Մարդ-մեքենա համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Մարդ-մեքենա» համակարգ, մարդուց (օպերատորից) և մեքենայից բաղկացած համակարգ, որի միջոցով իրականացվում է նյութական բարիքների արտադրության, ինֆորմացիայի մշակման, կառավարման և այլ օպերացիաների հետ կապված աշխատանքային գործունեությունը։ «Մարդ-մեքենա» համակարգը մարդու աշխատանքային գործունեության հիմքում ընկած է նրա փոխազդեցությունը աշխատանքի, առարկայի (կառավարման օբյեկտի) և մեքենայի հետ՝ կառավարման օրգանների միջոցով։ «Մարդ-մեքենա» համակարգն ուսումնասիրման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ լայն տարածում են ստացել այնպիսի համակարգեր (արտադրության, տրանսպորտի, կապի, տիեզերական թռիչքների կառավարման), որոնց արդյունավետությունը կախված է համակարգերում ընդգրկվող մարդու գործունեությունից և այն հանգամանքից, թե համակարգի ստեղծման ժամանակ ինչ չափով են բացահայավել ու հաշվի առնվել մարդու և մեքենայի առանձնահատկությունները, այդ թվում նաև սահմանափակումները և պոտենցիալ հնարավորությունները։ «Մարդ-մեքենա» համակարգի կառուցման կարևորագույն խնդիրը օպերատորի և տեխնիկական միջոցների միջև ֆունկցիաների ճիշտ բաշխումն է։ Տարբերում են ֆունկցիաների բաշխման երկու եղանակ, առաջին դեպքում մարդը միայն հսկում է խնդրի լուծման մեքենայական պրոցեսը և հաստատում լուծումը, երկրորդ դեպքում մի շարք օպերացիաներ մարդն ու մեքենան կատարում են համատեղ։ Այս երկու տարբերակներից որևէ մեկի ընտրությունը կատարվում է ելնելով մեթոդաբանական նկատառումներից (մարդու՝ որպես աշխատանքի սուբյեկտի սոցիալական դերից և կառավարման մասին գիտության և ինժեներական հոգեբանության տվյալներից)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 308