Jump to content

Մասնակից:WikilsS/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ազատ (բաց) լիցենզիան հեղինակային իրավունքում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատ կամ բաց լիցենզիան համաձայնություն է, որով մտավոր գործունեության արդյունքի կամ անհատականացման միջոցի նկատմամբ բացառիկ իրավունք ունեցող կողմը (լիցենզատուն) պարզեցված կարգով մյուս կողմին (լիցենզառուին) թույլատրում է ոչ բացառիկ ձևով օգտագործել մտավոր սեփականության համապատասխան օբյեկտը։

Ազատ (բաց) լիցենզիան հեղինակի գույքային իրավունքների օտարման միջոց է։ Հեղինակային իրավունքը հանդիսանում է մտավոր սեփականության ինստիտուտներից մեկը։ Հեղինակային իրավունքի նորմերով կարգավորվում են գիտության, գրականության, արվեստի երկերի ստեղծման և օգտագործման կապակցությամբ առաջացող (գույքային և անձնական ոչ գույքային) հարաբերությունները։[1] Սակայն ազատ (բաց) լիցենզիայի նկատմամբ կիրառելի չեն այն սկզբունքները, որոնք կիրառելի են հեղինակային պայմանագրի և լիցենզիայի պայմանագրի նկատմամբ։

Ազատ (բաց) լիցենզիան կարգավորված չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով[2]։ Վերջինիս վերաբերյալ կարգավորում կա ՌԴ քաղաքացիական օրենսգրքում՝ ի ղեկավարումն 1286․1 հոդվածի[3]։

Ազատ (բաց) լիցենզիայի առաջացման նախադրյալները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվային տեխնոլոգիաների առաջացումը, զարգացումը մեծապես փոխեց հասարակական հարաբերություններում մասնակիցների մասնակցության ձևը, միջոցները և նախկինում ընդունելի պատկերացումները: Այդ փոփոխությունները ընդգրկեցին հասարակական հարաբերությունների լայն շրջանակ և հետևանք հանդիսացան հասարակական հարաբերությունների նոր ձևերի առաջացման: Այս համատեքստում թվային տեխնոլոգիաները և, մասնավորապես, համացանցը փոխեց գիտելիքի և մշակույթի՝ իրավական, տնտեսական և սոցիալական հասանելիությունը և օգտագործումը: Մարդկության պատմության մեջ առաջին անգամ ստեղծվեց մի գործիք, որը հիմք հանդիսացավ գիտելիքի և մշակույթի միասնական բազայի ստեղծման և գործարկման համար, մի հարթակ, որտեղ մարդկությանը հնարավորություն ընձեռնվեց հասանելի լինել գիտելիքի և մշակույթի հնարավոր անսահմանափակ ռեսուրսներին:

Թվային տեխնոլոգիաները փոխեցին ոչ միայն հեղինակային իրավունքի օբյեկտների արտահայտման ձևերը, օգտագործման և տարածման միջոցները, այլև՝ իրավատերերի, հեղինակների, օգտագործողների վարքագիծը: Համացանցը օգտագործողները կամա, թե ակամա դառնում են հեղինակային իրավունքի օբյեկտների ակտիվ տարածողներ: Վերջիններս ոչ միայն կարողանում են ազատորեն տարածել հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող կոնտենտը, վերարտադրել այդպիսի օբյեկտները, այլև, որոշակի մանիպուլյացաների ենթարկելով, փոխել այդ օբյեկտները, ստեղծել նոր օբյեկտներ: Նշվածի պայմաններում վերանում է ոչ միայն հեղինակների և օգտագործողների միջև գոյություն ունեցած սահմանը, այլև հեղինակային իրավունքի օբյեկտների մասնավոր և հասարակական օգտագործման միջև եղած սահմանը:

  1. Բարսեղյան, Տ․Կ․; Հովհաննիսյան, Ա․Ա․ (2020). Մտավոր սեփականության իրավունք. էջեր 34–35.
  2. «ՀՀ քաղաքացիական օրենսգիրք».
  3. «ՌԴ քաղաքացիական օրենսգիրք».