Jump to content

Յակուտսկյան ողբերգություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Յակուտսկյան ողբերգություն (Մոնաստիրյովյան ապստամբություն), քաղաքական աքսորյալների ապստամբության ճնշումը Յակուտսկում 1889 թվականին։

Իրադարձությունների ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1889 թվականի մարտի 22-ին 33 աքսորյալներ (այլ տվյալներով՝ 34՝ 29 հրեաներ և 5 ռուսներ[1]) հավաքվել են յակուտ Մոնաստիրյովի տանը՝ բողոքելով դեպի Վիլյուսկի, Վերխոյանսկի և Կոլիմսկի օկրուգներ աքսորի կանոնների ուժեղացման և իշխանությունների կամայականությունների դեմ։ Նրանք զինված դիմադրություն են ցույց տվել կառավարական զորքերին։ Բախման արդյունքում զոհվել են վեց աքսորյալներ, յոթը վիրավորվել են։

Խորհրդային գրող Ա. Յա. Բրուշտեյնի ինքնակենսագրական «Ճանապարհը գնում է հեռուն…» գրքում Յակուտսկյան ողբերգության իրադարձությունները ներկայացվում են աքսորյալներից մեկի անունից։ Նա պատմում է, որ Յակուտսկ ժամանելուն պես իրենց ժամանակ չի տրամադրվել ճանապարհը դեպի Սրեդնեկոլիմսկ շարունակելու համար առաջին անհրաժեշտության իրեր և տաք հագուստ գնելու նպատակով, մինչդեռ այդ ճանապարհը անցնում էր չբնակեցված տարածքով, անհրաժեշտ էր, որ իրենց հետ վերցնեին կիսամուշտակներ, պիմեր (մորթե բարձրաճիտք կոշիկներ), սպիտակեղեն, հաց, միս և այլ մթերապաշար։ Երբ աքսորյալները աքսորը հետաձգելու համար գրավոր դիմում են նահանգապետին՝ նրանց հրահանգվում է հաջորդ օրը հավաքվել ինչ-որ մեկի տանը և սպասել պատասխանին։ Այստեղ հայտնվում է երկու սպաների հրամանատարությամբ զինված մի խումբ, հրաձգություն է սկսվում։ Որոշ աքսորյալներ զենք ունեին, նրանք դիմադրություն են ցույց տալիս, սակայն՝ անհաջող։ Հակամարտության արդյունքում կենդանի մնացած աքսորյալները ուղարկվեցին բանտ (մինչ այդ աքսորյալները Յակուտսկում ապրում էին ազատ բնակարաններում), իսկ վիրավորները՝ բանտային հիվանդանոց։ Պետերբուրգից հրաման է գալիս «խռովության» համար դատապարտել ողջ խստությամբ՝ ռազմական դատարանով[2]։

Խռովության կենդանի մնացած մասնակիցները կանգնեցին Յակուտսկյան ռազմական դատարանի առջև։ Նրանցից երեքին՝ Ա. Լ. Գաուսմանին, Ն. Լ. Զոտովին, Լ. Մ. Կոգան-Բերնշտեյնին դատապարտեցին մահապատժի՝ կախաղանով, չորսին՝ անժամկետ, մնացյալին՝ տարբեր ժամկետներով տաժանակրության։ Մահապատիժներն իրականացվեցին 1889 թվականի օգոստոսի 7-ի առավոտյան ժամը 4-ին, Յակուտսկի բանտի ցանկապատից դուրս։ Ծանր վիրավոր Լ. Մ. Կոգան-Բերնշտեյնին կախաղան բարձրացրեցին անմիջապես անկողնուց, ինչին նա գամված էր։ Հրեական համայնքը հրեա-հեղափոխականներին հուղարկավորեց տեղի հրեական գերեզմանատանը։ Ա. Լ. Գաուսմանի գերեզմանին տեղադրվել է հուշարձան, բայց դրա վրա արված գրառումները ոստիկանության հրամանով ոչնչացվել են 1890 թվականի մարտին։

Հասարակական արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրադարձություններն առաջացրեցին ռուսական և համաշխարհային ազատական հանրության սուր արձագանքը։ 1890 թվականի սկզբին նյու-յորքյան «Volkzeitung», «Gerald», «The Banner» թերթերը մեղադրական հոդվածներ հրապարակեցին։ Անգլիական «Times» թերթը «Յակուտսկյան կոտորած» խորագրի ներքո տպագրեց Բ. Գեյմանի նամակները։ Ռուսական կառավարությունը ստիպված եղավ բավարարել ապստամբների պահանջները և վերականգնել աքսորյալներին աքսորելու նախկին կանոնները։

Յակուտսկյան ողբերգության զոհերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպանվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ս. Յա. Գուրևիչ
  • Պ. Ա. Մուխանով
  • Յա. Շ. Նոտկին
  • Ս. Ա. Պիկ
  • Պ. Պ. Պոդբելսկի ( Վ. Ն. Պոդբելսկու հայրը)
  • Գ. Ե. Շուր

Մահապատժի ենթարկվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա. Լ. Գուսման
  • Ն. Լ. Զոտով
  • Լ. Մ. Կոգան-Բերնշտեյն

Վիրավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մ. Ի. Ֆոնդամինսկի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Монастыревская трагедия», «Еврейское слово», № 50 (173)». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 9-ին.
  2. А. Я. Бруштейн «Дорога уходит в даль…»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]