Միջազգային գին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջազգային գին, համաշխարհային գին, համաշխարհային շուկայում վաճառվող ապրանքների միջազգային արժեքի դրամական արտահայտում։

Համաշխարհային զարգացած առևտրի պայմաններում միջազգային մասշտաբով ձևավորվում են ապրանքների շուկայական արժեքներն ու գները։ Համաշխարհային շուկայում մրցապայքարի հետևանքով ազգային տարբեր արժեքների և արտադրության գների հիման վրա տարերայնորեն առաջացնում է միջազգային արժեք, իսկ հետագայում՝ միջազգային արտադրության գին և դրան համապատասխան Միջազգային գին։ Կապիտալի միջազգային շարժումը և պայքարը վաճառահանման շուկաների համար, միջազգային մասշտաբով հավասարեցնում են շահույթների նորմաները և առաջացնում արտադրության գին, որը գլխավորապես որոշվում է ապրանքների հիմնական զանգվածն արտահանող երկրում կամ երկրներում դրանց արտադրության պայմաններով։ Պահանջարկի և առաջարկի հարաբերակցության փոփոխության ազդեցությամբ Միջազգային գները տատանվում են միջազգային արտադրության գների շուրջը։

Ապրանքային շուկաների կոնկրետ պայմաններից կախված, միջազգային են համարվում պատրաստի արտադրանքի (մեքենաների և սարքավորման) հիմնական արտահանող-երկրների արտահանման, զարգացող երկրներից արտահանվող հումքի, արևմտաեվրոպական խոշոր շուկաների ներմուծման, համաշխարհային նշանակություն ունեցող բորսաներում, աճուրդային շուկաներում և միջազգային առևտրի այլ խոշոր կենտրոններում առաջացող գները և այլն։ Միջազգային գները պայմանավորված են համաձայնությունների բնույթով։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միջազգային առևտրում կազմավորվել են Միջազգային գնի նոր տեսակներ՝ սովորական առևտրական գործարքների, քլիրինգյան համաձայնագրերի, «օգնության» ծրագրերի, ներկորպորացիոն գործառնությունների իրականացման և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 572