Jump to content

Մասնակից:Vahe V. Gevorgyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համեմատական իրավագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համեմատական իրավագիտության հասկացությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
    Այժմեության հիմնական իրավական համակարգերը հանդես են գալիս որպես համեմատական իրավագիտության գլխավոր օբյեկտ: Ազգային իրավական համակարգի հարաբերակցությունն արտասահմանյան իրավական համակարգերի հետ պայմաններ է ստեղծում յուրաքանչյուր երկրի իրավական համակարգի ազգային առանձնահատկություններն առավել հստակ բացահայտելու համար:
    «Իրավական համակարգ» կատեգորիան իրավական գրականության մեջ օգտագործվում է տարբեր իմաստներով:
    Իրավական համակարգը հասարակության զարգացման օբյեկտիվ օրինաչափություններով պայմանավորված՝ փոխկապակցված և համաձայնեցված այն միջոցների  և երևույթների  ամբողջական համակարգն է, որոնք վերարտադրման շնորհիվ մշտապես գործում են և կիրառվում մարդկանց և նրանց կազմակերպությունների (այդ թվում՝ պետության) որպես իրավունքի սուբյեկտների կողմից՝ իրենց մասնավոր և հանրային նպատակներին հասնելու, հասարակության մեջ իրավակարգ ապահովելու համար:
    Յուրաքանչյուր պետություն ունի իր իրավական համակարգը: Իրավական համակարգերի գոյությունն առաջին անգամ ճանաչվել է XII-XIII դդ. Իտալիայում՝ Բոլոնիայի գլոսսատորների դպրոցի (Scuola dei glossatori di Bologna) ներկայացուցիչների կողմից, որոնք հիմնավորել են Իտալիայի ինքնավար քաղաք-պետությունների քաղաքական անկախությունը: Մինչև XVI դարը միջազգային համագործակցության խնդիրների ուսումնասիրությունները սկսվում էին ազգային իրավական համակարգերի օբյեկտիվության հարցից: Գլոսսատորները նոր տեսակետ զարգացրեցին հռոմեական իրավունքի վերաբերյալ և դիտարկում էին այն ոչ թե որպես համաշխարհային իրավական համակարգ, այլ որպես բազմաթիվ իրավական համակարգերից մեկը:
    Յուրաքանչյուր երկրում գոյություն ունեն սեփական իրավական սովորույթները, օրենսդրությունը, պետական մարմինները, իրավական մտածելակերպը, իրավական մշակույթը, այսինքն՝ սեփական իրավական միջոցները ու երևույթները, որոնք միավորվում են «իրավական համակարգ» ընդհանուր հասկացության ներքո: Իրավական համակարգը զարգանում է անցյալի հետ նրան կապող ավանդույթների և հետագա զարգացման հիմնաքարեր հանդիսացող նորամուծությունների հիման վրա:
    Իրավական համակարգի ամենանեղ հասկացությունը կոնկրետ պետության իրավունքն է և տերմինաբանորեն այն նշվում է որպես «ազգային իրավական համակարգ»: Ընդ որում, «իրավական համակարգ» հասկացությունն իր նեղ իմաստով պետք չէ շփոթել «իրավունքի համակարգ» հասկացության հետ: Իրավունքի համակարգը կառուցվածքային ինստիտուցիոնալ հասկացություն է, որը բացահայտում է իրավունքի ճյուղերի փոխկապվածությունը, համադրությունը և կառուցվածքը, ինչը որոշվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով:
    Իրավական համակարգն ավելի լայն հասկացություն է: Այն իրավունքի ինստիտուցիոնալ կառուցվածքի (իրավունքի համակարգի) հետ մեկտեղ ներառում է հասարակության իրավական կյանքի մի շարք այլ տարրեր: Այդ տարրերի վերլուծությունը թույլ է տալիս տեսնել իրավական զարգացման այնպիսի կողմեր և ասպեկտներ, որոնք հնարավոր չէ բացահայտել միայն ինստիտուցիոնալ կառուցվածքի (իրավունքի համակարգի) վերլուծությամբ: «Իրավական համակարգ» հասկացության մեջ, ի տարբերություն «իրավունքի համակարգի», արտացոլվում է ոչ այնքան իրավունքի ճյուղերի ներքին համաձայնեցվածությունը, որքան իրավական համակարգի՝ որպես ինքնուրույն սոցիալական միավորի ինքնավարությունը:
    Համեմատական իրավագիտության կարևոր կատեգորիաներից է «իրավական ընտանիքը»: «Իրավական ընտանիք» կատեգորիան ծառայում է համանման իրավաբանական հատկանիշներ ունեցող իրավական համակարգերի խումբը նշելու համար, երբ նման հատկանիշները թույլ են տալիս խոսել այդ համակարգերի հարաբերական միասնության մասին: «Իրավական ընտանիք» հասկացությունն արտացոլում է որոշ իրավական համակարգերի այն առանձնահատկությունները, որոնք այդ համակարգերի կոնկրետ պատմական զարգացման՝ կառուցվածքի, աղբյուրների, առաջատար ինստիտուտների և ճյուղերի, իրավական մշակույթի, ավանդույթների և այլնի նմանության արդյունք են հանդիսանում: Օտարերկրյա իրավունքն ուսումնասիրելիս և համեմատական մեթոդը կիրառելիս «իրավական ընտանիք» հասկացությունը հնարավորություն է տալիս կենտրոնացնել ուշադրությունն իրավունքի որոշակի տիպեր ներկայացնող առանձին մոդելների վրա, որոնց մեջ է մտնում այդ համակարգերի քիչ թե շատ նշանակալի թիվը:
    Այսպիսով, ասելով «իրավական ընտանիք», հասկանում ենք պատմական ձևավորման, կառուցվածքի, աղբյուրների, առաջատար ճյուղերի և իրավական ինստիտուտների ընդհանրությամբ միավորված իրավական համակարգերի բավականին լայն ամբողջությունը:
    Գոյություն ունեցող բոլոր ազգային իրավական համակարգերի համար կոմպարատիվիստական գրականության մեջ օգտագործվում է «աշխարհի իրավական քարտեզ» կամ «աշխարհի իրավաբանական աշխարհագրություն» տերմինը:
    Համեմատական իրավագիտությունը համեմատության միջոցով կատարված երկու և ավելի երկրների իրավական համակարգերի առանձին ասպեկտների վերլուծական ուսումնասիրությունն է՝ դրանց ընդհանուր և տարբերակիչ հատկությունները բացահայտելու նպատակով:
    Համեմատական իրավագիտության որպես իրավաբանական առարկայի էության մասին գոյություն ունեն երեք հիմնական կարծիքներ: Դրանցից մեկի համաձայն՝ համեմատական իրավագիտությունն առանց ինքնուրույն առարկայի իրավունքի ուսումնասիրման գիտական մեթոդ է, երկրորդի համաձայն՝ այն պետության և իրավունքի տեսության շրջանակներում օժանդակ գիտական առարկա է: Իսկ երրորդ կարծիքի համաձայն՝ համեմատական իրավագիտությունը գիտություն է: Այն գիտություն է երկու ասպեկտներով: Առաջին ասպեկտը կապված է կոմպարատիվիստի երկրի իրավական ինստիտուտները և կոնկրետ իրավաբանական խնդիրներն ուսումնասիրելիս համեմատական մեթոդի կիրառման հետ: Այս ասպեկտն ընդգրկում է միկրո մակարդակով համեմատությունը՝ իրավունքի առանձին ճյուղերի շրջանակներում:
    Երկրորդ ասպեկտը դիտարկվում է որպես օտարերկրյա իրավունքի ինքնուրույն ուսումնասիրում՝ ընդհանուր առմամբ իրավական համակարգերի մակարդակով, իրավունքի առանձին ճյուղերի և հիմնական իրավական ինստիտուտների մակարդակով:
    Օտարերկրյա իրավունքի ուսումնասիրումը համեմատաիրավական հետազոտության անհրաժեշտ տարրն ու հիմքն է: Համեմատության առարկա կարող են լինել նախկինում գոյություն ունեցած իրավական համակարգերը և դրանց տարրերը, այսինքն՝ համեմատությունը կարող է ունենալ պատմական (դիախրոն) բնույթ: Այս դեպքում դա կոչվում է դիախրոն համեմատություն: Սակայն սովորաբար համեմատության առարկա են հանդիսանում գործող իրավական համակարգերը (սինխրոն համեմատություն), և բացահայտվում են դրանց մերձեցման միտումները, որոնք և առավելապես կդառնան համեմատաիրավական վերլուծության առարկա:
    Համեմատաիրավական հետազոտության դեպքում կարևոր չէ, թե քանի տարբեր իրավական համակարգեր է այն ընդգրկում: Համեմատության համար կարող է ընտրվել մեկ ազգային իրավական համակարգ և որևէ մեկ օտարերկրյա իրավական համակարգ: Հետազոտությունը կարող է սկսվել առնվազն երկու համակարգերից և ընթանալ ընդհուպ բոլոր իրավական համակարգերի ներառումը: Համեմատության համար կարելի է ընտրել կոնկրետ աշխարհագրական տարածաշրջանի իրավական համակարգեր (տարածաշրջանային համեմատություն) կամ տարբեր միջազգային միավորումներ և կազմակերպություններ: Սակայն բոլոր դեպքերում անհրաժեշտ է բացահայտել համեմատվող օբյեկտների հարաբերակցվելու հնարավորությունը:
    Նույն պետության մեջ համեմատությունը կարող է բնութագրվել որպես ներքին, իսկ համեմատության վերը նշված երկու ձևերը՝ որպես արտաքին: Ներքին և արտաքին համեմատությունները տարբերվում են իրենց առարկայով, նպատակներով և արդյունքներով: Ներքին համեմատությունը թույլ է տալիս ներկայացնել կոնկրետ ազգային իրավական համակարգի ընդհանուր բնութագիրը:
Ներքին համեմատության ժամանակ ամենից հաճախ խոսքը դաշնային պետությունների մասին է:
    Ներքին համեմատությունը նախադրյալներ է ստեղծում տվյալ իրավական համակարգն այլ համակարգերի հետ համեմատելու համար: Այս առումով դա նախորդում և նպաստում է արտաքին համեմատությանը: Եթե ներքին համեմատությունն առավելապես անցկացվում է իրավական նորմերի և ինստիտուտների մակարդակով (միկրո համեմատություն), ապա արտաքին համեմատությունը դրանով չի սահմանափակվում: Վերջինս հնարավոր է թե՛ միկրո մակարդակով և թե՛ ընդհանուր առմամբ իրավական համակարգերի մակարդակով (մակրո համեմատություն):
Համաշխարհային մասշտաբով համեմատությունը կոչվում է ունիվերսալ կամ գլոբալ համեմատություն:

Համեմատության մակարդակները՝ ըստ հետազոտության օբյեկտների

[խմբագրել | խմբագրել կոդը]
    Համեմատաիրավական հետազոտության օբյեկտ կարող է լինել կոնկրետ իրավական նորմը կամ առանձին իրավական ինստիտուտը, իրավունքի ճյուղը կամ որոշակի սոցիալական խնդիրը, որը տարբեր իրավական համակարգերում լուծվում է տարբեր իրավական միջոցների օգնությամբ: Համեմատության օբյեկտը կարող է շատ ավելի լայն լինել, օրինակ՝ արդի իրավական համակարգը կամ հիմնական իրավական ընտանիքները:
Կախված հետազոտության օբյեկտներից՝ համեմատությունն անց է կացվում տարբեր մակարդակներով:
    Առաջին և առավել ցածր մակարդակը իրավական նորմերի համեմատությունն է (միկրո համեմատություն): Կոմպարատիվիստը բացահայտում և համակարգում է իրեն հետաքրքրող էմպիրիկ-իրավական նյութը:
Երկրորդ՝ միջին մակարդակը, իրավական ինստիտուտների և իրավունքի ճյուղերի համեմատությունն է (ինստիտուցիոնալ կամ ճյուղային համեմատություն): Այս մակարդակում իրավական ինստիտուտների հետազոտությունը պետք է համալրվի ընդհանուր առմամբ իրավական համակարգի հետ կապված սոցիալական գործոնների ուսումնասիրմամբ:
    Երրորդ՝ վերին մակարդակը, ընդհանուր ամբողջական իրավական համակարգերի համեմատությունն է (մակրո համեմատություն): Համեմատության հենց այս մակարդակում է արտահայտվում համեմատաիրավական հետազոտությունների հարաբերական ինքնուրույնությունը:
    Համեմատաիրավական հետազոտությունը կարելի է անցկացնել երկու եղանակներով՝ նորմատիվ և ֆունկցիոնալ (գործառութային):
    Նորմատիվ համեմատության դեպքում ելակետ են հանդիսանում նույնական իրավական նորմերը, ինստիտուտները, օրենսդրական ակտերը: Երբեմն նման մոտեցումը դիտարկվում է որպես ֆորմալ-իրավաբանական (դոգմատիկ) վերլուծություն:
    Համեմատական իրավագիտության զարգացման սկզբնական փուլերում կոմպարատիվիստները որպես մեկնակետ էին ընդունում իրենց իրավական համակարգին բնորոշ իրավաբանական տերմինները, հասկացությունները, կատեգորիաները և իրավական ինստիտուտները: Ընդ որում, ենթադրվում է, որ համեմատվող մյուս իրավական համակարգն օգտագործում է նույն տերմինները, հասկացությունները և իրավական ինստիտուտները:
Նորմատիվ համեմատությունը հանգեցրեց երկու կարևոր հետևությունների. նախ և առաջ՝ առաջին հայացքից նույնական իրավաբանական տերմինները միշտ չէ, որ նույն նշանակությունն ունեն, երկրորդ՝ նույն իրավական նորմերը և ինստիտուտները կարող են կատարել տարբեր գործառույթներ:
    Ֆունկցիոնալ համեմատությունը սկսվում է ոչ թե որոշակի իրավական նորմերը և ինստիտուտները որպես համեմատության ելակետ ճանաչելուց, այլ առաջադրվում է կոնկրետ սոցիալական խնդիր, և միայն դրանից հետո որոնվում է այն իրավական նորմը կամ ինստիտուտը, որի օգնությամբ կարող է լուծվել տվյալ խնդիրը: Այսպիսով, համեմատությունն ընթանում է ոչ թե նորմից դեպի սոցիալական փաստ, այլ հակառակ ուղղությամբ՝ սոցիալական փաստից դեպի իրավական կարգավորում:
    Ֆունկցիոնալ համեմատության դեպքում իրավական ինստիտուտներն ու նորմերը համեմատելի են համարվում, եթե դրանք համանման սոցիալական խնդիր են լուծում: Ֆունկցիոնալ համեմատությունը կարելի է մեկնաբանել որպես տարբեր իրավական համակարգերի կողմից համանման և նույն սոցիալական ու իրավական խնդիրների լուծման իրավական միջոցների և եղանակների հետազոտություն: Ֆունկցիոնալ համեմատությունը ծառայում է ինչպես գիտատեսական, այնպես էլ պրակտիկ-կիրառական նպատակներին, նպաստում է սեփական ազգային իրավունքի նորմերի և ինստիտուտների լավագույն ընկալմանն ու գնահատմանը: Սակայն և՛ ֆունկցիոնալ և՛ նորմատիվ համեմատությունը պետք է գոյություն ունենան սերտ համակցության մեջ, որը բնութագրվում է որպես խառը համեմատություն: Ընդ որում, կախված համեմատության ձևից, մակարդակից, ինչպես նաև հետազոտության նպատակներից և խնդիրներից՝ խառը համեմատության մեջ կգերակշռեն մեկ ֆունկցիոնալ, մեկ նորմատիվ համեմատությունները:

Աշխարհի իրավական համակարգերի տիպաբանությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
    Աշխարհի իրավական համակարգերի տիպաբանությունը գիտություն է աշխարհի իրավական քարտեզը սահմանող իրավական ընտանիքների մասին: Տիպաբանության նպատակը որպես մեկ տիպի տարրեր հանդես եկող՝ առավել էական հատկանիշների համակարգի օրգանական միասնության մասին պատկերացումների մշակումն է:
    Տիպաբանությունն ու համեմատական մեթոդը սերտ կապակցված են: Համեմատությունը ենթադրում է տիպաբանության ընդհանրացված մոդելի, տիպի օգնությամբ իրավական համակարգերի խմբավորման նախնական սահմանում: Իր հերթին, տիպաբանության սահմանումը հնարավոր չէ առանց համեմատության:
    Իրավաբանական գրականության մեջ լայն տարածում ունի «դասակարգում» տերմինը, ինչը նշանակում է կոնկրետ ոլորտի օբյեկտների բազմությունը դասերի բաշխելը՝ որոշակի հատկություններով դրանց նմանության հիման վրա: Ի տարբերություն դասակարգման՝ տիպաբանությունն ավելի ունիվերսալ կատեգորիա է և օգտագործվում է այն դեպքերում, երբ դասակարգումն իր խիստ մոտեցմամբ կիրառելի չէ: Համեմատական իրավագիտության մեջ տիպաբանությունը իրավական համակարգերի համակարգման բոլոր գործառնությունների սկզբնակետն է: Համեմատական-տիպաբանական մոտեցման օգնությամբ իրավական համակարգերի միագումարությունը ներկայանում է որպես որոշակի ամբողջականություն, այսինքն՝ ստեղծվում է իրավական համակարգերի խմբավորման համար էական հատկանիշների որոշակի հավաքակազմով մոդել (տիպ):
Տիպաբանությունն իրականացնելիս կարևոր է հաշվի առնել ոչ միայն ձևականորեն համընկնող տարրերը՝ իրավական միջոցներն ու երևույթները, այլ նաև դրանց միանմանությունը, այսինքն՝ համանման իրավական ավանդույթներում արմատավորվող նույն պատճառների գործողությամբ պայմանավորվածությունը:
    Իրավական համակարգերի հանրածանոթ դասակարգումներից մեկն առաջարկել է Ռ.Դավիդն իր «Ժամանակակից հիմնական իրավական համակարգեր» աշխատությունում (1953 թ.): Այն հիմնված էր երկու չափանիշների համակցության վրա՝ 1) գաղափարախոսություն, որը ներառում է կրոնը, փիլիսոփայությունը, տնտեսական և սոցիալական կառուցվածքները, և 2) իրավաբանական տեխնիկա, որը որպես հիմնական տարր ներառում է իրավունքի աղբյուրները: Նրա կարծիքով, իրավական համակարգերի մեկ իրավական ընտանիքին պատկանելությունը որոշվում է իրավաբանների աշխատանքի, իրավունքի նորմերի, աղբյուրների և իրավաբանական տերմինաբանության ստեղծման եղանակների, համակարգման, մեկնաբանման նմանությամբ:
    Գերմանացի գիտնականներ Ցվայգերտն ու Կյոտցն  իրավական համակարգերի դասակարգման հիմքում դրել են «իրավական ոճ» չափանիշը, որը, նրանց կարծիքով, կազմվում է հինգ գործոններից՝ 1) իրավական համակարգի ծագում և էվոլյուցիա, 2) իրավաբանական մտածելակերպի ինքնատիպություն, 3) յուրահատուկ իրավական ինստիտուտներ, 4) իրավունքի աղբյուրների բնույթ և դրանց մեկնաբանության եղանակներ, 5) գաղափարախոսական գործոններ:
    Ամերիկացի գիտնական Կ.Օսակվեն գտնում է, որ իրավական ընտանիքները ստեղծվում են ոչ թե լեզվական ազգակցության, մշակույթի կամ աշխարհագրական դիրքի ընդհանրության հիման վրա, այլ չափանիշների (երբ հաշվի են առնվում մեկ կամ մի քանի չափանիշներ), գործոնների (երբ հաշվի են առնվում կամ միայն օբյեկտիվ գործոնները, կամ՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները միասին) և սկզբունքների (երբ հաշվի են առնվում պատմական ճակատագրերի ընդհանրությունը, կամավոր միացումը, գաղութային կախվածությունը) միագումարությամբ :
    Մեկ տիպի (ընտանիքի) շրջանակներում իրավական համակարգերի միավորման հիմնավորումը հետևյալ համանման տարրերի (դասակարգման չափանիշների) միագումարությունն է՝
1.	իրավունքի ծագում և էվոլյուցիա, հռոմեական իրավունքի ռեցեպցիայի աստիճան,
2.	իրավունքի աղբյուրների հիերարխիա (առաջնային՝ իրավունքի ընդհանուր սկզբունքներ, սահմանադրությունների և սահմանադրական ակտերի դրույթներ. երկրորդային՝ օրենք, նորմատիվ-իրավական պայմանագիր, նախադեպ, իրավական ավանդույթ, կրոնական-իրավական տեքստ, մեկնաբանում և այլն),
3.	իրավունքի համակարգի կառուցվածք՝ իրավունքի հիմնական ճյուղերի և ինստիտուտների բովանդակություն՝ որպես նույնական իրավաբանական ուսմունքի վրա հիմնված արդյունք,
4.	իրավաբանական տեխնիկա՝ իրավաբանական տերմիններ, կատեգորիաներ, հասկացություններ, կառուցվածքներ, և նորմատիվ-իրավական նյութի համակարգման տեսակներ՝ ինկորպորացիա, կոդիֆիկացիա, կոնսոլիդացիա,
5.	իրավակիրառ գործունեություն՝ նախ և առաջ՝ դատական:
    Այս չափանիշների միջոցով առանձնացվում է նախ հիմնական (մայր) իրավական համակարգը, այնուհետև՝ դրան միանում են դուստր համակարգերը, որոնք օգտագործել են մայր մոդելը: Նշվում է իրավունքի դուստր ճյուղերի և այլ իրավական միջոցների ու երևույթների զարգացման վրա մայր իրավական համակարգի ազդեցության աստիճանը (օրինակ՝ Մեծ Բրիտանիայի իրավական համակարգի ազդեցությունը Շոտլանդիայի, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի և այլ երկրների իրավական համակարգերի զարգացման վրա):
    Իրավական համակարգերի դասակարգումն ընդամենը օժանդակ միջոց է, որն օգտագործվում է աշխարհի իրավական համակարգերի բազմազանությունը կարգավորելու համար: Այսպես, նույն իրավական համակարգը, ըստ իրավունքի ճյուղերի մակարդակի, կարելի է դասել տարբեր իրավական ընտանիքներին: Մեկ իրավական համակարգի շրջանակներում կարող են լինել տարածքային միավորներ, որոնք պահպանում են մյուս իրավական համակարգի հատկանիշները (օրինակ՝ ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգն ունի ինչպես ԱՄՆ-ի, այդպես էլ Ֆրանսիայի իրավական համակարգերի հատկանիշները):
Այսպիսով, աշխարհի իրավական համակարգերը կարող են ենթարկվել տիպաբանության, բայց երբեք չեն կարող ամբողջությամբ համընկնել, նույնական լինել:
XIX դարի վերջից մինչև XXI դարի սկիզբն առաջ են քաշվել աշխարհի իրավական համակարգերի հետևյալ դասակարգումները.
Է.Գլասսոն, Ֆրանսիա (1880 թ.)` 1. Իրավական համակարգերի խումբ, որոնց վրա էական ազդեցություն է ունեցել հռոմեական իրավունքի ռեցեպցիան՝ Իտալիա, Պորտուգալիա, Ռումինիա, Հունաստան, Իսպանիա:

2. Իրավական համակարգերի խումբ, որոնց զարգացման մեջ հռոմեական իրավունքի ազդեցությունը չնչին է եղել, և որոնք հիմնվել են ավանդույթների և բարբարոսական իրավունքի վրա՝ Անգլիա, Սկանդինավյան երկրներ, Ռուսաստան:

3. Իրավական համակարգերի խումբ, որոնք ընդօրինակել են հռոմեական և գերմանական իրավունքի հատկանիշներ՝ Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա:

Համեմատական օրենսդրության առաջին միջազգային կոնգրես, Ֆրանսիա (1900 թ.) 1. Ֆրանսիական իրավական ընտանիք,

2. Անգլոամերիկյան իրավական ընտանիք,

3. Գերմանական իրավական ընտանիք,

4. Սլավոնական իրավական ընտանիք,

5. Մուսուլմանական իրավական ընտանիք:

Ա.Էսմեն, Ֆրանսիա (1905 թ.) 1. Իրավական ընտանիքների լատինական (ռոմանական) խումբ՝ Ֆրանսիա, Բելգիա, Իտալիա, Իսպանիա, Պորտուգալիա, Ռումինիա, Լատինական Ամերիկայի երկրներ,

2. Իրավական ընտանիքների գերմանական խումբ՝ Գերմանիա, Սկանդինավյան երկրներ, Ավստրիա, Հունգարիա,

3. Իրավական ընտանիքների անգլոսաքսոնական խումբ՝ Անգլիա, ԱՄՆ, անգլալեզու գաղութներ,

4. Իրավական ընտանիքների սլավոնական խումբ, 5. Իրավական ընտանիքների մուսուլմանական խումբ,

6. Հռոմեական և կանոնական իրավունք:

Գ.Սոզեր-Հոլլ, Շվեյցարիա (1913 թ.) 1. Հնդեվրոպական իրավական համակարգ (ենթախմբեր՝ հնդուական, պարսկական, կելտական, հունալատինական, գերմանական, անգլոսաքսոնական և լատվիական-սլավոնական),

2. Սեմիտական իրավական ընտանիք,

3. Մոնղոլական իրավական ընտանիք,

4. Ոչ քաղաքակիրթ ազգերի իրավական համակարգ:

Համեմատական օրենսդրության ընկերություն, Ֆրանսիա (1919 թ.) 1. Ֆրանսիական իրավական ընտանիք,

2. Անգլոամերիկյան իրավական ընտանիք,

3. Մուսուլմանական իրավական ընտանիք:

Դ.Վիգմոր, ԱՄՆ (1928 թ.) 1. Եգիպտական իրավական ընտանիք,

2. Միջագետքի իրավական ընտանիք,

3. Հրեական իրավական ընտանիք,

4. Չինական իրավական ընտանիք,

5. Հնդուական իրավական ընտանիք,

6. Հունական իրավական ընտանիք,

7. Հռոմեական իրավական ընտանիք,

8. Ճապոնական իրավական ընտանիք,

9. Մուսուլմանական իրավական ընտանիք,

10. Կելտական իրավական ընտանիք,

11. Սլավոնական իրավական ընտանիք,

12. Գերմանական իրավական ընտանիք,

13. Ծովային իրավական ընտանիք,

14. Եկեղեցական իրավական ընտանիք,

15. Ռոմանական իրավական ընտանիք,

16. Անգլիկական իրավական ընտանիք:

Վ.Արմինջոն, Կ.Նոլդե, Գ.Վոլֆ, Գերմանիա (1950 թ.) 1. Ֆրանսիական իրավական ընտանիք,

2. Գերմանական իրավական ընտանիք,

3. Սկանդինավյան իրավական ընտանիք,

4. Անգլիական իրավական ընտանիք,

5. Ռուսական իրավական ընտանիք,

6. Իսլամական իրավական ընտանիք,

7. Հնդկական իրավական ընտանիք:

Ռ.Դավիդ (1953 թ.) 1. Ռոմանագերմանական ընտանիք,

2. Ընդհանուր իրավունքի ընտանիք,

3. Սոցիալիստական իրավունքի ընտանիք,

4. Կրոնական և ավանդական իրավական համակարգեր (մուսուլմանական, հնդուական, հրեական իրավունք, Հեռավոր Արևելքի, Աֆրիկյան երկրների և Մադագասկարի իրավունք):

Կ.Ցվայգերտ, Հ.Կյոտց, Գերմանիա (1984 թ.) «Իրավական շրջանակներ», որոնց հիմքում դրված է «իրավական ոճ»-ը: 1. Ռոմանական,

2. Գերմանական,

3. Սկանդինավյան,

4. Ընդհանուր,

5. Սոցիալիստական,

6. Հեռավոր Արևելքի երկրների իրավունք,

7. Իսլամի իրավունք,

8. Հնդուական իրավունք:

Ա.Սաիդով, Ռուսաստան (1993 թ.) 1. Ռոմանագերմանական իրավական ընտանիք,

2. Ռոմանագերմանական ընտանիքին հարադրվող իրավական ընտանիքներ՝ − Սկանդինավյան իրավունք, − Լատինաամերիկյան իրավունք, − Ճապոնական իրավունք:

3. Անգլոամերիկյան իրավական ընտանիք՝ − Անգլիայի իրավական ընտանիք, − ԱՄՆ-ի իրավական ընտանիք:

4. Կրոնական և ավանդական իրավական ընտանիքներ՝ − Մուսուլմանական իրավունք, − Հնդուական իրավունք, − Աֆրիկայի սովորութային իրավունք, − Հեռավոր Արևելքի իրավունք:

5. Խորհրդային իրավական համակարգ՝ − Արևելյան Եվրոպայի սոցիալիստական պետությունների իրավական համակարգեր, − Ասիայի սոցիալիստական պետությունների իրավական համակարգեր, − Կուբայի իրավական համակարգ:

Կ.Օսակվե, ԱՄՆ (2000 թ.) 1. Ոչ կրոնական իրավական համակարգեր՝

− Արևմտյան իրավունք՝ ռոմանագերմանական (քաղաքակիրթ) իրավունք, անգլոամերիկյան ընդհանուր իրավունք, սկանդինավյան իրավունք: − Քվազի-արևմտյան իրավունք՝ սոցիալիստական իրավունք, որն անցում է կատարում դեպի քաղաքակիրթը: − Ոչ արևմտյան իրավունք՝ հարավ-արևելյան ասիական իրավունք, աֆրիկյան սովորութային իրավունք:

2. Կրոնական իրավունք՝ − Մուսուլմանական (իսլամական) իրավունք, − Հրեական իրավունք, − Կանոնական իրավունք (կաթոլիկ եկեղեցու իրավունք), − Հինդու (Հնդկաստանի) իրավունք:


Հաշմատուլլա Բեհրուզ, Ուկրաինա (2002 թ.) 1. Ռոմանագերմանական իրավական ընտանիք,

2. Ռոմանագերմանական ընտանիքին հարադրվող իրավական ընտանիքներ՝ − Սկանդինավյան (հյուսիսային) իրավունք, − Լատինաամերիկյան իրավունք:

3. Ընդհանուր (անգլոամերիկյան) իրավական ընտանիք՝ − Անգլիայի իրավական ընտանիք, − ԱՄՆ-ի իրավական ընտանիք:

4. Կրոնական և ավանդական իրավական ընտանիքներ՝ − Մուսուլմանական իրավական համակարգ, − Հնդուական իրավական համակարգ, − Ավանդական իրավունքի ընտանիք:

5. Հեռավոր Արևելքի իրավական ընտանիք՝ − Չինաստանի իրավական համակարգ, − Ճապոնիայի իրավական համակարգ:

6. Հետխորհրդային իրավական համակարգեր:


Իրավական համակարգերի հիմնական ընտանիքները և դրանց ենթատիպերը

[խմբագրել | խմբագրել կոդը]
    Ժամանակակից համեմատական ուսումնասիրություններում իրավական համակարգերի տիպաբանությունն իրականացվում է մի քանի հիմնական չափանիշներով:
    Իրավական համակարգերը, ըստ դրանցում իշխող կրոնական գաղափարախոսության աստիճանի, բաժանվում են աշխարհիկ և կրոնական համակարգերի:
    Ըստ այլ սոցիալական նորմերից իրավունքի տարանջատման (կրոնական, բարոյական, քաղաքական և այլ)՝ տարբերակված  և ոչ տարբերակված  համակարգերի։
    Ըստ իրավական ընտանիքներում համանման իրավական համակարգերի միավորման՝ առանձնացվում են հետևյալ իրավական տիպերը՝
1.	Իրավական համակարգերի ռոմանագերմանական տիպ (մայրցամաքային Եվրոպայի երկրներ՝ Իտալիա, Ֆրանսիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Ավստրիա, Շվեյցարիա և այլն): Իրավական համակարգերի ռոմանագերմանական տիպերի սահմաններում առանձնացվում են երկու ենթատիպեր.
−	Ռոմանական ենթատիպ (Իտալիա, Ֆրանսիա, Բելգիա, Լյուքսեմբուրգ, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Իսպանիա),
−	Գերմանական կամ Կենտրոնական Եվրոպայի ենթատիպ (Գերմանիա, Ավստրիա, Շվեյցարիա):
2.	Իրավական համակարգերի անգլոամերիկյան տիպ (Անգլիա, Իռլանդիա, ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, ինչպես նաև՝ Բրիտանական կայսրության նախկին գաղութներ հանդիսացող 36 երկրներ): Իրավական համակարգերի այս տիպը ներառում է ենթատիպերի երկու տեսակի բաժանում.
−	Անգլիական ընդհանուր իրավունք (Անգլիա),
−	Ամերիկյան իրավունք (ԱՄՆ):
Կամ.
−	Եվրոպական ընդհանուր իրավունք (Անգլիա),
−	Արտաեվրոպական ընդհանուր իրավունք (ԱՄՆ, Կանադա և այլն):
3.	Իրավական համակարգերի խառը (կոնվերգենտ կամ դուալիստական) տիպ, որն առաջացել է ռոմանագերմանական և անգլոամերիկյան իրավական համակարգերի միաձուլման հետևանքով.
−	Սկանդինավյան (հյուսիսային) ենթատիպ (Դանիա, Շվեդիա, Նորվեգիա, Իսլանդիա, Ֆինլանդիա),
−	Լատինաամերիկյան ենթատիպ (Արգենտինա, Պարագվայ, Ուրուգվայ, Չիլի և այլն):
4.	Իրավական համակարգերի կրոնական տիպ, որը ներառում է.
−	Մուսուլմանական իրավունքը,
−	Հնդուական իրավունքը,
−	Հրեական իրավունքը:
5.	Իրավական համակարգերի ավանդական տիպ.
−	Հեռավոր Արևելքի կամ ավանդական-գաղափարախոսական ենթատիպ (չինական իրավունք, ճապոնական իրավունք),
−	Աֆրիկյան կամ սովորութաիրավական ենթատիպ (Աֆրիկայի և Մադագասկարի երկրներ):
    Ժամանակակից կոմպարատիվիստիկայի կողմից իրավական համակարգերի սոցիալիստական տիպն այլևս չի հետազոտվում, թեև գոյություն ունեն որոշ իրավական համակարգեր (Կուբա, Վիետնամ, Հյուսիսային Կորեա), որոնք ինչ-որ չափով պահպանել են սոցիալիստական իրավունքի տարրերը, սակայն դրանք դասվում են իրավական ընտանիքների կայունացած տիպերին:
Ազգային իրավական համակարգերն իրավական տիպերի բաժանելը հարաբերական բնույթ ունի: Անգամ իրավական ընտանիքների դասական տիպերն ունեն լայն փոխազդեցություն: Այսպես, համաձայն մի շարք եվրոպացի կոմպարատիվիստների՝ իրավունքի որոշ ճյուղեր և ինստիտուտներ ենթարկվում են ամերիկյան իրավունքի ազդեցությանը:
Կոմպարատիվիստիկայի հիմնական կանոնն այն է, որ տարբեր իրավական համակարգեր, անկախ իրավաբանական պրակտիկայի իրենց պատմական զարգացման, մտածելակերպի և ոճի տարբերություններից, հաճախ նույն ձևով են լուծում նույն խնդիրները. Այնուամենայնիվ, յուրաքանչյուր իրավական համակարգ «եզակի անհատականություն» է: