ազդեցությունն այդ ժամանակ Կովկասի հարավային լանջերից հասնում էր մինչև Ասորեստանի հյուսիս, մատակարարել են բուրդը, տվել են գորգի գեղարվեստական կոնցեպցիան և հիասքանչ կատարումը[7]։

Բոլոր առկա ապացույցները հաշվի առնելով՝ Շուրմանը համոզված է, որ Պազիրիկ գորգը թաղման աքսեսուար էր և, ամենայն հավանականությամբ, հայ գորգագործության գլուխգործոց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մեզ հասած ամենահին գորգը». blog.mediamall.am. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  2. Barkova, L. L. (2003). Pazyryk. Oxford Art Online. Oxford University Press.
  3. Julia, Kurysheva (2018 թ․ սեպտեմբերի 1). «The boundaries of the concepts of international journalism». Век информации (сетевое издание). 2 (4(5)). doi:10.33941/age-info.com24(5)2018005. ISSN 2618-9291.
  4. Poghosyan, Ashkhunj. «ԱՇԽՈՒՆՋ ՊՈՂՈՍՅԱՆՙ «ՊԱԶԻՐԻԿ» ԳՈՐԳԻ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ». «Էջմիածին» հանդես (անգլերեն).
  5. «Հայկական գորգ». matyan.am. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.(չաշխատող հղում)
  6. Պապիկյան (2009). «Հայկական կարպետներ և գորգեր». Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. Գանցհորն (2013). «Քրիստոնեաարևելյան գորգը». Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)