Jump to content

Մասնակից:Tamara.manukyan

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԲԱՆԿԵՐԻ ԷՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԸ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բանկը կարելի է դիտարկել որպես ֆինանսական շուկայի մասնագիտացված կառույց, որին բնորոշ է տնտեսության մեջ ձևավորված ժամանակավորապես ազատ դրամական միջոցների հավաքումն ու դրանց հետագա տեղաբաշխումը վարկերում, արժեթղթերում և այլն:

Բանկերը զարգացել են ապրանքափողային հարաբերությունների հիման վրա։ Սկզբնական շրջանում բանկերը կատարում են ֆինանսական միջնորդի դեր դրամական միջոցների ժամանակավորապես ավելցուկ և դրանց նկատմամբ ժամանակավոր պահանջ ունեցող անձանց միջև։ Դրանով նրանք նպաստում են դրամաշրջանառության գործընթացի կազմակերպմանը, տնտեսության տարբեր ճյուղերին և ոլորտներին վարկային ռեսուրսներով ապահովմանը, ինչն էլ վերջին հաշվով անդրադառնում է տնտեսության արդյունավետության, և, հետևաբար, բնակչության կենսամակարդակի վրա ։ Ազատ դրամական միջոցների տերերի և դրանց նկատմամբ պահանջարկ ունեցողների միջև ձևավորվող ուղղակի հարաբերությունները հետզհետե ավելի էին բարդանում։ Բանկերն սկսում են հավաքագրել դրամական կապիտալները, տարբեր ժամկետներով վարկեր տրամադրել առանձին մարդկանց։ Դա էլ հենց նրանց կողմից միջնորդի դեր կատարելն է։ Հետագայում, բացի այդ դերից, բանկերը սկսում են իրականացնել ավելի բարդ գործողություններ, ինչը հանգեցնում է բանկերի չափերի մեծացմանը, և դրանք վեր են ածվում հատուկ ձեռնարկությունների։ Վերջիններս շահույթ են ստանում արտադրության ընթացքում ստեղծված հավելյալ արդյունքի վերաբաշխման շնորհիվ։ Սկզբնական շրջանում բանկերը ստեղծվում էին որպես անհատական ձեռնարկություններ, կամ էլ պատկանում էին ոչ մեծ փայատերերի խմբերին։ Հետագայում դրանք վերածվեցին բաժնետիրական ընկերությունների։ Բանկերը մատուցում են բազմաբնույթ ֆինանսական ծառայություններ ֆինանսական և իրավաբանական անձանց(օրինակ` ֆինանսական խորհրդատվություն, երաշխիքների տրամադրում, ակրեդիտիվների բացում և սպասարկում և այլն)։ Ընդ որում` առևտրային բանկերի միջև մրցակցության անընդհատ խորացումը` մի կողմից, ոչ բանկային ֆինանսական կառույցների աստիճանական ձևավորումն ու զարգացումը` մյուս կողմից, ստիպում են բանկերին անընդհատ մշակել և ներդնել նոր` ժամանակակից ֆինանսական ծառայություններ։ Արտադրության համակենտրոնացմանը և կենտրոնացմանը զուգահեռ ուժեղացավ նաև բանկերի համակենտրոնացումը։ Խոշոր ձեռնարկությունների պահանջարկը մեծ վարկերի նկատմամբ կարող էին բավարարել միայն խոշոր բանկերը։ Մյուս կողմից բանկերի համակենտրոնացումը նպաստեց արտադրության համակենտրոնացմանը։ Այսպիսով, նյութական արտադրության զարգացումն իր հետևից տարավ նաև բանկային համակարգը։ Ընդ որում, ժամանակակից պայմաններում բանկերը չեն սահմանափակվում միայն իրենց հինական աշխատանքների իրականացմամբ։ Բանկերը ոչ միայն սերտ կապի մեջ են արտադրողների հետ, այլ նաև թողարկում են տարբեր կարգի արժեթղթեր և դրանք տեղաբաշխում արդյունաբերական, տրանսպորտային, առևտրական և այլ բաժնետիրական ընկերություններում։ Բացի այդ, բանկերը հաճախ ձեռք են բերում այդ ընկերությունների կողմից թողարկված բաժնետոմսերը և հետագայում դրանք վաճառում ավելի բարձր գներով, դրանով իսկ յուրացնում են ընկերությունների հիմնադրական շահույթի զգալի մասը։ Միաժամանակ բանկերը ակտիվորեն մասնակցում են տարբեր ընկերությունների ֆինանսական գործառություններին։ Բանկերում են գտնվում խոշոր արդյունաբերական ընկերությունների բաժնետոմսերը։ Դա նույնպես ուժեղացնում է բանկերի ազդեցությունը արտադրական ձեռնարկությունների գործունեության վրա։ Այսպիսի գործողությունների շնորհիվ բանկերն իրենց ապահովում են բարձր եկամուտներ։ Բանկերի տնտեսական դերը հասարական պահանջմունքների բավարարման գործում բավականին մեծ է: Շնորհիվ բանկի ճկուն գործունեության` դրամական միջոցները վերաբաշխվում են տնտեսության տարբեր ոլորտների ու արտադրությունների միջև: Բանկերը կարևոր տնտեսական դեր են խաղում շրջանառության ծախքերի տնտեսման գործում։ Բանկերը, կատարելով դրամական միջոցների վերաբաշխման գործողություն, կենտրոնացնում են ժամանակավորապես ազատ դրամական միջոցները։ Այդ ճանապարհով էլ ձևավորվում են տնտեսության վարկավորման ֆոնդերը և իրականացնում կարճաժամկետ ու երկարաժամկետ վարկավորումները, ինչպես նաև բնակչության պահանջմունքների բավարարման համար սպառողական վարկերը։ Յուրաքանչյուր բանկ, իր գործունեության ընթացքում հետապնդում է որոշակի նպատակ` ստանալ շահույթ։ Բանկային գործառնություները բաժանվում են պասիվ և ակտիվ գործառնությունների։ Պասիվ են կոչվում այն գործառնությունները, որոնց շնորհիվ բանկերը ձևավորում են դրամական պաշարներ։ Ակտիվ են կոչվում այն գործառնությունները, որոնցով բանկերը օգտագործում են այդ պաշարները որոշակի շահույթ ստանալու նպատակով։ Բանկերը կարող են կատարել հետևյալ գործառնությունները`

  1. Ներգրավվել և տեղաբաշխել դրամական միջոցներ կամ ավանդներ,
  2. Ներգրավվել և տրամադրել առևտրային և սպառողական վարկեր,այդ թվում` տալ հիպոթեքային վարկեր, իրականացնել պարտքի կամ առևտրային գործարքների ֆինանսավորում, ֆակտորինգ,
  3. Կատարել հաշվարկներ հաճախորդների և բանկերի հանձնարարությամբ,
  4. Բացել և վարել հաճախորդների հաշիվները, այդ թվում այլ բանկերի թղթակցային հաշիվներ,
  5. Ֆինանսավորել կապիտալ ներդրումներ կատարողների հանձնարարությամբ,
  6. Թողարկել և գնել (սեփական միջոցների հաշվին), ինչպես նաև վաճառել և սպասարկել արժեթղթեր, վճարային, փաստաթղթեր (չեկեր, ակրեդիտիվներ, մուրհակներ, բաժնետոմսեր, պարտատոմսեր և այլն),
  7. Երրորդ անձանց փոխարեն և նրանց հանձնարարությամբ տալ երաշխիքներ և ստանձնել պարտավորություններ,
  8. Ձեռք բերել ապրանքների մատակարարման և ծառայությունների կատարման դիմաց գումար (պահանջելու իրավունքով) և վերցնել այնպիսի պարտավորություն, ինչպիսիք է ինկասացիան,
  9. Գնել և վաճառել արտարժույթ, կնքել դրամի և արտարժույթի ֆյուչերսներ, օպցիոններ և նման այլ գործարքներ,
  10. Հաճախորդի համաձայնությամբ ներգրավել և տեղաբաշխել միջոցներ, ինչպես նաև կառավարել արժեթղթեր,
  11. Մատուցել խորհրդատվական ծառայություններ,
  12. Սեփական միջոցների հաշվին ձեռք բերել և վարձակալության տալ սարքավորումներ և մեքենաներ,
  13. Գնել, վաճառել և ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ, քարեր և այլ արժեքներ։

Բանկերը չեն կարող իրականացնել արտադրական, առևտրային և ապահովագրական գործունեություն (եթե օրենքով այլ բան սահմանված չէ)։

Հայաստանի Կենտրոնական բանկը իրականացնում է հետևյալ ֆունկցիաները.

  1. Օրենքով սահմանված կարգով դրամի էմիսիայի կարգավորումը և իրականացումը, ինչպես նաև դրամաշրջանառության կազմակերպումը,
  2. Դրամավարկային քաղաքականության իրականացումը,
  3. Միջբանկային հաշվարկների կազմակերպումը,
  4. Հանրապետության պետական պարտքի սպասարկումը,
  5. Հանրապետության արժութային քաղաքականության իրականացումը` արժույթային և արտարժույթային շրջանառության կազմակերպումն ինչպես նաև թանկարժեք քարերի և մետաղների պահուստների կառավարումը,
  6. Հանրապետության տարածքում բանկային գործունեություն իրականացնելու, ինչպես նաև արտարժույթով բանկային գործառնությունների կատարելու համար արտոնագրեր տրամադրելը,
  7. Հանրապետության տարածքում գործող բանկերի այլ ֆինանսավարկային կազմակերպությունների բարեգործական, ապահովագրական, կենսաթոշակային ֆոնդերի, ինչպես նաև ինվեստիցիոն ընկերությունների և համանման այլ կազմակերպությունների գործունեության հսկողությունը,
  8. Բանկային վիճակագրության կազմակերպումը,
  9. Հայաստանի Հանրապետության կառավարության և այլ պետական մարմինների բանկային սպասարկման կազմակերպումը,
  10. Հայաստանի բանկերում գտնվող պարտադիր պահուստների չափի սահմանումը,
  11. Բաց շուկայի քաղաքականության իրականացումը։
  12. ՀՀ Կենտրոնական բանկը հանդիսանում է ՀՀ բանկերի համար վերջին ատյանի վարկատուն։

Tamara.manukyan