Որակ և քանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Որակ և քանակ, փիլիսոփայական կատեգորիաներ, որոնք արտահայտում են առարկաների և երևույթների որոշակիության երկու փոխկապակցված կողմերը։ Որակը առարկաների և երևույթների հարաբերական կայունությունն է՝ նրանց ինքնությունը, այն, ինչով դրանցից յուրաքանչյուրը տարբերվում է մյուսներից։ Ճանաչողության մեջ որակական որոշակիությունն անմիջականորեն տրվում է զգայաբար՝ այն հատկությունների միջոցով, որոնք տվյալ առարկան կամ երևույթը դրսևորում է ուրիշների հետ ունեցած կապերի ու հարաբերությունների մեջ և որոնք ընկալվում են զգայարաններով որպես տարածական դիրք, դասավորություն, տեղափոխություն, ամրություն, գույն, համ, հոտ, ձայն և այլն։ Որակական որոշակիությունը, սակայն, չի նույնանում առանձին հատկությունների միագումարի հետ․ հատկությունները կախված են կապերից և հարաբերություններից, դրանց փոփոխություններից, մինչդեռ որակը դրանց մնայուն կրողն է՝ այն ներքին կազմակերպվածքը, օրինաչափ կարգը, որը պայմանավորում է որակական որոշակիության բազմազան դրսևորումները՝ հատկությունները տարբեր կապերի և հարաբերությունների մեջ։ Նրա ճանաչումը տրվում է արդեն տեսական մտածողությամբ։ Առարկաները և երևույթները որոշակի ընդհանրական, հատկապես տարածաժամանակային, հարաբերությունների մեջ (իսկ ճանաչողության մեջ՝ որոշակի տեսանկյունից) դրսևորվում են որպես համասեռ և բնութագրվում են մեծությամբ ու աստիճանով, որոնք կազմում են նրանց քանակական որոշակիությունը։ Ճանաչողության ընթացքում զգայաբար տրված որակական բազմազանությունը հանգեցնում է քանակական բնութագրությունների․ դիտարկվող երևույթները, դրանց հատկությունները, դառնալով չափելի, դրանով իսկ օտարվում են առանձին սուբյեկտներից՝ մտնելով օբյեկտիվ գիտելիքի կազմի մեջ։ Մատերիալիստական դիալեկտիկայի տեսակետից որակը և քանակը պայմանավորում են միմյանց, յուրաքանչյուր որակ (առարկա և երևույթ որպես ինքնություն) կարող է գոյություն ունենալ միայն որոշակի քանակական բնութագրությունների սահմաններում։ Որակի և քանակի այս միասնությունն անվանվում է չափ։ «Որակ և քանակ» կատեգորիաները ցույց են տալիս աշխարհի միասնության և բազմազանության, զարգացման ընդհատության և անընդհատության դիալեկտիկան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 641