Մասնակից:Varduk97/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՊԵՏՐՈՍ ՄԻՔԱՅԵԼԻ ԱԲԱՋՅԱՆ

            ՀԱՅ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԵՐԳԸ
 Օծված հայրենյաց բոցավառ սիրով՛
 Թռչում է հոգիս դեպի կռվի դաշտ,
 Անզուսպ վրեժի արդար ցասումով
 Կխփեմ անդուլ, կլինեմ անհաշտ:
 Չեմ զիջի երբեք թշնամուն ստոր,
 Չեմ թողնի նրան հողն իմ հայրենի,
 Կթափեմ վերջին արյունս բոսոր,
 Կմեռնեմ մարտում, չեմ լինի գերի:
Ծնվել է 1965 թվականին Ջավախքի Վարևան գյուղում:
1980-81 թվականների ուստարում գերազանց գնահատականներով ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը և այնուհետև մեկնել խորհրդային բանակ:
Զորացրվելուց հետո ընդունվել է Երևանի ճարտարագիտական ինստիտուտ, 5-րդ կուրսից կամովին մեկնել Արցախ:
Չհասցրեց ընտանիք կազմել, երեխաներ ունենալ, քանի որ դեռ 27 տարեկան հասակում՛ 1992 թվականին հեռացավ կյանքից:
Վարևան տանող ճանապարհի աջակողմյան բարձունքում վեր է խոյանում սխրանք խորհրդանշող մի հոյակերտ հուշահամալիր: Այստեղ են Զորավոր Անդրանիկի, Աղբյուր Սերոբի, Գևորգ Չաուշի և Գարեգին Նժդեհի կիսանդրիները: Մեջտեղում արցախյան հերոսներից մեկի՛ Պետրոս Աբաջյանի բրոնզե հուշարձանն է:
Ընդամենը քսանյոթ գարուն ապրած քաջորդին խորաթափանց հայացքը հառել է դեպի հավերժություն:
Պետրոսի հոր՛ Միքայելի միջոցներով և գյուղացիների օժանդակությամբ նոր սերնդին հայրենասիրական դաստիարակության միտումով կերտված հուշահամալիր հաճախ են դպրոցականներ և երիտասարդներ այցելում: Գալիս են նրանք՛ գլուխ խոնարհելու երեկվա ու նորօրյա հերոսների հիշատակին, ուժ առնելու նրանցից:
…Երբ հայրը Կոմանդոսին՛ Ա. Տեր-Թադևոսյանին, հարցրել է, թե ի՞նչ գրի որդու հուշաքարին, հրամանատարն ասել է՛ միայն հերոս ու աչքերը լցրել:
Քիչ հեռու կառուցված եկեղեցին լրացնում է՛ հուշահամալիրի սրբացած հերոսները միշտ խնկարկվելու և ոգեշնչվելու են այստեղ:
Բարձունքում է նաև 469 թվանիշը կրող տանկը, որը խորհրդանշում է Պետրոսի սխրալի և հմուտ կռիվը թշնամու դեմ:
…Հեռուստահաղորդումներից տեղեկանում է, որ Արցախում դրությունը օրհասական է, կենաց ու մահու մարտեր են ընթանում, հարկավոր են տանկիստներ: Լուրը հասնում է ավարտական կուրսի ուսանող Պետրոս Աբաջյանին: Քեռուն ասում է, որ Արցախն իր նման տանկիստների կարիք ունի:
Քույրը՛ Եղիսաբեթն է պատմում.
-Մի առիթով Պետրոսս ուսանող ընկերներին ասել է. «Կգա ժամանակ՛ ինձ աստվածացնելու եք»: Երբ այս խոսքերը հասան ինձ, կատակով ասացի.
-Եղբայր ջան, ե՞րբ ես աստվածանալու, որ քեզ պաշտենք:
-Պիտի աստվածանամ, որ նո՞ր պաշտեք,-ասաց ծիծաղելով:
Ես խոսք չգտա պատասխանելու: Իրոք, եղբայրս աստվածացավ:
Պետրոսն այս խոսքերը հենց էնպես չէր ասել: Նա դեռ էն գլխից էր պատրաստ…
Այո՛, հայրենյաց սուրբ հողի համար նահատակվածները համբառնում են ու աստվածանում:
Հարազատներից ծածուկ մեկնում է Արցախ: Մերձավորները միայն տասնհինգ օր հետո են տեղեկանում նրա գնալու մասին: Այնինչ հմուտ տանկիստն արդեն Տ-72-ի անձնակազմի հրամանատարն էր:
…Գազազած հակառակորդը մեծ ուժով շարժվում է դեպի Մարտակերտ: Հարկավոր է գրոհը կասեցնել, ժամանակ ապահովել մարտադաշտից հեռացող բնակչության համար:
Մարտն սկսված է: Պետրոսի տանկը նետվում է գրոհի: Տեսնել էր պետք, թե խիզախ տանկիստն ինչպիսի հմտությամբ էր մանևրում, շեշտակի կրակոցով իրար հետևից ոչնչացնում հակառակորդի մի քանի տանկ, զրահամեքենա և կենդանի ուժ:
Գրոհը կասեցված է. բնակչությունն անվտանգ հեռացել էր կռվի դաշտից: Պետրոսն ազատ շունչ է քաշում:
Ահա թե ինչ է գրում այդ մասին լեգենդար Կոմանդոսը. «Պետրոսի հետ ամբողջ ժամանակ եղել ենք բարդ, ճակատագրական իրավիճակում: Հակառակորդը մեծ գերակշռւթյուն ուներ: Չնայած դրան, Պետրոսը կռվում էր աննկուն ու աննահանջ: Այն պահին, երբ նա դուրս եկավ զննելու հակառակորդի զբաղեցրած դիրքերը, թշնամական տանկի արկը պայթեց կողքին… Հերոսաբար ընկավ՛ ինչպես վայել է հայրենիքի իսկական զավակին: Հոգում տասնյակ կըանքերի խտություն էր կրում: Կենսասեր այդ երիտասարդն ամենից շատ սիրում էր արդարությունը և Հայաստանը»:
1992 թվականի հուլիս: Սգում էր Ջավախքը, սգում էին զինակիցները, ողջ ժողովուրդը: Արցախում հերոսաբար զոհված ազատամարտիկ Պետրոս Աբաջյանի աճյունը հողին հանձնվեց հայրենի գյուղին մոտիկ բարձունքում, որ տեսանելի լինի ազատ ապրելու պատգամին ականջալուր հայրենակիցներին: Նրա շիրմաթումբը հազարանուն, հազարագույն ծաղիկների մի բլրակի վերածվեց:
Հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը կրում է Աբջյանի անունը: Իսկ ամեն տարի հուլիսի առաջին շաբաթվա առաջին օրը հուշաբարձունքում նշվում է «Հայ ազատամարտիկի օրը»:
Այսպիսին է հերոսների ճակատագիրը՛ ապրեկ անմահ ու անմահ մնալ: