Չափիչ մեքենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Չափիչ մեքենա, դետալների ներքին և արտաքին գծային չափսերի չափման օպտիկամեխանիկական սարք։ ԽՍՀՄ-ում պատրաստում են մինչև 1,2,4,6,8,12 մ (արտաքինը՝ 0-ից, ներքինը՝ 13,5 մմ-֊ից) արտաքին և ներքին գծային չափսերի չափման վերին սահմանով չափիչ մեքենա։ Վերահսկվող դետալը տեղավորվում է առարկայի սեղանի (դետալի զանգվածը 10 կգ է, հատուկ տեսակի սեղանների վրա՝ մինչև 60 կգ) կամ լյունետների վրա՝ պինոլի կոճղակի և հաշվանքի սարքի ծայրերի միջև։ Որպես հաշվանքի սարք օգտագործվում է օպտիմետրի կամ ինտերֆերոմետրի խողովակը։ Չափումը կատարվում է հարաբերական (համեմատական) կամ բացարձակ մեթոդով։ Հարաբերական մեթոդի դեպքում վերահսկվող դետալի չափսը համեմատվում է նմուշ դետալի նախապես հայտնի չափսի հետ։ Որպես նմուշ առավել հաճախ օգտագործվում են երկարության հարթ զուգահեռ ծայրաչափերը։ Վերահսկվող դետալի շեղումը նմուշից ցույց է տալիս հաշվանքի սարքը։ Բացարձակ մեթոդի դեպքում վերահսկվող դետալի չափսը որոշում են երկու սանդղակներով․ առաջինը՝ չափման վերին սահմանին հավասար երկարության և 100 մմ բաժանման, երկրորդը՝ 100 մմ երկարության և 0,05 մմ բաժանման արժեքներով։ Սովորաբար երկու սանդղակների ցուցմունքները օպտիկական համակարգի օգնությամբ միաբերվում են չափիչ կոճղակում տեղավորված միկրոսկոպում։ Չափիչ մեքենան կիրառվում է գլխավորապես ներսաչափերի ստուգման և հարմարեցման համար։ Կան Չափիչ մեքենաններ, որոնցով հնարավոր է չափել ընթացքային պտուտակների քայլերը։ Երբեմն, սխալ ձևով «Չափիչ մեքենա» տերմինը կիրառվում է բարդ ստացիոնար չափիչ միջոցների համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 684 CC-BY-SA-icon-80x15.png