Մասնակից:Manila~hywiki

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արմատ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՐՄԱՏ ,բարձրակարգ բույսերի վեգետատիվ հիմնական օրգաններից մեկը, որը բույսն ամրացնում է հողին, կատարում ջրի, հանքային և օրգանական նյութերի կլանման ֆունկցիաները, տարբեր նյութերի սինթեզը։ Որոշ բույսերի մոտ Ա․ պահեստային նյութերի կուտակման տեղ է (արմատապտուղներ) կամ վեգետատիվ բազմացման օրգան (արմատածիլային բույսեր)։ Ա․ չի առաջացնում և իր վրա չի կրում տերևներ, սակայն ինքը կարող է առաջանալ բույսի բոլոր վեգետատիվ օրգանների (ցողուն,տերև) վրա։ Ա․, սովորաբար, լինում է գլանաձև կամ թելաձև, բայց կարող է փոփոխվել և ձևափոխության հետևանքով կատարել շնչառական ֆունկցիա։ Ա․-ի ծայրը ծածկված է ծայրապատյանով, որը բջիջներին պահպանում է մեխանիկական վնասվածքներից։ Ջրի և այլ նյութերի կլանումը կատարվում է արմատամազիկներով, որոնք բույսի արմատային համակարգի մակերևույթը մեծացնում են մոտ 20 անգամ։ Ա․ զարգացնում է սերմի սաղմնային արմատիկից և ուղղաձիգ աճում ներքև։ Նրա վրա առաջանում են կողքային ճյուղավորումներ։ Շատ բույսերի մոտ կան նաև հավելյալ Ա․-ներ, որոնք առաջանում են ոչ թե գլխավոր կամ կողքային արմատից, այլ ցողունից ու տերևներից։ Յուրաքանչյուր բույսի բոլոր արմատները միասին վերցրած կազմում են նրա արմատային համակարգը։ Սաղմնային Ա․ ուժեղ աճելով դառնում է "գլխավոր" և տարբերվում մնացածներից․ այդպիսի բույսերի մոտ առաջանում է առանցքային արմատային համակարգ (գլխավրապես երկշաքիլավորներ), իսկ հավելյալ Ա․ գերակշռման դեպքում՝ փնջաձև համակարգ (միաշաքիլավորներ)։ Միամյա բույսերի Ա․-ները (օրինակ, հացազգիներ) հողի մեջ թափանցում են մինչև 2 մետր, ծառերինը 12 մետր։ Որոշ բույսերի Ա․-ներում սինթեզվում են յուրահատուկ նյութեր (կոկսագզ՝ կաուչուկ, ծխախոտ՝ ալկալոիդներ, իլենազգիներ՝ գուտապերճ ևն)։ Գազարը, ճակնդեղը և այլ արմատապտուղներ օգտագործվում են սննդի, իսկ կատվախոտի, ժեն-շենի Ա․-ները բժշկության մեջ։