Մեքենահաշվողական կայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեսակավորող մեքենա

Մեքենահաշվողական կայան, ՄՀԿ (ռուս.՝ Машиносчётная станция), նախկին խորհրդայուն Միությունում գործող վիճակագրական, հաշվապահական և պլանային տնտեսական ինֆորմացիայի մշակման հետ կապված հաշվարկներն իրականացնող կազմակերպությունների ցանց։

Հիմնական սարքավորումը բաղկացած է հաշվապերֆորացիոն լրակազմերից՝ ծակատիչներից, հսկիչ սարքերից, տեսակավորող հաշվողական մեքենաներից ու տաբուչյատորներից, որպես կանոն նաև մի քանի ստեղնային հաշվողական մեքենայից։ Տնտհաշվարկային խոշոր ՄՀԿ-ներն անվանվում են մեքենայացված հաշվարկի ֆաբրիկաներ (ՄՀՖ)։ Փոքր ծավալի աշխատանքներ կատարելու համար կազմակերպվում են մեքենահաշվողական բյուրոներ (ՄՀԲ), որոնցում օգտագործում են միայն ստեղնային հաշվողական մեքենաներ։ Ինֆորմացիայի մշակման առավել խոշոր կազմակերպություններ են հաշվողական կենտրոնները, որոնք հագեցված են էլեկտրոնային թվանշանային հաշվողական մեքենաներով։ ՄՀԿ-ում ինֆորմացիան ընդունվում է տարբեր փաստաթղթերի ձևով։ Տվյալների մշակման տեխնոլոգիական պրոցեսը պայմանականորեն բաժանվում է 3 փուլի՝ ա․ փաստաթղթերի ընդունում և նախնական մշակում, բ․ մեքենակիր ինֆորմացիայի նախապատրաստում և գրանցումների հսկում, գ․ պերֆոքարտերի խմբավորում և դրանց հսկողություն, տվյալների մշակում, ստացված ցանկագրերի ստուգում ու դրանց ձևակերպում։ ՄՀԿ-ի սարքավորումը տեղակայվում է առանձին շենքում, երբեմն փաստաթղթերի նախնական մշակման սարքերը դրվում են անմիջականորեն սպասարկվող ձեռնարկությունում (ՄՀԿ-ի մասնաճյուղերում), իսկ երրորդ փուլի օպերացիաները կատարող սարքերն օգտագործվում են կենտրոնացված կարգով։

Ըստ Հայկական սովետական հանրագիտարանի, ՄՀԿ-ներ եղել են Խորհրդային Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 500