Ուժազույգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուժազույգ, բացարձակ արժեքով (մոդուլով) հավասար, ուղղությամբ հակառակ F և -F երկու զուգահեռ ուժեր, որոնք կիրառված են միևնույն պինդ մարմնին։ Ուժազույգ ձգտում է մարմնին պտույտ հաղորդել։

Ուժազույգ կազմող ուժերի ազդման գծերի միջև մեկ ամենակարճ հեռավորությունը կոչվում է ուժազույգի բազուկ։ Ուժազույգի ազդեցությունը պինդ մարմնի վրա բնութագրվում է ուժազույգի մոմենտի M վեկտորով, որը թվապես հավասար է զույգի ուժերից մեկի մոդուլի և ուժազույգի բազուկի արտադրյալին (M=F1) և ուղղված է ուժազույգի հարթությանն ուղղահայաց՝ դեպի այն կողմը, որտեղից մարմնի պտույտը ուժազույգի ազդեցությամբ երևում է ժամացույցի սլաքի պտույտին հակառակ ուղղությամբ։

Միևնույն պինդ մարմնին կիրառված՝ մոմենտի հավասար վեկտորներով երկու ուժազույգ մեխանիկորեն համարժեք են, հետևապես կարելի է, պահպանելով ուժազույգի մոմենտը, փոփոխել նրա ազդման գծերը և մեծությունները՝ առանց պինդ մարմնի վրա ուժազույգի ազդեցությունը փոփոխելու, ինչպես նաև ցանկացած թվով ուժազույգերի ազդեցությունը փոխարինել մեկ զույգի ազդեցությամբ այն պայմանով, որ այդ զույգի մոմենտի վեկտորը հավասար լինի բոլոր զույգերի մոմենտների վեկտորների գումարին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։