Jump to content

Մասնակից:Khacahtryan shushan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

'''Մուխթար Օմարխանովիչ Աուեզով'''


''Մուխթար Օմարխանովիչ Աուեզով'' (1897- 1961, ղազախերեն` Мұхтар Омарханұлы Әуезов)- Խորհրդային շրջանի ղազախ գրող,  դրամատուրգ, գրականագետ, աբայագիտության հիմնադիր: Ստացել է  բանասիրական գիտությունների դոկտոր - պրոֆեսորի գիտական կոչում, ՂԽՍՀ-ի վաստակավոր գործչի կոչում, ինչպես նաև արժանացել է Ստալինյան և Լենինյան մրցանակների:


''Կենսագրությունը''


Մուխթար Աուեզովը ծնվել է 1897թ. սեպտեմբերի 28-ին, Սեմեյի մարզի Չինգիզական գավառակում (ներկայիս Սեմապալատինսկի մարզի Աբայի շրջան, Ղազախստան): Տասնմեկ տարեկանում մահանում է հայրը` Օմարխանը, մի քանի տարի անց`1912թ., զրկվում է նաև մորից` Նուրժամալից:  Մուխթարի դաստիարակությամբ զբաղվում է պապը`Քասըմբեկը, որի ջանքերով էլ մեդրեսեում կրթություն ստանալուց հետո 1907թ. . Աուեզովը  մեկնում է Սեմապալատինսկ`հնգամյա ռուսական դպրոցում սովորելու:

Այդ շրջանում ղազախների մոտ ընդունված ավանդույթի համաձայն`հարազատների կամքով ամուսնանում է տասնհինգամյա Ռայխանի հետ (1917թ.): Համատեղ կյանքի ընթացքում նրանք ունենում են երկու երեխա`Մուգամիլյան  (1918-2009թթ.)  և  որդին` Չոկանը,ով մահանում է վաղ տարիքում: 1920թ. Աուեզովն ամուսնալուծվում է` իր մոտ պահելով աղջկան: Շուտով նորից ամուսնանում է, այս անգամ Աբայի թոռնուհու`Կամիլեի հետ: Բայց այս ամուսնությունը ևս կարճ է տևում: 

Մանկության մասին հիշողություններում Մուխթար Աուեզովը միշտ հիշատակում էր պապին`Աուեզին, որի անունով էլ նրան կոչել էին: Իր ինքնակենսագրականի մեջ ևս անդրադարձ է կատարում նրան. «Ես հինգ- վեց տարեկան էի, երբ մի օր երեկոյան պապս որոշեց ստուգել, թե արդյոք չեմ հասունացել գրագիտության համար և իսկույն ստիպեց ինձ կրկնել մի քանի բառեր, որոնք սկսվում էին ռ տառով: Անիմաստ էր անգամ մտածել  գրագիտության մասին, քանի որ ես չէի կարողանում պարզ արտաբերել ռ  հնչյունը, որովհետև մոլլաները պտտում էին այն երեխաների լեզուները, ովքեր ինձ նման չէին կարողանում այն արտաբերել. սա անթույլատրելի էր. չէ որ առաջին դասերը սկսվում էին «Ղուրանի» առաջին բառերով`բիսմիլլահի ռահմանի ռահիմ… (Հանուն ամենակարող տիրոջ...): Դրանից հետո պապս իր վրա վերցրեց ինձ ուսանելու պարտավորությունը...: Ինձ կանչեցին նեղլիկ յուրթ, որտեղ պապս էր նստում: Երբ տեսա նրա առջև դրված հատափոր գրքեր, հասկացա` ինչու էր ինձ կանչել: Նա սկսեց ինձ ցույց տալ  արաբական հարֆերը, որոնք գրված էին գրքերում, իսկ այնքան դժվար էր դրանք արտաբերել...: Այդ հաստափոր գրքերից մեկը Աբայի բանաստեղծությունների հավաքածուն էր, որը պապիս խնդրանքով խնամքով հավաքել և արտագրել էր մոլլան»: 

Երբ 1919թ. Սեմապալատինսկում վերջնականապես հաստատվում է խորհրդային իշխանությունը, Աուեզովը անդամակցում է Բոլշևիկյան կուսակցությանը և պաշտոններ զբաղեցնում նախ` Սեմապալատինսկում, ապա` Օրենբուրգում` չդադարելով նաև ստեղծագործել: 

1922թ. աշնանը ‹‹կուսակցական կանոնադրությունը չպահելու›› և ‹‹ազգայնականության դրսևորման›› մեղադրանքով նրան հեռացնում են Բոլշևիկյան կուսակցության շարքերից: Թողնելով Օրենբուրգում զբաղեցրած պաշտոնը`նա ձևակերպվում է որպես ազատ ունկնդիր Տաշքենդի Միջինասիական համալսարանում: Զուգահեռաբար աշխատում է «Շոլպան» թերթում:  1923թ. ընդունվում է  Լենինգրադի պետական համալսարան, որտեղ էլ ծանոթանում է արդեն երրորդ կնոջ`Վալենտինա Կուզմինայի հետ: 1928թ. ավարտելով այս համալսարանը, Աուեզովը կնոջ և աղջկա`Լեյլա Աուեզովայի հետ, մեկնում է Տաշքենդ և սովորում Տաշքենդի Միջինասիական համալսարանի ասպիրանտուրայում:

1930թ. նա  մեղադրվում է ղազախ երիտասարդ գրողների «Ալկա» կոչվող միության  հետ համագործակցելու մեջ, որի հետևանքով մոտ երեք տարի անցկացնում է բանտում: Վերադառնալով ազատություն` դասավանդում է Ալմա-Աթայի համալսարաններում, զբաղվում է արդեն զուտ ստեղծագործական գործունեությամբ, դասախոսություն է կարդում ամենատարբեր համալսարաններում: Եվ արդեն 1933թ. նա հրատարակում է Աբայ Կունանբաևի բանաստեղծությունների ամբողջական հավաքածուն («Абай Кунанбайулы толық жинақ»): Նա դառնում է 1937թ.  ստեղծված Ղազախստանի գրողների միության ամենավառ դեմքերից: Ռուս գրող Լեոնիդ Սոբոլևի հետ համագործակցության արդյունքը լինում է «Աբայ» ողբերգությունը, որի պատմում է պոետի կյանքի վերջին տարիները (սա ռուս գրողի հետ նրա առաջին համագործակցությունն էր, որը հետագայում շարունակվում է): 1942թ. լույս է տեսնում «Աբայ» վեպի առաջին գիրքը: Այս տարիներին չորրորդ անգամ ամուսնանում է արդեն  Ֆաթիմա Գաբիտովի հետ, որից էլ ծնվում է ապագա գիտնական-ազգագրագետ Մուրադ Աուեզովը: 

1947թ. հատարակվում է «Աբայի ուղին» վեպի երկրորդ գիրքը, իսկ հաջորդ տարի երկու գրքերը միասին հրատարակվում են ռուսերեն: 1947թ. Ղազախստանի կոմկուսը շարունակում է գրողի նկատմամբ ճնշումները` «ազգայնական» գաղափարներ տարածելու պատրվակով: Ձերբակալությունից խուսափելու համար նա գաղտնի հեռանում է Մոսկվա և երկու տարի շարունակ Մոսկվայի պետական համալսարանում  դասավանդում է ղազախ գրականություն: Հենց Մոսկվայում էլ ավարտում է«Աբայ» տետրալոգիան: Պետք է նշել, որ Մոսկվայում նրան ընդունում են բավական ջերմ, նա այստեղ ունենում է բավական հաջողություններ, որից հետո վերադառնում է Ալմա-Աթա:

1952թ. «Աբայ»  վեպը վերջապես ամբողջական` երկու գրքի տեսքով, հրատարակվում է ղազախերեն: 1955թ.Աուեզովն ընտրվում է Ղազախստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության  IV նստաշրջանի Բարձրագույն խորհրդի պատգամավոր: 

1959թ. «Աբայ» վեպի համար ստանում է Լենինյան մրցանակ, նույն թվականին ընտրվում է ՂԽՍՀ  V նստաշրջանի  Բարձրագույն խորհրդի պատգամավոր:1960թ. մի շարք խորհրդային գրողների հետ մեկնում է ԱՄՆ: Տպավորված դեպի Ամերիկա այցելությունից`նա գրում է  «Ամերիկյան տպավորություններ» մենագրությունը և «Երիտասարդ ցեղ» վեպը:

1961թ. մեկնում է Մոսկվա բուժման նպատակով, ուր և մահանում է նույն թվականի հունիսի 27-ին: Թաղված է Ալմա-Աթայում:


''Ստեղծագործությունները''


Աուեզովը ղազախ գրականություն է բերել մի շարք նորություններ, մասնավորապես ղազախ արձակի համար: Նա համարվում է ղազախ դրամատուրգիայի և վեպի ժանրի հիմնադիրը: Աուեզովյան  պատմվածքներն ու վիպակները ղազախ գրականության համար նոր ձեռքբերումներ էին: Իր վրա կրելով ռուսական դասական գրականության ազդեցությունը`Աուեզովը ղազախ գրականություն էր ներմուծում նոր թեմատիկաներ, նոր սյուժեներ և մոտեցումներ: Աուեզովյան պատմվածքների ու վիպակների հիմնական հերոսները առօրյա կենցաղով ապրող ղազախներն էին`իրենց կենցաղային ու սոցիալական խնդիրներով: Կարելի է ասել, որ հեղինակի համար ստեղծագործությունների թեմաների ընտրության համար ազդակ էին ծառայում պատմական իրադարձությունները: Այսպես, եթե 1920-ականներին գրված ստեղծագործությունները պատկերում էին պարզապես ղազախական աուլն ու ղազախ գյուղացիների կենցաղը, ապա 1930-ականների ստեղծագործությունները գլխավորապես կոլխոզի թեմայով էին: Ընդ որում, հեղինակը դրականորեն էր ներկայացնում կոլխոզում աշխատող ղազախներին`նրանց օժտելով բացառապես դրական հատկանիշներով: Կամ շատ հաճախ գլխավոր հերոսների ողբերգական մահով հեղինակը ցույց էր տալիս հետամնաց ղազախական ավանդույթների  անհեթեթությունը և այլն: Աուեզովի գրեթե բոլոր տեղծագործություններում կարելի է տեսնել  ղազախական կյանքը պատկերող հարուստ նկարագրություններ:  Թեև Աուեզովը հեղինակել է մի շարք պատմվածքներ, վիպակներ ու պիեսներ, ինչպես նաև գրականագիտական հոդվածներ, սակայն նրա ստեղծագործական գոհարը «Աբայի ուղին» քառահատոր վեպն է`նվիրված Աբայ Կունանբաևի կյանքին ու գործունեությանը: 

Ստեղծագործությունները 

*« Աբայի ուղին» վեպ-էպոպեա

*« Դժվարին տարի» վիպակ 

*« Ողբի բախտը» (1921)

*« Անցյալի ստվերներում» (1925)

*« Գորշ արյունարբուն» (1929)

*«Զառիթափ»

*«Արծվակիր որսորդը»

*«Անպաշտպանների ճակատագիրը» պատմվածք

*«Ո՞վ էր մեղավոր» պատմվածք (1923)

*«Ամուսնություն» պատմվածք (1923)

*«Ուսյալ քաղաքացին» պատմվածք (1922)

*«Տափաստանային պատկերներ» (1922-23)

*«Բայբիշե-թոկալ» («Կանայք-մրցակցուհիները») պիես

*« Գեղեցկուհին սգի մեջ» պատմվածք 1925

*«Կրակոց լեռնանցքում» վիպակ

*« Այման-Շոլպան» պիես

*«Քարագյոզ»

*«Լուսաբաց»

*« Սահմանագծին» պիես/վիպակ

*«Փորձության պահին»վիպակ

*«Խնձորի այգում»պիես և այլն


Գրականություն


# Ауэзов Мухтар, Мысли разных лет (сборник статей), Казгосизд Худ. Лит, Алма-Ата, 1961

# Ауэзова Лейла, Исторические основы эпоэеи «Путь Абая», Академия Наук Казахской ССР, Алма-Ата, «Наука», 1969

# Билиографический указатель на творчеству Мухтара Ауэзова, Алма-Ата, «Жібек Жолы», 2005

# Каратаев М., Мухтар Ауэзов: заметки о творчестве,  «Жазушы», 1967

# Лизунова Е., Дюсенбаев И., Мухтар Ауэзов к 60-летию, КазГосИзд Худ. Лит., Алма-Ата, 1952

# Мухтар Омарханович Ауэзову, Сборник статей к его 60-летию, Академия Наук  Казахской ССР, Алма-Ата, 1959

# Әдебиет туралы, Әуезов Мұхтар, Алматы, «Санат», 1997

# Зейнолла Қабдол ,Әдеби шығарма, ғылыми зерттеу бәрі Әуезов туралы, Алматы, «Санат»,  1997

# Қазақ әдебиеттану ғылымыны тарихы, I том, Алматы, «ҚазАқпарат»,  2008