Նյարդախտաբանությունը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նյարդախտաբանության բնագավառի զարգացումը Հայաստանում պայմանավորված է Ա. Արզումանյանի նախաձեռնությամբ 1926 թվականին ԵՊՀ բժշկական ֆակուլտետում, իսկ 1958 թվականին ԲԿԻ-ում (1997 թվականից՝ ԱԱԻ) նյարդաբանության ամբիոնների ստեղծմամբ։ Առաջինը հետազոտվել են նյարդային համակարգի ախտահարումները մալարիայի և բրուցելոզի ժամանակ։ Զբաղվել են պոլիոմիելիտի, ցրված սկլերոզի, մկանային թուլության, գրիպի ժամանակ գլխուղեղի բորբոքման, բազմասեզոնային ուղեղաբորբերի ախտորոշման ու բուժման հարցերով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945 թթ.) տարիներին ԳՀ աշխատանքներ են կատարվել հիմնականում նյարդային համակարգի վնասվածքների ախտածնության ու բուժման (Ա. Հակոբյան, Գ. Միրզոյան), 1950-1960-ական թվականներին՝ գլխուղեղի անոթ, հիվանդությունների, արյան շրջանառության անցողիկ ու սուր խանգարումների՝ կաթվածների (Գ. Միրզոյան, Ս. Թորոսյան) վերաբերյալ։ 1970-ական թվականներից Երևանում և հանրապետության մյուս քաղաքներում սկսել են գործել նյարդաբան, բաժանմունքներ։ 1976 թվականից է. Գևորգյանի ղեկավարությամբ կատարվել են հիմնարար հետազոտություններ վեգետատիվ նյարդային համակարգի ախտաբանության, պարոքսիզմալ համախտանիշների զարգացման օրինաչափությունների, ինչպես նաև պարբերական հիվանդության, զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի, այլ օրգան-համակարգերի հիվանդությունների ժամանակ նյարդային համակարգի ախտահարման առանձնահատկությունների վերաբերյալ։ 1977 թվականին Յու. Թունյանի նախաձեռնությամբ հանրապետությունում ստեղծվել է առաջին անգիո-նյարդաբանական բաժանմունքը, որտեղ ներդրվել են ուղեղի անոթների ռեոգրաֆիան, անոթագրությունը, կատարվել հիմնարար հետազոտություններ կաթվածների ռիսկի գործոնների, բուժման մոտեցումների ու հետազոտման եղանակների վերաբերյալ։ Առաջին անգամ կատարվել է բազմակլինիկական հետազոտություն, ստեղծվել կաթվածներով հիվանդների տեղեկատվական բազա (Յու. Թունյան, Հ. Բակունց)։

1980-ական թվականներից զարգացել է էպիլեպտոլոգիան՝ նյարդաբանական գիտության նոր ուղղությունը (Հ. Մուրադյան, Վ. Դարբինյան), ստեղծվել է հատուկ սարքավորումներով հագեցած էպիլեպտոլոգական կենտրոն։ Աշխատանքներ են կատարվել ցնցումային համախտանիշներով հիվանդների բացահայտման, ախտորոշման, բուժման ու հաշվառման նպատակով։ 1990 թվականից հանրապետությունում լայնորեն կիրառվում է գլխուղեղի համակարգչային ու միջուկամագնիսառեզոնանսային շերտագրությունները, որոնք լրջորեն խթանել են նյարդաբանության հետագա զարգացումը։ Անհամեմատ բարելավվել են բազմաթիվ նյարդաբանական հիվանդությունների ախտորոշումն ու բուժման ելքը։ Հնարավոր է դարձել վաղաժամ ախտորոշել այն նյարդաբանական հիվանդությունները, որոնց բուժումը համարվում է անհետաձգելի։ Լայնորեն կիրառվել է էլեկտրա-նյարդամկանագրության եղանակը, որը մեծապես նպաստել է նյարդամկանային հիվանդությունների ուսումնասիրմանը (Մ. Գրիգորյան, Բ. Գրիգորյան)։

Վերջին տարիներին կատարվել են բազմամյա (5-20 տարի) բազմակենտրոն հետազոտություններ՝ նվիրված ժառանգական հիվանդություններին՝ Հենթինգտոնի հիվանդությանը (Ա. Կարապետյան), ցրված սկլերոզին (Մ. Հակոբյան), թուլամտությանն ու Ալցհեյմերի հիվանդությանը (Հ. Մանվելյան, Հ. Համբարձումյան)։ Հիմնարար ուսումնասիրություններ են կատարվում աշխարհի լավագույն ԳՀ կենտրոններում ու համալսարաններում՝ նվիրված գլխուղեղի սեփական բջջային իմուն համակարգի պատասխանին՝ ուղեղի հյուսվածքի վնասվածքների ժամանակ, նյարդագեներացիային, նյարդային հյուսվածքի վրա տարբեր ախտածին գործոնների ազդեցությանը (Հ. Մանվելյան)։ Ներկայումս ՀՀ-ում կատարվում են առաջնային առողջապահ, խնդիր համարվող կաթվածների բազմակողմանի հետազոտություններ՝ այդ հիվանդության ժամանակ զարգացող բնորոշ անոթային միկրոշրջանառության հոսքի և արյան բջիջների մակարդելիության փոփոխությունների (Գ. Հովհաննիսյան և ուրիշներ ), կաթվածի վիճակագրության (Լ. Գիմոյան) վերաբերյալ։ Ողնաշարածին ցավային համախտանիշների հետազոտություններով բացահայտվել է դրանց լայն տարածվածությունը, ստեղծվել են ուղեցույցներ (Գ. Մանուչարյան)։

Շարունակվում են գիտական աշխատանքները՝ նոր ծագած առաղշապահպանական խնդիրների՝ միելինազրկող (դեմիելինացնող) հիվանդությունների տարածվածության, ախտորոշման ու բուժման առանձնահատկությունների ուսումնասիրության, նյարդաբորելիոզի կամ լայմի հիվանդության բնական օջախների ու փոխանցման ուղիների պարզաբանման, ինչպես նաև տարածվածության ու ախորոշման եղանակների հետազոտության, նեյրոդեգեներատիվ հիվանդությունների խմբին դասվող բազմաթիվ համախտանիշների ուսումնասիրության վերաբերյալ։ Արդի հայկական նյարդաբանությունն ինտեգրված է համապատասխան միջազգային կազմակերպությունների աշխատանքներին, հայ գիտնական-նյարդաբաններն իրենց ուսումնասիրության արդյունքները տպագրում են աշխարհում հայտնի մասնագիտական ամսագրերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։