Jump to content

Մասնակից:HaykoKhachatryan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
  1. Չմեռնիմ, իմ էրգիր մեկլե տեսնիմ, նոր մեռնիմ
  2. Գոհար Շահբազյան- Մանուկյան-2015թ
  3. “Չմեռնիմ, իմ էրգիր մեկլե տեսնիմ,նոր մեռնիմ” տատիս վերջին խոսքերը մահից առաջ 1982թ-ին Երևանում: Տատս`Օսան Մանուկյանը ծնվել է 1900թ-ին Տաճկահայաստանի Բիթլիսի վիլայեթի,Մուշի գավառի, Վերին Բուլանըխ գավառակի, Խաչ լճի հարավ արևելքում գտնվող Քեքառլու գյուղում: Ես, նրա թոռը`Գոհար Շահբազյանս-Մանուկյան կփորձեմ շարադրել հիշողություններս նրա պատմածներից այդ ահեղ տարիների մասին և տեսածներս,որ կատարեցի 2008թ-ի հուլիս և օգոստոս ամիսներին այցելելով մեր կորուսյալ և սուրբ երկիր`Արևմտյան Հայաստան(Տաճկահայաստան): Պապս`Միքայել Գալուստի Մանուկյանը ծնվել է 1875թ-ին Բիթլիսի վիլայեթի (Տուրուբերան նահանգ),Մուշի գավառի,Վերին Բուլանըխ (Հարք) գավառակի Համզաշեյխ գյուղում,որը գտնվում էր Մուշ քաղաքից հյուսիս արևելք Կոփ և Մանազկերտ քաղաքների շրջակայքում, Արևելյան Եփրատի(Արածանի) և Խաչլու լճի միջակայքում:Հենց այդտեղ պապերիս երազների աշխարհ` Համզաշեյխում էին ապրում Մանուկյանները իրենց գերդաստանով: Ընտանիքի հայրը`Գալուստը և մայրը`Բեզոն ունեին չորս որդի և մեկ դուստր Միքայել, Հրաչ,Մնացական,Մանուկ և Ջավահիր անուններով:Որդիները ամուսնացած էին,Միքայելը ամուսնացած էր Նազլուի հետ,բայց համատեղ ամուսնության քսան տարիների ընթացքում`նրանք երեխաներ չէին ունեցել,իսկՄանուկը,Հրաչն ու Մնացականը ունեին հինգական երեխաներ:1882թ-ին ծնված նրանց կրտսեր եղբայրը`Մանուկը մեծ դեր է ունեցել մեր այս պատմության մեջ,որի մասին կպատմեմ ընթացքում: Նրանց քույրը`գեղեցկուհի Ջավահիրը,որը 1915թ-ին տասնհինգ տարեկան էր,ամուսնացած չէր ու վայելում էր իր ծնողների և եղբայրների անսահման սերն ու հարգանքը,որպես միակ,գեղեցկադեմ ու համեստ դուստրը գերդաստանում:Շատերն էին երազում գեղեցկուհուն,բայց ավաղ նրա համար ուրիշ բախտ էր սամանված ի վերուստ:Մանուկը շատ կապված էր իր մեծ հորեղբոր` Արևշատ ամու երեխաների Ալեքսանի(Ալեքի),Կոստանի և քույր Գյարդանի հետ:Կոստանը իր հասակակիցն էր,ծնվել էր 1883թ-ին,ընդամենը մեկ տարով էր փոքր Մանուկից ու երևի հասակակիցներ լինելն էր նրանց մտերմության պատճառը:Գալուստի երեխաները շատ մտերիմ էին նաև իրենց մյուս հորեղբոր որդիների`Գենջոյի,Ղեվոնդի ու քույր Նարգիզի հետ,Հարություն ամու աղջիկ` Թազագյուլի,հորաքույրների աղջիկներից`Ազնիվի,Վարդուշի հետ: Մանուկյանների գերդաստանը շատ մեծ էր,եթե հորեղբայրների,հորաքույրների,մորաքույրների ու քեռիների ընտանիքների անդամներին էլ հաշվեինք, ապա գյուղի կեսը կկազմեին:Գալուստի ընտանիքը ճաշի էր նստում քսանվեց հոգով:Սեղանի գլխավերևում նստում էին նրա հայրն ու մայրը ,որոնք բոլորի հարգանքն էին վայելում:Ոչ ոք նրանց ներկայությամբ իրավունք չուներ բարձրաձայնելու,չնայած նրան, որ բոլորն էլ երեխաների հայր էին ու մայր:Իսկ երբ հյուր էին գալիս Գալուստի եղբայրներն ու քույրերը իրենց որդիներով ու հարսներով,արդեն պատկերցնելն անհնարին էր:Համզաշեյխում Մանուկյանների գերդաստանին այլ կերպ էլ էին կոչում “մոզիկ մնեներ’’, երևի այն պատճառով,որ այդ ընտանիքի շատ անդամներ երկու անգամ էին ամուսնացել ու կինը կամ ամուսինը նախկին ամուսնությունից երեխա էր ունեցել,այսինքն իր հետ մոզի էր բերել նոր կազմված ընտանիք:Աշխատավոր,հողին նվիրված,ավանդապահ,աստվածապաշտ մարդիկ էին Մանուկյանները:Արթնանում էին վաղ առավոտից ու բանում մինչև ուշ երեկո: Ընտանիքը չորս լուծ եզ, չորս գոմեշ,գութան,արոր-չութ ուներ, որով հողն էին մշակում,ցանում ու հնձում(ասում են,թե ամենալավ ցորենն աճում էր հենց այս տարածքներում),տնամերձում բանջարեղեն մշակում, գյուղի շարունակությունը կազմող անտառից տանձ ու խնձոր, պոպոկ ու կաղին բերում,տարբեր հատապտուղներ,սունկ հավաքում,անասնապահությամբ,թռչնապահությամբ,մեղվապահությամբ էին զբաղվում:Ամռանը, երբ Մշո դաշտում գազպե էր ցողում,որին տեղացիները երկնային մանանա էին անվանում,հայ ընտանիքները սիրով այն հավաքում էին ու պահում ձմռան համար իբրև “մեղրի” պաշար:Մանան`մշեցիները դրախտի սնունդն ու աստծո պարգևն էին համարում իրենց,իսկ Մշո դաշտն էլ լինելով արգավանդ ու բարեբեր,աստծո ստեղծած ամեն բարիքներով առատ,կարծես ստեղծված էր հենց իրենց`մշեցիների համար:Մշեցիները հարուստ էին ոչ միայն բնության պարգևներով, այլ նաև իրենց բազմանդամ ընտանիքներով և ուշիմ երեխաներով,որոնց թիվը յուրաքանչյուր ընտանիքում հինգից ավելի էին:Պաշտում էին Մանուկյանները իրենց հողն ու ջուրը,իրենց հայրենիքը,իրենց վաթանը:Մանուկյանների ընտանիքում յուրաքանչյուրը գիտեր իր գործը ու գործին վերաբերվում էին սիրով ու պատասխանատվությամբ:Մշո դաշտի գյուղերի նուրբ սովորույթներից էր շաբաթ երեկոներին գյուղացիների այցի գնալը Թուխ Մանուկի սրբավայրին:Մշո դաշտի համարյա բոլոր 105 հայաբնակ գյուղերն էլ ունեին իրենց Թուխ Մանուկների սրբավայրերը, ուր թաղված էին տեղացի կտրիչ հերոսները:Համզաշեյխի Թուխ Մանուկի մասին ասում էին”թե նա քրդու լամուկ էր եղած և քրիստոնյա դառնալով նահատակվել և սուրբ էր դարձել“: Հերոսների գերեզմանների վրա կառուցված մատուռները սրբացվել էին հայերի կողմից ու սրբատեղիներ դարձել:Գյուղերի բոլոր մեծահասակները,մանավանդ կանայք` մոմ ու խունկ,ձեթ վերցրած այցի էին գնում Թուխ Մանուկին,այնտեղ մոմ վառելով,մատաղ անելով իրենց հոգու մրմունջն էին ուղարկում առ աստված “Աստված ողորմի մեր նախնյաց հոգվոյն” այսպես էին սկսում իրենց աղոթքները մեր նախնիները,յուրաքանչյուրը իր սրտի բաղձանքը մրմնջալով,բոլորն էլ իրենց տառապած հայրենիքին խաղաղություն էին աղերսում,իրենց ընտանիքներին բարեկեցություն,հաջողություն ու առողջություն: Հիշում եմ, տատիկս մինչև մահվան օրը. իր նեղ օրերին օգնության էր կանչում, ամենանուրբ բառերն ուղղելով` ամենակարող Թուխ Մանուկին,ակնկալելով նրանից հույս ու փրկություն նեղ վիճակից: Մանուկյանների ընտանիքի տղաներից` երեքը տառաճանաչությունը սովորել էին իրենց գյուղի հարևանությամբ գտնվող սբ.Դանիելի վանքում,հետո ամուսնանալով մնացել էին իրենց ծնողների մոտ:Ապրելով ծնողների հետ, իրենց կանանցով և երեխաներով,լինելով ավանդապահ մարդիկ,մեծ հարգանք էին տածում նրանց նկատմամբ: Վաղ առավոտից մինչ ուշ երեկո զբաղված էին տան ամենօրյա հոգսերով ու աշխատանքներով:Տան կրտսեր որդին`Մանուկը, լինելով շատ ուսումնատենչ ու ընդունակ պատանի, ծնողները նրան Մուշ էին ուղարկել`ամու տուն,որպեսզի կանոնավոր ուսում ստանար: Ավարտելով Մշո Առաքելոց վանքում գործող դպրանոցը և լինելով ուսումնական մարդ,հաճախ էր լինում Առաքելոցում ու Մուշում:Նրա հոգուն շատ մոտ էր իր երկրում կատարվող ամեն ինչ`սկսած ազատագրական շարժումներից, նրանց ղեկավարող Ֆիդայիներից, վերջացրած քաղաքականությամբ`դաշնակցական,հնչակյան ու ռամկավար կուսակցությունների աշխատանքներին հետևելու,հետաքրքրվելու ու մասնակցելու ցանկությամբ:Մանուկյանները լինելով բացարձակ հավատացյալ քրիստոնյաներ` ջերմեռանդ աղոթում էին,գիտեին բազմաթիվ աղոթքներ սուրբ գրքից`ավետարանից,գիտեին հայկական բանահուսությունը, հեքիաթները, “Սասունցի Դավիթ” էպոսը պատմում էին իրար մեծ սիրով ու նրանից արտասանում բազմաթիվ հատվածներ: Տարոն աշխարհի ամենաշատ պատմվող ու բանավոր միմյաց փոխանցվողը ”Սասունցի Դավիթ”էպոսն էր,որ մշակել ու կատարելության էր հասցրել Գարեգին Սրվանձտյանը:Մշեցիների կողմից շատ էր կարդացվում նաև Գարեգին Սրվանձտյանի խմբագրությամբ լույս տեսնող”Լրատար Արծվիկ Տարոնո”լրագիրը,որը ամեն անգամ տուն գալիս, բերում էր Մանուկը ու կարդում իր ընտանիքի անդամների և համագյուղացիների համար:Ում հայտնի չէին Համզաշեյխի հեքիաթները,որ բերանացի գիտեին բոլոր մշեցիները:Իսկ Խաչ լճի շրջակայքի գյուղերի մարդիկ հավատացած էին,որ ըստ ավանդույթի`Սասունցի Դավթի Թուր Կեծակին գտնվում էր հենց իրենց` Խաչ լճի հատակին,որը ավելի խորհրդավոր էր դարձնում այն:Դրա համար էլ լճի շրջակայքում գտնվող ամենամոտ գյուղերի Շեյխ Յաղուբի,Քեքառլուի,Խաչլուի,Փիրանի, Խարաբաշեհիրի բնակիչները պաշտում էին իրենց քաղցրահամ,ձկնառատ գեղեցկուհուն ու իրենց կյանքի լավագույն օրերը և հիշողությունները կապում նրա հետ:Երբ տատս պատմում էր իր լճի մասին,նրա ձայնը դառնում էր դողդոջուն,շրթունքը կախվում էր ու չէր կարողանում այլևս շարունակել այն պատմությունները,որոնք փառաբանում էին իր Էրգրի գեղեցկությունը:Նա այնքան կենդանի էր նկարագրում իր լիճը շրջապատող սարերի ժայռեղեն ափերի մասին,որոնք բացված թրերի տեսք ունենալով, մխրճված էին կապույտ ջրերի մեջ, թույլ չտալով ժայռերի կողմերից ջրին մոտենալու ոչ մի հնարք կատարելու մասին:Հետո էլ նկարագրում էր լճի հակառակ կողմի կանաչով պատված դաշտերի մասին,որոնք միանալով երկնքի կապույտին լուծվում էին լճի կապույտ ջրերում, ստեղծելով մի աննման տեսարան,որը Հարք գավառի բնակիչների վայելքի ու կյանքի աղբյուրն էին համարվում:Իմ մանկությունն էլ է անցել Տարոն աշխարհի բնության աննկարագրելի տեսարանների նկարագրով`Նազիկ,Նեմրութ ու Վանա լճերի աննման գեղեցկության գովերգումով,Սասունցի Դավիթ էպոսի,Տարոն աշխարհում ստեղծված հեքիաթների ու երգերի պատումներով ու պատմություններով լցված գիշերներով,որ ագահորեն լսում ու կլանում էի և որոնք էլ դարձան հիանալի դպրոց իմ մարդ տեսակի ձևավորման և գեղագիտական ճաշակի զարգացման համար:
  4. Հաճախ էր Մանուկը այցի գնում իր սիրելի Մուշ քաղաք,որը գտնվում էր Ծիրնկատար և Կուրտիկ լեռների փեշերին, Մեղրագետի վտակ Մուշ գետի աջ և ձախ ափերին:Երկար քայլում էր գետի ափերով,մտնում էր այն բոլոր տասներկու ջրաղացները,որ աշխատացնում էր Մուշ գետի ջրերը և ոռոգում էր քաղաքի ու նրա շրջակայքի բանջարանոցներն ու այգիները:Քաղաքին հարող դաշտերը թաղված էին ծառաստանների,մրգատու և խաղողի այգիների մեջ,որոնցից այն կողմ բերրի դաշտերի ցանքատարածություններն էին ,ծխախոտի պլանտացիաները ու բազում այգիները ուր բզզում էին անհաշիվ մեղուները իրենց մեղվափեթակների շուրջ:Մանուկը հիացմունքով էր նայում լեռների թեք սարալանջների վրա ամֆիթատրոնաձև կառուցված 1-2 հարկանի կավաշեն,տափակ կտուրներով տներին,որոնք ամբողջացնում էին Մուշ քաղաքի տասներկու թաղերը`Բերդի,Բրուտի,Դաշ,Դուզ,Խուրդենց,Ձորի,ս.Մարինեի,Մինարա, Ջիգրաշենի, Ջերին,Սուֆրա և Քըլոթանը: Հայերը հիմնականում ապրում էին Մուշի հայկական քաղաքամասի Բրուտի,Ձորի,Ս.Մարինեի,Ջիգրաշենի և Վերին թաղերում:Հարավում երեվում էին Ծիրկատարի և Կորդուխի լեռնագագաթները,Տավրոսի լեռնաշղթան, Հայաստանի գեղեցկագույն գագաթներից մեկը` Նեմրութը և Սասունի լեռները,որոնք եզրափակում էին 66 կմ հյուսիս արևմուտքից մինչև հարավ արևելք ձգվող Մշո դաշտը:Մանուկի համար սիրված վայր էր Բերդի թաղը,ուր դեռևս պահպանված էին Գայլ Վահան Մամիկոնյանի կողմից կառուցված Մշո բերդը,որին թուրքերը Գայլի թաղ (Ղուրթ մահլա) էին անվանում,բերդի ավերակներից պահպանված էին նաև Մուշեղի,Աստղաբերդի,Հողեբերդիկի ավերակները:Հենց այդ բերդերի ավերակների պատճառով էր,որ քաղաքի այդ մասին Բերդի թաղ անունն էին տվել,որը և հիշեցնում էր մշեցիներին իրենց դարավոր գոյության մասին իրենց սիրելի Մուշ քաղաքում:Քաղաքի Ձորի թաղը առանձնահատուկ նշանակություն ուներ Մանուկի համար,ուր նստում էր ժամերով` ծառերի հովին ու զմայլվում էր սարն ի վեր ձգվող այգիներով շրջապատված տներով,հենց այդտեղ էլ հանդիպել էր իր կյանքի սիրուն` Վարսենիկին ու նրանից հինգ երեխա ունեցել: Սիրում էր Մանուկը ման գալ Քըլոթան թաղում (մահլայում) գտնվող շուկայում,ուր 800 խանութներից ու կրպակներից 500 պատկանում էին հայերին,որտեղ վաճառվում էին աշխարհի բարիքները ու հայերի ստեղծած ձեռքի ու մտքի շնորhքները:Ստեղծված բարիքները Մուշի շուկա էին բերում ամեն տեղից հեռավոր ու մոտակա գյուղերից ու քաղաքներից`Բիթլիսից (կամ Բաղեշից,որի հետ սալահատակված ճանապարհ կար),Վանից,Դադվանից,Սասունից,Խնուսից,Խլաթից,Խարբերդից,Դիարբեքիրից(Տիգրանակերտ),Մանազկերտից,Բասենից,Կոփից,Գենջից,Սղերդից,Խիզանից,Զոխից,Ճապաղջուրից,Հազոից,Ռեդվանից և այլ շատ ու շատ հայկական քաղաքներից ու գյուղերից:Ամենուրեք լսվում էր հայկական բառն ու բանը,ամեն ինչ շնչում էր հայերենով,հայերեն խոսքով ու աղոթքով:Սակայն Մանուկի համար ուխտատեղի էր դարձել Սաչկի դուրանի Կողու թաղի գերեզմանատունը` ուր թաղված էր հայ ազգի պարծանքը`Գևորգ Չաուշը, ուր ամեն անգամ այցի գնալիս Մանուկը խոնարհվում էր նրա շիրիմին ու երկար ժամանակ չէր կարողանում հեռանալ այնտեղից:Մանուկից տաս տարով էր մեծ Գևորգ Չաուշը (Գևորգ Արոյի Ղազարյանը), Մանուկն էլ նրա նման ավարտել էր Առաքելոց վանքի դպրոցը,նրա սիրտն էլ էր մեծ ֆիդայապետի նման բաբախում ու ցավում իր ազգի համար:Քսանհինգ տարեկան էր,երբ տեղի ունեցավ մեծ հայդուկապետի վախճանը`թուրքերին ու քրդերին ահ ու սարսափի մեջ պահող քաջը` Գևորգ Չաուշը, որի միայն անունը լսելիս սարսափում ու փախչում էին Սասունը,Մուշը ու Վասպուրականը ասպատակող թալանչի թուրքերն ու քրդերը:Նա մասնակցել էր 1894թ-ի Սասունի հերոսամարտին,1901թ-ի Բերդակի ու Առաքելոց վանքի կռիվներին,1904թ-ի Սասունի ապստամբությանը,ղեավարել Իշխանաձորի ու Տալվորիկի կռիվները,1905-07թթ-ին հերոսական մարտեր մղել Կարս գյուղում,Աստղում,Արքավանքում:Բայց դաժան բախտը այլ բան էր նախատեսել նրա համար:1907թ-ի մայիսի 27-ին նրա ջոկատը շրջապատման մեջ ընկնելով Մշո Սոլուխ գյուղի համանուն կամրջի եղեգնուտներում,Մուշի ոստիկանապետ Քյոսա Բինբաշու երեք հազարանոց բանակի դեմ 80 հոգով մի ամբողջ օր անհավասար մարտերից հետո Սոլուխ գյուղի մատույցներում վիրավորվել ու նահատակվել էր: Հեռանալով այս աշխարհից, Գևորգ Չաուշը պատգամել էր. “Բարևս տարեք իմ Վազգեն որդուն,Անդրանիկին ու իմ ժողովրդին”անմահ խոսքերը,զգալով,որ միայն Անդրանիկը կարող էր ղեկավարել ու փրկել իր սիրելի ժողովրդին վերահաս արհավիրքից:Երեք օր Մուշը հրաժեշտ էր տալիս իր սիրելի ու իր կյանքը ամբողջովին իր ժողովրդին նվիրած որդուն,դիակառքով` Շոպենի երաժշտության հնչյունների ներքո, զինվորական նվագախումբը և Մշո ամբողջ հայությունը նրան ուղեկցում էր դեպի հավերժություն:Նրա մահից մեկ օր առաջ թուրքերը թաղում էին իրենց Քյոսա Բինբաշուն,որին կյանքից զրկել էր մեծ ֆիդայապետը: Ինչ գիտեր Մանուկը,որ տարիներ հետո ինքն էլ է հետևելու մեծ հայդուկապետին`իր կուռքին և ինքն էլ է լրացնելու ֆիդայիների շարքերը ու կռվելու մեր ազգի մյուս պարծանքի`մեծն Անդրանիկի կողքին:
  5. Շատ եմ լսել Մշո գավառի կազմի մեջ մտնող Մանազկերտի,Բուլանըխի,Վարդոյի,Մշո և Սասունի գավառակների մասին:Ուզում եմ կրկին անգամ թվարկել Բուլանըխ գավառակի(պատմական Հարքի) գյուղերի անուները,որոնք մտել են գավառի կազմի մեջ մեծ արհավիրքի տարիներին, որպեսզի երբեք չմոռացվի և հիշվի իմ ընտանիքի յուրաքանչյուր անդամի և իմ ժողովրդի կողմից, քանի որ պապս և տատս հենց Վերին Բուլանըխից էին`Ալիբոջան,Բլուր,Թեղուտ,Լաթար,Խաչլու,Խարաբաշեհիր,Կարաղըլ,Կոփ,Համզաշեխ,Մեջիթլու,Միրիբար,Յոնջալու,Շեյխ Յաղուբ,Շիրվանշեյխ,Ոտնչոր,Փիրան,Քաքառլու գյուղերով: Վերին Բուլանըխի կենտրոնը համարվում էր Կոփ քաղաքը,որը շատ հեռու չէր Մանազկերտ քաղաքից ու Խաչ լճից,ու գտնվում էր նրանցից հյուսիս ընկած տարածքում:Բլեջան լեռնաշղթան Վերին Բուլանըխը բաժանում է Ներքին Բուլանխից,որի գյուղերն էին` Ագրակը,Ալագյազը,Ապրին,Առնջիկը,Ատկոնը,Բրգաշենը,Գեաբոլանը,Լիզը,Խոշգյալդին,Կողակը,Կոպոն,Մոլլաքենդը,Շեյխվալին,Տըրտոփը,Փիոնքը,Աբրան,Ազուն,Ալիգետիկը,Ալիկուլաղը,Արին,Հակրակը,Կոպակը,Մեծիկը,Բայրաման,Կաղապարը:Ուզում եմ նշել նաև Բիթլիսի նահանգի մեջ մտնող և Հայ ազգի դարավոր պատմության ընթացքում, նրան ուղեկցող մի շարք նշանավոր վայրերի անունների մասին,ինչպես օրինակ լեռնագագաթներից`Նեմրութի,Մարութասարի,Անդոկի,Բլեջանի,Կուրտիկի,Հավատամքի,Սուրբ Լույս լեռան,Խուլբի, Բինգյոլի,Սիփանի-լճերից Խաչ կամ Խաչանի,Նազիկի,Նեմրութի,դաշտերից`Մուշի,Բուլանըխի,Մանազկերտի և Խլաթի մասին: Բիթլիսի վիլայեթով էին հոսում նաև Արևելյան Եփրատ(Խնուս,Մուշ,Գինեկ վտակներով) ու Տիգրիս գետերը իրենց բազմաթիվ վտակներով:Ամբար,Խուլբ,Բաթման,Տալվորիկ,Սասուն,Սալնա,Բաղեշ,Խիզան գետերը թափվելով Տիգրիսի մեջ,որը սկիզբ առնելով Ծովք լճից, իրենց աննման հովիտներում կազմավորել էին մի դրախտային ու սուրբ երկիր: Իզուր չէ, որ Տիգրիս,Եփրատ,Փիսոն(Ճորոխ) և Գեհոն(Արաքս) գետերի միջակայքը համարվել է Եդեմի տեղը ու այդ տեղում էլ հենց պապերիս երկիրը:Տատս ու պապս`Արևելյան Եփրատի(Արածանի) և Արևելյան Տիգրիս գետերի ակունքներում սրբավայր հանդիսացող տարածքներից,այսինքն մարդկության ամենահին քաղաքակրթության օրրանից` Տարոն աշխարհից էին:Այդ դրախտային երկրի հենց կենտրոնում էլ գտնվում էր մշեցու հոգու ու սրտի սիրելին,հայրենիքը,կյանքը,երազանքն ու ապրելու իմաստը հանդիսացող`Մուշ քաղաքը:Բավական է նշել միայն Մեսրոպ Մաշտոցի,Վարդան Մամիկոնյանի և Մովսես Խորենացու անունները,որոնք Տարոն աշխարհի հանճարեղ ծնունդներն էին,որպեսզի պարզ լինի այն գերբնականը,որ կարող էր տալ Տարոն աշխարհը հայ ժողովրդին:Տարոնի սիրտն էր Մուշ քաղաքը, որի հիմնադրումը կապվում էր հայերի վաղնջական ժամանակների հետ,բայց ավելի ուշ`Գայլ Վահան Մամիկոնյանի անվան հետ:1915թ-ին Մուշը ուներ 25 հազար բնակիչ,որից 12500 հայ(50%),մնացածը թուրքեր և քրդեր:Մուշը Հայոց թեմակալի աթոռանիստն էր:Մուշի հայկական թաղերում գործում էին տարբեր ժամանակներում կառուցված ութ եկեղեցիներ,ուր ամեն օր այցի էին գնում մեր քրիստոնյա հավատացյալ նախնիները, այցելում էին աղոթելու իրենց կողմից կառուցված և պաշտելի դարձածՍ.Ավետարանոց, Ս.Գր.Լուսավորիչ, Ս.Կիրակոս,Ս.Հարություն, Ս.Մարինե,Ս.Սարգիս,Ս.Ստեփանոս,Ս.Փրկիչ եկեղեցիներին: Մայր եկեղեցին համարվում էր սբ. Մարինեն,որը ամենաշքեղն էր,իսկ ամենահինը`Ս.Փրկիչը:Այսօր նրանցից ոչ մեկն էլ չի պահպանվել,բոլորն էլ խոնհարված են,միայն Ս.Մարինե թաղում համանուն եկեղեցու ավերակներն են կանգուն,որը Մուշի կաթոլիկ հայերի սրբավայրն էր,ուր գործում էր Մուրատ Մխիթարյան վարժարանը,օրիորդաց դպրոցը և երկու որբանոցները,որոնք ֆինանսավորվում էին Ստամբուլի հայոց պատրիարքարանի կողմից, որտեղ ապրում և սովորում էին հայ ծնողազուրկ որբուկները:Մուշի բոլոր հայկական թաղերում գործում էին թվով հինգ հայկական դպրոցներ,ուր սովորում էին Մշեցի ուսումնատենչ երեխաներն ու պատանիները:Յուրաքանչյուր մշեցի աշխատում էր,որ իր երեխան կրթված լինի,նրանք մեծ տեղ էին տալիս ուսմանը,իսկ հնարավորության դեպքում անպայման ուղարկում էին իրենց զավակներին երկրից դուրս սովորելու:Բացի ուսումնատենչ լինելը, Մշեցիները ահավոր հավատացյալ ժողովուրդ էին,նրանց հոգում հավատքը առ աստված մի ուրիշ տեղ ուներ,նրանց կյանքի իմաստը քրիստոնեությունն էր ու նրա պատգամները,որը կատարում էին անվերապահորեն, նվիրվածությամբ ու հավատքով,որը և տարավ նրանց կործանման և մահվան,երբ դրվեց նրանից հրաժարվելու պահանջը: Սիրում էին Մշեցիները բոլոր եկեղեցիական տոները,բայց ամենից շատ նրանց հոգուն հարազատ էր Վարդավառի,Բարիկենդանի,Տյառնընդառաջի(Տրնդեզ),Սուրբ Սարգսի,Մեծ ու փոքր Զատիկների տոները,չկար մի հայ, որ այդ օրերին ուխտի չգնար Մշո Առաքելոց(Թարգմանչաց),Մշո Սուրբ Կարապետ,Սուրբ Թադեի,Սուրբ Հովհաննեսի(Եղրդուտի)վանքերը:Վաղ առավոտից Տարոնի և հարակից շրջանների հայությունը հավաքվում էր Առաքելոց վանքից ներքև գտնվող դաշտում,որտեղով հոսում էր Մեղրագետը և իրար վրա ջուր ցողում, երգում ու պարում, իրենց “ջան գյուլումներով”խրոխտ երգերով օդը թնդացնում,ուրախանում ու ճաշակում էին աստծո պարգևած բարիքները:Տատիկիցս մեզ մնացին այն սովորույթները,որ նա ժառանգել ու բերել էր Տարոն աշխարհից:Չնայած համատարած անաստվածության տարիներին,երբ աթեիզմով լվանում էին մեր ուղեղները,տատս արհամարհելով ամեն մի սպառնալիք մեզ` իր թոռներին տանում էր Երևանի Սբ. Սարգիս եկեղեցին յուրաքանչյուր տոնի առիթով պատարագները ու ժամերգությունները լսելու, կատարում բոլոր եկեղեցիական տոների պահանջները`պաս պահում,միչինգ ու աղի բլիթ պատրաստում,զատիկին հավկիթ ներկում,մեռելոցներին եկեղեցի ու գերեզմանոցներ այցելում,տանը աղոթում,խունկ ու մոմ վառում, պարտադրում, որ տերունական աղոթքը սովորեինք,աշխատում էր մեզ հեռու պահել Լենինի արձանին ողջունելու հիմարությունից,հոգու խորքում իմանալով,որ նա մեր ազգի համար Թալիաթից,Էնվերից ու Ջեմալից ոչնչով չի տարբերվել:
  6. Մուշից 4 կմ հարավ արևելք,Ծիրնկատար լեռան լանջին էր գտնվում Տարոն աշխարհի սիրելին` Առաքելոց կամ Գլաձորի վանքը:Դեռևս 4-րդ դարում` հին մեհյանի տեղում Գրիգոր Լուսավորիչի կողմից կառուցված եկեղեցին իր մեջ էր ամփոփել Հռոմից բերված Սուրբ Պողոս և Սուրբ Պետրոս Առաքյալների մասունքները,որի համար էլ վանքը կոչվել էր Առաքելոց: Ժողովուրդը նրան մեծարում էր նաև այլ անուներով` Ղազարու,Սբ Թադևոսի,Թարգմանչաց,Տիրին կատարի վանք:Գեղեցիկ էր Մշո Առաքելոցը,վեհաշուք,պատերի արտաքին երեսները շարված էին սրբատաշ կարմիր ու սև տուֆ քարերով,իսկ ներսից աղյուսապատ էին:Առաքելոցը հայտնի էր դարձել XI դարից,բարգավաճել XII դարում:Սակայն 14-րդ դարում Լենկթեմուրի արշավանքների ժամանակ ավերվելով,14 և 15-րդ դարերում նորից հառնել և դարձել գրչության նշանավոր և գործուն կենտրոն: Տիրնկատարի լանջին 2300մ բարձրության վրա,որտեղից նա վերահսկում էր ամբողջ Մշո դաշտի անդորրը,երբեմնի Մամիկոնյանների տոհմի օրրանը`Տարոն աշխարհի քրիստոնյաների ուխտատեղին էր:Վանքը շրջապատված էր պարիսպներով, ծառաստաններով ու այգիներով,կենտրոնում գտնվում էր Սուրբ Աստվածածին եկեղեցին,հարակից շինություններից բացի, ուներ 40 սենյակ ուխտավորների համար,պարսպից կարելի էր ներս մտնել երկու դռներով`մեկը երկաթյա,որը ուներ 6մետր բարձրություն,մյուսը փայտյա:Առաքելոցի շրջակայքում էին գտնվում Արախ,Հավատորիկ,Բերդակ,Մոկունք հայկական սքանչելի գյուղերը` Առաքելոցի պահապան հրեշտակները արհավիրքի պահերին:Մոտակայքում`Մեղրագետի ափին էր գտնվում նաև Սուրբ Թադեի մատուռը,որի համար Առաքելոց վանքին նաև Թադեի վանք էին կոչում:Եվ’ Առաքելոցը,և’ Սուրբ Կարապետը,և’ Սուրբ Հովանու վանքերը Տարոն աշխարհի հայության մշակույթային,քաղաքական,ուսումնական,ազգային ազատագրական պայքարի կենտրոններից էին:Մուշը,որ սկզբում պատկանել էր Սլկունի,այնուհետևՄամիկոնյան նախարարներին,իսկ 8-րդ դարից սկսած Բագրատունիներին,որոնք հայ իրականության մեջ “մեծ շինարարների” տիտղոս էին վայելում, կառուցելով Հայաստանի մայրաքաղաքներ Անին,Կարսը իրենց բազմաթիվ եկեղեցիներով ու պալատներով,շատ անգամներ են վերանորոգել Տարոն աշխարհի եկեղեցիները,այդ թվում նաև Առաքելոցը,որը բազմաթիվ անգամներ վեր հառնելով կործանումից`ծառայել է հայ ժողովրդին մինչև ահավոր 1915թվականը:Առաքելոցի դերն ու նշանակությունը այնքան մեծ է եղել,որ այնտեղ են թաղվել մեր ազգի պարծանքը հանդիսացող մեծն Մովսես Խորենացին,հայ պատմիչ Ղազար Փարպեցին,մեծն փիլիսոփա Դավիթ Անհաղթը,10-րդ դարի տիեզերական պատմիչ Ստեփանոս Տարոնեցի Ասողիկը,Մամբրե Վերածնողը,Համազասպ և Սահակ Արծրունի իշխանները և հայազգի շատ ու շատ այլ մեծերը:1915թ-ից հետո Առաքելոցը, առանց իր ժողովրդի ներկայության, կանգուն է մնում ևս 45տարի ու վերջնականապես խոնհարվում 1960թ-ին` կարոտ իր ժողովրդից,մատնված անտերության և անտարբերության:Այժմ Տիրնկատարի լանջին մնացել է միայն խոնարհված եկեղեցու ավերակ դարձած պատերն ու երկնքին նայող նկարազարդ խոյակները:Դեռևս կանգուն են գլխավոր գավթի ավերակները,երկնքի կապույտի մեջ սուզված սրբապատկերների ու հոյակերտ մանրաքանդակների մասունքներով ,ևս մեկ տասնամյակ և բնությունը իրենը կանի,ամեն ինչ կսրբի ու կտանի:Խոնհարվեց իր ժողովրդի նման Տարոն աշխարհի երբեմնի հպարտությունը,թողնելով հայերիս`մշեցիներիս հոգում միայն հուշը և ավերակները իր երբեմնի 1600 ամյա փառքից:
  7. Առաքելոցի փառքի գագաթնակետն էր 1901թ-ի աշունը,երբ հայոց հայդուկները զենք բարձրացրին թուրքական բռնապետության դեմ,ասելով,որ մենք կանք,մենք չենք մեռել,ազգը արթնացել է:Երեսունյոթ քաջերով` Անդրանիկի գլխավորությամբ ֆիդայիները ամրացան Առաքելոցի պարիսպներից ներս ու դիմակայեցին թուրքական 6 հազարանոց բանակին,որոնց գլխավորում էին Քեմալ,Սալեհ,Ֆերիկ ու Ալի փաշաները:Ֆիդայիները պահանջում էին. ներում շնորհել հայազգի քաղբանտարկյալներին,տասնորդ տուրքի հավաքումը կատարել հայ գյուղացիների միջոցով,քրդերի կողմից զավթած հայկական գյուղերը վերադարձնել իրենց տերերին,զինաթափել հայկական բնակավայրերը ասպատակող քուրդ ելուզակներին ու վերջապես հայերի համար խաղաղ կյանք ապահովել կառավարության կողմից:Նրանք ցանկանում էին օտարազգի պետություններին իրենց դեսպանների միջոցով ցույց տալ, թե որքան է կեղեքվում ու կոտորվում հայ ժողովուրդը թուրքական բռնապետության ներքո,որ հայ ժողովրդին ուրիշ ելք չի մնում, զինված պայքարից բացի:Սուլթան Աբդուլ Համիդը II-ը պատվիրակություն ուղարկեց ընդունելով հայերի պահանջները,Մշո բանտից ազատելով 31 հոգու,խոստացավ նաև զորքը հեռացնել Տարոն աշխարհից,իսկ հայ ֆիդայիներն էլ. ի պատասխան պետք է հեռանային Առաքելոց վանքից:Կռիվը կատաղի էր,անհավասար` թուրքերը բազմաթիվ զոհեր էին տվել,նրանց մոտ համաճարակ ու հիվանդություններ էին սկսվել,հայերը կռվում էին անձնազոհ,երևի դա էր պատճառը,որ ամբողջ հայ ժողովուրդը իր հոգու ծալքերից դուրս բերեց և իր հերոսներին նվիրեց ֆիդայիների փառքը փառաբանող երգերը: Այնուամենայնիվ, այս կռվում հայը տարավ բարոյական հաղթանակ,բայց թուրքը դա չմոռացան… Առաքելոցի կռվին մասնակցել է նաև պապս` Միքայել Մանուկյանը,մի հսկա քսանվեցամյա երիտասարդ,որի մասին հետագայում պատմում էր իր ընկերը` մշեցի Բանդոն,ասելով, որ նրա հուժկու բազուկներից ոչ ոք չէր կարող ազատվել,իսկ հաստ մատներով կարողանում էր նույնիսկ քարը ջարդել:Անառիկ էր Առաքելոցը,ոչ միայն իր դիրքով,պաշտպանվածությամբ,այլ նաև իր քաջերով,որոնց անունները երբեք չեն մոռացվի ոչ մի հայի հոգուց ու սրտից: Մարդկային երևակայությունից դուրս է` երեսունյոթը ընդեմ վեց հազարի:Ահա այդ քաջերի անուները`Անդրանիկ,Գևորգ Չաուշ,Հրայր,Յահուդի Բարսեղ,Կայծակ Վաղարշակ,Հաջի Հակոբ,վարդապետ Հովհաննես,Մշեցի Միքայել Մանուկյան(Ղազո),Իսրո Կորյուն,Մոկացի Ասատուր,Արաբ Ավդուլ,Սեյդո Պողոս,Ալվառինջի Վարդան,Անդրո ու Միսաք եղբայրներ,Խասգյուղցի հայդուկ Մկրո,Կամոյի Չադո,Եղո,Բերդակցի Մուրադ,Տալվորիկցի Սարգիս,Սողգոմցի Սիմոն,Արախցի Սերոբ,Մխիկ ուԵլո Մանուկյաններ,Մկրտիչ Պոտեյան,Խուրշուդ Հակոբյան,Նիկողոս Հարոյան,Վելո Հլղաթյան,Ցրոնքցի Մուրադ,Խաչիկ Մանուկյան,Սահակ Թաթիկյան,Մովսես Բոնդեյան,Ալեքսանդր Նիկողոսյան,Արախցի Արամ Խուրշուդյան,Մառնեկցի Բոզե,Մոկացի Մելքոն,Քարիմ:Այն ժամանակվա հայ ժողովրդի լուսապսակը կազմող մարդիկ,մարդիկ,որոնք գիտեին կռվել ու կռվում էին հերոսաբար,մինչև արյան վերջին կաթիլը:Բերդը երկար պաշարման մեջ պահելուց թուրքերը կատաղել էին, սպառնում էին, պայթեցնել այն,եթե ջանֆիդայիները չհեռանային Առաքելոց վանքից:Միայն 31 օր հետո` գիշերով ճեղքելով պաշարման օղակը մեր հերոսները աննկատ դուրս եկան վանքի տարածքից և անցան սարերը:Նահանջի ժամանակ զոհվեցին Հարությունը,Ղազարը, Յահուդի Բարսեղը,նավթով ինքնահրկիզվեց Հովհաննես վարդապետը,որպեսզի չնկնի թուրքերի ձեռքը:Ահա ինչով էր հայտնի Առաքելոցը`այն հերոսամարտով,որը երբեք ու երբեք չի մոռացվի ոչ մի հայի հիշողությունից և նորանոր Առաքելոցներ կծնի մեր ազգի հետագա պայքարի համար:Ես այսքան երկար չէի ծավալվի Առաքելոցի մասին պատմելով,եթե այն կապված չլիներ իմ երկու պապերի կյանքի նշանավոր անցուդարձերի հետ,չէ որ,մեկը կռվել էր այնտեղ,իսկ մյուսը սովորել:
  8. Առաքելոցում էր պահվում նաև հայ հանճարի ու մտքի արգասիքը հանդիսացող մեծաքանակ ու մեծարժեք գրականությունը: Այդ գոհարների զարդն էր հանդիսանում Մշո Ճառընտիրը (Տոնականը),որը հանդիսանում էր հայ մատյաններից ամենամեծը (50,5x70սմ):Այն գրվել էր 1200-1202թթ-ին Երզնկա քաղաքի “Ավագ Վանքում” Բաբերդի տանուտեր Աստվածատուրի պատվերով գրիչ`Վարդան Կարնեցու և ծաղկող` Ստեփանոսի կողմից:Ճառընտիրը զանազան բովանդակությամբ ընտիր ճառերի և հոդվածների ժողովածու է,հայ գրչության արվեստի ամենախոշոր հուշարձաններից մեկը` իր հարուստ և ինքնատիպ մանրանկարչությամբ:Իր ազգի ճակատագրի նման, նա էլ ձեռքից ձեռք է անցել`հափշտակել են,վաճառել,գերեվարել:Առաքելոց վանքի և մշեցիների հանգանակություններով 4000 արծաթե մետաղադրամով օտարներից ետ է գնվել և պահվել վանքում մինչև չարագույժ 1915թ: Այն ունեցել է 660 թերթ,28կգ քաշ, յուրաքանչյուր թերթի համար օգտագործվել է մեկ ամսական մեկ հորթի մորթի:Ինչպես հայն է սփռվել աշխարհով մեկ,այնպես էլ նրա գրքերը,մատյանները,նրանց թերթերը:Շուրջ 30հազար գիրք ու մատյան այժմ գտնվում են աշխարհի չորս ծագերում:Ճառընտիրի 17 թերթ գտնվում է Վենետիկում,1-ը`Վիենայում,2-ը Մոսկվայում: Եղեռնի ահավոր տարիներին, ինչպես ամեն մի հայ ցանկանում էր փրկել իր անձը,իր երեխային,իր հարազատին ու մերձավորներին,այնպես էլ ցանկանում էր փրկել իր կողմից ստեղծված` իր հոգևոր գանձերը, իր` գոհարները:Ահա մահը աչքի առաջ,երկու կին որոշում են փրկել Ճառընտիրը:Այն բաժանում են երկու մասի և փորձում են շալակով հասցնել Էջմիածին:Կանանցից մեկը կարողանում իր անգին գանձը հասցնել մայր եկեղեցուն,իսկ մյուսը, որի անունը Գոհար է լինում, ճանապարհի դժվարություններին չդիմանալով մահանում է,մահից առաջ պատվիրելով,որ իր հետ թաղեն նաև գրքի մյուս մասը,որ այն չնկնի անօրեն թուրքերի ձեռքը:Նրան թաղում են Էրզրում քաղաքի վանքի բակում:Հետագայում մի ռուս զինվորական գտնելով ձեռագիրը այն հանձնում է Թիֆլիսի հայ համայնքին:1920թ-ին Ճառընտիրի մյուս մասն էլ է բերվում Հայաստան և մինչև այսօր պահպանվում է Մատենադարանի 17 հազար փրկված տարագիր գրքերի ու մատյանների կողքին:Հայ գաղթականներին հաջողվում է փրկել նաև` Մշո Կարմիր Ավետարանը,որը իր մեջ գերբնական ուժ ունի և նրա հավատի ուժով ու զորությամբ առողջացել են բազմաթիվ հավատացյալ հայ քրիստոնյաներ: Եթե հնարավոր լիներ,այդ տարիներին,հայերը իրենց վանքերն ու տաճարներն էլ կտեղափոխեին,կփրկեին անորենից,բայց ավաղ անկարելին մնում էր, անկարելի:Առաքելոցից փրկում են նաև Վանքի դուռը,որը ընկուզենու փայտից պատրաստված(1134թվական), մանրաքանդակներով պատված, մի հոյակերտ շինվածք էր: 800ամյա պատմական մեծ արժեք ներկայացնող այդ դուռը, գերմանացի գիտնականները փորձում էին Գերմանիա տանել,բայց Անդրանիկի կողմից Բիթլիսը գրավելուց հետո,ուր բերել էին այն տեղափոխելու համար,հայերին հաջողվում է փրկել. գաղթականների միջոցով մեծ դժվարությամբ այն հասցնում են Երևան,ուր այժմ այլ մասունքների հետ, որպես մեր անցյալի մշակույթի անգին հուշ պահվում է Առաքելոց վանքի երբեմնի փառքի խուլ վկան:Այս ամենի մասին պատմում էր տատս,արցունքն աչքերին,հիշելով իրենց կորցրածի մեծության ու ցավի մասին, աչքերը հառնելով երկնքին,այնտեղից արդարություն ակնկալելով…Առաջին անգամ տատիս հետ եմ այցի գնացել Մատենադարան ու հուզմունքով նայել, թե ինչպես է իր կորացած մեջքով կռանում ու համբուրում այն ապակին որի տակ փառավոր պառկած էր Մշո Ճառընտիրը իր դարավոր վեհությամբ,իսկ Հայաստանի Պատմության թանգարանում կանգնած երկար նայում էր Առաքելոց վանքի դռանը,կարծես ուզում էր ներս մտնել այն աշխարհը,որ թողել էր հեռվում`հեռավոր մշուշների հայրենիքը,իր գյուղը`Քեքառլուն և իր սիրելի Մուշը…
  9. Այժմ կխոսեմ քաղաքական կյանքի մասին,որ տիրում էր Թուրքիայում, և որի մեջ էին հայտնվել հայերը,իրենց պետականությունը կորցնելուց հետո և սուլթանական Թուրքիայի տիրապետության տակ գտնվելու ընթացքում:Սուլթան Աբդուլ Համիդ II-ի կառավարության տարիներին,իրենց “Բարձր դուռ”կոչվող որջում, նրա անմիջական գլխավորությամբ մշակվեց Հայկական հարցը,այն է` հայերի տեղահանության և կոտորածների միջոցով լուծելու քաղաքական ծրագիրը,այն իրականացնելով 1894-96թթ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Կայսրության Հայաբնակ վայրերում: Աբդուլ Համիդի և նրա կառավարության կողմից կատարվեցին հայերի զանգվածային կոտորածները,արյան մեջ խեղդեցին արևմտահայերի ազգային ազատագրական շարժումները,վերացրեցին Հայկական հարցը լուծելու բոլոր տարբերակները:Իր արյունոտ ուղեղում նորանոր ծրագրեր մշակելով սուլթան Համիդը անգլիացիների խորհրդով 1891թ-ին ստեղծեց քսան գունդ,որոնք հիմնականում կազմված էին քրդերից Զեքի փաշայի գլխավորությամբ: ”Համիդիեի ձիավորներ” այդպես էին կոչում նրանց,արյունարբուների այդ հավաքածուին,որոնք ստեղծվել էին հայերին բնաջնջելու համար:Թալան,սպանություններ,աղջիկների ու տղաների առևանգում,հայերի ունեցվածքի բռնազավթում,հայերի մասայական բնաջնջում իրենց օրրանում, այսպիսին էր իրականությունը, որի մեջ ապրում էին հայերը: 1894-96թթ-ի կատարվածը ցեղասպանության առաջին դրսեվորումն էր, որի ընթացքում կոտորվեց 300հազար հայ,բռնի մուսուլմանացվեց 100հազարը,ավերվեցին և թալանվեցին հայաբնակ հարյուրավոր բնակավայրերը:Այս ամենի համար էր,որ Համիդի գահակալության տարիները հայ ժողովրդի պատմության մեջ մնաց որպես ”արյունարբու սուլթան” ի գահակալության տարիներ:Բայց սա դեռ սկիզբն էր, կայծերն այն մեծագույն կրակի,որ դեռ առջևում էին,որը պիտի բռնկվեր նրան հաջորդողների կողմից` ավելի դաժան,նմանը չունեցող` մեծամասշտաբ չափերով;
  10. 1908թվականն էր…Թուրքիայում տեղի էին ունենում չլսված իրադարձություններ:Եվրոպական հեղափոխությունները արթնացրել էին թուրքական այսպես կոչված հեղափոխականներին` երիտթուրքերին,որոնք պետական հեղաշրջում կատարելով սուլթան Աբդուլ Համիդ II-ի դեմ, հեռացրեցին նրան իշխանությունից:1908թ-ին Թուրքիայում հռչակվում է Սահմանադրություն,սկսվում են Հյուրիեթի տարիները,կայսրության բոլոր անկյուններում թափ են առնում հավաքներն ու ցույցերը`հավասարություն,եղբայրություն և համագործակցություն կարգախոսներով: 1913թ-ին երիտթուրքերը իրենց ձեռքն են վերցնում իշխանությունը, խոստանալով դեմոկրատիա,ազատություններ,Օսմանյան Կայսրությունում ապրող բոլոր ազգերի հավասարություն,սահմանադրական լայն վերափոխումներ:էնվեր փաշան զբաղեցնում էր ռազմական նախարարի,Ջեմալը`Պոլսի ռազմական կառավարչի, իսկ Թալիաթը,այդ մուսուլմանական կրոն ընդունած հրեան` ներքին գործերի նախարարի պաշտոնները:Իրականում ամբողջ իշխանությունը կենտրոնացված էր Թալիաթի ձեռքում: Հայերը ինչպես միշտ,այս անգամ էլ ջերմորեն ու հավատով ընդունեցին երիտթուրքերի յուրաքանչյուր խոստումը:Դաշնակցական կուսակցությունը ,որը այդ տարիներին վերցրել էր հայ ազգի ազգային ազատագրական պայքարի ղեկը, հավատալով երիտթուրքերի խոստումներին նրանց եղբայրների տեղ դրեցին:Միայն Անդրանիկն էր,որ մնաց անդրդվելի ու չհավատած նրանց ոչ մի խոստումին,փաստարկելով այն իրողությունը, որ երիտթուրքերը չեն պատրաստվում նույնիսկ զինաթափելու 160000-ոց զինված քրդերին,որոնց պահել էին Դիարբեքիրից մինչև Պարսկաստանի սահմանը ձգվող տարածքներում,սպասելով հարմար պահի, հայերին կոտորելու համար:Նա պնդում էր,որ իրականում երիտթուրքերը նույն թուրքերն էին ու ոչ մի բանով չէին տարբերվում իրենց նախորդներից,դեռ մի բան էլ ավելի,իրենց չարագործություններում ավելի կատարելագործված էին,դաժան ու կատաղի:Երիտթուրքերը առաջ էին տանում իրենց”Միություն և Առաջադիմություն’’ կուսակցության գաղափարախոսությունը,այն է պանթուրքական և պանիսլամական գաղափարախոսությունը: Պանթուրքիզմը քարոզում էր Ասիայի և Ռուսաստանի թուրքալեզու բնակչության միավորում,իսկ պանիսլամիզմը`թուրքալեզու ժողովուրդների միավորում մի պետության կազմում`այն է Թուրքիան:Իսկ իրենց սահմաններում ապրող մնացած ազգերի ու ազգությունների համար պատրաստում էին միայն մի բան` մահ… Երկրում դրությունը ավելի բարդացավ,երբ 1914թ-ին սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը,որի մեջ ներքաշվեց նաև Թուրքիան ընդդեմ Ռուսաստանի,նորից թաթերաբեմ դարձնելով Հայաստանի տարածքները ու հայ բնակչությունը:Պատերազմը թուրքերի ձեռքերին ու գործողություններին բերեց ավելի մեծ ազատություն և նրանց թույլատրեց անելու այն, ինչ նախորոք էին պլանավորել: Ահա այս իրականության մեջ էր,որ XXդ. դարասկզբին ապրում էր իմ ազգը:Հյուրեթի տարիներից սկսած, պարտադրվել էր հայ տղամարդկանց ծառայելու թուրքական բանակում,այն է`ծանր խրանատափորման,բեռնափոխադրման,բեռնակրման,ռազմական կառույցների ու ճանապարհների շինարարության աշխատանքներում:Երկրում ամենուրեք տիրում էր հալածանքներ, հարկահավաքում և հայասպանություն:Թուրքերի համար ստեղծված էր հիանալի նպաստավոր պայմաններ,մանավանդ եվրոպական պետությունները զբաղված էին պատերազմով ու չէին էլ նկատում,կամ չէին ուզում նկատած լինել, թե ինչ է կատարվում Թուրքիայում:Չցանկանալով թուրքական բանակում ծառայել, պապիս փոքր եղբայրը`Մանուկը թողնելով հայրենիքը, բռնել էր պանդխտության ճանապարհը:Մուշի ու նրա գյուղերի շատ մարդկանց հետ Մանուկն էլ էր հայտնվել Ռուսաստանի հայաշատ Եկատերինոդար (այժմյան Կրասնոդար) քաղաքում, հայենիքում թողնելով ծնողներին,կնոջը,հինգ երեխաներին ու ամբողջ գերդաստանին:Սև ծովյան նավատորմի նավերի վրա կատարելով ցանկացած վարձատրվող աշխատանք, օգնում էր ընտանիքին:Սակայն ամեն անգամ տուն գալիս նրա մեջ եռում էր ազգին նվիրվելու ու նրա համար պայքարելու գաղափարը:Նրա մեծ եղբայրը, պապս`Միքայել Մանուկյանը Առաքելոց վանքի կռիվներից հետո անցել էր Սասուն,որտեղ 1902-1904թթ մասնակցել էր Սասունի,Տարոնի,Վասպուրականի թուրքերի և քուրդ մահմեդականների դեմ տարած կռիվներին:
  11. Ինչպես վերևում եմ նշել, Բիթլիսի նահանգի Մուշի գավառի Բուլանըխի շրջանը գտնվում էր Մուշի գավառի հյուսիս արևելյան կողմում Արածանիի հովտում:Բուլանըխը կազմված էր Վերին և Ներքին Բուլանխի շրջաններից Կոփ ավան կենտրոնով:Գավառը XX դ. դարասկզբին ուներ 63 գյուղ,որի հիմնական բնակչությունը հայերն էին,բայց ապրում էին նաև քրդեր,չաչաներ ու չերքեզներ,որոնց թուրքերը կանխամտածված թույլ էին տվել բնակվելու հայկական տարածքներում:Յուրաքանչյուր գյուղի չորս կողմում քրդական նոր գյուղեր հիմնելով,որոնք աճում էին գարնանը ծլող սնկերի պես, քրդերին թույլատրված էր հայերի հետ վարվելու այնպես, ինչպես իրենք էին կամենում`թալանելու,յուրացնելու հայերին պատկանող ամեն բան,նույնիսկ սպանելու,դրա համար չկրելով ոչ մի պատիժ:Այսպիսով, քրդերի ձեռքով,թուրքերը կանխամտածված իրենց հարցերն էին լուծում,մաքրում էին հայկական տարածքները հայերից, իրենց մուսուլմանական “վաթանը” ստեղծելով` առանց հայերի:Իսկ աշխատասեր ու ստեղծագործ հայերը ավելի ու ավելի էին պարփակվում իրենց դարավոր հայրենիքում, ուր ապրում էին չորս հազար հինգ հարյուր տարի շարունակ`սկսած Հայկ Նահապետի հաղթանակից,որ տարել էր Բելլի դեմ մ.թ.ա.2492թ-ին Վանա լճի ափին:Սկսած հնագույն ժամանակներից,հայերը միշտ էլ եղել են արարող ,ստեղծագործող ազգ, զբաղվել են առևտրով, երկրագործությամբ, անասնապահությամբ,արհեստներով,արվեստներով,ունեցել են շատ կրթված ու հանճարեղ մարդիկ:Այդպիսին է եղել հայի բնույթը,որը արմատներ է գցել ամեն մի հայի ընտանիքում:Ճիշտ այդպիսին էին նաև պապիս ու տատիս ընտանիքները,որոնք նույն տարածաշրջանի սովորույթների ու ապրելակերպի կրողներն էին:Մուշի գավառի Բուլանըխի շրջանի գյուղերից էին և’ պապիս Համզաշեյխը,որը գտնվում էր Մուշից հյուսիս արևելք և’ տատիս Քաքառլուն,որը գտնվում էր Մուշից հյուսիս Խաչան լճի մոտակայքում,Կոփ և Մանազկերտ քաղաքներից ոչ շատ հեռու: Քեքառլուն հարյուր ընտանիքից` հազար երեք հարյուր մարդուց կազմված գյուղ էր,որի ընտանիքներից մեկն էլ Սվարյանների քառասուն հոգիանոց բազմանդամ ընտանիքն էր ,որտեղ և ծնվել էր տատս` Օսան Սվարյանը:Նրա հայրը`Հարությունը և մայրը` Մանիշակ Սվարյանները ունեին յոթ զավակ:Մեծ աղջիկը Զոզանը ամուսնացած էր, ուներ յոթ երեխա,ապրում էր նույն գյուղում:Եղբայրներից մեկը` Ազիզը շատ կրթված երիտասարդ էր,ավարտել էր Մուշի Սուրբ Կարապետ վանքում գործող Ժառանգավորաց դպրոցը,ավարտելուց հետո նրան սարկավագ էին կարգել նույն վանքում,որտեղ և կնքել էր իր մահկանացուն 1915թ-ի գարնանը:Իսկ փոքր դուստրը`Օսանը ամենաուշիմն ու ամենագեղեցկադեմն էր,մնացած երեխաները ոչ արտասովոր,սովորական հայկական ընտանիքի զավակներ էին,որոնք ապրում էին իրենց հոգսերով ու իրենց առօրյա կյանքով:Սուրբ էր Սուրբ Կարապետը կամ ինչպես տեղացիներն էին կոչում Գլակա (1V դարի պատմիչ Զենոբ Գլակի անվան հետ կապված) կամ Իննակնեան վանքը ինչպես հայ ժողովրդի,այնպես էլ Սվարյանների ընտանիքի համար,երևի շատն էլ նրա համար ,որ այնտեղ էր ծառայում նրանց սարկավագ որդին`Սվարյան Ազիզը:Այն գտնվում էր Մուշից հինգ կիլոմետր հյուսիս արևմուտք Աշտիշատ գյուղից ոչ շատ հեռու,այն գյուղից, ուր հնում կատարվում էին եկեղեցիական ժողովներն ու ֆիդայական հավաքները կարեվորագույն հարցերի քննարկման ու լուծման ժամանակ:Սուրբ Կարապետը գտնվում էր Քարքե լեռան լանջին,այն կազմված էր մի քանի տաճարներից,որոնք կազմում էին սրբավայրերի մի ամբողջություն,այն կառուցված էր գորշ գույնի սրբատաշ քարերով,առաստաղը հյուսված էր մանր ու բազմաթիվ կամարներից,իսկ ներքևից 16 մեծ ու կլոր սյուներ պահում էին առաստաղը:Ուներ 5 մատուռներ և 10 խորաններ,խորանները զարդարված էին սպիտակ ու վարդագույն մարմարե ասեղնագործված ամենանուրբ խաչքարերով : Զանգակատունը շատ մեծ էր ու շքեղ,այն գմբեթավոր էր հենված 8 սյուների վրա,այնտեղ կախված էին 4 մեծ զանգեր,որոնց ղողանջները լսելի էին Մշո դաշտի հեռաստաններում:Եկեղեցու վկայարանը համարվում էր ամենահին շենքը,նրա երկարությունը 10մ էր,լայնությունը 6մ,բարձրությունը 15մ:Վկայարանը կառուցված էր առանց սյուների,չորս կողմում ձգված էին կամարները,խորանի աջ կողմում գտնվում էր 6-7մ բարձրությամբ խաչքարեր,իսկ բեմի ներքևը զարդարում էին 5 մարմարե արձանագրություններով պատված խաչքարերը:Վկայարանի արևելյան կողմում վեր էին խոյանում 2 վեհաշուք մատուռները,բակի տարածքում էին գտնվում մեծաքանակ գրքեր ու մատյաններ ունեցող գրադարանն ու դպրատները:Վանքը շրջապատված էր բարձր երկշերտ պարիսպներով,որից դուրս գտնվում էին վանքը շրջապատող թավ անտառները:Վանքը իր գեղեցկությամբ հմայում էր բոլորին,իզուր չէ, որ նրան քնքշորեն թագավոր-սուլթան էին անվանում բոլոր եկեղեցիների շարքում:Մշո Սուլթան Սուրբ Կարապետը հիմնադրվել էր 4-րդ դարում` հեթանոսական Գիսանեին նվիրված մեհյանի տեղում Գրիգոր Լուսավորչի կողմից: Այնտեղ էին ամփոփված Հիսուս Քրիստոսին մկրտած Սուրբ Հովհաննեսի կամ Սուրբ Կարապետի մասունքները,որի վրա էլ կառուցված էր Սբ.Կարապետ եկեղեցին:Թուրք պարսկական պատերազմները,որոնք ընթացել էին Հայաստանի տարածքների գրավման համար, տվել է շուրջ 200 տարի,որի ժամանակ վանքը մշապես դարձել է կոտորածներից խույս տված բազմաթիվ հայերի ապաստան:Սուրբ Կարապետի վանքը ծառայելով իր ժողովրդին,նրա հոգևոր կյանքում մի առանձնակի նշանակություն ունեցող սրբավայր էր,նա Սուրբ Էջմիածնից հետո երկրորդն էր հայոց աշխարհում:Այնտեղ գործող ճեմարանում,յուրաքանչյուր տարի պատրաստված սաները գալիս էին լրացնելու հայ կրթված մարդկանց շարքերը,դառնալով հայ ժողովրդի ուսյալ մասի սերուցքը: 1862թ-ից վանքում վանահար էր նշանակվել Մկրտիչ վարդապետը,հետո Խրիմյան Հայրիկը,որոնք մի նոր աստիճանի էին բարձրացրել վանքի դերն ու նշանակությունը համայն հայության մեջ: Խրիմյան Հայրիկի անմիջական թույլտվությամբ ու Գարեգին Սրվանձտյանցի խմբագրությամբ այնտեղ լույս տեսնող “Լրատար արծվիկ Տարօնոյ” թերթը,որը ձեռքից ձեռք անցնելով լուսավորում էր յուրաքանչյուր հայի: Սուրբ Կարապետի վանքից դեպի Մշո դաշտ բացվում էր մի զմայլելի տեսարան,իսկ դաշտը եզերվում էր լեռներով ու հայկական Տավրոսի լենաշղթայով:Գարնանը ամբողջ դաշտը պատվում էր կարմիր`սև սիրտ ունեցող կակաչներով,բազմագույն ու բազմաբույր ծաղիկներով,վանքից դիտելով շրջապատը, թվում էր, թե կանգնած ես դրախտի վերևում և աչքդ շոյվում էր այն գունախաղով ,որ ստեղծել էր աստված իր երևակայության վերին սահմանով: Իզուր չէր,որ Գրիգոր Լուսավորիչը առաջին քրիստոնեական եկեղեցիները կառուցել էր հայկական երկու նվիրական` Արարատյան և Մշո դաշտերում: Եվ իզուր չէ, որ մեր սրբերի շարքը դասված,առաջին կաթեղիկոսը ամփոփված էր հենց Տարոն աշխարհի հոգևոր գանձը հանդիսացող, Մշո Սուլթան Սուրբ Կարապետի մատուռի ներքո,հենց այնտեղ էլ իրենց հոգևոր հանգիստն էին անցկացնում մեր ժողովրդի հայտնի մեծերից շատերը` իշխաններ Մուշեղը,Գայլ Վահանը,Սմբատը … Չկար մի եկեղեցիական տոն, որ մշեցիներն ու շրջակա հայությունը չանցկացներ այստեղ : Ընտանիքները վաղ առավոտից հեծած իրենց ձիերը,ոմանք իրեց կառքերով,ոմանք էլ իրենց սայլերով ու ջորիներով,ոմանք էլ ոտքով բարձրանում էին սարն ի վեր ոլորապտույտ թավ անտառների ճանապարհներով,յուրաքանչյուր ոլորանից հետո կանգ առնելով մի սառնորակ աղբյուրի մոտ,խմում անմահական ջրից ու նորից շարունակում ճանապարհը: Իննը հատ էին դրանք,վերջին 2 ակը հենց եկեղեցու բակում էր,դուրս հորդալով սարի սրտից,լցվում էր գրանիտե գուժերի մեջ:Ասում էին. եթե ուխտավորը ջուր խմեր բոլոր ինը ակերից` նրա ուխտը կկատարվեր,հիվանդը` կլավանար,երեխա փափագողը` երեխա կունենար,աղքատը` կհարստանար,ջահելը` կհասներ իր սրտի ուզածին ու կկատարվեր յուրաքանչյուրի մուրազը:Վաղ առավոտից ուխտի եկած հայությունը իրենց երազանքների կատարման համար բերում էին մատաղացու`կոտոշները կարմիր ու կանաչ լենտերով կապած երինջների,խոյերի ու գառների,խորոզների ու աղավնիների,օրհնված աղով մատաղ էին անում ու իրենց ուխտն էին կապում երկնքի ու աստծո հետ: Եկեղեցին ուներ իր հիմնադրման օրը և ամեն տարի`ամռանը այն նշվում էր մեծ խանդավառությամբ: Յուրաքանչյուր տոն վերածվում էր բացօթյա մի մեծ խնջույքի:Տարազ հագած մշեցիները,սասունցիները մոտակա ու հեռուներից(արտասահմանից) եկածները`տղամարդիկ լայնեզր գլխարկներով,կանայք մոդայիկ եվրոպական գլխարկներով,հովհարներով ու հովանոցներով կանգնած շինությունների կտուրներին,որոնք շատ էին վանքի ներսի տարածքում, դիտում էին ներքևում կատարվող հանդիսությունները:Մի կողմում փահլեվան լարաղաղացներն էին բարձրության վրա իրենց հնարքները կատարում,կրկեսային խաղերի բազմազանությամբ զարմացնելով հավաքվածներին,մյուս կողմում զուռնա,դհոլի ու պարկապզուկի ձայնն էր հոխորտում, մի ուրիշ կողմում մատաղացու միսն էին լավաշով փաթաթած բաժանում բոլորին ու ամեն կողմից լսվում էր “Ընդունելի լինի” բացականչությունները:Իսկ երգի սիրահարներն էլ երգում էին Մուշ աշխարհի չնաշխարհիկ երգերը,հետն էլ փառաբանում էին իրենց տեր ու տիրական Մշո Սուլթան Սուրբ Կարապետին`
  12. Սուրբ Կարապետ չայիր չիման Որ ոտավոր,որ ձիավոր
  13. Բոլոր բարձր մեռ-մեռ դիվան Մուրազ կուտա ուխտավորին
  14. Վանքերն հեռու են կերևան Ոսկե խնձոր ձիավորին
  15. Սուրբ մասունքդ վանեց դիվան Ջուխտակ աղբուր մըջ ուր բակին
  16. Սուրբ Կարապետ գեղին մոտիկ Ուր դուռ կերթա գառ ու մաքին
  17. Երեք օր վազեցի բոբիկ Մատաղ կենին լուս կիրակին
  18. Ինքն կանե մարդ ու մտիկ Մուրազատուր Սուրբ Կարապետ:
  19. Մեծ զորավոր Սուրբ Կարապետ Սուրբ Կարապետ քեոշա-քեոշա,
  20. Սուրբ Կարապետ աղբուր ու ջուր Դուռդ կուգա բագ ու փաշա,
  21. Ոտքդ կուգա շատ կաղ ու կուր Ճամփեք ունիս ղոշա-ղոշա
  22. Դու ամենուն մուրազ տուր Լուս գերեզման Սուրբ Կարապետ
  23. Մուրազատուր Սուրբ Կարապետ Սուրբ Կարապետ մեջ է դաշին
  24. Սուրբ Կարապետ կայնեցուցին Սուրբ անունքն իրեն հետ հաշտին
  25. Լուսեղեն հանդերձ հագուցին Շատ խաչապաշտ իրեն պաշտին
  26. Քրիստոս գիրկը մկրտեցին Մշո Սուլթան Սուրբ Կարապետ
  27. Մկրտարար Սուրբ Կարապետ Սուրբ Կարապետ եմ գնացել
  28. Սուրբ Կարապետ Էլման գետեր, Պառկեր եմ մեջն եմ քնացել
  29. Մեջն է բուսեր կանաչ խոտեր Մուրազ տվել չեմ իմացեր
  30. Քենե կուգան խնկի հոտեր, Մուրազատուր Սուրբ Կարապետ
  31. Չանկլի- դիվան Սուրբ Կարապետ Սուրբ Կարապետ նստեր սարին
  32. Սուրբ Կարապետ բարձր բոլոր Մեջքը տվեր մարմար քարին
  33. Ճամփեք ունի ոլոր մոլոր Մատաղ կուզեր Վարդեվարին
  34. Ուր դուռ կերթա շատ ուխտավոր Մուրազատուր Սուրբ Կարապետ
  35. Սուրբ Կարապետ երկար խաչեր
  36. Ոտքդ կուգան մանր մանչեր
  37. Մատաղ կուզեր սև-սև ղոչեր
  38. Մուրազատուր Սուրբ Կարապետ
  39. Սուրբ Կարապետ խորան-խորան
  40. Մեջը կօրվի ոսկե օրան,
  41. Սաղմոս ասեք բերան բերան
  42. Յոթը գլուխ ավետարան
  43. Յոթը անուն է Սուրբ Կարապետ
  44. Մշո սուլթան Սուրբ Կարապետ
  45. Սուրբ Կարապետ գլխատեցին
  46. Կայսերի քաղաքեն հանեցին
  47. Դեպի Մշո սար թաղեցին
  48. Մշո Սուլթան Սուրբ Կարապետ:
  49. Տոնը շարունակվում էր մինչև ուշ երեկո` անտառի բացատներում,ուր բազմագույն կարպետների ու գորգերի վրա նստած,խնջույքի սեղանները բացած, ուրախանում էին մշեցիները իրենց ընտանիքներով,Ճաշակում էին աստծո տված բարիքները ու փառք տալիս ամենակարող աստծուն:Սեղաններին կարող էիր տեսնել մատաղը` լավաշով,խաշլաման ու խորովածը,հարիսան,պանիրը,ժաժիկը,մշո տոլման ու կլուլիկը,բազմատեսակ տապակած կանաչիները,կարագը,ձուն,ձուկը,խաշած հավը,մեղրն ու մանանան:Իհարկե ոչ բոլորի սեղաններն էին առատ,սովորական մշակի մոտ ամեն ինչ շատ ավելի համեստ էր,իսկ հարուստի մոտ շատ ավելի առատ ու ճոխ: Վարդավառի տոնին այս ամենին գումարվում էին ձիարշավները,որոնք կատարվում էին Քարքե լեռան լանջին` ֆիզիկապես ուժեղ,հնարամիտ երիտասարդների մասնակցությամբ,հազար ու մի տեսակ արգելքների հաղթահարումով,նիզակախաղերով:Հաղթանակողը դառնում էր բոլորի աչքի լույսը,բոլորի սիրելին,բոլորի հերոսը:Իհարկե նկարագրածս յուրաքանչյուր տոնին անմասն չէին իմ պապերի ընտանիքների յուրաքանչյուր անդամը:Հետագայում բազում անգամներ եմ լսել նրանց պատմությունները այդ երանելի օրերի մասին :Իհարկե այս բոլորը դուր չէր գալիս թուրքերին,ինչեր ասես որ չէին անում մեր ազգի աշխարհիկ ու հոգևոր առաջնորդները,որպեսզի զերծ պահեին վանական կալվածքների գոյությունը,ժողովրդի անվտանգությունը`կաշառում ու մեծ նվիրատվություններ էին տալիս թուրք փաշաներին ու մեծավորներին,որպեսզի միմիայն կարողանային անվտանգ ապրել և արարել:Չնայած ապրելու համար ստեղծված բոլոր դժվարություններին,մահին ու թալանին այնուհանդերձ հպարտ ու անկոտրում էին մշեցիները, բնութագրելով նրանց, կարող էիր ասել,որ մշեցի հայի ընդհանուր պատկերը հանդիսանում էր որպես`քաջակորով,անձնուրաց,ընտանիքին նվիրված,աշխատասեր, ազգային ավանդները պահպանող,հայրենասեր,գիտության և արվեստների մեջ որոշակի դիրքեր ունեցող մարդիկ,որոնք երբեք չէին կարող տանել բոլոր տեսակի նվաստացումները:Երևի դա էր պատճառը, որ միշտ ընդվզել էր Տարոն աշխարհը և չէր կարողացել տանել օտարի լուծը:Սակայն ուրիշ ճակատագիր էր պահված Տարոն աշխարհի և նրա “Տեր ու Տիրական” Սուրբ Կարապետի համար…Այժմ չկա այս ամենը,այն վերածվել է տեսիլք-երազի,լռել են զանգերի ղողանջները,թուրքերը ավերակների են վերածել այն: Նրանք սկզբում հայաթափեցին ամբողջ Հայաստանը,հետո էլ հայերի գյուղերն ու քաղաքները,եկեղեցիներն ու վանքերը,տաճարներն ու տները,նրանց պաշտամունքային կոթողները:Մշո դաշտում հրո ճարակ դարձան Առաքելոց,Ս.Կարապետի վանքերը,Նարեկավանքը, Արքավանքը,Ս.Արիստակեսի,Ս.Գասպարի,Ս.Գևորգի,Ս.Հովհաննեսի,Ս.Ախպերիկ,Ս.ԱստվածածինՍ.Հակոբի,Ս.Գաբրիելի վանքերը,Բերդակ գյուղի Ս.Կարապետի վանքը,Մատռվանքը,Ս.Մեսրոպի և շատ ու շատ այլ վանքեր:1923թ. պայթեցրին Մշո Սուլթան Սուրբ Կարապետը Տարոն աշխարհի գանձը, հիասքանչ մշակույթային կոթողը`տեղում կառուցելով քրդերի խելքի բարձրագույն արգասիքը հանդիսանող Չենգիլի գյուղը:Վանքային համալիրի սրբատաշ քարերը օգտագործելով իրենց տներ ու գոմեր կոչվող ծուռ ու մուռ պատերը շարելու համար,իսկ մարմարե զարդանախշերով,սրբապատկերներով պատկերված հայատառ խաչքարերը` որպես զարդ օգտագործեցին տների դիմացի ճակատները զարդարելու համար:Այժմ եկեղեցու ամբողջ տարածքում հարյուր տուն ու գոմ կա,եթե հաշվենք, որ ամեն տան մեջ ապրում է միջին հաշվով 10-12քուրդ,ապա հազար երկու հարյուր հոգի ամեն օր անարգում են մեր սրբությունը:Գյուղի կենտրոնում պահպանվել են եկեղեցու մի քանի պահպանված պատերը,քավարանի կիսաքանդ խուցը,որտեղ ուխտի եկած հայերը մոմ են վառում,բայց մինչև շրջվում են,քրդերի լամուկները թռցնում են մոմերի մնացորդները, երեկոյան իրենց տներում վառելու համար:Պատերի հովում բուրդ են լվանում ու չորացնում,պանիր ու կարագ են պատրաստում ու սպասում օրվա վերջին,որ հավերի հետ քուն մտնեն:Միակ բանը որ ինձ զարմացրեց,այն էր,որ գյուղի ոչ մի պատանի թուրքական բանակում չէր ծառայում, արդեն քսան տարի է,ինչ նրանք փախչում են սարերը,որպեսզի չծառայեն ու պայքարում են թուրքերի դեմ:Երևի մեր պապերի ըմբոստ ոգին, որ բնորոշ էր այդ տարածքին փոխանցվել ու մտել է նրանց հոգու մեջ:Ասում են թե, հիմա քրդերը ամեն տարի հարձակվում են թուրքական բանակի պոստերի վրա ու մի թուրք զինվորի մատաղ են անում իրենց աստծուն:Չէ որ պատմական Հայաստանի Աշտիշատ գյուղը, որ այդքան մոտ էր Սուրբ Կարապետի վանքին,հին աստվածների բնակատեղին էր, անունն էլ բառացիորեն նշանակում էր “մատաղավայր” միայն թե հիմա մատաղ են անում թուրքին, ոչ թե կենդանիներին,հովացնելով մեր սրտերը`ինչպես կասեր թուրքը “Իշ ալլահ”: Այժմ Քարքե լեռն բարձրանալիս չկան այլևս այն բուռն կյանքով լեցուն գյուղերը,որ փռված էին սարալանջերին,չկան ամեն տանից դուրս եկող թոնրի ծուխը,կանանց ու երեխաների կանչերն ու ծիծաղը,հորովելների կանչը,հարսանիքների անվերջանալի դափ ու զուռնայի մեղրածոր ու խրոխտ երգերի ու պարերի ձայնը:Էլ չի լսվում մայրերի օրորոցայինը ”Ռուրիկ լաո,ռուրիկ ասեմ իմ բալին”:Կանգուն են միայն անմարդաբանակ տները`կիսաքանդ,դարի հարուրամյա շունչը վրան` սևացած գերաններով,պատշգամբներով,պատուհաններով ու դռներով:Մշո Սսուլթան Սուրբ Կարապետից հաջողվեց փրկել միայն վանքի դուռը և Սուրբ Կարապետի ամենափրկիչ Ավետարանը,որոնցից առաջինը գտնվում է Կանադայում մի մասնավոր հավաքածույում,իսկ երկրորդը` Հայաստանում,որին այցի են գնում շատ հավատացյալներ իրենց խնդրանքներով ու աղոթքներով:Թուրքական կառավարությունը ամեն ինչ անում է, որպեսզի մոռացության մատնվի վանքի պատմությունը,նրա հետ նաև նրա տիրոջ`հայ ժողովրդի պատմությունը`իբր այն չի էլ եղել,վանքի տարածք բարձրանալիս` ցուցանակը, որ ցույց է տալիս թե ուր էս գնում,վրան կցկտուր երկու բառ է գրված “Զանգակատնով քելիսիկ”,թե ով է կառուցել,ում է պատկանել,ամեն ինչի համար քար լռություն է տիրում:Սակայն ոչ մի հայ մինչ այսօր իր աղոթքներում առ աստված,կամ մի գործ սկսելուց առաջ, երբեք շուրթերից չի հեռացնում “Օ~Մշո Սուլթան Սուրբ Կարապետ օգնիր ու փրկիր” մրմունջը:
  50. Առաջին համաշխարհային պատերազմի հենց սկզբից ( 1914-1918թթ) երիտթուրքերը ձեռնամուխ եղան հայ բնակչության ոչնչացմանը` գլխավոր հարվածն ուղղելով Մուշի ու Սասունի դեմ,որոնք հայ ազգային-ազատագրական շարժման կարևոր կենտրոններն էին:Կառավարությունը մշակեց և գործողության մեջ դրեց գավառի ամբողջ հայության հայաթափության և բնաջնջման հրեշավոր ծրագիրը:Սկսած 1535թ-ից , երբ սուլթան Սուլեյմանը գրավեց Մուշը և այն բռնակցեց Օսմանյան կայսրությանը,սկսվեց հայության դանդաղ սպանության տարիները,որը վերջնական ավարտին հասցրին երիտթուրքերը 1914թ-23թթ-ին` իրենց օրրանում բնաջնջելով մի ժողովրդի,որը իր հինգհազարամյա պատմության մեջ իր վերջին հոգևարքը տվեց:
  51. Մշո դաշտի հայաթափումն ու կոտորածները սկսվեցին 1915թ-ի մարտից, բայց զանգվածային չափերի հասան հունիս,հուլիս ամիսներին:Երիտթուրքերի պլանավորած ջարդերը Տարոն աշխարհում պետք է իրականացվեր հիմնականում երեք ուղղությամբ:Մուշի աջակողմյան գյուղերը մինչև Մեղրագետի ակունքը`35 գյուղ պետք է բնաջնջեր հաջի Մուսաբեկը իր 3500 ձիավորով, քաղաքի հյուսիս արևմտյան կողմի 15 գյուղ`Ֆատկանցի Սլեման աղան իր 1000զինված քրդերով,Ս.Կարապետի վանքի շրջակայքի 20 գյուղերը հանձնարարված էին երիտթուրք Ռաշիդ էֆենդուն իր 500 ձիավոր և Ս.Կարապետում նստած զորքի և Զիարեթ գյուղում պահվող ժանդարմերիայի միջոցով:Դաշտի հյուսիս արևելյան կողմի 15 գյուղերը հանձնարարված էին Դրբոյին,Կոլոտոյի Զաբերին,Աղչանի մյուդուրին իրենց 1000 հոգիանոց ժանդարմներով:Դաշտի արևելյան կողմի Չխուրի 20գյուղերի ջարդը` շեյխ Հազրեթին իր 1200հոգիանոց քրդական զորքով:Բացի այս յուրաքանչյուր մահմեդականի հրամայված էր,սպանել յուրաքանչյուր հայի, ով հանդիպեր նրա ճանապարհին,ներում ու բեկում չպիտի լիներ,եթե չկատարեին հրամանը նրանք էլ էին դասվում գյավուրների այսինքն`անհավատ հայերի շարքին:Հայերի բնաջնջումից հետո թուրքերին ու քրդերին ամեն ինչ թույլատրելի էր.նրանք կարող էին տեր դառնալ այն ամենին ,ինչ որ կմնար հայերից` վանքերն ու վանքապատկան հողերը,տները,այգիները,անասունները,խոտհարքերը,հարստությունը,մանկահասակ ու սիրունատես աղջիկները մի խոսքով` ամեն- ամեն ինչ:Մշո դաշտի կոտորածները սկսվեցին հունիսի 28-ի գիշերվա և ցերեկվա ընթացքում,պայմանավորված էր,որ վերը նշված ուժերը պետք է հարձակվեին գիշերը,անսպասելի կերպով և մորթը պիտի վերջացնեին ցերեկվա ընթացքում,չպիտի խնաեին ոչ ոքի,ոչ մեկը չպիտի կենդանի մնար:Դարավոր թշնամանքը,ատելությունը և նախանձը, որ տածում էին թուրքերն ու քրդերը` իրենցից ամեն ինչով բարձր հայերի նկատմամբ, պետք է իկատար ածվեր մեկ օրվա ընթացքում: Մշո դաշտի բոլոր 105 հայաբնակ գյուղերը մեկ օրում դարձան անմարդաբնակ`մորթվեցին սրով,այրվեցին կրակով,ջրով խեղդամահ արվեցին ավելի քան 80 հազար մարդ, թալանի տրվեց նրանց հարյուրավոր միլիոնների հասնող հարստությունը:Հունիսի 28-ի գիշերը Քրդագոմ,Խասգյուղ Հունան գյուղերի մեծ գոմերում ու մարագներում այրվեցին ու ածուխ դարձան միանգամից 12000 մարդ:Հրկիզված գյուղերի վրա նստած թանձր ծուխն ու ճենճահոտությունը չէր կարողանում ներծվել օդում:Փրկվածների թիվը շատ փոքր էր,ով կարողացել էր գիշերային խավարից օգտվելով փախչել, անցնել լեռները ու թաքնվել ձորերում,փրկվել էր: Իննսուն տարի անց,երբ ընկերուհուս Սիլվայի հետ եղանք Քրդագոմում,գյուղի տեր ու տիրականները քրդերն էին,փնտրելով նրանց տունը,նախորոք իմանալով,որ բակում նրանք ջրհոր են ունեցել,գտանք այն:Տանից միայն կիսաքանդ պատերն էին մնացել,մեկ էլ որձաքարերով սարքված,կլորավուն ջրհորը,որը բերնեբերան հողով էր լցված,զարհուրանքով նայում էինք այդ ջրհորին,որը իր մեջ էր ամփոփում Սիլվայի պապի` Տիգրանի գերդաստանի կանանց դիակները,որոնք թուրքերի կողմից մորթվելուց հետո, գցվել էին այնտղ:Սիլվայի պապը` իննամյա Տիգրանը թաքստոցից տեսել էր այդ զարհուրելի տեսարանները և չէր մոռացել այդ օրվա սարսափները մինչև իր կյանքի վերջը:Նրան փրկել էր, իրենց տան հարևանությամբ ապրող մի քուրդ ընտանիք,պահելով նրան,հետո էլ աշխատացնելով, որպես հովիվ մի կտոր հացի դիմաց:Բայց իննամյա տղան չցանկանալով ապրել քրդերի մոտ,հաջողացրել էր փախչել և միանալով գաղթականների խմբին, նրանց հետ մեծ տառապանքների գնով, հասնել Երևան:Քրդերից հարց ու փորձ անելով,իմացանք Տիգրանի ընտանիքի հետագա ճակատագրի մասին,նրանք դեռևս չէին մոռացել հայերի կոտորածների մասին,բայց միաժամանակ էլ,պնդում էին,թե հայերը թողել գնացել են իրենց տները ու որ Քրդագոմում այլևս ոչ մի հայ չի ապրում: Քրդերից մեկն էլ չամաչելով խոստովանեց,որ տարիներ առաջ այդ տան ողջ ունեցվածքը իրենց ընտանիքն է վերցրել և իմանալով,որ Սիլվան այդ տան սերունդներից է, բարի գտնվելով որոշեց Սիլվայի համար, որպես հիշատակ մի նվեր բերել այդ տան իրերից:Բերվածը` կարմիր կավից պատրաստված ու տարիների ընթացքում սևացած,ձեթի ճրագ կանթեղ էր,որի բռնակի վրա Տիգրանի եղբոր Մամիկոնի հայատառ անունն էր փորագրված:Սարսուռը պատեց մեզ,միթե կարող է այսպիսի բան պատահել,միթե երազ չէր այս ամենը:Հաջորդ օրերին Սիլվայի ձեռքից վայր չդրվեց այդ սուրբ մասունք`կանթեղը:
  52. Այնքան խորամանկ ազգ, որքան որ թուրքն է,երևի մոլորակը չի ծնել երբեք:Մինչև զանգվածային կոտորածների սկսելը նրանք կանխամտածված ձևով, սկզբից ազգին զրկեցին իրենց մտավորականներից,հետո ընտանիքներին`տղամարդկանցից,հետո նոր անցան իրենց սև գործին:Կառավարության հրամանով երկրում ընդհանուր զորահավաքի հրաման արձակելով, հայկական գյուղերում զինակոչիկներ հավաքելու նպատակով,առանձնացրեցին բոլոր չափահաս 16-60 տարեկան տղամարդկանց և տարան անհայտ ուղղություններով:Բոլոր տները խուզարկելով հավաքեցին զենքերը,հավաքեցին մինչև իսկ դանակներն ու գերանդիները,մանգաղները:Մշո դաշտի գյուղերից հավաքված զինակոչիկներին տարան Բիթլիսի ուղղությամբ,գարնանային ցեխի մեջ ստիպելով,որպիսզի վերակառուցեն ու կառուցեն Բիթլիս և այլ քաղաքներ տանող ճանապարհները,աշխատանքների ավարտից հետո բոլորին սպանեցին, գլխատեցին ու ճանապարհի երկարությամբ դիակների կույտեր կազմելով` մի մասին հրկիզեցին,մի մասին էլ լցրեցին փոսերը ու թաղեցին,որպեսզի հետո իրենք խոլերայից չսատկեն:Բիթլիսի կամրջի տակ այնքան գլխատված դիակների կույտեր կային,որ նրանց բարձրությունը հասնում էր մինչև կամրջի բերանին,իսկ ճանապարհների երկարությամբ ցցերի վրա տնկած հայերի գլխատված գլուխները երկար ժամանակ սարսափի մեջ էին պահում կողքից անցնողներին:Բիթլիսի հսկայական բերդը,որը կառուցված էր Բաղեշ գետից վեր ձգվող ժայռեղեն բարձունքի վրա,առյուծի նման հսկում էր վերևից,իր անխոս, մռայլ սև պատկերով ու ճանապարհում էր իր 40հազարանոց քաղաքացիներից` 14հազ-ը (35%) կազմող հայ բնակչությանը` դեպի մահ:Ավերվեցին Բիթլիսի(պարսկերենից թարգմանված չար լիս-բեդ լիս) բոլոր հայկական` Կարմրակ, Ս.Նշան,Ս.Գևորգ,Ս.Սարգիս,Ս.Պողոս ու Ս.Պետրոս առաքյալների Հինգ Խորան եկեղեցիներն ու 4 վանքերը, 8 դպրոցները,բաղնիքները,քարավանատները,հայերի տները:Պատմության ընթացքում Բիթլիսի բերդի բարձրությունից շատ անգամ են հայերին նետել քարափներն ի վար,Բաղեշ գետը իր գիրկն է ընդունել բազմաթիվ հայերի դիեր,բայց այս անգամ ուրիշ էր,այս անգամ դա արեցին հազարներով ու առանց խղճի խայթ զգալու:Բնաջնջեցին Բիթլիսի նահանգի բոլոր քաղաքների`Բիթլիսի,Սղերդի,Խիզանի,Զոխի,Հազոյի,Ռեդվանի,Մուշի,Գենջի,Ճապաղջուրի,Կոփի,Մանազկերտի,Խիզանի ամբողջ հայ բնակչությանը:Հրի ու սրի մատնվեցին Բիթլիսի նահանգի բոլոր հայաբնակ գյուղերը,Բիթլիսի շրջակա գյուղերից`Կարբը,Մեզրեն,Ծվարը,Մարգորգը,Փարխանդը,Խմելջուրը,Ղուլթիկը,Կասրը,Սագը,Խորջանը,Մուրսան,Ամպը,Բադենը,Հորմեզը,Բաբշենը և շատ ու շատ այլ գյուղեր:Եթե մինչև 1915թվականը Բիթլիսի նահանգում ապրում էին 250հազար հայեր,ապա1916թ-ին ոչ մի հայ այնտեղ, այլևս չկար:Միայն Ալի Զռնայի,Աղջանի,Գառնենի,Խասգյուղի աղոռներում ու մարագներում կենդանի ողջակիզված և կիսայրված մի քանի հազար հայերի աճյունների հոտը երկար ժամանակ չէր ներծծվում մթնոլորտի շերտերում:1915թ մարտին թուրքական կանոնավոր զորամասերը քրդական աշիրեթների հետ հարձակվեցին Ցրոնք,Գոմս,Հերկերտ գյուղերի վրա, գազանաբար ոչնչացնելով ամբողջ բնակչությանը,այնուհետև մոտեցան Բուլանըխ գավառի գյուղերին:Ռուսական բանակի մոտեցումը Բուլանըխին որոշ ժամանակ կանգնեցրեց թուրքերին,բայց նրանց նահանջից հետո սկսվեց կոտորածը ավելի վայրագ և ավելի կատաղի չափերով:Ամենուրեք մորթված,սրախողող արված մարդիկ,փորերը ճեղքված հղի կանայք,արնաշաղաղ դեռ չծնված երեխաներ` արյունի մեջ կորած մայրերի կողքին ընկած,ծերեր` քառատված,անդամահատված,ամորձատված:Բոլոր ճանապարհների երկարությամբ խաչափայտեր `վրան գամված,մեխված,կապված կիսամերկ կանայք ու տղամարդիկ,որոնք լուռ ճանապարհում էին գաղթականների քարավաններին,թողնելով նրանց աչքերում իրենց` խաչվածների պատկերները,որոնց սարսափազդու տեսարանները մնացին ողջերի հիշողություններում մինչև մահ ու գերեզման:Մուրադ(Եփրատ) գետում այնքան դիեր էին լողում,որ անգամ արյունի վերածված ջրի գույնը չէր նշմարվում:Տարիներ հետո ,երբ կանգնած Սոլուխի կամրջի վրա նայում էի Արածանիի ջրերին,ինձ թվում էր ջրերի մեջ լողացող հարյուրավոր կրիաների մեջքի կաղապարները,որոնք արևի լույսի տակ կարմրին էին տալիս,այն նույն լողացող հայերի դիակներն էին,որոնք կարմրով էին ներկել Հայաստանի մայր գետը`Եփրատը:
  53. Հունիսի վերջին թուրքերը շրջապատեցին Մուշ քաղաքի հայկական թաղերը,քաղաքապետը հրաման տվեց,որ բոլոր հայերը վերցնեն իրենց անհրաժեշտ իրերը ու լքեն Մուշը,գնան դեպի Դիարբեքիր,իսկ այնտեղից պարզ կլինի թե հետո ուր կշարժվեն:Իհարկե հայերը չենթարկվեցին հրամանին:20ից-30ը տեղի ունեցավ Մշեցիների ինքնապաշտպանությունը,մարտերը հատկապես ուժեղ էին Վերին և Ձորի թաղերում:Հայերը կռվում էին անձնուրաց, բայց քանի որ, թուրքերը ունեին քանակական և զենքերի առավելություն կարողացան կոտրել հայկական դիմադրությունը:Քաջաբար կռվող 700 մարտիկները Հ.Կոտոյանի գլխավորությամբ կարողացան ճեղքել թուրքերի պաշարման օղակը և անցան լեռները:Մուշի զանգվածային կոտորածները սկսվեցին 1915թ-ի հուլիսի 10-ից:Կատաղած թուրքերը մտնում էին յուրաքանչյուր հայի տուն,գնդակահարում ու երբ փամփուշտները չէին հերիքում` իրենց յաթաղաններով սրախողող էին անում յուրաքանչյուրին,ամեն մեկի համար մտածելով մահվան աննկարագրելի մի դաժան տեսակ:Մշեցի Արշակ Պետրոսյանի տասնյոթամյա գեղեցկուհի քրոջը` Ռեհանին, ծնողները պահել էին թոնրի մեջ, նրան ծածկելով մոխրի շերտով,նկատելով այդ, թուրքերը փայտեր ու ձեթ ավելացնելով, այնպիսի մի կրակ վառեցին,որ կրակի ճարճատյուններից լսելի էին կենդանի այրվող աղջնակի գոռոցների ու ողբի անմարդկային ձայները,որը մնաց նրա իննամյա եղբոր`Արշակի հիշողություններում և ականջներում մինչև հոգին ավանդելու օրը:Ընտանիքի տասներկու անդամներից փրկվեց միայն Արշակը,որը մեն մենակ դաշտերում դեգերելուց հետո գաղթականների մի խմբի հետ կարողացավ հասնել Բոլնիս, որտեղ որդեգրվեց մի բարի գերմանացու` Վագների ընտանիքի կողմից ու նրանց մոտ ապրելով երբեք չմոռացավ իր դաժան մանկության ու հեռվում թողած հայրենիքի ու իր սիրելի Մուշի մասին: Կոտրելով հայերի դիմադրությունը թուրքական կանոնավոր բանակը հինովին ավիրեց և կոտորեց Մուշը,հողին հավասարեցրեց այն ամենը, ինչ ստեղծել էին հայերը դարերի ընթացքում:Տասներկու հազարանոց հայերի օրրան Մուշ քաղաքից կարողացան փրկվել միայն 400 հոգի:Նույն բախտին արժանացան Մշո դաշտի բոլոր 105 հայաբնակ գյուղերը նույնպես` մատնվելով հրի ու սրի,Մշո դաշտի յուրաքանչյուր թիզ հողը ներկվեց հայի արյունով: Իհարկե,որոշ վայրերում հայերը թույլ չէին տալիս,որ իրենց մորթեին անասունների պես,զինված փոքր ջոկատներով հարձակվում էին թուրքերի վրա, նրանց մոտից փախցնում էին գերեվարված հայերին,իրենց ջոկատներով ճեղքում էին թշնամու պաշտպանությունը և ապահով վայրեր հասցնում նրանց: Մի շարք բնակավայրերում կատաղի մարտեր էին ընթանում,ինչպես օրինակ Գառնենում,Ալիջանում,Ավրանում,Վարդենիսում,Սբ. Կարապետի շրջակա գյուղերից Զիարեթում,Մեղդիում,Բաղլուում,Սորտարում,Թոքլանում,Կվարսում,Բազուում:Սակայն կռվները, որոնք անցնում էին անհավասար մարտերով,արդյունքը լինում էր կործանարար,նշածս գյուղերի խաղաղ բնակչության մեծ մասը` մոտ 20հազար մարդ նահատակվեց անհավասար մարտերում: Տեղահան արվեցին նաև Վանա լճից հյուսիս,Բլեջան լեռնագագաթից և Նազիկ լճի հյուսիս արևելյան մասում գտնվող Խաչան լճի մոտակայքի բոլոր հայկական գյուղերի բնակչությունը`Խաչլուն,Փիրանը,Բլուրը,ՇեյխՅաղուբը,Լաթարը,Խարաբաշեհիրը,Ոտնչորը,Թեղուտը,Թոնդրակը,Յոնջալուն,Կոփը,Դերիկը,Ապրին,Լիզը,Հատկոնը,Խուլիկը ինչպես նաև տատիս գյուղը` Քեքառլուն:Հարյուր ընտանիք ունեցող Քեքառլուն մեկ օրում դատարկվեց…Վերցնելով ամենաանհրաժեշտ իրերը`ուտելու համար մի քանի օրվա պաշար` մայր ու մանուկ, ճանապարհ ընկան դեպի անհայտություն,ոչ տղամարդ կար,որ պաշտպաներ ծերերին, կանանց ու երեխաներին,ոչ էլ աստված, որ տեսներ ու գթար նրանց տառապանքը:Սնվելու համար պատրաստված ամեն ինչ` մեղրն ու կարագը,կաթն ու մածունը, յուղն ու ճաշը ամեն ինչ լցրեցին գոմերում գտնվող գուժերի մեջ,բոլոր անասուններին արձակեցին այնտեղ,որպեսզի գոնե մի քանի օր անասունները ուտելու բան ունենային,չէ որ գարուն էր խոտը դեռևս լավ չէր ծլել,դռները բաց թողնելով`վերադարձի հույսով, սուգ վայնասունով ճանապարհ ընկան:Մայրերը երեխաներին գրկած,ձեռքերը բռնած,պատանիները իրենցից փոքրերին շալակած,սիրունատես տղա երեխաներին աղջկա շորեր հագցրած ու գլխաշորեր կապած, աղջիկների դեմքերին մուր քսած,ոտաբոբիկ,սովահար,հոգնած ու հյուծված քայլում էին առաջ:Մայրերը սարսափած հորդորում էին իրենց տանջահար ձագուկներին,որ լաց չլինեն,աննկատ քայլեն,աղմուկ չանեն,որ աննկատ լինեն թուրքական հրոսակներից:Ով որ ընկնում էր ճանապարհին,այլևս քայլելու ուժ չունենալով,մնում էր այնտեղ գայլերի ու անգղների համար, որպես կերակուր:Բոլոր կածանների ու ճանապարհների վրա անգղների երամ էր թռչում,անթաղ մեռելների վրա խրախճանք էին սարքել ոչ միայն թուրքերը,այլ նաև նրանց նմանակ վայրի գազաններն ու թռչունները:Որ քարավանի բախտը բերում էր հանդիպելով կռվող հայ ջոկատներին,կարողանում էին անվնաս հասնել Արաքսից այն կողմ ու փրկվել:Բայց ինչպես կարող էին աննկատ մնալ հազար հազարներով քայլողները`երկու հարյուր հիսուն հազարանոց Բիթլիսի նահանգի ամբողջ հայ բնակչությունը,չէ որ նրանց բոլորին առանց խտրականության հրամայված էր`Սպանել,Ոչնչացնել,Լուծել վերջնականապես գորդյան հանգույց դարձած հայկական հարցը`թուրքերի կոկորդին խրված այդ սեպը: Ահա ձորերից մեկում վրա հասան Քաքառլու գյուղի գաղթականների խմբի վրա,թուրքեր կոչվող `գայլերի ոհմակը, ատամները սրած,արյունոտ երախները բացած ու իրենց դիվային խրախճանքը սարքեցին տատիս համագյուղացիների վրա,որին սրախողող արեցին,որին գնդակահարեցին ու բռնաբարեցին,որին քառատեցին ու ամորձատեցին,ցցերի հանեցին մանկահասակ ու ծծկեր երեխաներին,փորերը ճեղքելով աղիների պարունակությունը անգամ ստուգեցին,թե արդյոք ոսկի կուլ չեն տվել իրենց հետ տանելու համար:Տատիս քրոջը` Զոզանին ու նրա յոթ երեխաներին սրի քաշեցին:Տատիս հայրը` Հարությունը,կարողացավ փրկել իր քառասուն հոգիանոց ընտանիքից միայն իր կրտսեր աղջկան Օսանին,թաքցնելով նրան ձորի քարափներից մեկի տակ,արցունքոտ ու անկարող աչքերով ուղեկցելով մորթվող գերդաստանին:Ամբողջ գյուղից փրկվեց մի քանի հոգի միայն:Տատս` հոր ու հորեղբոր տղա Նավասարդի հետ բռնեցին գաղթի ճանապարհը,միանալով Անդրանիկի ջոկատի հետ գնացող մի քարավանի :Ծանր ու հիվանդագին քայլերով,բոկոտն,ծվեն ծվեն արված շորերով,սոված,հիվանդ քայլում էին առաջ ու միայն առաջ,նրանք դեռ պետք է հազար կիլոմետր քայլեին,որ գոնե Արազն անցնելով հասնեին հույսի հանգրվանին: Նույն բախտին արժանացան Վերին Բուլանըխի բոլոր քաղաքներն ու գյուղերը`Ալիբոջանը,Բլուրը,Թեղուտը,Լաթարը,Խաչլուն,Խարաբաշեհիրը,Կարաղըլը,Կոփը,Համզաշեյխը,Մեջիթլուն,Միրիբարը,Յոնջալուն,Շեյխ Յաղուբը,Շիրվանշեյխը,Ոտնչորը,Փիրանը,Քեքառլուն:Նույն վիճակն էր տիրում նաև Ներքին Բուլանըխի գյուղերում`Ագրակում,Ալագյազում,Ապրիում,Առնջիկում,Հատկոնում,Բրգաշենում,Գեաբոլանում,Լիզում,Խոշգյալդիում,Կողակում,Կոպոյում,Մոլլաքենդում,Շեյխվալիում,Տըրտոփում,Փիոնքում: Ամենուրեք լաց էր,վայնասուն,մայրերի,հայրերի,քույրերի ու եղբայրների դիակների վրա լացող հայրենազրկված մարդիկ,մի խոսքով Սոդոմ Գոմոր , որի մեջ հայտնվել էր իմ ազգը,իմ դժբախտ ազգը:
  54. Նույն վիճակում էին հայտնվել նաև պապիս գերդաստանը:1915թ գարնանը, երբ տեղահան արվեց Համզաշեյխ գյուղը,տան տղամարդկանցից մի քանիսը բարեբախտաբար տարբեր պատճառներով տանը չէին,Մանուկը գնացել էր Եկատերինոդար(Կրասնոդար),Մուքաելը քարհանքերում էր աշխատում,Առաքելը գործերով Հալեպում էր,տանը միայն մեծերն էին,երեխաները,աղջիկներն ու հարսները:Հարություն ամու աղջիկներից`Թազագյուլը,որ դաշտում էր,հազիվ կարողացավ թուրքերի հարձակման մասին բոթը հասցնել գյուղացիներին:Գյուղացիները գլխապատառ,որը դաշտից իրեն հազիվ գյուղ գցեց,որը երեխաներին արագ արագ հավաքելով մի քանի պետքական իր`վերմակներ,կարպետներ,ուտելիք վերցնելով դուրս պրծան տներից,մարդ ու անասուն խառնվել էին իրար,չգիտեին ուր գնային,որ կողմը փախչեին,որ կողմից է գալիս թուրքական ու քրդական խուժանը,ումից օգնություն ստանային,ինչ անեյին:Տղամարդ չկար,որ առաջնորդեր`դեռ ձմռանը զորակոչիկ հավաքելու պատրվակով բոլոր տղամարդկանց հավաքել էին,բոլոր ընտանիքներին թողնելով անգլուխ,ոչ էլ մի ղեկավար կար,որ դուրս բերեր նրանց այդ անելանելի վիճակից:Մնում էին միայն մարդն ու մահը իրար դեմ կանգնած:Դեռ չէին էլ հասցրել գյուղից հեռանալ,երբ թուրքերը վրա հասան ու սկսեցին սպանդը:Քարերով նշան բռնելով մատղաշ երեխաների վրա սկսեցին պարծենալ, թե ով ավելի դիպուկ կխփի գլուխներին ու կջախջախի այն:Այս ու այն կողմ փախչողներին սկսեցին կրակել ու սրախողող անել,պապիս քեղեցկուհի քրոջը` Ջավահիրին մի թուրք հարվածեց,երբ տեսավ ուշագնաց է, կապեց ձիու թամբին ու սրարշավ վարգելով հեռացավ:Թե թուրքական որ մի ընտանիքի գեները նա գեղեցկացրեց, դժվար է ասել,նրանից այլևս ոչ մի լուր չլսվեց ու չիմացվեց:Մի քանի հղի կանանց շարք կանգնեցրին ու գրազ գալով ճեղքեցին փորերը իմանալու համար պտուղը` տղա է, թե աղջիկ:Մանկահասակ տղաներին սկզբից ամորձատեցին, հետո նոր սպանեցին:Ու այսպես սպանեցին ամբողջ գյուղի 1300 մարդկանց`մեծից փոքր,ահելից ջահել, պապիս ամբողջ գերդաստանը կուլ գնաց ահավոր գազանին,իրենց մահկանացուն կնքեցին Գալուստն ու Բեզոն,նրանց չորս հասները,տասնհինգ երեխաները,իսկ նրանց որդիները Հրաչն ու Մնացականը ավելի վաղ էին կնքել իրենց մահկանացուն,Բիթլիսի ճանապարհների տաժանակիր աշխատանքներին մասնակցելու ժամանակ,երևի գլխատվել էին մնացածների նման:Սպանվեցին Գալուստի եղբայների,քույրերի ընտանիքները նույնպես,արդյոք թաղվեցին նրանք,թե ոչ,դժվար է ասել:Ծվեն ծվեն արված գյուղից միայն մի քանի հոգու հաջողվեց փրկվել:Մանուկը այս բոթաբեր լուրերը ստանալուն պես Եկատերինոդարից շտապեց վերադառնալ հայրենիք,բայց ճանապարհին ամեն ինչ ավերված տեսավ`սիրելի Մուշում ոչ մի հայ չգտավ, տները ավերված ու թալանված գտավ,հարազատ գյուղը այրված ու անմարդաբնակ,ոչ’ ծնողներին,ոչ’ կնոջը Վարսենիկին ոչ’ էլ հինգ զավակներին չգտավ, բոլորն անհետացել էին,ասես մի վայրագ քամի սրբել ու տարել էր բոլորին:Երկար ողբալով գերդաստանի մահը, ֆիդայի դառնալով, միացավ Անդրանիկի ջոկատին ու նրա շարքերում կռվելով սկսեց օգնել պատառ պատառ արված իր ժողովրդին:Դաշտերում ու ձորերում դեգերող գաղթականների խմբերին փրկելով,ուղղություն ցույց տալով, նրանց տանելով դեպի Արաքսի մյուս կողմը,նորից ետ դառնալով ու նորանոր խմբեր փրկելով:Եթե չլինեին հայկական կամավորական ջոկատները, չէին փրկվի թուրքական յաթաղանից այն 300 հազար հայերը,որոնք գաղթականի կարգավիճակով անցան Արևելահայաստան:Բոլոր ճանապարհները լցված էին գաղթականներով`Հայաստանից մինչև Հյուսիսային Կովկաս,Սև ծովի առափնյա ափերից մինչև Թիֆլիս ու Մոսկվա:Երևանից Էջմիածին տանող ճանապարհի կողքերին այնքան սայլեր ու մարդիկ էին կուտակված,սոված ու բոկոտն,հիվանդություններից ու համաճարակներից քայքայված,որ նկարագրելն անհնարին էր:Բոլոր տներում,եկեղեցիների բակերում,իջեվանատներում, մարագներում ու գոմերում այլևս տեղ չկար,որտեղ թեթևակի ծածկ կար,ուրեմն այնտեղ հայ կար:Արևմտյան Հայաստանի բոլոր հայկական վեց վիլայեթների`Վանի,Բիթլիսի,Դիարբեքիրի,Տրապիզոնի,Էրզրումի,Սեբաստիայի ամբողջ հայությունը պառկած էր գետնին ու հոգևարք էր տալիս:Երկրի հարավային շրջանների հայությունը փորձում էր ճեղքելով արաբական անապատները, փրկության եզրեր գտնել Սիրիայում ու Լիբանանում,Եգիպտոսում,արևմուտքում`փորձում էին փրկվել Բուլղարիա,Հունաստան,Իտալիա,Ֆրանսիա անցնելով,արևելքում`Պարսկաստան ու Իրաք:Միայն 320 հազար հայեր, Ազգերի Լիգան ղեկավարող`Ֆրիտյոֆ Նանսենի միջոցով անձնագրեր ստացան Եվրոպայում ու ցրվեցին աշխարհով մեկ: Թուրքիան դարձել էր մի բլթբլթացնող կաթսա,որից դուրս էր թափվում իմ ազգը ու հոսում դեպի դուրս… Մեկ ու կես միլիոն հայեր մնացին կաթսայի խորքում ու առհավետ կորան:Կես միլիոնից ավելին, ցրվեցին աշխարհով մեկ,իսկ մի մասն էլ բռնի մուսուլմանացվեց`քրդացավ,որպիսզի կարողանար գոյատեվել,ապրել`դարձան ծպտյալ հայեր,քրդացած հայեր:Ահա թե ինչ բախտի արժանացավ աշխարհի ամենահին ազգը,աստծո կողմից ստեղծված,նախաջրհեղեղյան մարդկության գեները կրող ազգերից մեկը,նախաստեղծ`հայ ազգը և ում կողմից թուրքի կողմից,որի մասին բոլոր մեծերը այսպես են բանաձևել,երբ տեսել են հողին հավասարեցված երկիր ու մարդկություն “Այստեղով թուրքն է անցել”:Այո, մեր պապերի երկրի վրայով` թուրքը անցավ:
  55. Պապս,անընդհատ փնտրելով իր գերդաստանի անդամներին,չգտնելով նրանց,միացավ Անդրանիկի կամավորական առաջին գնդին,որը կռվում էր ռուսական բանակի հետ համատեղ,մասնակցեց այն բոլոր կռիվներին,որին առաջնորդում էր մեծ առաջնորդը:Ամբողջ 1915 և 1916 թվականները անցկացրեց կռիվների մեջ, թուրքական ու քրդական հրոսակներից հայ գաղթականների փրկությունով և նրանց տեղափոխումով մեր հայրենիքի մյուս հատվածի ապահով վայրերը:1917թ-ի սկիզբը եղավ հայանպաստ`գյուղից գյուղ, քաղաքից քաղաք ետ գրավվեցին հայկական տարածքները գեներալներ Նազարբեկովի,Անդրանիկի,Դրոյի,Նժդեհի և ռուսական զորքերի մասնակցությամբ:Փետրվարին ազատագրվեցին Էրզրումը,Մուշը,Բիթլիսը հարակից շրջաններով,որտեղ շատ քիչ հայեր էին մնացել.նորից այս ու այն կողմից հավաքվեցին կենդանի մնացածները ու սկսեցին վերանորոգել իրենց տները,դարձնել ապրելու համար քիչ թե շատ պիտանի:Բայց սա երկար չտևեց,շուտով Ռուսաստանում հեղափոխություն սկսվեց,որը խիստ անդրադարձ ստացավ առաջին համաշխարհային պատերազմում հաղթող ռուսական բանակի շարքերում:Ռուսական զորքերում զինվորների մասսայական դասալքությունները,նրանց” դամոյ “գնալու մեծագույն ցանկությունը հասցրին նրան,որ այդքան զոհերի գնով նվաճված տարածքները Տրապիզոնից մինչև Վան` մեկը մյուսի հետևից Վանը,Բիթլիսը,Մուշը,Էրզրումը(1918թ.փետրվարին Անդրանիկը թողեց Էրզրումը) նորից ընկան թուրքերի ձեռքը:1918թ-ի ապրիլի 25-ին ընկավ նաև Կարսը:Իսկ 1917թ-ի նոյեմբերին կնքված Բրեստի պայմանագրով`Լենինի թեթև ձեռքով` հայերը վերջնականապես զրկվեցին իրենց տարածքներից ու հայրենիքից:
  56. 1915թ-ին Անդրանիկի ջոկատը,երբ անցկացնում էր հերթական գաղթականների խումբը Արաքսի վտակ Ախուրյան գետով, դեպի նրա մյուս ափին գտնվող Ղոշավանք գյուղը, Մանուկյանների գերդաստանի կենդանի մնացած երկու եղբայրները` Մուքաելն ու Մանուկը հանդիպեցին իրար,անսահման էր նրանց ուրախությունը,չնայած նրան, որ կորցրել էին իրենց ամբողջ գերդաստանին:Գաղթականների խմբում Մանուկի ուշադրությունը գրավեց մի թխադեմ,սիրունատես,իր աղջկան հիշեցնող ու նրա տարիքին` Օսան անունով մի աղջկա:Տասնչորս ամյա այն Օսանին,որ Քաքառլու գյուղից էր,ու փրկվել էր հոր`Հարությունի հետ:Հայրը նրան քնքշանքով Օսան-Զոզան էր կոչում,նրա մեջ տեսնելով իր մեծ աղջկան Զոզանին,որը իր յոթ զավակներով հոր աչքերի առաջ զոհվեց գաղթի ճանապարհին և հայրը չկարողացավ ոչնչով օգնել:Ուշիմ աղջիկը այնպես գերեց 33 ամյա տղամարդուն,որ նա կորցրեց իր կնոջ ու հինգ երեխաների կորստյան կսկիծը և մտածմունքները սկսեցին պտտվել միայն Օսանի շուրջ:Տասնութամյա երիտասարդ էր,երբ Մուշում առաջին անգամ Մանուկը սիրահարվել էր Վարսենիկին,հիմա հասուն տղամարդ լինելով երկրորդ անգամ նույն զգացմունքն էր ապրում,ավելի բուռն ու ավելի գիտակցված:Եղբայրը` Մուքայելը շատ ուրախացավ իմանալով այդ մասին,նա առաջին հերթին շատ էր ցանկանում, որ եղբայրը նորից ընտանիք ունենա,կապվի հողի ու ջրի հետ,տուն կառուցի,թողնի իր մեջ առաջացած անսահման վրեժը,թշնամիներին սպանելու անհագուրտ ծարավը:Մանուկը դիմեց Հարությունին` Օսանի հորը,նրան իրեն կնության տալու խնդրանքով,բայց միանգամից մերժման պատասխան ստացավ,որովհետև տարիքային խիստ տարբերությունը և Հարությունի ընտանիքի կորուստը, անկարելի էին դարձնում այդ ամուսնության մասին մտածելն անգամ:Մանուկին այլևս այլ տարբերակ չէր մնում` քան Օսանին փախցնելը:Հարությունին ու աղջկան գյուղացիները տեղավորել էին մարագներից մեկում,աշնանային ցուրտ գիշեր էր,ձյուն էր տեղում:Մանուկը եղբոր օգնությամբ երդիկից ներս մտավ,տեսնելով հորն ու աղջկան թախտի վրա քնած,Օսանին ստիպողաբար դուրս հանեցին երդիկից,հայրը դիմադրություն էր ցույց տալիս,երբ աղմուկ աղաղակը սպառնալի չափերի հասավ,Մուքաելը իրեն զսպել չկարողանալով,կրակեց,գնդակը դիպավ դժբախտ հոր` Հարությունի գլխին,խլելով նրա կյանքը:Տասնչորսամյա Օսանին,որը լրիվ մենակ մնաց աշխարհում, դրեցին սահնակի վրա ու փախցրեցին,Սվարյանների ընտանիքի վերջին շավղի կյանքը սկսվեց Մանուկի հետ ու շարունակվեց լրիվ այլ ուղիով: Մանուկի եղբայրը`Մուքաելը մնաց Աղինի շրջանի Ղոշավանք գյուղում,որը հետագայում վերանվանվեց Հայկաձոր,նա որ Էրգրում ամուսնացած լինելով Նազլուի հետ,քսան տարվա համատեղ կյանքի ընթացքում երեխաներ չէր ունեցել,կորցնելով Նազլուին,այս հեռավոր վայրում, որոշեց նորից ամուսնանալ:Ամուսնացավ մի խորամանկ կնոջ հետ,որը շուտով լքեց նրան,թողնելով նորից մենակ:1920թ-ին վերջապես գտավ իր երկրացի Իսոյի աղջիկ` Մարիամին ու երրորդ անգամ ամուսնացավ:Կատարվեց նրա վաղեմի բաղձանքը`46 տարեկան հասակում 1921թ-ին ունեցավ իր առաջնեկին`Հրաչին,որին անվանեց փոքր եղբոր պատվին,իսկ,1925թ-ին ծնված Մնացականին` մյուս եղբոր անունով,ցանկանալով, որ գոնե այդպես պահի եղբայրների հիշատակը,որոնք զոհվել էին Էրգրում, թուրքերի ձեռքով Բիթլիսի ճանապարաշինության ժամանակ:1931թ-ին ծնվեց հայրս` Ժորա Մանուկյանը:Պապս կանանց հարցում բախտ չունենալով, երրորդ անգամ 1934թ-ին նորից կորցրեց կնոջը,երբ հայրս հազիվ երեք տարեկան էր:Հաջորդ տարվա մեջ, չորրորդ անգամ ամուսնանալով տեղացի Սերգոյան Կատիկ անունով հինգ երեխաների մայր, այրիացած մի կնոջ հետ,որից 1936թ-ին ունեցավ չորորդ` կրտսեր որդուն Սուրենին,երբ արդեն լրացել էր նրա վաթսունմեկ տարին:1951թ-ին 76 տարեկանում բազմաչարչար պապս կնքեց իր մահկանացուն, նայելով ընդամենը երկու հարյուր մետր այն կողմ գտնվող փշալարերին,որը դարձել էր սահման իր հայրենիքի երկու հատվածների միջև:Ամբողջ կյանքում երազելով,որ մի օր կանցնի այդ սահմանը և կհայտնվի իր սիրելի Մուշում,ու երբեք սահմանից հեռու չէր գնացել ապրելու համար,որովհետև սպասում էր այդ երանելի օրվան,որը այդպես էլ իր կյանքում տեղի չունեցավ:
  57. Մանուկի կյանքը անցավ ճանապարհների վրա:Օսանին փախցնելուց հետո,նրանք դեռ երկար թափառեցին ու դեգերեցին հայրենի եզերքներում: Մանուկը չէր կարողանում կտրվել այն ջոկատից,որի շարքերում կռվում էր,հաճախ Օսանին թողնում էր այս ու այն ծանոթի մոտ,գնում էր կռվի, նորից ետ էր վերադառնում,քանի- քանի անգամ են նրանք տուն փոխել ,սրա նրա հարկի տակ պատսպարվել,զորքի հետ, հետ ու առաջ գնացել:Իրենց ազգի յուրաքանչյուր անդամի համար զգացել նրանց հոգսն ու ցավը, հազար անգամ տեսել նրանց պարտություններն ու հաղթանակները,եթե մյուսները մեկ անգամ են գաղթի ճանապարհը բռնել,ապա իրենք բազում անգամներ:Մուշը ռուսական բանակի ու Անդրանիկի կողմից գրավելուց հետո,հաստատվել էին այնտեղ` լքված հայերի տներից մեկում,սակայն մի քանի ամիս ապրելուց հետո,նորից էին գաղթել:Հաստատվել էին Կարսում,այն թուրքերին հանձնելուց հետո դարձյալ ստիպված էին եղել բռնել գաղթի ճանապարհը:Անդրանիկի հայրենիքից հեռանալու որոշումը,Հայաստանում բոլշեվիկների իշխանության գալը ,ստիպեցին Մանուկին ,որ նա Հայաստանից հեռանալու դժվարագույն որոշումը ընդունի:Դարձյալ ճանապարհ,բայց այս անգամ դեպի Ռուսաստան,դեպիԿրասնոդար քաղաք,որտեղ շատ անգամներ էր եղել երիտասարդ տարիներին ու այդ քաղաքի հետ կապված շատ հիշողություններ ուներ:Այնտեղ նա սկսեց աշխատել Սև ծովյան նավատորմի վրա ամենատարբեր աշխատանքներ կատարելով:Աշխարհը կլոր է,ով զարմանալի Կրասնոդարում Մանուկը հանդիպեց իր հորեղբոր`Արևշատի տղա Ալեքսանին(Ալեքին),որից էլ տեղեկացավ,որ նրա հայրն ու մայրը չկան ու որ իրենց ընտանիքի յոթ զավակներից փրկվել են միայն եղբայրը`Կոստանը,որը այժմ ապրում է Երևանում և քույրը Գյարդանը,որը ամուսնացել ու գտնվում էր Ապարանում :Ալեքը հինգ երեխաների հայր էր`Աշոտ,Համբարձում,Լիպարիտ,Մնացական,Վարդուշ անուններով:Հետագայում Հայրենական պատերազմի ժամանակ փոխգնդապետ Աշոտը դարձավ հերոս,իսկ Լիպարիտը զոհվեց պատերազմում:Համբարձումին ռուսները Գրիգորի էին անվանում,նա ևս հինգ երեխա ունեցավ Աննա,Սվետա,Թամարա,Ալեք,Լյուդմիլա անուններով:Մանուկի համար անսահման ուրախալի էր,որ այս մեծ աշխարհում գոնե հանդիպեց իրենց գերդաստանի բեկորներին:Անսահման մեծ եղավ նրանց ուրախությունը,երբ իմացան,որ իրենց հորեղբոր տղաներից Ղեվոնդը իր տղա Մուշեղի և թոռ Ահարոնի հետ բնակություն են հաստատել Նովոռասիսկ քաղաքում,իսկ քույրը Նարգիզը`Արարատում:Հարություն ամու ութամյա Թազագյուլ աղջիկը կորցնելով ամբողջ ընտանիքին,հայտնվել էր Թիֆլիսում գտնվող ամերիկյան որբանոցում,որտեղից հորաքույրը որդեգրելով,նրան մեծացրել էր իր երկու տղաների հետ,տալով նրանց փայլուն կրթություն:Մանուկյան Թազագյուլը դարձավ Գրիգորյան Թամարա` ավարտելով Թիֆլիսի օրիորդաց դպրոցը ապա Բժշկական,իսկ հետո Երեվանի Մանկավարժական ինստիտուտները:Հետագայում, նա վաստակավոր ուսուցչուհի էր Լեոյի անվան դպրոցում,ուր և ես եմ սովորել նրա դասարանում:Ուրեմն աստված դեռ լրիվ երես չէր թեքել Մանուկյաններից,”Փառք նրա մեծությանը”:Մանուկը ապրելով Կրասնոդարում չէր կարողանում հանգիստ մնալ նույն տեղում,երևի պատճառն այն էր,որ ամուսիններով չէին կարողանում երեխաներ ունենալ:Էրգրում հինգ երեխա կորցնելուց հետո Մանուկը իրեն չէր ներում,որ արհավիրքի օրերին նրանց կողքին չէր եղել և բացի այդ, երեխաներ չունենալու փաստը,նա միշտ կապում էր մեղք գործելու հետ`նախ որ հասուն տղամարդ լինելով փախցրել էր մանկահասակ աղջկան և դա էլ քիչ էր`սպանել նրա հորը:Ամուսնությունից հետո այնպես էր ստացվել,որ մի քանի անգամ Օսանի ձեռքն էին խնդրել իրենից,կարծելով, որ նա իր աղջիկն է,ոչ թե կինը,այս փաստն էր,որ միշտ կատաղության էր հասցնում նրան,ու ստիպում,որ նորից թողնեն իրենց բնակավայրը ու անընդհատ ճամփորդեն:Մի քանի տարի Կրասնոդարում ապրելուց հետո, նրանք նորից ճանապարհ ընկան,այս անգամ Նովոռասիսկ,հետո էլ Թեոդոսիա:1934 թվականն էր,երբ Մանուկը նամակ ստացավ եղբորից`Մուքաելից,որը տեղեկացնում էր նրան,որ կինը Մարիամը արյան վարակումից մահացել է և իր երեք զավակներին թողել առանց մայր,իրեն էլ առանց կին:Նա խնդրում էր Մանուկին,որ իրեն մենակ չթողնի այդ դժվար պահին,գա Հայաստան և խոստանում էր նրան, որ իր տղաներից մեկին կտա նրանց որդեգրման ու կազատի նրանց երեխա չունենալու ցավից:Մանուկը վերադառնալով Հայաստան`Ղոշավանք գյուղ,որտեղ այդ տարիներին ապրելը բավականին դժվար էր,կարելի էր ասել, հեռու մարդկային նորմալ պայմաններից ու ապրելակերպից, որոշեց գնալ Երևան:Օսանին շատ դուր եկան երեխաներից մեծը`Հրաչը և փոքրը`Ժորան,սիրտը այնպես կպավ նրանց,որ առանց նրանց այլևս չէր պատկերացնում իրենց հետագա կյանքը:Ամուսիններով խնդրեցին Մուքաելին նրա երկու երեխաներին որդեգրելու համար,նա էլ չմերժեց,համաձայնվեց:Մանուկը վերցնելով երեխաներին, տեղափոխվեց Երևան,եղբորը չկարողանալով համոզել,որ իր հետ տեղափոխվի Երևան նույնպես:Այսպիսով ես` Գոհար Ժորայի Մանուկյանս ծնվեցի 1953թ-ին Երևանում, ունենալով երկու պապի և երկու տատի,Միքայելից և Մարիամից,որոնց գենետիկ թոռն էի և Մանուկից ու Օսան-Զոզանից,որոնք երեք տարեկանից որդեգրել ու պահել էին հորս`Ժորային:Մշեցիները հորեղբոր կնոջը դիմում էին աբա բառով,հայրս իր նոր մորը նույնպես աբա ասելով էր դիմում,մենք`նույնպես նրան սկսեցինք այդպես կոչել:Այսպիսով մեր ամբողջ հարազատների կողմից Օսան-Զոզանը դարձավ “աբա”ու մնաց այդ անունով մինչև նրա կյանքի վերջը: Մանուկը հասնելով Երևան, իր համար ապրելու վայր ընտրեց, նրա հարավում գտնվող,նոր կառուցվող Յոնջալըխ թաղամասը,որը իր Էրգրի,իր Համզաշեյխի հարևան գյուղի անունն էր կրում և այնտեղ Էրգրի` Յոնջալուից գաղթած շատ հայեր կային:Այնտեղից հրաշալի տեսարան էր բացվում դեպի Արարատ լեռը,իսկ շրջակա դաշտը ամբողջովին պատված էր կանաչ յոնջայով:Փողոցներից մեկը,որում տուն կառուցեց Մանուկը, հետագայում կոչվեց Նոյեմբերյան 103:Յոնջալըխ թաղամասը երեսունականներին ամբողջովին բնակեցվեց Արևմտյան Հայաստանի տարբեր նահանգներից,գյուղերից ու քաղաքներից բռնագաղթված հայերով`որտեղ կարող էիր լսել Էրգրի բազում բարբառները իրարից տարբերվող խիստ առոգանությամբ` Վասպուրականի,Սասունի,Մուշի,Ալաշկերտի,Բասենի,Ստամբուլի,Կարսի,Մալաթիայի,Բիթլիսի,Սարիղամիշի,Իգդիրի,Բայազեթի,Խարբերդի և մյուս շրջանների, ասես ամբողջ Հայաստանը հավաքվել էր այստեղ,այս փոքրիկ թաղամասում` Յոնջալըխում ու դարձել մի ամբողջական` Մեծ Հայաստան:Բոլորը ճանաչում էին իրար,բոլորը գիտեին, թե ով որտեղից է եկել,ինչպես է ապրում, ինչ կորուստներ է կրել գաղթի ճանապարհին,բոլորը հարգում էին միմյանց,որովհետև անցել էին տառապանքի նույն ճանապարհը ու մեկտեղվել Յոնջալըխում, իրենց նոր` փոքրիկ հայրենիքում:Մանուկն ու Օսանը խիստ տարբերվում էին բոլորից, Ռուսաստանում ապրելու քսան տարիները, ռուսական բարքեր էին մտցրել նրանց ապրելակերպում,հագ ու կապում:Իհարկե դոմինանտը`Տարոն աշխարհի բարքերն էին,բայց օրինակ տատս հագնվում էր ռուսական տարազով`սառաֆան,կապույտ կոֆտա,կապում էր սպիտակ ժանյակներով գոգնոց,նրանք նախընտրում էին ուտել ռուսական ուտեստներ` բորշ,բլիններ,աղցաններ,թթու դրած,մանր կտրատած կաղամբ ու վարունգ,սալ:Խոսում էին ռուսերեն,չնայած նրան,որ երկուսն էլ հավասարապես տիրապետում էին հինգ լեզուների`հայերենին,թուրքերենին,քրդերենին,ռուսերենին ու ուկրաներենին:Իրենց հոգևորդիներին,որոնց պահում էին հարազատ որդիներից էլ լավ, ոչինչ չխնայելով, տալիս էին ամեն ինչ և իրենց գիտելիքներն ու փորձը,որից շատ հարուստ էին, նրանց էին փոխանցում իրենց մեջ դարերով նստած ու ձևավորված հոգեկան արժեքները,որ կաթի հետ մտած էր նրանց արյան ու հոգու մեջ,ծանոթացնում էին իրենց երկրի հարուստ պատմությանը: Այն տարիներին խիստ արգելված էր հայրենիքի մասին խոսելը, բարձրաձայնելը, պատմելն ու մինչև անգամ երգելը,իսկ Մշո երգերը այնպիսին էին, որ գովերգում էին Տարոն աշխարհի հարուստ բնությունը,նրա քարն ու թուփը,սարն ու ձորը,դաշտերն ու քաղքները,այնտեղ ապրած մարդկանց ու հերոսներին,նրա համար արյուն թափած ֆիդայիներին:Հիշում եմ,երբ տատս երգում էր Մշո,Անդրանիկին նվիրված կամ Առաքել Մուշեղ երգերը նախորոք դուռը մի լավ կողպում էր, հետո նոր անցնում երգին:Երգերն էլ միշտ եզրափակում էր “Մշո սարեր մշուշ է,իմ հողն ու ջուր անուշ է”տողերով:Այդ տարիներին այնքան մեծ էր վախը Ստալինի նկատմամբ,որ սարսափի մեջ էին գտնվում մի ամբողջ Կայսրությունում ապրող հարյուրավոր ժողովուրդներ: Այդ վիճակում էր նաև բազում ցավեր տեսած`իմ ժողովուրդը:Սկսած Լենինից,Ստալինը ու նրա հետևորդները դաժան հաշվեհարդար էին տեսնում յուրաքանչյուր հայի նկատմամբ,համարելով նրան “ժողովրդի թշնամի” ու դաժանորեն մահապատժի էին ենթարկում, ով անգամ հիշում կամ խոսում էր սահմանից այն կողմ մնացած իր հայրենիքի կամ նրա նկատմամբ պահանջատիրության մասին:Բազմիցս Էնկավեդեի աշխատողները խուզարկել են մեր տունը, հարցաքննել են պապիս,երևի ականջներին հասել էր,նրա մասնակցության մասին Էրգրում` Անդրանիկի ջոկատում կռվելու և ֆիդայի լինելու մասին պատմությունները,կամ էլ պատճառը այն էր եղել ,որ մի քանի անգամ Մանուկը նամակներ էր ստացել Հալեպից` իր մյուս հորեղբոր որդի Առաքելից,որը Հալեպ էր գնացել գործերով և այն համընկել էլ կոտորածի օրերի հետ և լսելով այդ մասին այլևս հայրենիք չէր վերադարձել:Նամակագրությունը Հալեպի հետ ընդհատվել էր և Մանուկը այլևս ոչ մի տեղեկություն չէր ունեցել իր ամու որդու վերջին շավղի Առաքելի հետագա կյանքի մասին:Այդ տարիներին պապիս բախտը բերել էր,աստված նրան փրկել էր բոլշևիկյան խունտայից`աքսորվելուց կամ սպանվելուց,որպես” ժողովրդի թշնամի”:
  58. Մանուկը Երևանում ապրած տարիներին գտավ իր Արևշատ ամու տղա Կոստանին,որը ապրում էր քաղաքի Երրորդ մաս(Ղռեր) կոչված թաղամասում,նա էլ Մանուկի նման ամբողջ ընտանիքին`ծնողներին,կնոջն ու երեխաներին Էրգրում կորցնելով, հայտնվել էր Երևանում: Երկրորդ անգամ ամուսնանալով Փառան անունով մի աղջկա հետ, նրանից իննը երեխա ունեցել,բայց կյանքի դժվարությունները,հիվանդությունները և սովը տարել էին նրանց չորս երեխաներին,թողնելով ամուսիններին միայն Փայլակին,Հրաչին,Հրանտին,Ղուկասին և Սեդային:Երևանում Մանուկյաններից միայն այս երկու հորեղբոր որդիներն էին իրենց զավակներով, որ սկսեցին Մանուկյանների ցեղի շարունակականության պահպանումը գտնվելով իրենց Մուշից շատ ու շատ հեռու:Մեկ էլ Մանուկի հարազատ եղբայրը` Մուքաելը,որ ոչ մի կերպ չհամոզվեց Երևանում ապրելու գաղափարի հետ, մնաց Ղոշավանքում, ապրեց այնտեղ իր մոտ մնացած երկու որդիների Մնացականի ու Սուրենի հետ:Որոնք հետագայում տեղափոխվելով Երևան ամուսնացան:Մնացականը երկու ամուսնությունից ունեցավ 2աղջիկ 3տղա,իսկ Սուրենը`2աղջիկ,1 տղա:Մուքայելի և Մանուկի անդրանիկ որդին` Հրաչը հրաշալի ընդունակությունների տեր պատանի դարձավ,կարծես նրա մեջ էր խտացել մեր ամբողջ ցեղի գենետիկ մաքսիմալ կարողությունները,ընդունվելով Երեվանի Պետական Համալսարանի Աստրոֆիզիկայի ֆակուլտետը,որ այն տարիներին բացառիկ երևույթ էր,այնքան լավ էր սովորում,որ դարձավ Ստալինյան թոշակառու ու բոլորի պարծանքը:Երրորդ կուրսի ուսանող էր,երբ սկսվեց Հայրենական պատերազմը,լինելով հայրենասեր պատանի`նա անմջապես կամավոր բանակ մեկնեց, ծառայելով ավիացիայում:Սակայն 1942 թվականին բանակում, չդիմանալով ռուսական ահավոր ցրտերին,ցրտահարվեց,մինչև գնացքով Երևանի հիվանդանոցներից մեկը հասցնելը`քսաներկու տարեկան հասակում հանճարեղ տղան վախճանվեց:1945թ-ին մահացավ նաև պապիս հորեղբոր տղա`Կոստանը,թողնելով 5 երեխաներին բախտի քմահաճույքին, կարիքի ու որբության մեջ:Պապս`Մանուկ Մանուկյանը հաջորդեց նրան,1949թ-ին վաթսունյոթ տարեկան հասակում նա էլ կնքեց իր մահկանացուն, սրտի կաթվածից:Օսան-Զոզան տատս մնաց մենակ հորս`Ժորայի հետ,որի հետ կապեց իր հետագա կյանքն ու հույսերը:Հորս`Ժորային 1951թ-ին բանակ զորակոչեցին,սակայն ութ օր հետո, մահացավ նաև նրա իսկական հայրը`Մուքայելը,երկու տարում նա միանգամից զրկվեց երկու մշեցի հայրերից:Ու այսպես մեկը մյուսի հետևից 40-50 ական թվականներին կյանքից հեռացան Մեծ Եղեռնը տեսած,նրա ահավոր ցավերը վերապրած,եղեռնազարկ եղած` նրա առաջին սերունդը:Երկրորդ սերունդը, որը հաջորդեց նրանց,ավելի հանգիստ գտնվեց իր հույզերի ու զգացմունքների մեջ,չէ որ նրանք Էրգիրը չէին տեսել,այլ լսել էին միայն իրենց ծնողներից հառաչանքների ու պատմությունների ձևով,որոնք միշտ ուղեկցվել էին «Լաո,ախ~չմեռնինք, մեր Էրգիր մեգ լե տեսնինք նոր մեռնինք» կամ էլ “Էրգիրը,շաքար էր,շան բերան մնաց,լաո” բառերով:
  59. Հայրս`Ժորան, ծառայելով Կարելիական թերակղզու ռազմա-ծովային նավատորմի սուզանավերից մեկի վրա, շուտով հիվանդացավ և զորացրվեց բանակից:1953թվականին` Ստալինի մահվան օրը ամուսնացավ լոռեցի մայրիկիս`Վիկտորիայի հետ,որի հետևանքով ծնվեցինք մենք` ես,եղբայրներս Նորայրն ու Հրաչյան`1953-1955-1957թթթ-ին:Ատոմային սուզանավի վրա ճառագայթվելով, հայրս շատ կարճ կյանք ունեցավ,ապրեց ընդամենը երեսուն տարի (նրանց պոլկի բոլոր զինվորները նույնպես ապրեցին մինչև երեսուն տարեկան հասակը):1961թ-ին, երբ կորցրեցինք նրան,ես ընդամենը յոթ տարեկան էի,եղբայրներս հինգ և երեք:Մնացինք մենակ`մայրս,երեխաներով և մշեցի տատս,որին հիշում եմ միայն ողբալիս` իր որդի Ժորայի և իր կորուսյալ հայրենիքի`Մուշի համար:Տատս,որը ապրեց մինչև 1982թ-ը, այն միակն էր առաջին սերնդից,որը տեսել ու զգացել էր Մեծ Եղեռնի ամբողջ սարսափներն ու դաժանությունները ու նրա շնորհիվ էր,որ մենք`պապերիս երրորդ սերունդը, կարողացանք այդքան բան իմանալ մեր կորուսյալ հայրենիքի մասին:Պատմելով այս ամենը,ես ուզում եմ,որ մեր չորրորդ սերունդը,որ արդեն իմ որդիներն են`Հարությունը,Հերմինեն և Հայկը ու նրանց երեխաները, գոնե մի քիչ ծանոթանան ու իմանան իմ ցեղի պատմությունը և պապերիս կորուսյալ երկրի ու իրենց դաժան կյանքի վայրիվերումները:
  60. Տատս,որը ձեռնամուխ էր եղել մեր դաստեարակությանը,մեծ նեցուկ էր երեք երեխաներիս ու մորս համար,որը երեք հերթափոխով աշխատում էր,որպեսզի կարողանար մեր գոյատևման համար անհրաժեշտ միջոցները հայթայթի:Մեր երեկոներն ու գիշերները անցնում էին տատիս պատմած հեքիաթներով,չկար հայկական ժողովրդական մի հեքիաթ, որ նա չիմանար,իսկ Սասունցի Դավիթ էպոսից արտասանում էր հատվածներով առանց դադարի:Մինչև հիմա հիշում եմ այն տեղանունները,որոնցով նա տանում էր իր հերոսներին սկսած`Մսրից(Եգիպտոս),Ջզիրու Բոթանով,Խլաթով,Ծովասարով,Խաչ լճով`որի հատակին էր գտնվում հայոց էպոսի “Թուր Կեծակին” նրա խորին համոզմամբ և այն մի օր դուրս էր գալու և հայի արդար դատը պաշտպանելու:Տատիս ոգևորությունը դառնում էր անսահման,երբ պատմում էր Համզաշեխի հեքիաթները,սիրում էր, երբ մեզ ռուսերեն էր սովորեցնում,հիմա շատ եմ ափսոսում, որ չուզեցի նրանից մեր թշնամիների լեզուները սովորել`թուրքերենն ու քրդերենը,ինչքան էլ նա ջանում էր դրա համար:Լեզուների իմացության կարիքը շատ էի զգում,երբ Թուրքիայում էի,ինչքան էի ցանկանում առերեսվել տեղացիների հետ, ջախջախել նրանց գոնե խոսքով,պատմել նրանց իմ ժողովրդի իսկության մասին,բայց ավաղ ես կորցրել էի լեզուները սովորելու անվերադարձ ժամանակը: Ամեն անգամ տատիս պատմությունները վերջանում էին նույն հոգոցներով “Ախ~, չմեռնիմ իմ Էրգիր մեկ լե տեսնիմ, նոր մեռնիմ”,այն ժամանակ ես այդքան էլ չէի ըմբռնում նրա ցավի խորությունը:Սովորելով Երևանի Պետական Համալսարանում ես շատ բաներ կարդացի,սովորեցի ու հասկացա,իսկ կյանքն էլ, ինձ բացատրեց ,թե ինչ է հայրենիքը և այն կորցնելը…Ունենալով տատիս մեծ ազդեցությունը իմ վրա և նրա պատգամը,որ ամեն անգամ ինձ էր դիմում, ասելով “Լաո,քեզի Օսիաթ կենիմ,գնաս իմ Էրգիր տեսնիս,ես չտեսա,գոնե դու տեսնիս,մի բուռ հող բերիս իմ գերեզմանին լցնիս,որ ես հանգիստ մեռնիմ”:Նրա պատգամը ինձ հանգիստ չէր տալիս ամբողջ գիտակից կյանքիս ընթացքում, և ահա մի անգամ`2008թվականին, այդ հնարավորությունը ինձ ընձեռնվեց: Քսանչորս հոգով,որոնք նույնպես Էրգրից գաղթածների սերունդներ էին աշխարհի տարբեր ծայրերից( մի մասը պետք է բարձրանար նվիրական Մասիսը,իսկ մյուս մասը պետք է անցներ պատմական Հայաստանի տարածքներով), դուրս եկանք Երևանից,շրջանցելով Վրաստանի հարավային շրջանները`Բոգդանովկան,Ախալքալակը,Ախալցխան(որոնք նույնպես հայաշատ են),մոտ 250կմ ավելորդ շրջանցում անելով մտանք պատմական Հայաստանի տարածքները,որոնք այժմ Թուրքիա են կոչվում:Այդ պետության հետ դիվանագիտական հարաբերություններ չունենալու և սահմանը փակ լինելու պատճառով`մենք սահմանը հատեցինք Վրաստանով,այնինչ Գյումրիից մինչև Կարս ընդամենը 45կիլոմետր էր:Առաջինը մեզ ընդունեց Արդահանի շրջանի Փոսով(փոցխել բառից) բնակատեղին, կառուցված մշուշի մեջ թաղված լեռնագագաթի ստորոտին(ծովի մակարդակից 2550մ բարձրության վրա), շրջապատված խիտ փշատերև անտառներով ու ամեն կողմից դուրս ժայթքող սառնորակ աղբյուրների ակերով:Ոլորապտույտ ճանապարհներով,մշուշի միջով,գահավիժելով սարն ի վար մենք հայտնվեցինք մի գեղեցիկ դաշտավայրում,որի ճանապարհները մեզ տարան դեպի Կարս:Հայաստանի գեղեցկագույն ու դժբախտ մայրաքաղաքներից մեկը, որ բազմաթիվ անգամներ կռվախնձոր դառնալով,ձեռքից ձեռք անցնելով Թուրքիայի և Ռուսաստանի միջև,1920թ-ի հոկտեմբերի 30-ին հայտնվեց թուրքերի ձեռքում:1921թ-ի հոկտեմբերի 13-ին կնքվելով Կարսի խայտառակ պայմանագիրը, որով ամրագրվեց Ախուրյան և Արաքս գետերը Թուրքիայի և Հայաստանի միջև պետական սահման դառնալու փաստը ու մեզ զրկելով մեր հայրենիքի մեծագույն ու լավագույն մասի տերը լինելու հնարավորությունից:Բագրատունիների դինաստիայի երբեմնի( 929-961թթ )թագավորանիստ մայրաքաղաքը Կարսը` իր ամբողջ մարզով, 85հայկական գյուղերով`85հազար հայ բնակչությամբ անցավ թուրքերին:Հայատյաց քաղաքականության հետևանքով թուրքերը մաքրեցին մարզի ամբողջ հայ բնակչությանը,չթողնելով այնտեղ ոչ մի հայի,իհարկե չհաշված ծպտյալ ու քրդացած հայերին,որոնք վախվորած ապրեցին այնտեղ մինչև այսօր:Այժմ Կարսը դարձել է 80հազ քրդերով բնակեցված արևելյան մի քաղաք ,որը չունի ոչ մի մշակույթային կոթող,բացի կենդանիներ պատկերող արձաններից,որոնք դրված են այս ու այն պողոտայում,որպես գերագույն զարդ ու նոր կառուցված հինգ, վեց հարկանի շենքերից և հյուրանոցներից:Կարսի կենտրոնում պահպանված են հարուստ հայերի երկու երեք հարկանի սև տուֆից կառուցված տները`19-20-րդ դարերին հատուկ գեղեցիկ ճարտարապետական լուծումներով,հայկական զարդանախշերով ու քանդակներով,գեղեցիկ լինելով ու պատմական արժեք ներկայացնելով, նրանք չեն քանդվել,այլ դարձել են օֆիսներ ժամանակակից գործարար քրդերի համար,ցույց տալով զբոսաշրջիկներին Կարսի պատմական դեմքը:Կարսի սքանչելի բերդից,որտեղից երևում է ամբողջ քաղաքը,թաղված կանաչ այգիներում`ինչպես մի մարգարիտ,բոլոր շինություններից տարբերվելով վեր է խոյանում Աբաս Բագրատունու կողմից կառուցված(928-953թթ) Սբ.Առաքելոց եկեղեցին,որը թուրքերը մզկիթի են վերածել ու նամազ են անում իրենց կրոնի հետ բացարձակապես կապ չունեցող, Քրիստոսի տասներկու առաքյալներին պատկերող բարձրականդակների ու բարձր գմբեթի հովանու ներքո:Կարսի վեհաշուք բերդից ներքև, հոսում է Կարս գետը,որի երկու կողմերում դեռ պահպանված են հայերի տները`մի մասը դատարկ ու լքված,մի մասն էլ բնակեցված քրդերով:Հայերին պատկանող տներից,դպրոցներից,վարժարաններից բացի պահպանված են նաև հայկական բաղնիքները իրենց կլոր գմբեթներով,իջևանատները,Անգլիական այգին,ուր ճեմում էին մի ժամանակ իմ ազգի տիկիններն ու այրերը իրենց երեխաներով,քաղաքի միջով անցնող երկաթգիծը,որը կապում էր Կարսը Ալեքսանդրապոլի հետ:Կարս գետի վրա տարբեր ժամանակներում կառուցված կամուրջները դեռևս պահպանում են իրենց հայկական լինելն ու հայկական անունները,օրինակ Վարդանի կամուրջը,որը ամբողջովին կառուցված էր հայկական կարմրագույն տուֆով`գեղեցկագույնը կամրջաշինարարության մեջ,Չուգունի կամուրջը,որի հատակը պատված էր չուգունե քառակուսի լիստերով,որի վրա քայլելիս քայլերդ դառնում էին խրոխտ ու հաստատակամ,իսկ ականջներումդ լսվում են մետաղի զըրնգուն ձայները:Կարսի փողոցներով է քայլել նաև Հայ ազգի մեծագույն բանաստեղծը`Եղիշե Չարենցը, Կարսին նվիրելով իր անմահ ստեղծագործություններն ու իր սիրո տողերը առաջին սիրուն` Կարինե Քոթանջյանին:Հենց կամրջի ծայրին էլ գտնվում էր բանաստեղծի` Մակուից վերաբնակեցված իրենց ընտանիքի հայրական տունը,որի կիսաքանդ պատերն էին ցույց տալիս քրդերը Կարս այցելած ամեն մի հայի:Ես նույնպես յուրաքանչյուր տան մեջ փնտրում էի այն տունը, որտեղ կարող էին ապրած լինել տատս ու պապս,չէ որ մի ժամանակահատված, նրանք նույնպես ապրել էին Կարսում:Թողնելով Կարսն ու նրա պարծանքը հանդիսացող Կարսի անմատչելի բերդը, ուղևորվեցինք դեպի Անի,որը գտնվում էր Կարսից 45կմ հեռավորության վրա,Ախուրյան գետի աջ ափին,եռանկյունաձև սարահարթի վրա: Բագրատունիների կողմից Անին մայրաքաղաք հռչակելուց հետո, դարձավ Դվինից,Կարսից հետո հաջորդ տիեզերական մայրաքաղաքը 961թ-ից մինչև նրա կործանումը 1364թ-ը:Նա Կամսարականների,Բագրատունիների և Զաքարյանների շինարարաստեղծ մտքի բարձրագույն ստեղծագործությունն էր:Քաղաքը պատված էր երկշերտ հսկայական պարիսպներով(Գագկաշեն և Սմբատաշեն) երկու կողմից երեսպատված սրբատաշ արևագույն տուֆ քարերով`ձգվելով 2500մետր երկարությամբ,10մետր բարձրությամբ ու մեկ մետր պատերի հաստությամբ,քաղաք մտնող 40 դռներով,պարսպին փորագրված Բագրատունիների զինանշանով,մուգ գույնի քարերով շարված խաչերով ու սխոլաստիկայի նշանով,որը արևի ու կյանքի հավերժության սիմվոլը լինելուց բացի,ապացուցում էր նաև, հայ ազգի Արիական ցեղ լինելը:Քաղաքն ուներ բազմաթիվ եկեղեցիներ,որի համար նրան ասում էին” հազար ու մի եկեղեցիների քաղաք”,իսկ ամեն եկեղեցին իր կառուցման ձևով,զարդանախշերով ու քանդակազարդ պատերով չէր կրկնում մեկը մյուսին,բոլորն էլ անկրկնելի էին ու ինքնատիպ,ներսից գմբեթները զարդարված էին երկրաչափական պատկերներ ներկայացնող կարմիր ու սև տուֆով ասեղնագործված մոզաիկաներով:Միջնադարում Անին հարյուր հազարանոց քաղաք էր,թագավորական պալատներով,քաղաքաբնակ մարդկանց պատկանող գեղեցիկ տներով,ջրի և կոյուղու համար կավե թրծված խողովակաշարի հսկայական ցանցով,իջևանատներով,բազմամարդ շուկայով,Ախուրյան գետի վրա կառուցված բազմաթիվ հոյակերտ կամուրջներով,մետաքսի ճանապարհով,որի ճյուղերից մեկն էլ կապում էր Դվինը,Անին ու Տրապիզոնը:Քաղաքն ուներ նաև ստորգետնյա անցուղիներ,որոնք կապում էին քաղաքը մայրուղու հետ`հանդիսանալով մետրոների նախատիպը,որով անցնում էին կառքերն ու ձիավորները:Ախուրյան գետը հոսելով անդընդախոր ձորերի միջով,իր ժայռեղեն ափերին ստեղծել էր ժայռերն ի վեր ձգվող հարյուրավոր քարանձավների ամբողջություն,որոնք դարձել էին անեցիների համար պաշտպանվելու հիանալի վայր թշնամիների հարձակման ժամանակ:Հարյուրավոր մեծ ու փոքր սենյակների նմանվող քարանձավախորշերը ձգվում էին լաբիրինթոսի նման դեպի գետնի խորքերը, ուր կարելի էր բարձրանալ միմիայն ճոպանների օգնությամբ: Քաղաքի գանձն էր համարվում Անիի “Մայր տաճարը”,որը մինչև այսօր էլ հիացնում ու զարմացնում է աշխարհի բոլոր անկյուններից հազարավոր կիլոմետրեր կտրած ու անցած ճանապարհորդներին ու գիտնականներին,որպեսզի գան տեսնեն և ուսումնասիրեն միջնադարի “Անի”կոչվող` հրաշքը:Չկա մեկը,որ չկանգնի տաճարի խորանի մոտ ու չաղոթի դեռևս պահպանված կապույտով ու լազուրով նկարազարդված աստծո ու աստվածաշնչյան պատկերների առջև,իսկ այնտեղ աղոթելու ու երգելու ցանկությունը պատում է բոլորին,երգերի ու շարականների մեղրածոր ձայնը ձգվում է եկեղեցու հզորագույն ակուստիկայի միջոցով ու լսելի դառնում պատերից այն կողմ` ամբողջ շրջակա միջավայրում:Կարմրա սևագուն տուֆից կերտված այս վեհաշուք կերտվածքը , չես կարող մեկ անգամ տեսնելով բավարարվել,այն դեպի իրեն է ձգում,ամեն մի հայի ու ոչ միայն հայի:Ահա հեռվից իր մոտ է կանչում Զվարթնոցատիպ` Գագիկ թագավորի կողմից կառուցված,կիսով չափ կանգուն մնացած Գագկաշեն եկեղեցին,որի մոտ կանգնած է եղել Գագիկ արքայի 2.26մետրանոց արձանը,որին թուրք սելջուկները իրենց հերթական հարձակումներից մեկի ժամանակ` չզլանալով ,ինչպես կարողացել են, ջարդ ու փշուր են արել: Այո, Անին ավերակների վերածված մի ամբողջ քաղաք է,որը թանգարան է բաց երկնքի տակ`”Անիի ավերակներ” անունով ու հայերիս ամենաբաց վերքերից մեկը,որի արյունը կաթում է առ այսօր:Տխուր հիշողություններով, թողնելով Անին ճանապարհվեցինք դեպի Իգդիր(որը հնում Ցոլակերտ է կոչվել):Ճանապարհին տեսնելով մեր պատմական անցքերի հետ կապված ու մեզ քաջ հայտնի բնակավայրերը`Տեկորը,Բագարանը,Երվանդաշատը:Անցնելով Արաքս գետը,հասանք Կողբին ու Կողբասարին և վերջապես հայտնվեցինք Սուրմալու գավառի սիրտը հանդիսացող Իգդիր քաղաքում,որը մեր հերոսների,մեր մաուզերիստ պապերի,մեր անմահ`Դրաստամատ Կանայանի` Դրոյի,նկարիչ Իսաբեկյանի ու Ավետիս Ահարոնյանի քաղաքն էր:Եթե մեր սահմանում գտնվող Սարդարաբադից ձեռքտ մեկնես ապա Իգդիրին կհասնես,որը այդքան մոտ է մեզ, սակայն այդքան հեռու(Երևանից ընդամենը 40կմ):Այժմ Իգդիրը 70հազարանոց քրդերով և ադրբեջանցիներով բնակեցված քաղաք է,ուր հայկականը հիշեցնող ոչինչ չի պահպանվել(Իգդիրի 10հազ բնակչության 95%-ը հայերն են եղել, այնտեղից հեռացել են 1920թ-ին,իրենց քաղաքի համար շատ արյուն թափելով):Քաղաքի կենտրոնի հայկական եկեղեցու տեղում թուրքերը մի հսկայական մզկիթ են կառուցել,իսկ հայերին ավելի ցավեցնելու համար քաղաքի մոտակայքում հուշարձան են կանգնեցրել`ուր քանդակված են երկինք մխրճված երեք թրեր,և այն նվիրել հայերի կողմից ցեղասպան եղած թուրքերի հիշատակին(այստեղ են ասել սելը չի ճռռում,սելվորն է ճռռում):Ու դա էլ քիչ է` Նոյի տապանի հսկայական չափերի հասնող մակետն են դրել ցուցադրության,իբր թուրքերն են հանդիսանում ջրհեղեղից հետո նոր քաղաքակրթության ստեղծողներն ու կրողները: Քանի որ, արդեն Մեծ ու փոքր Մասիսների հակառակ կողմում ենք,ուրեմն Բայազետում ենք, Մասիսի փեշերին փռված նախկինում հայաբնակ քաղաքում:Այն մինչև 14-րդ դարը կոչվել է Դարոյնք,Արշակավան:15-րդ դարից սկսած թուրքերը այն վերանվանել են իրենց օսմանյան 4-րդ սուլթանի Բայազետի անունով:1915թ-ին երկու հազար հայ բնակչություն(40%-ը),չորս հայկական եկեղեցի,Արամյան երկսեռ վարժարան ունեցող քաղաքը,այսօր լրիվ դատարկված է հայերից,մի մասը դեռևս 1828թ-ին էին գաղթել դեպի Սևանի ավազան,կառուցելով Նոր Բայազետը քաղաքը,մյուս մասն էլ զոհ է դարձել Մեծ Եղեռնին: Այսօր,այն տիպիկ քրդաբնակ 60 հազարանոց մի քաղաք է,որին աշխարհը ճանաչում է դեռևս 5-րդ դարում հայերի կողմից կառուցված Պապ թագավորի նստավայր` Դարոյինքի բերդով,Բագրատունիների ոստանով:Սարն ի վեր ձգվող ուղահայաց քարածերպերին հենված, աստիճանաձև բարձրացող կարմիր քարերով կառուցված Դարոյինքի բերդը,որը միաձուլված է կարմրավուն ժայռերին ու նրա հետ մի ամբողջություն է կազմում:Դարոյինքի բերդից ներքև,նրան նայող հարթության վրա, հայ ճարտարապետի կողմից կառուցված Բայազետի բերդն ու պալատը տիպիկ հայկական կառույցներ են,միայն նրա ներսում Մահմուդ փաշայի կողմից պատվիրված և կառուցված մզկիթն է,որ թուրքական երանգ է մտցնում կառույցի վեհաշուք պատկերի մեջ:Հայացքներս երկար ժամանակ Արարատից չկտրելով,Բայազետի համայնապատկերը մեր աչքերում երկար պահելու ցանկությամբ, շարժվեցինք դեպի Բերկրիի ջրվեժ,որը գտնվում է համանուն գետի վրա,սկիզբ առնելով Թոնդրակ լեռան փեշերից,հոսելով 65 կմ, թափվում է Վանա լիճը հյուսիս արևելյան կողմից:Վանա լիճն են թափվում նաև Մարմետ և Խոշաբ գետերը:Բերկրիի ջրվեժը լճից հեռու է 16,Արճեշից 40, Վան քաղաքից 90կմ-ով,մտնելով Վանի նահանգի մեջ,այն համարվում էր Արևմտյան Հայաստանի ամենագեղեցիկ վայրերից մեկը:Տասնհինգ մետր բարձրությունից Բերկրիի ջրերը բազմաթիվ ճյուղեր կազմելով,դղրդյունով գահավիժում են ձորամեջ,որի գլխին անընդհատ ծիածանն է կախված իր բազմերանգ գույներով,իսկ հսկայական ձորի ափերը իրար է կապում մազե կամուրջը,ճոպաններով ու փայտե հատակով հյուսված:1915թ-ին Բերկրին ուներ երկու հազարից ավելի հայ բնակչություն,վարժարան:Եղեռնի ժամանակ բոլոր հայերն էլ զոհվեցին,այն թողնելով քրդերին,Բերկրին էլ վերանվանեցին Մուրադիե:Մեր պապերը պատմում էին,որ Եղեռնի օրերին Բերկրիի ջրերը միայն դիակներ ու արնաջուր էր բերում:Իսկ այսօր նրա ջրերում` միայն կարմիր ձուկն է վխտում :
  61. Իջնելով հարավ, Վանա լճի գեղատեսիլ ափերի գեղեցկությունը վայելելով հայտնվեցինք նրա արևելյան ափին գտնվող Վանում,պատմական Հայաստանի ամենանվիրական մայրաքաղաքում:Այն հիմնադրվել է Ուրարտական թագավոր Սարդուրի I-կողմից մ.թ.ա.835-825թթ Տուշպա կամ Տոսպ անունով, լիճն էլ նրա անունով կոչվել է Տոսպա լիճ:Հայերը այնտեղ ապրել են անհիշելի ժամանակներից,այն եղել է նաև Վասպուրականի Արծրունիների թագավորության մայրաքաղաքը:Վանի սրտում է գտնվում նրա պատմության վաղեմության անձնագիրը հանդիսացող ասորական թագուհի Շամիրամի բերդը,որը ձգվում է մեկ կիլոմետր երկարությամբ, 120մ բարձրությամբ մի հսկայական քարաժայռի վրա, լավ պահպանված բերդապարիսպներով,միջնաբերդով,տարբեր շինություններով,պալատներով ու բազմաթիվ սեպագիր արձանագրություններով:Աստիճանները,որ տանում են բերդի յուրաքանչյուր անկյուն,թույլ են տալիս այնտեղ նստելու` ժամերով զմայլվելու այն տեսարաններով, որ շռայլել է բնությունը վանեցիներին`աչքերիտ առաջ ունենալով երկնքի կապույտը,լազուր ծովի ջրերն ու կանաչով պատված քաղաքի համայնապատկերը:Պահպանվել է նաև Շամիրամի առուն(ջրանցքը),որը դարեր շարունակ ջուր է մատակարարել հարակից դաշտերին ու այգիներին: Իզուր չէ, որ մեծագույն մարդիկ,որ Վան են այցելել,չթաքցնելով իրենց հիացմունքը, ասել են. ”Մեռնել ու չտեսնել Վանը,նշանակում է կենդանության օրոք չտեսնել դրախտը”:Քաղաքի արևմտյան հատվածը ,ուր գտնվում է նաև Վանի բերդը,հայերը Քաղաքամեջ են կոչել,նրա կենտրոնով է անցել է Խաչփողանի փողոցը և նույնանուն հրապարակը:Քաղաքամեջը երեք կողմերից շրջապատված է եղել պարիսպներով,որոնք այժմ չկան:Քաղաքի արևելյան մասում փարթամ այգիներով շրջապատված տներում ապրում էին հայերը,որին Այգեստան էին անվանում,այն ձգվելով 4,5կմ երկարությամբ, շքեղ տեսք էր տալիս քաղաքին:Վանում կային հայկական ութ եկեղեցիներ,դպրոցներ,վարժարաններ,բանկեր,հյուպատոսարաններ(հենց Այգեստանում),որբանոց: Վանում են ապրել ու արարել են 28 հազար,իսկ ամբողջ Վանի նահանգում 242հազար հայեր:Երբ թուրքերը ժխտում են ցեղասպանությունը,մեկը լինի ու հարցնի,ապա ուր գնացին այդքան հայերը,մի թե մի օր քնեցին ու զարթնեցին,տեսնելով, որ իրենք արդեն երկինքում են… Վանում`դեռ Ուրարտական ժամանակներից եկող,մի հսկայական քարաժայռի վրա քանդակված է մեր ազգային էպոսից հայտնի “Մհերի դուռը” կամ “Ագռավաքարը”,դռան հետվում սպասելով աշխարհում արդարության հաստատման օրերին, որպեսզի այնտեղից կարողանա դուրս գալ,մեր դյուցազունը`Մհերը:Վանում է` Թոփրակ Կալեն,Վանի շրջակայքում է նաև, մեր դպրության կենտրոնը հանդիսացող Վարագա լեռան վանքային համալիրը:7-րդ դարի կառույց Վարագա վանքային համալիրը ունեցել է 6 եկեղեցի,որից կիսով չափ պահպանված է միայն սբ.Սոփիան ու նրա գավիթ սբ.Գևորգը:Այս համալիրը տարեկան տվելէ 300 հոգևոր և 300 աշխարհիկ սան(Խրիմյան հայրիկ,Գ,Սրվանձտյան,Րաֆֆի):Կիսավեր համալիրը այժմ մի քուրդ ընտանիքի սեփականությունն է համարվում,որը Ստամբուլի պատրիարքարանից վարձատրվելով, հոգ է տանում նրա պահպանման համար,միաժամանակ իր վճարովի բիզնեսն է բացել,այցի եկած հայերին ցույց տալու հայերի ձեռքերով կառուցված և արդեն կիսավեր դարձած եկեղեցիների պատերը: 1915թ-ին Վանում հերոսական ինքնապաշտպանությունը կազմակերպելուց,այն հաղթական ավարտին հասցնելուց և Վանի նահանգը ինքնավար մարզ հայտարարելուց հետո,այնուհետև ռուսական բանակի դավաճանական երկու նահանջներից հետո,հայերին այլ բան չէր մնում անելու,քան դժվարագույն որոշում ընդունելը,այն է թողնել իրենց սիրելի Վանը,իրենց դարավոր հայրենիքը ու բռնել գաղթի ճանապարհը:Բոլոր հայկական տարածքների նման 1915-1918թթ հայաթափվեց նաև Վան քաղաքը իր ամբողջ նահանգով,մեծագույն տառապանքների,զրկանքների ու զոհերի գնով, վանեցիները ցրվեցին աշխարհով մեկ:Այժմ Վանը 400հազար բնակչությամբ քրդերով և թուրքերով բնակեցված ժամանակակից քաղաք է,որին քրդերը իրենց մայրաքաղաքն են համարում:Տխուր հուշերով թողնելով մեր սիրելի Վանը,գնացինք տեսնելու Աղթամար կղզին ու նրանում կառուցված մեր հաջորդ գոհարը`Սբ Խաչը:Վանա լճի չորս կղզիներն էլ,որոնք գտնվում են նրա արևելյան կողմում,իրենց վրա կառուցված եկեղեցիներն ունեն` Լիմում-Սբ.Գևորգը,Կտուցում-Սբ.Կարապետը,Արտերում- Սբ.Աստվածածինը,Աղթամարում-Սբ.Խաչը: Սբ.Խաչ հասանք մոտորանավով,որը պատկանում էր գերմանախոս մի քրդացած հայի,որը ուներ նաև ռեստորան ծովափնյա մի գողտրիկ վայրում,ուր ճաշակեցինքՎանա լճի մեր հռչակավոր տառեխը և մեզ հետ ճանապարհին` Արտամետից գնված աշխարհի ամենահոտավետ խնձորը,որը թափահարելիս կորիզների շխշխկոցի ձայնն էր գալիս և որին մեր տատերը դնում էին իրենց աղջիկների օժիտներում,անուշ բույր արձակելու համար:Սբ.Խաչը կառուցվել է 915-921թթ-ին Գագիկ Արծրունի թագավորի պատվերով, Մանվել ճարտարապետի կողմից:Նարնջագույն տուֆից կառուցված այս հրաշագույն կերտվածքը`26մ բարձրությամբ, ծովի կապույտ ֆոնին, ասես ճաշակով զարդարված մի գեղեցկուհի լինի:Դրսից այն ունի պատկերաքանդակների վեց հորիզոնական գոտիներ,որոնք փառաբանում են արաբների դեմ տարած հայ ժողովրդի հաղթանակները,քրիստոնեությունը` որպես հայ ժողովրդի միակ կրոն և Արծրունի տոհմի փառավոր իշխանների քաջագործությունները:Վերին մասում պատկերված է Գագիկ Արծրունին` եկեղեցու մակետը ձեռքին, Հիսուս Քրիստոսին հանձնելու պահին:Բոլոր 6 գոտիների միջակայքում ձգվում են զարդերի ու զարդանախշերի,կենդանիների ու բույսերի ամենաբազմատեսակ քանդակների գեղեցիկ ժապավենները:Իսկ ներսում` եկեղեցին ուղակի աստվածային է:Աղոթելով ու մոմ վառելով աստծո լուրթ կապույտով և լազուրով նկարված պատկերների առջև,թողեցինք Սբ. Խաչը,աղի արցունքներով, մեր աղի ջրերով լացող` Վանա լճի նման:Լուռ,մտորումների մեջ,կտրեցինք անցանք արևելքից մինչ արևմուտք` Վանա լճի հարավային ափերի գեղեցկությունը վայելելով,հասանք Դադվանին(քաղցրահամ Վան),ուր բազմաթիվ քաղցրահամ գետակներ միախառնվելով թափվում էին Վանա ծովը: Դադվանից Բիթլիս ճանապարհին տեսանք Գրգուռ լեռը,անցանք հրաբխային Նեմրութ լեռան(3050մ) լավայից առաջացած հսկայական, սատանայի եղունգ, կոչվող քարադաշտով,իջանք նախկինում հայշատ քաղաքներից մեկը Բաղեշի վիլայեթի Բաղեշ կամ Բիթլիս քաղաքը,տարածված Բաղեշ գետի կիրճում իր կենտրոնում ունենալով 17-րդ դարի անառիկ կառույց Բիթլիսի բերդը:Այնտեղից այսքան տերիների մեծագույն սպասումներից հետո բարձրացանք դեպի Մուշ,պապերիս երազների հայրենիքը:Անցնելով Մշո դաշտի գեղատեսիլ տարածքներով,ոչ մի կերպ չէի կարողանում պահել հեկեկոցով լացս,կարծես թաղում էի մի հարազատ մարդու,որին այլևս երբեք չէի տեսնելու:Հիմա եմ հասկանում ,թե ինչ էին կորցրել իմ պապերը և ինչու էր նրանց քթից ծուխ դուրս գալիս,երբ խոսում էին իրենց անգին գանձի,իրենց անկրկնելի Էրգրի մասին:Մուշում,որը այսօր հարյուր հազարանոց քրդաբնակ քաղաք է, երկու օր շարունակ վեր ու վար անելով նրա փողոցներում,կանգնում էի այն տների առաջ,որոնք հարյուր տարվա հնություն ունեին,ամեն տան մեջ փնտրելով այն տունը,որը կարող էր իմ պապինը լինել:Հայկական թաղերը ներկայացնող տներում,հարյուր տարում ոչինչ չէր փոխվել, քրդերի միակ նորամուծությունը կայանում էր նրանում,որ տների ճակատային մասերը իրենց սիրելի փիրուզագույնով ներկելուց հետո` մտել ու ապրում էին այնտեղ հարյուր տարի առաջ ունեցած իրենց նույն կենցաղով`այն է տների դիմաց,կամ հենց փողոցներում ամանեղեն,բուրդ լվանալով ու չորացնելով,երեխաներին լողացնելով ու լվածք անելով,ճաշ եփելով և վերջապես XXI դար էին մտել իրենց գլխաշորերով ու սև չադրաներով:Իսկ տղամարդիկ իրենց ազատ ժամանցն էին անցկացնում շենքերի դիմաց առանձնացված չայխանաներում,փոքրիկ սեղանների շուրջ,փոքրիկ աթոռներին նստած,իրենց թեյի համար նախատեսված փոքրիկ բաժակներով`թեյ խմելով: Չնայած ինձ համար անծանոթ այս տեսարանին,այնքան հանգիստ էի ինձ զգում այնտեղ,կարծես Երևանում լինեի,իմ տանը:Հետաքրքիրն այն էր,որ Մուշում հյուրանոցների,ռեստորանների,բանկերի,խանութների կամ բենզալցակայանների աշխատակիցների հետ շփվելիս,վերջում պարզվում էր, որ նրանց տերերը քրդացած հայեր էին,որոնք հրաշալի էին վերաբերվում մեր հետ,իմանալով մեր հայ լինելու հանգամանքը:Մեկ դար առաջ էլ էր այդպես,հայը պետք է առաջնորդեր,իսկ դա շարժում էր մյուս ազգերի նախանձը դեպի հայ ազգի խելքն ու բոլորից բարձր լինելու փաստը և որի հետևանքը եղավ այն,ինչը եղավ… Մուշից գնացինք տեսնելու մեր երկու սրբոցները`Առաքելոցի և Սբ.Կարապետի վանքերը,երկուսն էլ խոնհարված գտնելով, շատ հուզված ու կոտրված,ետ դարձանք այնտեղից,չմոռանալով երկու մեծ տոպրակներով` հող վերցնելու մասին:Չէ որ, նրանք պապերիս Էրգրի`կյանքի վկաներն էին,ու նրանց չտեսնելը հանցանքի նման մի բան էր ինձ համար:Հաջորդ օրը ճանապարհվեցինք դեպի Դերջան(Մամախաթուն)Սբ.Դավթի համալիր` դեպի Ապարանք գյուղ,մեր մյուս հրաշքը տեսնելու համար:Լեռան գագաթից Բասենի դաշտի վրա հսկող Սբ.Դավթի համալիրը,վեհաշուք էր:Իսկ դաշտի գեղեցկությունը խոսքերով նկարագրելը չի ստացվի,ավելի լավ է դիմեմ Մարտիրոս Սարյանին,այսինքն նրա դաշտերը պատկերող նկարներին,որի մեջ էլ կարելի է տեսնել Բասենի դաշտի աննման գույներն ու հորիզոնին ձգվող հեռաստանները:Իմ կյանքի ընթացքում շատ տեղերում եմ եղել,բայց նրա հիասքանչ պատկերը իմ հիշողությունից չի ջնջվի`երբեք: XII դարում կառուցված եկեղեցիական համալիրին, արթուն պահակների պես հսկում էին լեռան ամենաբարձրադիր մասում կանգնեցրած, մեկ ամբողջական վարդագույն տուֆ քարից կերտված`6.5մետր բարձրություն ունեցող մեր ասեղնագործ`հիասքանչ երկու խաչքարերը,որոնց նմանը աշխարհում, չկա: Չորսն էին եղել դրանք,բայց ոսկի ու գանձեր փնտրելու մոլուցքը թուրքերին մղել էր պայթեցնելու նրանց հիմքերը,որը և դարձել էր պատճառ նրանց կործանման:Ավաղ համալիրի պարսպապատ տարածքում, ուր առատ խոտ էր աճում մեր սիրելի”քրդերը”իրենց մանր ու խոշոր եղջերավոր անասուններին էին արածեցնում,իսկ գիշերը,իրենց թանկագին կենդանիներին պատսպարում`եկեղեցիներում:Երբ ցանկացա եկեղեցի մտնել մոմ վառելու համար(որից մի խուրց վերցրել էի Երևանից ու վառում էի ճանապարհին հանդիպող բոլոր կանգուն ու կիսավեր եկեղեցիներում) ոտքերս խրվեցին թրիքի հաստ շերտի մեջ,որը կուտակվել էր տարիների ընթացքում,իսկ խորանին մոտենալիս օձի այնպիսի սվոց լսեցի,որ անմիջապես հեռացա այնտեղից,մոմերս դրսի պատերին վառելով:Սբ, Դավթի ուխտատեղիում հանգստացանք սառնորակ առվակի ափին,հարյուրից ավելի տարիք ունեցող ծիրանի ծառերի տակ,որի բերքը չհավաքելուց պտուղները փոքրացել էին ու մեծ մասը դեռ չհասունացած թափվել գետնին:Սարից ներքև իջնելով, մեզ մի ուրիշ ստորացուցիչ անակնկալ էր սպասվում.մեքենան,որով մենք շրջագայում էինք, տեղի զինվորների կողմից կանգնեցնելուց, մանրակրկիտ ստուգելուց,պայուսակների ամբողջ պարունակությունը թափելուց հետո,ոսկի ու գանձեր չգտնելով այնտեղ, մեզ թույլատրվեց առաջ շարժվելու:Տուժեցին միայն իմ քարտեզները, որոնք վերցրել էի տեղում կողմնորոշվելու համար:Անտերության այդ համատարած տեսարանից դառնացած,հրաժեշտ տալով մեր լքված Սբ.Դավթին ու մեր խաչքարերին,հեռվից երևացող Բինգյոլի լեռների ուղեկցությամբ ճանապարհվեցինք դեպի Կարին (Էրզրում):Կարինը գտնվում է Եփրատի ձախ կողմում,Այծպտկունք լեռան հյուսիս-արևմտյան լանջերին:Այն հայերով բնակեցված է եղել դեռևս Ք.Ա. անհիշելի ժամանակներից,հայտնի է եղել, որպես բերդաքաղաք “Կարնո բերդ” անունով:Կարինը եղել է Հայաստանի կարևոր կենտրոններից մեկը,այնքան կարևոր,որ ԱՄՆ պրիզիդենտ Գուդրո Վիլսոնը Հայաստանի քարտեզը գծելիս ու վավերացնելիս, Էրզրումն է համարել հայկական պետության մայրաքաղաքը:Այն XX դարասկզբին ուներ տասնհինգ հազար հայ բնակչություն, 6 հայկական դպրոց,Սանասարյան արական վարժարան,նույնիսկ 3 մանկապարտեզ,եկեղեցիներ`որոնցից ամենահայտնին Սբ.Աստվածածինն էր`իր հայկական 11-12րդ դարերի տապանաքարեր ունեցող մեծ գերեզմանատնով: Իսկ Կարինի, կաթոլիկ հայերի հսկայական տարածք զբաղեցնող վեհաշուք,սև քարից կերտված, քաղքեդոնական եկեղեցին, ամենատպավորիչն էր:Այն նույնպես մզկիթ էին դարձրել, երկու մեծ մինարեթներ կանգնեցնելով նրա հայկական զարդանախշերով պատված բարձրադիր մուտքի դռան վերին հատվածում ու պատել իրենց մուսուլմանական արվեստին հատուկ մոզաիկայով,որը ոչ մի ընդհանրություն չուներ այդ քրիստոնեական հրաշալիքի հետ:Եկեղեցի մտնելու համար, բարձրանում ես տասնմեկ բազալտե աստիճաններով,իսկ հետո նրա խորքում գտնվող`բարձր,գմբեթավոր խորանին մոտենալու համար անցնում ես, երկար, երկողմանի ճանապարհով,որի մեջտեղով ձգվում է զանազան ծաղիկներով ու վարդի թփերով պատված ծաղկաստանը(ալեան):Եկեղեցու միջին մասում, հատուկ գմբեթ չի կառուցվել,երկինքը գլխավերևում ունենալու մտահղացմամբ և այնտեղից ուղղակի աստծո հետ խոսելու ցանկությամբ:Երկու կողքերից քեզ ուղեկցում են բազմաթիվ սյունազարդ դահլիճները իրենց կլոր կամարների վրա ունենալով կրկին կամարաձև երկհարկանի օթյակները,ուր նստողները լսում էին ժամերգություններն ու պատարագները:Եկեղեցին ներկայացնող ցուցանակի վրա,գրված էր “Բյուզանդական կառույց,բայց հայտնի չէ,թե ում կողմից է կառուցված”:Ահա այսպիսին է`թուրքերի այնքան կարճ հիշողությունը,երբ խոսքը վերաբերվում է հայերին:Այժմ Էրզրումը ժամանակակից արևելյան 450հազարանոց քաղաք է,հավասարապես բնակեցված թուրքերով ու քրդերով,որտեղ հայերը`իսպառ բացակայում են:Նրանք, այն լքել են չարագույժ ցեղասպանության տարիներին,բնակվելով Ախալքալակի,Ախալցխայի,Բոգդանովկայի,Հյուսիսային Կովկասի,Ռուսաստանի ու Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում:Էրզրումից հետո, ճանապարհը,որը անցնում էր բազմաթիվ կիլոմետրեր ձգվող սոճիներով պատված անտառներով,մեզ տարավ դեպի Սարիղամիշ(նախկինում Չամ քար,Եղեգնուտ),մեր պատմական մյուս հայազրկված քաղաքը`որը հայտնի էր իր սաղարթախիտ անտառներով:Այն երկար դարեր, շինարարական փայտանյութ էր մատակարարել շրջակայքի քաղաքներին ու գյուղերին,մինչև այսօր էլ Երևանում կարող ես տեսնել շենքերի տանիքներ, որոնք կառուցված են Սարիղամիշից բերված գերաններով:Այսօրվա Սարիղամիշը ծառայում է թուրքերին,որպես ձմեռայի խաղերի համար կառուցված սպորտային բազա,որի շրջակայքի ձյունառատ սարերն ու դաշտերը թույլ են տալիս նրա նպատակաուղղված օգտագործմանը:Սարիղամիշից հետո բարձրացանք դեպի Արդահան,որի մասին այդքան երգեր են հյուսել մեր ազգի նվիրյալ արդահանցիները:Քայլեցինք հսկայական` սև քարերով կառուցված, ատամնավոր` լավ պահպանված, կիլոմետրեր ձգվող բերդի ստորոտներով,կանգնեցինք Կուր գետի ակունքում գտնվող, բարդիներով պատված` Արդահան քաղաքի կամուրջներից մեկի վրա ու հիացանք նրա համայնապատկերով,որը այլևս մերը չէր և օտարի աչքերով էր մեզ նայում:Ընդամենը մեկ դար էլ չի անցել, երբ տարբեր քաղաքներում օտարների ձեռքով կնքված զանազան պայմանագրերով, նույնիսկ Արևելյան Հայաստանի մաս կազմող տարածքները,որոնք Թուրքիայի մեջ չէին էլ մտնում`Արդահանը,Կարսը,Սարիղամիշը,Անին,Կաղզվանը,Կողբը,Իգդիրը,Բայազետը ստորաբար հանձվեցին թուրքերին,պաշտպանելով նրանց այն թեզը,որ հայերին 10հազար քառ. կմ-ն էլ է հերիք իրենց համար հայրենիք ունենալու և իրենց մեռելներին թաղելու համար:Այսպես քառատելով ու ոչնչացնելով մեր հայրենիքը,թուրքերը բռնեցին իրենց ստոր հաղթարշավի ճանապարհը:Իսկ մենք ընկճված,գլխիկոր Արդահանից իջանք նորից Կարս և այնտեղից նույն ճանապարհով,որով եկել էինք, ետ վերադարձանք դեպի Երևան,մեր աչքերում և հոգիներում պահելով այն ամենը, ինչը որ կոչվում էր ԷՐԳԻՐ: Ես կատարեցի տատիս ու պապիս ցանկությունը`օսիաթը,իմ աչքերով,բայց նրանց հոգով,տեսա մեր հայրենիքը:Հողը, որ բերել էի Առաքելոց վանքից,ուր սովորել էր պապս,Սբ.Կարապետից` ուր սարկավագ էր եղել ու նահատակվել տատիս եղբայրը,Մուշից`ուր ապրել էին պապս ու տատս,խառնելով երեք սրբոցներից բերված սուրբ հողը, շաղ տվեցի պապիս,տատիս ու հորս գերեզմաններին,իսկ Վանից բերված ջրով ցողեցի այն ծաղիկները,որոնք աճում էին նրանց շիրիմներին,համոզված լինելով,որ հիմա նրանց հոգիները վերջապես հանգիստ կգտնեն իրենց կարոտած հայրենիքի`անուշ հողի ու ջրի ներքո:Մահվանով նրանց տառապանքներն ավարտվեցին,սակայն պապերիս ցավը փոխանցվեց ինձ,որը երբեք հանգիստ չի տալիս իմ մտքերին ու երևի հիշողություններս հանձնելով թղթին մի քիչ կփարատվեմ ու կմխիթարվեմ այն գաղափարով,որ հայրենիքից շատ հեռու գտնվող քաղաքներում, նորից ծիլ տվեցին ու բազմացան Մանուկյանների գերդաստանի ճյուղերը,չկորան գաղթի փշոտ ճանապարհներին,այլ ոտքի կանգնեցին ու շատացան:Նրանք ապրեցին և ապրելով ապացուցեցին թուրքին,որ հային հնարավոր չէ վերացնել,հաղթել,այն որպես փյունիկ նորից ու նորից կհառնի ու կապրի դարերով:Գերդաստանիս ու նույնանման ճակատագրերի արժանացած բազում գերդաստանների հետ չկորավ, նաև այն ժողովուրդը որ ՀԱՅ է կոչվում:Չնայած նրան,որ հայերիս համար պատմության մեջ սևով գրված 1915 թվականի ահավոր եղեռնի ու ցեղասպանության տարեթիվը դարձավ Արևմտյան Հայաստանում ապրող 2.5 միլիոն հայերի երկու երրորդը կազմող` 1.5 միլիոն անմեղ մարդկանց գերեզմանը,իսկ Արևմտյան Հայաստանը` գերեզմանոցը,իսկ մնացած հայերին էլ տարհանեցին ու սփռեցին աշխարհով մեկ, նրանց դարավոր հայրենիքում թողնելով մի ժողովրդի, որին քուրդ են անվանում:Այդքան տանջվելով,մեծագույն ջանքեր գործադրելով`այն է հայաթափելով Հայաստանը, իրենց գազանային բարքերով ու մարդկանց մահվան մատնելու ահարկու ձևերով, խայտառակելով իրենց աշխարհով մեկ,թուրքերը, Հայաստանը հանձնեցին,այն ժողովրդին, որը վաղ թե ուշ կդառնա Թուրքիա պետության համար` արժանի գերեզմանափորը…
  62. Գոհար Շահբազյան- Մանուկյան 2015թ,ապրիլ,Երևան