Մասնակից:Liana-Lili2014

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
== Աշխարհագրություն ==

Աշխարհագրությունը ձևավորվել է վաղընջական ժամանակներում։Այն սկզբնական շրջանում ձևավորվել է Հին Հունաստանում․գիտություն է Երկրի ձևի,չափերի և այնտեղ տեղի ունեցող երևույթների օրինաչափությունների մասին։Հայ իրականության մեջ այն իր զարգացման գագաթնակետին է հասել 7-րդ դարում՝ Անանիա Շիրակացու շնորհիվ։ Վերածննդի դարաշրջանում ճանապարհորդություններով սկսվեց աշխարհագրական մտքի զարգացումը։


                               Հայաստանի աշխարհագրություն
 
                    Հայկական լեռնաշխարհի ընդերքը։ Օգտակար հանածոները

Հայկական լեռնաշխարհն ունի հարուստ ընդերք։ Դեռ վաղնջական ժամանակներից շահագործվել են պղնձի, կապարի, արծաթի և ոսկու մի շարք հանքեր, իսկ Ք.ա. II հազարամյակի վերջերից՝ նաևերկաթահանքերը: Ոսկի արդյունահանվել է Սպերում, Հայկական Տավրոսում և այլուր, արծաթ՝ Ծոփքում, պղինձ՝ Գուգարքում, Աղձնիքում, Սյունիքում (Կապան) և այլուր, կապար՝ Վանա լճից հարավ ընկած շրջաններում։ Երկաթի հարուստ հանքավայրեր կան Աղձնիքում և այլուր։ Դեռ հնուց ի վեր հռչակված էին Կողբի, Նախճավանի (Նախիջևանի) և Կաղզվանի աղահանքերը։

Հայկական լեռնաշխարհը հռչակված է իր բազմաթիվ սառը և տաք հանքային ջրերով, որոնցից վերջինները մեծ մասամբ հայտնի էին ջերմուկ անունով: Հնում նշանավոր էին Էլեգիայի (Եղեգի),Վարշակի, Վայոց ձորի ջերմուկները և այլն։ Մեր հանրապետության տարածքում մեծ հռչակ ունեն Ջերմուկի, Դիլիջանի, Արզնիի, Բջնիի և այլ հանքային աղբյուրները, որտեղ գործում են առողջարաններ։ Գործնականում անսպառ են Հայկական լեռնաշխարհի ոչ մետաղական հանքավայրերը։ Հանդիպում են տուֆի, բազալտի (որձաքար), հրաբխային կավերի, գրանիտի, մարմարի և այլ հանքավայրեր։ Համաձայն «Աշխարհացոյց»-ի՝ Տուրուբերանում հանդիպել է սև և սպիտակ նավթ: Հայաստանի Հանրապետությունում հայտնի են Ջաջուռի և Ջերմանիսի ածխահանքերը։

                            Հայկական լեռնաշխարհի կլիման

Հայկական լեռնաշխարհի կլիման գերազանցապես ցամաքային է, որը պայմանավորված է եզրային բարձրաբերձ լեռնաշղթաներով, որոնք արգելակում են օդային զանգվածների մուտքը տարածաշրջան։ Այդ իսկ պատճառով մեր հայրենիքի կլիման աչքի է ընկնում շոգ ամառներով և ցուրտ ձմեռներով։ Սառը օդի զանգվածների ներխուժումը լեռնաշխարհ նրա տարածքի մեծ մասում հաճախ առաջ է բերում ձյան առատ տեղումներ։ Եզրային լեռնաշղթաները ձյունածածկույթը պահպանում են տարվա ցուրտ ժամանակի ողջ ընթացքում, իսկ Մասիս լեռը ծածկված է հավերժական ձյան շերտով։ Ցածրադիր վայրերում տեղումները սակավ են, ուստի երկրագործությունը հնարավոր չէ առանց արհեստական ոռոգման։ Բնակչությունը դեռ հին ժամանակներից արհեստական ոռոգման նպատակով անցկացրել է ջրանցքներ ու առուներ: Հայկական լեռնաշխարհում հանդիպում են մերձարևադարձայինից մինչև ալպիական կլիմայական բոլոր գոտիները։

                        Հայկական լեռնաշխարհի գետերն ու լճերը

Հայկական լեռնաշխարհն՝ իր լեռնային բարձր դիրքի շնորհիվ, Առաջավոր Ասիայի խոշոր ջրաբաշխն է: Այստեղից են սկիզբ առնում Եփրատ, Տիգրիս, Երասխ, Կուր, Ճորոխ, Հալիս, Գայլ և մի շարք այլ գետեր, որոնք թափվում են Պարսից ծոց և Կասպից, Սև ու Միջերկրական ծովեր։ Մեր հայրենիքի մայր գետը Երասխն է, որն սկիզբ է առնում Սերմանց կամ Բյուրակն լեռներից։ Այնուհետև՝ ընդունելով Ախուրյան, Քասաղ, Հրազդան, Ազատ և մի շարք այլ վտակներ, այն միանում է Կուրին և թափվում Կասպից ծով։ Հնում Երասխը մի մեծ բազուկով անմիջապես թափվել է Կասպից ծով։ Երասխի և նրա վտակների ջրերով ոռոգվում է Արարատյան դաշտը:

Երասխը Հայկական լեռնաշխարհի միակ խոշոր գետն է, որն ամբողջությամբ հոսում է մեր հայրենիքով։ Երասխի կամ Արաքսի մասին նույնպես հյուսվել են այլևայլ ավանդություններ, իսկ ժողովուրդն այն կոչել է պարզապես Մայր Արաքս։ Հայկական լեռնաշխարհը հայտնի է իր երեք խոշոր և բազմաթիվ միջին ու փոքր մեծության լճերով։ Դեպի ծով ելք չունեցող Հայաստանում խոշոր լճերը սովորաբար կոչվել են ծով կամ ծովակ։ Խոշորներից Սևանա լիճը, որ հնում հայտնի էր Գեղամա կամ Գեղարքունյաց ծով անունով, ներկայումս գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այն աշխարհի բարձրադիր լճերից է, ունի քաղցրահամ ջուր։ Այս ձկնառատ (իշխան, գեղարքունի և այլն) լիճն են թափվում 29 գետեր ու գետակներ, իսկ նրանից սկիզբ է առնում միայն Հրազդան գետը։ Լճում եղել է մեկ կղզի, որը Սևան-Հրազդան կասկադի կառուցման և լճի հայելու կրճատման հետևանքով վերածվել է թերակղզու։

Հայկական լեռնաշխարհի չքնաղ լճերից է Վանա լիճը կամ Բզնունյաց ծովը, որն ավելի քան երկուսուկես անգամ մեծ է Սևանա լճից։ Չնայած լճի աղիությանը, նրանում բազմանում է տառեխ ձուկը, որ հնում աղ դրած վիճակում արտահանվում էր հարևան երկրներ։ Վանա լճում դեռ հին ժամանակներից զարգացած է եղել նավագնացությունը, իսկ նրա ափերին գտնվել են մի շարք նավահանգիստներ։ Լիճն ունեցել է 7 կղզի, սակայն նրա ջրերի բարձրանալու հետևանքով երեքն անցել են ջրի տակ։ Վանա լճի ամենամեծ կղզին Աղթամարն է: Կղզու անունը նշանակում է Աղի ծով։ նկ. Վանա լիճը: Առաջին պլանում Աղթամար կղզին Սբ Խաչ եկեղեցիով Հայկական լեռնաշխարհի հարավարևելյան մասում գտնվում է մեր հայրենիքի ամենամեծ լիճը, որ հնում կոչվել է Կապուտան, իսկ ներկայումս Ուրմիո։ Լճի ջրերը խիստ աղի են, որի պատճառով լիճը զուրկ է կենդանական և մասամբ բուսական աշխարհից։ Հայկական լեռնաշխարհի միջին և փոքր մեծության լճերից հիշարժան են Հյուսիսային ծովակը կամ Չըլդըրը, Գայլատու ծովակը, Արճիշակը կամ Արճակը և Թորթումի լիճն իր նշանավոր ջրվեժով։ Հայկական լեռնաշխարհը հաճախակի կրկնվող երկրաշարժերի գոտի է։ 1988 թ. տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժը, որին զոհ գնացին տասնյակ հազարավոր մարդիկ։ Հայկական լեռնաշխարհն այսօր հանգած հրաբուխների երկիր է: Դրանցից են Մասիսը, Արագածը, Նեխ-Մասիքը կամ Սիփանը։


                  Հայկական լեռնաշխարհի բուսական և կենդանական աշխարհը

Հայկական լեռնաշխարհն ունի հարուստ բուսական և կենդանական աշխարհ։ Երկրի ցածրադիր հարթավայրային շրջաններում արհեստական ոռոգման շնորհիվ աճում են բամբակ, նուռ, թուզ, բրինձ և այլն։ Հայաստանը հնուց ի վեր հռչակված է անուշահամ պտուղներով՝ խնձոր, տանձ, ծիրան, դեղձ, բալ, կեռաս, սալոր և այլն։ Հատկապես հռչակված է ծիրանը, որն օտարների կողմից ստացել է հայկական (armeniaca) անունը։

Հացահատիկային կուլտուրաների (ցորեն, գարի, հաճար, կորեկ) մշակությամբ նշանավոր են եղել Շիրակը, Բագրևանդը, Տարոնը, Սևանի ավազանը, Երզնկայի և Խարբերդի դաշտերը։ Հայաստանը եղել է վայրի ցորենի նախահայրենիքներից մեկը:

Ցամաքային կլիմայի պատճառով անտառները համեմատաբար փոքր տարածք են զբաղեցնում, չնայած հնում, շատ ավելի տարածված են եղել։ Անտառները, որոնք մեծ մասամբ կոչվում էին մայրի, օղակում էին Հայկական լեռնաշխարհը՝ զբաղեցնելով նրա եզրային և տեղ-տեղ կենտրոնական շրջանները։ Ծառատեսակներից առավել տարածված են կաղնին, հաճարենին, բոխին, թխկին, հացենին, կեչին, սոճին և այլն։ Արցախի, Ուտիքի, Սյունիքի, Գուգարքի, Տայքի, Աղձնիքի, Կորճայքի անտառներում ամենուրեք հանդիպում են վայրի պտղատու ծառեր և թփեր։ Հայաստանի կենտրոնական շրջաններում, որտեղ չոր կլիմայի պատճառով գործնականում բացակայում են անտառները,տնկվել են արհեստական անտառներ։ Դրանցից Խոսրովի անտառը ներկայումս վերածված է պետական արգելոցի։

Հնուց ի վեր ընտանի կենդանիներից Հայաստանում բուծել են ոչխար, այծ, կով, գոմեշ, ձի և պահել զանազան թևավորներ՝ հավ, բադ, սագ։ Վայրի կենդանիներից տարածված են գայլը, աղվեսը, արջը, նապաստակը, կինճը (վայրի խոզ), վիթը, եղջերուն, այծյամը, վայրի ոչխարը և այլն։ Վայրի թռչուններից հանդիպում են արծիվը, անգղը, բազեն, արագիլը, կաքավը, բադը, սագը, լորը և այլն։ Մարդու գործունեության հետևանքով բավականին կրճատվել է կենդանական աշխարհը։ Սեպագիր աղբյուրների համաձայն՝ հեռավոր ժամանակներում Հայաստանի հարավում եղել են փղեր, ջայլամներ և առյուծներ, որոնցից վերջինները հիշատակվում են նաև «Աշխարհացոյց»-ում։

Հայաստանի մի քանի աշխարհներ հնուց ի վեր հռչակված են եղել որպես ձիաբուծության խոշոր կենտրոններ։ Երկրի լեռնային և նախալեռնային ծաղկառատ վայրերում մեծ զարգացման էր հասել մեղվապահությունը։ Արարատյան դաշտում բազմացող մի տեսակի որդից պատրաստում էին որդան կարմիր կոչվող ընտիր ներկ, որն արտահանվում էր տարբեր երկրներ։ --Liana-Lili2014 15:36, 2 Օգոստոսի 2014 (UTC)