Մետաղի արատներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մետաղի արատներ, տեխնիկական պայմաններով նախատեսված որակից մետաղի քիմիական բաղադրության, կառուցվածքի, հոծության, մակերևույթի վիճակի, մեխանիկական և այլ հատկությունների շեղումը։ Մետաղի արատներ առաջանում են մետաղի ստացման կամ մշակման տեխնոլոգիայի անկատարելության կամ տեխնոլոգիական խախտումների հետևանքով։ Մետաղի հալման կամ ձուլման ժամանակ առաջացած մետաղի արատներից առավել բնորոշ են ոչ մետաղական ներխառնուկները, կծկման փչուկները, լիքվացիաները, գազային ծակոտիները, խոռոչները և այլն։ Գլոցման, կռման, դրոշմման դեպքում տարածված արատներից են՝ շերտավորումը, ֆլոկենները (բարակ ճաքեր), մազաճեղքերը, դարձածալերը, կռափակումները և այլն։ Ջերմամշակման և քիմիական-ջերմային մշակման ժամանակ գոյացող մետաղի արատներից են՝ ճաքերը, այրուքը, օքսիդացումը, ածխածնազրկումը, մեծացված փխրունությունը և այլն։ Եռակցման և զոդման պրոցեսում կարող են առաջանալ ճաքեր, թերաեռք, կոռոզիայի հետքեր և այլն։ Մետաղի արատների մի մասը կարելի է վերացնել արտադրության հետագա փուլերում կամ լրացուցիչ մշակմամբ։ Կախված շինվածքի աշխատանքի պայմաններից՝ մետաղի արատներ կարող են լինել թույլատրելի և ոչ թույլատրելի։ Օրինակ, ներքին մանր խոռոչները վտանգավոր չեն դանդաղընթաց ատամնանիվներ պատրաստելու դեպքում, բայց չեն թույլատրվում արտաքին պարուրակիչներ պատրաստելու ժամանակ։ Ստատիկ բեռնվածքով աշխատող շինվածքների համար փոքր խազերը, ճաքերը և գործիքի հետքերը նշանակություն չունեն, սակայն միանգամայն անթույլատրելի են, եթե այդ շինվածքները պետք է աշխատեն ցիկլային-կրկնվող բեռնվածքի ներգործությամբ։ Այդ դեպքում նշված արատները կարող են ծառայել որպես հոգնածային բնույթի քայքայման օջախներ։ Մետաղի արատներ բացահայտում են արատանշումով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 479