Jump to content

Մասնակից:LEVON99991991/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ականջի կլինիկական անատոմիա


Ականջն անատոմիորեն կազմված է երեք բաժիններից՝ արտաքին, միջին և ներքին: ԱՐՏԱՔԻՆ ԱԿԱՆՋ Արտաքին ականջն իր մեջ ներառում է ականջախեցին և արտաքին լսողական անցուղին: Ականջախեցին կազմված է էլաստիկ աճառային թիթեղից՝ երկու կողմից ծածկված վերնաճառով և մաշկով: Միայն ականջախեցու ստորին մասը՝ բլթակը, որը զուրկ է աճառից, կազմված է մաշկով ծածկված ճարպային բջջանքից: Ականջախեցու արտաքին մակերեսը գոգավոր է, իսկ ներքին մակերեսն արտափքված: Ականջախեցու ազատ եզրը՝ պարույրը իրենից ներկայացնում է կլորացած բարձիկ, նրանից առաջ, զուգահեռ և ներս տեղակայված է հակապարույրը: Արտաքին լսողական անցուղու առաջ առկա է արտացցվածություն, որ կոչվում է այծիկ (նկ. 27), որից հետ և ներքև առկա մի այլ արտացցվածություն՝ հակաայծիկը: Հակապարույրից անմիջապես առաջ կա փոսություն, որը համարվում է ականջախեցու խոռոչը: Երեխաների մոտ արտաքին օտիտների և սուր միջին օտիտների դեպքում այծիկին սեղմելիս ցավ է առաջանում, քանի որ նրանց մոտ արտաքին լսողական անցուղու ոսկրային մասը դեռ զարգացած չէ: Ականջախեցին ռուդիմենտար օրգան է, որն կապանների և մկանների միջոցով միանում է քունքոսկրի խրթեշին, պտկաձև և այտային ելուններին: Անմիջապես ականջախեցու խոռոչի շարունակությունն է հանդիսանում արտաքին լսողական անցուղին, որի երկարությունը մեծահասակների մոտ մոտավորապես 2,5 սմ է, լուսանցքը ձևով կլորավուն է կամ էլիպսաձև, ունի 0,7-0,9 սմ դիամետր: Արտաքին լսողական անցուղին կազմված է 2 մասից՝ արտաքին աճառային և ներքին՝ ոսկրային: Այն ավարտվում է թմբկաթաղանթով, որը սահման է հանդիսանում արտաքին և միջին ականջների միջև: Աճառային մասը հանդիսանում է ականջախեցու անմիջական շարունակությոնը: Այն կազմված է պինդ շարակցական հյուսվածքից, որը հարուստ է էլաստիկ թելերով: Աճառային հենքն իր երկայնքով ընդհատվում է ուղղահայաց անցնող սանտորինյան ճեղքերով, որոնք ծածկված են ֆիբրոզ հյուսվածքով: Սանտորինյան ճեղքերի շրջանում լսողական անցուղին ներքևից հարակից է հարականջային թքագեղձի հետ և դրանով իսկ պայմանավորված է բորբոքային պրոցեսի անցումն արտաքին լսողական անցուղուց դեպի հարականջային թքագեղձ և հակառակը: Արտաքին լսողական անցուղու աճառային հատվածի ոսկրայինի անցման շրջանը անցուղու ամենանեղ մասն է և կոչվում է նեղուց: Լսողական անցուղին որոշակիորեն թեքված է հորիզոնական և ֆրոնտալ հարթություններում, աճառային հատվածում՝ առաջ և վեր, իսկ ոսկրային հատվածում՝ առաջ և վար (մեծահասակների մոտ), այդ իսկ պատճառով օտոսկոպիայի ժամանակ այն ուղղելու համար, մեծահասակների մոտ ականջախեցին ձգվում է հետ և վար, իսկ երեխաների մոտ՝ հետ և վար: Աճառային հատվածի մաշկն ոնի 1-2մմ երկարություն, պարունակում է մազեր, ճարպային և ծծմբային գեղձեր: Ճարպային և ծծմբային գեղձերի արտադրուկը և նաև էպիդերմիսի եղջերացած թեփուկներն առաջացնում են ականջի գեջը, որն արտազատվում է ծամելու ժամանակ աճառային հատվածի պատերի տատանման արդյունքում: Գեջի ավելցուկը կամ նորմալ էվակուացիային խանգարումը բերում է ծծմբային խցանի առաջացման: Ոսկրային հատվածի մաշկը զուրկ է մազերից և գեղձերից, ամուր կպած է վարնաճառին, աստիճանաբար բարակում է մինչև 0,1մմ և անցնում թմբկաթաղանթի վրա վերածվելով նրա արտաքին էպիդերմալ շերտի: Արտաքին լսողական անցուղու ոսկրային վերին պատը հանդիսանում է գանգափոսի հատակը, ավելի միաջայնորեն վերին պատը հանդիսանում է էպիտիմպանալ տարածության կողմնային պատը: Գանգի հիմի այս շրջանի կոտրվածքը կարող է ուղեկցվել արտաքին լսողական անցուղու արյունահոսությամբ և լիկվորեայով: Արտաքին լսողական անցուղու հետին ոսկրային պատը սահմանակցում է պտկաձև ելունին: Այս պատով անցնում է դիմային նյարդը վայրէջ հատվածը: Մաստոիդիտի ժամանակ պրոցեսի մեջ ընդգրկվում են անցուղու վերին և հետին պատերը, որն ուղեկցվում է վերջիններիս իջեցումով, որն էլ դժվարեցնում է թմբկաթաղանթի զննումը: Արտաքին լսողական անցուղու ստորին պատը սահմանակցում է հարականջային թքագեղձի հետ: Ոսկրային հատվածի ստորին պատը վերինի հետ համեմատած 4-5մմ ավելի երկար է: Երեխաների մոտ կյանքի առաջին ամիսներին արտաքին լսողական անցուղին ճեղքի նման է, քանի որ ոսկրային հատվածը դեռ զարգացած չէ և վերին պատը գրեթե կպչում է ստորին պատին: Նրանց մոտ կյանքի առաջին տարում թմբկաթաղանթը լսողական անցուղու առանցքի հետ կազմում է սուր անկյուն և ունի գրեթե հորիզոնական դիրք: Արտաքին ականջի անոթավորումը իրականանում է արտաքին քնային զարկերակի համակարգից: Ականջախեցին և արտաքին լսողական անցուղու աճառային հատվածը անոթավորվում են ականջային առաջային և հետին զարկերակներով, իսկ անցուղու ոսկրային հատվածը ականջի խորանիստ զարկերակով, որն ապահովոմ է արյունամատակարարում նաև թմբկաթաղանթին: Նյարդավորումը իրականանում է երկվորյակ նյարդի ճյուղերով, որը n.mandibularis-ի ճյուղն է, պարանոցային հյուսակից, նաև թափառող նյարդի ականջային ճյուղը: Վագուս ռեֆլեքսի շնորհիվ անցուղու հետին և ստորին պատերի գրգռման ժամանակ առաջանում է հազ: Ականջախեցու մկանների շարժիչ նյարդավորումն իրականանում է ականջային հետին նյարդի շնորհիվ, որը դիմային նյարդի ճյուղն է: Թմբկաթաղանթը բաժանում է արտաքին ականջը միջինից: Այն կիսաթափանց, օվալաձև թաղանթ է, ուղղահայաց չափսը՝ 10մմ, լայնությունը՝ 8-9 մմ, հաստությունը՝ 0,1մմ, մակերեսը՝ մոտ 60-64 մմ քառ.: Երեխաների մոտ թմբկաթաղանթի չափսը գրեթե նույնն է և ավելի հաստ է ի հաշիվ էպիթելյալ և էպիդերմալ շերտերի: Արտաքին լսողական անցուղու առանցքի նկատմամբ թմբկաթաղանթը տեղակայված է 45-50˚⁄ երեխաների մոտ 30˚ անկյան տակ: Թմբկաթաղանթը ձագարաձև է, և նրա կենտրոնական մասը՝ պորտը դեպի թմբկախորշ ամենաներհրված մասն է և գտնվում է թմբկախորշի միջային պատից 2մմ հեռավորության վրա, թմբկաթաղանթի առաջային-ստորին հատվածը՝ 4-5մմ, իսկ հետինը՝ մինչև 6մմ հեռավորության վրա: Թմբկաթաղանթը տեղակայված է ոսկրային ակոսում տեղակայված թելաաճառային թմբկային օղի մեջ, որը վերին հատվծում բացակայում է, և թմբկաթաղանթն այդ հատվածում անմիջապես կպչում քունքոսկրի խրթեշի թմբկային կտրուճին: Թմբկաթաղանթի մոտ 90%-ն, որն ֆիքսված է ֆիբրոզ օղի մեջ կոչվում է լարված մաս, իսկ մնացած մասը, որը տեղակայվում է թմբկային կտրուճում կոչվում է չլարված մաս կամ Շրապնելյան թաղանթ: Թմբկաթաղանթի լարված մասը կազմված է 3 շերտից, արտաքին՝ մաշկային, ներքին՝ էպիթելյալ, որը հանդիսանում է թմբկախորշի լորձաթաղանթի շարունակությունը և միջին՝ շարակցահյուսվածքային, որն կազմված է ճառագայթաձև և շրջանաձև ֆիբրոզ թելերից: Թմբկաթաղանթի ճառագայթաձև թելերին կպչում է մրճիկի կոթը՝ ամուր սերտաճելով նրա ներքին և միջին շերտերին: Մրճիկի կոթի ստորին եզրը թմբկաթաղանթի վրա առաջացնում է ձագարաձև փոսություն՝ թմբկաթաղանթի պորտը: Մրճիկի կոթից վեր և մի փոքր առաջ թմբկաթաղանթի դրսային մակերեսին տեսանելի է մրճիկի կարճ կամ կողմնային ելունը, որից առաջ և հետ անցնում են համապատասխանաբար առաջային և հետին մրճիկային ծալքերը, որոնք բաժանում են թմբկաթաղանթի լարված և չլարված մասերը: Թմբկաթաղանթի արհեստական լուսավորման դեպքում, այն սադափագույն է, որի մակերեսին տարբերում ենք մի շարք կողմնորոշիչ կետեր՝ • Մրճիկի կոթը • Կարճ ելունը • Առաջային և հետին մրճիկային ծալքերը • Պորտը • Լուսային ռեֆլեքսը Թմբկաթաղանթը պայմանական բաժանում են չորս քառանկյունների, որոնք առաջանում են երկու խաչվող գծերի միջոցով, մեկն անցնում է մրճիկի կոթով, մյուսն նրան ուղղահայաց (նկ.1): Լուսային ռեֆլեքսն, որն ունի փայլուն հավասարասրուն եռանկյան տեսք, առաջանում է առաջա-ստորին քառանկյունում (պայմանավորված է թմբկաթաղանթի միջին շերտով): Թմբկաթաղանթի տարբեր քառանկյունիներին համապատասխանում են /կամ պրոեկցվում են/ թմբկախորշում տեղակայված համապատասխան կառուցվածքները: Անոթավորում. Արտաքին ականջի կողմից՝ ականջի խորանիստ զարկերակ, իսկ միջին ականջի կողմից՝ թմբկային առաջային զարկերակ, երկուսն էլ վերծնոտային զարկերակի ճյուղերն են: Նյարդավորում. Թափառող նյարդի ականջային ճյուղ, Լեզվաըմպանային նյարդից՝ թմբկային նյարդը և եռվորյակ նյարդից՝ ականջա-քունքային նյարդը: Միջին ականջի կլինիկական անատոմիա Միջին ականջն իրենից ներկայացնում է իրար հետ հաղորդակցվող օդակիր խորշիկնրի համակարգ: • Թմբկախորշ • Եվստախյան փող • Մուտք դեպի անտրում • Պտկաձևային անտրում և նրա հետ կապված պտկաձև ելունի խորշիկնր Թմբկախորշը իրենից ներկայացնում է մի տարածություն, որը սահմանափակված է կողմնայնորեն թմբկաթաղանթով, միջայնորեն՝ լաբիրինթով: Թմբկախորշը ձևով նման է քառանկյունաձև պրիզմայի, ծավալը մոտ 1սմ³: Ունի 6 պատ • Արտաքին • Ներքին • Վերին • Ստորին • Առաջային • Հետին Կողմնային /արտաքին/ պատի մեծ մասը կազմվում է թմբկաթաղանթով, արտաքին լսողական անցուղու վերին և ստորին ոսկրային պատերով: Կախված կողմնային պատի կառուցվածքային առանձնահատկությունների հետ, թմբկախորշը պայմանական բաժանում են 3 հարկերի ՝ վերին, միջին և ստորին: Վերին հարկը՝ վերթմբկախորշային գրպանիկը- էպիտիմպանում, որը կոչվում է նաև ատիկ, տեղակայված է թմբկաթաղանթի լարված մասի վերին եզրից վեր: Նրա կողմնային պատը հանդիսանում է արտաքին լսողական անցուղու վերին պատի ոսկրային թիթեղը և թմբկաթաղանթի թույլ մասը: Վերթմբկախորշային գրպանիկի մեջ տեղակայված է մրճիկի գլխիկը, վզիկը և սալի մարմինը: Թմբկախորշի միջին հարկը՝ մեզոտիմպանում, ըստ չափսերի ամենամեծն ՝ և ամենանեղն է, որն համապատասխանում է թաղանթի լարված մասին: Թմբկախորշի ստորին հարկը՝ հիպոտիմպանում տեղակայված է թմբկաթաղանթի ստորին եզրից ցած: Թմբկախորշի միջային, լաբիրինթային կամ դարավանդային պատ, որը բաժանվում է միջին ականջը ներքինից: Այս պատի կենտրոնական հատվածում կա արտացցվածություն՝ դարավանդը, որն առաջանում է խխունջի հիմային գալարով: Դարավանդի մակերեսին գտնվում է ակոս, որի մեջ պառկում է թմբկային հյուսակը, որի ձևավորմանը մասնակցում են թմբկային նյարդը, եռվորյակ նյարդը, նաև ներքին քնային հյուսակից սիմպաթիկ թելեր: Դարավանդից հետ և վեր գտնվում է նախադռան՝ օվալ պատուհանը, որը ծածկված է ասպանդակի հիմային թիթեղով, վերջինս միացած է պատուհանին օղակաձև կապանի միջոցով, որն էլ ապահովում է ասպանդակի շարժունությունը: Դարավանդից հետ և վար գտնվում է խխունջի կլոր պատուհանը, որը ծածկված է երկրորդային թմբկաթաղանթով: Անմիջապես օվալ պատուհանից վեր՝ դիմային ոսկրային /ֆալոպյան/ խողովակով, անցնում է դիմային նյարդի հորիզոնական մասը, իսկ նրանից վեր և հետ գտնվում է կողմնային /հորիզոնական/ կիսաբոլոր խողովակի ամպուլային թմբկությունը: Օվալ պատուհանից վեր և մի փոքր առաջ տեղակայված է ճախարակաձև ելունը, որով անցնում է թմբկաթաղանթը լարող մկանի ջիլը: Թմբկախորշի հետին պատի /պտկաձևային/ վերին հատվածում կա լայն բացվածք՝ մուտք դեպի անտրում, որով վերթմբկախորշային տարածությունը հաղորդակցվում է պտկաձև անտրումի հետ: Անտրումի մուտքից ներքև՝ թմբկախորշի հետին պատին տեղակայված է բրգաձև արտացցվածքը, որի մեջ պարփակված է ասպանդակային մկանը, իսկ գագաթից դուրս է գալիս ասպանդակային մկանի ջիլը և ուղղվում է դեպի ասպանդակի գլխիկը: Բրգաձև արտացցվածքից դրսայնորեն գտնվում է փոքրիկ բացվածք, որից դուրս է գալիս թմբկալարը: Դիմային նյարդը /գանգուղեղային նյարդ/ ունի կարևոր պրակտիկ նշանակություն: Դիմային նյարդը ներքին լսողական անցուղի է մտնում միաժամանակ լսա-հավասարակշռության նյարդի և միջանկյալ նյարդի հետ միասին: Դիմային նյարդն անցնելով անցուղու հատակով, լաբիրինթում գտնվում է նախադռան և խխունջի միջև /լաբիրինթային հատված/: Մինչև թմբկախորշ մտնելը նյարդն առաջացնում է ծնկաձև հանգույց, որտեղ ընդհատվում են միջանկյալ նյարդի համային զգացող թելերը: Այստեղ դիմային նյարդի սեկրետոր բաժին տալիս է ապառաժային մակերեսային մեծ նյարդը, որը նյարդավորում է արցունքագեղձը, նաև քթի խոռոչի լորձ արտադրող գեղձերը: Ծնկաձև հանգույցից հետո նյարդը կտրուկ շրջվում է հետ /նյարդի | ծունկ/, անցնելով հորիզոնական հարթությամբ օվալ պատուհանից վեր /թմբկախորշայինի հատված/: Հասնելով հորիզոնական կիսաբոլոր խողովակի թմբկությանը, բրգաձև արտացցվածքի մակարդակին դիմային նյարդը փոխում է իր ուղղությունը դեպի վար /|| ծունկ/՝ անցնելով թմբկախորշի հետին պատով /պտկաձևային հատված/ և լքում է քունքոսկրը դուրս գալով մախաթ-պտկաձևային բացվածքով դուրս է գալիս գանգի հիմի վրա: Անմիջապես բրգաձև արտացցվածքի մոտ տալիս է ասպանդակի մկանի համար ճյուղ՝ ասպանդակային նյարդ: Քիչ ցած դիմային նյարդի ցողունից դուրս է գալիս թմբկալարը, որն անցնում է թմբկախորշով՝ մրճիկի և սալի միջով և լքում է թմբկախորշը ապառաժա-թմբկային ճեղքով. Տալով համային թելեր լեզվի համապատասխան կողմի առաջային 2/3-ին, սեկրետոր թելեր թքագեղձերին և նյարդային անոթային հյուսակներին: Դիմային խողովակի պատը թմբկախորշում շատ բարակ է և հաճախ ունենում է դեգիսցենցիաներ, որն էլ պատճառ է հանդիսանում միջին ականջի բորբոքային պրոցեսի դեպքում դիմային նյարդի ախտահարմանը, որը կարող է բերել դիմային նյարդի պերիֆերիկ պարեզի: Թմբկախորշի առաջային պատի /փողայի կամ քնային/ վերին կեսը զբաղեցնում են երկու բացվածքներ, ավելի մեծ մասը՝ դա լսողական փողի թմբկային բացվածքն է, իսկ նրանից վեր բացվում է թմբկաթաղանթը լարող մկանի կիսախողովակը: Առաջային պատի ստորին մասը բարակ ոսկրային թիթեղ է, որը բաժանում է թմբկախորշը ներքին քնային զարկերակից, որն անցնում է քնային խողովակով: Պատի վրա կան փոքրիկ խողովակիկներ, որոնցով թմբկախորշ են անցնում անոթներ, նյարդեր և կարող է թմբկախորշից բորբոքային պրոցեսը անցնել դեպի քնային զարկերակ: Վերին պատը՝ թմբկախորշի տանիքը, ոսկրային թիթեղ է 1 – 6 մմ հաստությամբ, բաժանում է թմբկախորշը միջին գանգափոսից: Երբեմն այս թիթեղի վրա լինում են դեգիսցենցիաներ, որի դեպքում միջին գանգափոսում կարծրենին գտնվում է թմբկախորշի լարձաթաղանթի հետ անմիջապես շփման մեջ, իսկ դա կարող է նպաստել օտիտների ժամանակ ներգանգային բարդությունների առաջացմանը: Թմբկախորշի ստորին պատը՝ լծային սահմանակից է ներքին լծային երակի կոճղեզին: Խոռոչի հատակը թմբկաթաղանթի ստորին եզրից գտնվում է 2,5 – 3 մմ ցած: Երբեմն կարող է հատաի ոսկրային պատի դեֆեկտ լինել, և կոճղեզը դուրս գալ դեպի թմբկախորշ և այն կարող է վնասվել պարացենտեզի դեպքում: Թմբկախորշում գտնվում են երեք լսողական ոսկրիկներ՝ մրճիկը, սալը և ասպանդակը: Մրճիկն ոնի կոթ, վզիկ, գլխիկ առաջային և հետին ելուններ: Սալը կազմված է մարմնից, կարճ և երկար ելուններից, որոնցից կարճը տեղակայված է անտրումի մուտքի մոտ, իսկ երկարը՝ միացած է ասպանդակի գլխիկին: Ասպանդակն ունի հիմային թիթեղ, երկու ոտիկներ և գլխիկ: Հիմային թիթեղի մակերեսը մոտ 3,2 մմ² է: Թմբկախորշում կան երկու մկաններ, որոնք ապահովում են լսողական ոսկրիկների շարժունությունը, ակոմոդացիոն և պաշտպանական ֆունկցիաները: 1. Թմբկաթաղանթը լարող մկան , որը նյարդավորում է եռվորյակ նյարդով, 2. Ասպանդակային մկան, որը նյարդավորում է դիմային նյարդ ասպանդակային ճյուղով Լսողական փողն ապահովում է թմբկախորշի հաղորդակցումն արտաքին միջավայրի հետ: Այն մեծահասակների մոտ 3,5 սմ է, իսկ երեխաների մոտ ավելի կարճ է, լայն է և ունի ավելի հորիզոնական դիրք: Լսողական փողի լորձաթաղանթն իրենից ներկայացնում է թարթչավոր էպիթել և պարունակում է մեծ քանակությամբ լորձ արտադրող գեղձեր: Իսկ էպիթելի թարթիչների շարժումն ուղղված է դեպի ըմպանային բացվածք, դրանով իսկ ապահովելով պաշտպանական ֆունկցիան: Թմբկախորշի անոթավորումն իրականանում է արտաքին և ներքին քնային զարկերակային համակարգերից: Արտաքին քնային զարկերակի ճյուղերին են՝ թմբկային վերին զարկերակը, թմբկային ստորին, առաջային, հետին զարկերակները, մախաթ-պտկաձևային զարկերակը, ապառաժային մակերեսային: Ներքին քնային զարկերակից՝ սովորաբար երկու քնա – էմբկային զարկերակներ: Միջին ականջի նյարդավորումը իրականանում է շարժիչ, զգացող և վեգետատիվ նյարդաթելերով: Շարժիչ նյարդաթլերը ստանում է դիմային նյարդից ասպանդակային նյարդը, նաև եռվորյակ նյարդի 3 –րդ ճյուղից եկող ականջա – քունքային նյարդը, որը նյարդավորում է թմբկաթաղանթը լարող մկանը: Պտկաձև ելուն. ՄԻջին ականջի հետին բաժինը պտկաձև ելունն է, որըը պարունակում է բազմաթիվ օդակիր խորշիկներ, որոնք կապված են թմբկախորշի՝ վերթմբկախորշային տարածության վերին մասի հետ, պտկաձևային անտրումի և անտրումի մուտքի միջոցով: Նորածինների մոտ պտկաձև ելունը զարգացած չէ և պարունակում է միայն մեկ խոռոչ՝ պտկաձևային անտրումը: Պտկաձև ելունի զարգացումը սկսվում է 2 տ-ից և ավարտվում է 6 – 7 տ –ում: Պտկաձև ելունի վերին սահմանը քունքային գիծն է, որը հանդիսանում է այտային ելունի շարունակությունը և համապատասխանում է միջին գանգափոսի մակարդակին: Առաջային սահմանը հանդիսանում է արտաքին լսողական անցուղու հետին պատին, որի հետին – վերին եզրին առկա է արտացցված՝ Հենլեյի փուշը: Այդ արտացցվածությունը համապատասխանում է անտրումի պրոյեկցիային, որը գտնվում է Հենլեի փշից 2 – 2,5 սմ խորության վրա: Պտկաձև ելունի կառուցվածքը տարբերվում է կախված օդակիր խորշիկների քանակից: Ըստ խորշիկների օդակրության բնույթի տարբերում ենք ՝ • Պնևմատիկ • Դիպլոետիկ • Սկլերոտիկ Պտկաձև ելունի ներսային մակերեսին պառկած է սիգմայաձև ծոցը, որի շարունակությունը ներքին լծային երակի կոճղեզն է:


  Ներքին  ականջի  կլինիկական  անատոմիա

Ներքին ականջը կամ լաբիրինթը գտնվում է քունքոսկրի բրգի հաստության մեջ և կազմված է ոսկրային և նրա ներառված թաղանթային լաբիրինթներից: Լաբիրինթը կողմնայնորեն հանդիսանում է թմբկախորշի միջային պատը, որտեղ տեղակայված են նախադռան և խխունջի պատուհանները, իսկ միջայնորեն այն սահմանակցում է հետին գանգափոսին: Վերջինիս հետ հաղորդակցվում է ներքին լսողական անցուղու, խխունջի ջրանցքի միջոցավ: Խխունջը իրենից ներկայացնում է ոսկրային պարուրաձև խողովակ, որն իր ոսկրային առանցքի շուրջը կատարում է մոտ 2,5 պտույտ: Առանցքից խողովակի լուսացք է ձգվում ոսկրային պարուրաձև թիթեղը: Ոսկրային սպիրալաձև թիթեղը նրա շարունակությունը հանդիսացող հիմային թաղանթը և նախադռան թաղանթը միասին առաջացնում են խխունջի ներսում առանձին խողովակ՝ խխունջային ծորանը, որը խխունջը բաժանում է երկու սանդուղքների՝ վերին նախադռան սանդուղքը և ստորին թմբկային սանդուղքը: Նախադուռը լաբիրինթի կենտրոնական մասն է, որն իրենից ներկայացնում է ոչ շատ մեծ խոռաչ, որի ներսում տեղակայված են երկու գրպանիկներ՝ սֆերիկ փոսությունը և էլիպսաձև փոսությունը: Առաջինում՝ խխունջին մոտ գտնվում է պարկիկը, երկրորդում արգանդիկը: Նախադռան առաջային մասը հաղորդակցվում է խխունջի հետ նախադռան սանդուղքի միջոցով, իսկ հետինը՝ կիսաբոլոր խողովակների հետ: Կիսաբոլոր խողովակները տեղակայված են երեք իրար նկատմամբ ուղղահայաց հարթություններում՝ կողմնային կամ հորիզոնական որը գտնվում է հորիզոնական հարթության նկատմամբ 30 ° անկյան տակ, առաջային կամ ճակատային խողովակը գտնվում է ճակատային հարթությունում, հետին կամ սագիտալ կիսաբոլոր խողովակը՝ սագիտալ հարթությունում: Յուրաքանչյուր կիսաբոլոր խողովակ ունի լայն՝ ամպուլյար և պարզ ոտիկներ: Սագիտալ և ֆրոնտալ խողովակների պարզ ոտիկները իրար միանում են և ընդհանուր մեկ ոտիկ են առաջացնում, արդյունքում երեք կիսաբոլոր խողովակները նախադռան էլիպսաձև փոսության հետ հաղորդակցվում են հինգ բացվածքների միջոցով:

Թմբկաթաղանթի լաբիրինթ Թմբկաթաղանթի լաբիրինթն իրենից ներկայացնում է խոռոչների և ծորանների փակ համակարգ, որը ձևով հիմնականում կրկնում է ոսկրային լաբիրինթը: Ոսկրային և թաղանթային լաբիրինթի միջև ընկած տարածությունը լցված է պերիլիմֆայով: Թաղանթային լաբիրինթը լցված է էնդոլիմֆայով: Պերիլիմֆան իր իոնային կազմով նման է ողնուղեղային հեղուկին կամ արյան պլազմային, իսկ էնդոլիմֆան՝ ներբջջային հեղուկին: Այս հեղուկները տարբերվում են իրենց բիոքիմիական կազմով, առաջին հերթին կալիումի և նատրիումի իոնների փոխհարաբերությամբ, էնդոլիմֆայում ավելի շատ է կալիումի և քիչ է նատրիումը, իսկ պերիլիմֆայում հարաբերությունը հակառակն է: Պերիլիմֆատիկ տարածությունը հաղորդակցվում է սուբարախնորդալ տարածության հետ խխունջային ջրանցքի միջոցով: Էնդոլիմֆատիկ տարածությունը թաղանթային փակ համակարգ է և ուղեղի հեղուկի միջավայրի հետ չի հաղորդակցվում: Ներքին ականջում անատոմիական և ֆունկցիոնալ տեսանկյունից տարբերում են 2 ռեցեպտորային ապարատներ. • Լսողական, որը գտնվում է խխունջային ծորանում • Վեստիբուլյար, որոնք գտնվում են նախադռան պարկիկներում և 3 կիսաբոլոր խողովակների թաղանթային ծորաններում: Խխունջային ծորանը, տեղակայված է նախադռան և թմբկային սանդուղքների միջև: Այն միջագիծ է կտրվածքում ունի եռանկյան ձև, որն գտնվում է նախադռան ռեյսներյան թաղանթի, թմբկային սպիրալ կամ հիմնային թաղանթի և արտաքին անոթային պատերի միջև: Հիմնային թաղանթը կազմված է միջաձիգ դասավորված էլաստիկ թելերից, որոնց երկարությունը և հաստությունը խխունջի հիմային գալարից դեպի գագաթ գնալով մեծանում է: Խխունջային ծորանում /միջին սանդուղքում/ հիմային թաղանթի վրա է տեղակայված կորտյան օրգանը՝ լսողական անալիզատորի պերիֆերիկ ռեցեպտորը: Կորտյան օրգանը կազմված է նեյրոէպիթելյալ ներքին և արտաքին մազմզուկավոր բջիջներից, հենարանային և սնուցող բջիջներից /Դեյտերսի, Հենզենի, Կլաուդիուսի/, ներքին և արտաքին սյունային բջիջներից: Ներքին սյունային բջիջներից ներս տեղակայված է ներքին մազմզուկավոր բջիջները /մոտ 3500/, իսկ արտաքին սյունակային բջիջներից դրսայնորեն տեղակայված են մոտ 20000 արտաքին մազմզուկավոր բջիջներ, որոնք սինապտիկ կապով միանում են սպիրալաձև հանգույցի բիպոլյար բջիջների պերիֆերիկ նյարդաթելերի հետ: Հենարանային բջիջները կորտյան օրգանի համար ունեն հենարանային և սնուցող դեր: Կորտյան օրգանի բջիջների միջև կա նեյրոէպիթլյալ տարածություն, որը լցված է կորտիլիմֆայով, վերջինս քիմիական կազմով նման է էնդոլիմֆային: Մազմզուկավոր բջիջների վրա գտնվում է ծածկող թաղանթը: Նշենք նաև, որ կորտյան օրգանը զգացող բջիջները ստանում են աֆերենտ և էֆերենտ նյարդավորում: Ներքին մազմզուկավոր բջիջներն ստանում են 95 % աֆերենտ նյարդավորում, ընդհակառակը՝ արտաքին մազմզուկավոր բջիջները ստանում են հիմնական էֆերենտ նյարդավորում: Թաղանթային կիսաբոլոր խողովաները տեղակայված են ոսկրային խողովակների մեջ, կրկնում են նրանց կոնֆիգուրացիան, բայց փոքր են դիամետրով, բացառությամբ ամպուլյար հատվածներից: Մազմզուկավոր բջիջները կազմված են շատ բարակ և կարճ անշարժ թելիկներից՝ ստերիոցիլներից, որոնց քանակը յուրաքանչյուր զգացող բջջում հասնում է 50 – 100 –ի, և մեկ երկար և հաստ շարժուն թելիկից՝ կինոցիլից: Այս թելիկների շնորհիվ տեղի է ունենում ռեցեպտոր բջիջների գրգռման պրոցեսը: Կախված կինոցիլների և ստերիոցիլների միջև եղած հառավորության փոփոխության /անկյունային արագացման դեպքում/ տեղի է ունենում հիպո կամ հիպերպոլյարիզացիա, որի արդյունքում դեպի ռեցեպտոր բջիջներ ուղղված իմպուլսների հոսքը ավելանում է կամ պակասում է Ներքին ականջի անոթավորումը իրականանում է լաբիրինթային զարկերակի միջոցով, որը հիմային զարկերակի ճյուղն է: Ներքին ականջի նյարդավորումը. Լսողական անալիզատոր՝ սպիրալաձև հանգույցի բիպոլյար կենտրոնական ելունները հանդիսանում են լսահավասարակշռության նյարդի լսողական բաժնի նյարդաթելերը: Վերջինս անցնելով ներքին լսողական անցուղով կամուրջ – ուղեղիկային անկյան շրջանում մտնում է կամուրջ: Այնուհետև 4 –րդ փորոքի հատակում 8 –րդ գանգուղեղային նյարդը բաժանվում է 2 մասի՝ անդաստակային և խխունջային: N.vestibularis բաժանվում է 2 ճյուղի՝ վերին և ստորին: Վերին վեստրբուլյար նյարդը նյարդավորում է արգանդիկը, առաջային կիսաբոլոր խողովակը և հորիզոնական կիսաբոլոր խողովակը, իսկ ստորինը նյարդավորում է պարկիկը և հետին կիսաբոլոր խողովակը: Խխունջային բաժն նյարդաթելերն ավարտվում են ռոմբայաձև փոսի կողմնային անկյան շրջանի բջիջների առաջային խխունջային և հետին խխունջային կորիզներով: Այսպիսով, սպիրալաձև հանգույցի բջիջները իրենց պերիֆերիկ ելուններով միանում են կորտյան օրգանի մազմզուկավոր բջիջներին, իսկ կենտրոնական ելուններով ավարտվում են կամրջի կորիզներում, կազմելով լսողական անալիզատորի I նեյրոնը: Առաջային և հետին խխունջային կորիզներից սկսվում է լսողական անալիզատորի II նեյրոնը: Այստեղից նյարդաթելերի փոքր մասն անցնում է կամրջի նույն, իսկ մեծ մասը խաչվում և անցնում է հակառակ կողմով՝ ավարտվելով վերին օլիվայում և տրապեցաձև մարմնում: III նեյրոնը leminiscus lateralis – կազմում բարձրանում դեպի միջին ուղեղ՝ ստորին քառաբլորներ և միջային ծնկաձև մարմին, որտեղ IV նեյրոնի նյարդաթելերը մասնակի խաչվելով ուղղվում են մեծ կիսագնդերի քունքային բիլթ՝ Հեշլիի գալար, որտեղ գտնվում է լսողական անալիզատորի կեղևային բաժինը: Վեստիբուլյար անալիզատորի ռեցեպտոր բջիջները միանում են վեստիբուլյար հանգույցի /երկբևեռ նեյրոնի/ I նեյրոնը/ պերիֆերիկ ելուններին, իսկ կենտրոնական ելունները ձևավորում են 8 –րդ գանգուղեղային նյարդի վեստիբուլյար բաժինը, որն անցնում է ներքին լսողական անցուղով, դուրս է գալիս յետին գանգափոս և կամուրջ – ուղեղիկային անկյան շրջանում մտնում ուղեղային հյուսվածքի մեջ է: Վեստիբուլյար կորիզները գտնվում են 4 –րդ փորոքի հատակում, նրանք չորսն են՝ կողմնային, միջային, վերին, ստորին: Յուրաքանչյուր կորիզից մեծամասամբ խաչվելով գնում է II նեյրոնը: Վեստիբուլյար անալիզատորի բարձր ադապտացիոն հնարավորությունները պայմանավորված են մի շարք ասոցիատիվ կապերի շնորհիվ: • Վեստիբուլո – ողնուղեղային • Վեստիբուլո – ակնաշարժ • Վեստիբուլո – վեգետատիվ • Վեստիբուլո – ուղեղիկային • Վեստիբուլո – կեղևային Ի շնորհիվ այս կապերի կատարվում է մի շարք տարբեր զգացող, վագետատիվ և սոմատիկ վեստիբուլյար ռեակցիաներ:


Լսողության ֆիզոլոգիան

Մարդու լսողությունը բարդ պրոցես է, որի իրականացման համար անհրաժեշտ է, որպեսզի ձայնային ալիքը փոխանցվի մինչև խխունջի ռեցեպտոր, փոխակերպվի այն նյարդային իմպուլսի, որն հաղորդվի նյարդային կենտրոն և գլխուղեղի կեղևում ձայնային ինֆորմացիան ենթարկվի անալիզի և ինտեգրացիայի: • Ձայն - դա առանձգական միջավայրի մեխանիկական տատանում է, որն ալիքի ձևով տարածվում է օդում, տարբեր հեղուկներում և պինդ մարմիններում. - օդում v = 332 մ/վ - ջրում v = 1450 մ/վ • Ձայնային ալիքի միանման վիճակները - խտացման և նոսրացման տեղամասերը կոչվում են փուլեր: • Ձայնային տատանումներն բնութագրվում են ամպլիտուդայով, ալիքի երկարությամբ, հաճախականությամբ: Լսողական անալիզատորը հնարավորություն է տալիս տարբերակել ձայները. • Ձայնի բարձրություն (ըստ ինտեսիվության) ընկալման դիապազոնը 16 –ից 20000 Հց: • Ձայնի բարձր լինելը (ըստ ինտենսիվության) 1 –ից 140 դԲ: • Ձայնի տեմբր (անհատական երանգավորմամբ): • Ձայնի բարձր լինելը արտացոլում է նրա ինտենսիվությունը, այսինքն այն էներգիան, որն փոխանցվում է ձայնային ալիքով միավոր մկերեսին (վտ/սմ²): Դիապազոնը ընկալման շեմքի և մաքսիմալ ճնշման տանելիության միջև հասնում է 10¹4 և չափվում է միլիարդավոր մեծություններով: • Չափման միավորը ընդունված է համարել բել – դա ձայնի ինտենսիվության և նրա շեմքային մակարդակի հարաբերության տասնորդական լոգարիթմն է: • Դեցիբելը – 0,1 տասնորդական լոգարիթմն է: Ձայնի ընկալման դիապազոնը – 0-ից 130 դԲ:


Լսողական անլիզատորի լրացուցիչ հատկանիշները. • Ադապտացիա – լսողական օրգանի ֆիզիոլոգիական հնարավորությունն է ձայնային գրգռիչի ուժի նկատմամբ: Ուժեղ ձայների դեպքում ականջի զգացողությունը նվազում է, իսկ լռության մեջ հակառակը՝ սրանում: Ադապտացիայից պետք է տարբերել լսողական անալիզատորի հյուծումը: • Հյուծումը առաջանում է լսողական անալիզատորի գերգրգռման ժամանակ և ուղեկցվում է դանդաղ վերականգնմամբ: • Քողարկումը – Լսողական անալիզատորի լրացուցիչ հատկանիշ է, երբ շրջակա աղմուկի պամաններում, որոշ ձայներ լսի ավելի վատ, քան մյուսները: • Օտոտոպիկա – Ձայնի աղբյուրի ուղղության կողմնորոշելու հատկանիշն է: Օտոտոպիկան հնարավոր է միայն բինաուրալ լսողության դեպքում: Լսողական անալիզատորի պերիֆերիկ բաժինը իրականացնում է 2 հիմնական ֆունկցիաներ. • Ձայնի հաղորդում – ձայնային էներգիայի փոխանցումը խխունջի ռեցեպտորային ապարատին • Ձայնի ընկալում – ձայնային տատանումների ֆիզիկական էներգիան փոխակերպվում /տրանսֆորմացիա/ է նյարդային գրգիռի Ձայնի հաղորդումը կատարվում է ականջախեցու, արտաքին լսողական անցուղու, թմբկաթաղանթի, լսողական ոսկրիկների, ներքին ականջի հեղուկների, խխունջի պատուհանի թաղանթի, նախադռան /ռեյսներյան/ թաղանթի, հիմային թաղանթի և ծածկող մեմբրանայի միջոցով: Ձայնի փոխանցման հիմնական ճանապարհը օդայինն է: Ձայնային տատանումները անցնելով արտաքին լսողական անցուղով հասնում են թմբկաթաղանթին, տատանման մեջ դնելով վերջինս, ինչպես նաև ոսկրիկների շղթան: Ձայնային ալիքի տարածումը շարունակվում է նախադռան սանդուղքով, որը հելիկոտրեմայի շրջանում փոխանցվում է թմբկաթաղանթի սանդուղքին, որն էլ իր հերթին տեղաշարժում է խխունջի պատուհանը դեպի թմբկախորշ: Պերիլիմֆայի տատանումները ռեյսներյան թաղանթից հաղորդվում են էնդոլիմֆային և հիմային թաղանթին, որի վրա գտնվում է կորտյան օրգանը՝ իր զգացող մազանման բջիջներով: Ձայնի հաղորդման մյուս ճանապարհը ոսկրային ճանապարհն է: Այս դեպքում ձայնային տատանումները հասնում են խխունջին գանգի ոսկրերի տատանման արդյունքում: Տարբերում են ոսկրային հաղորդականության իներցիոն և կոմպրեսիոն տիպերը: Ցածր ձայների դեպքում գանգը տատանվելով որպես ամբողջության, լսողական ոսկրիկները շարժվում են իներցիայի շնորհիվ, դա էլ իր հերթին տատանման մեջ է դնում խխունջի հեղուկները և կորտյան օրգանի բջիջները: Սա իներցիոն ուղին է: Կոմպրեսիոն տիպը գործում է բարձր ձայների փոխանցման գործում, երբ ձայնային ալիքի էներգիան առաջացնում է ոսկրային լաբիրինթի պարբերաբար ճնշում, որը բերում է խխունջի պատուհանի թաղանթի ավելի արտափքման՝ շնորհիվ վերջինս առավել ճկունության, քան ասպանդակի հիմային թիթեղինն է: Ձայնային ալիքի հաղորդման ինչպես օդային, այնպես էլ ոսկրային հաղորդականության իներցիոն տիպի ժամանակ անհրաժեշտ է 2 պատուհանների թաղանթների նորմալ շարժունակություն, սակայն տարբեր փուլերում: Իսկ ոսկրային հաղորդականության կոմպրեսիոն տիպի ժամանակ բավական է թաղանթներից միայն մեկի /օր. Կլոր պատուհանի/ շարժունակությունը: