Մասնակից:Harut.Ivanov

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԿԱՐԻՆԻ «ՊԱՇՏՊԱՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

  • * * *

XIX դարի արևմտահայ ազգային-ազատագրական շարժումների պատմության մեջ իր առանձնահատուկ տեղն ունի Կարինի «Պաշտպան հայրենյաց» կազմակերպությունը, որն իրենով սկզբնավորեց թուրքական բռնապետության դեմ հայ ժողովրդի՝ 80-ական թվականներին վերսկսած պայքարի ու մաքառումների նոր շրջանը:

«Պաշտպան հայրենյաց»-ի գործունեության գնահատման խնդրում կարևոր նշանակություն ունի անշուշտ այն իրողությունը, որ նրա ոգեկոչման ու հետագա պայքարի դրական ու բացասական բոլոր կողմերը հիմնականում բնորոշ են XIX դարի 60-80-ական թվականների հայ ժողովրդի ազգային վերածնունդն ազդանշող ազատագրական շարժումներին ընդհանրապես:

1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմից և նրան հաջորդած Սան-Ստեֆանոյի համաձայնությունից ու Բեռլինի կոնգրեսից հետո հուզումնալի մի շրջան էր ապրում հայ ժողովուրդը: Հորդացել էր պայքարի նրա կորովը և օդը թնդում էր «երկաթյա շերեփի» զնգոցով: Երբ բարենորոգումների գործադրությունը հապաղելու հետ միասին «... հարստահարիչ ցեղին կներվեր զինված մնալ, և հարստահարեալ ցեղին զինվելը խստությամբ կարգիլվեր, իրողությանց բնական ընթացքով հարստահարյալները հորդորվեցան գաղտնապես զինվելու, զինյալ հարստահարիչներուն ընդդիմանալու…»[i]

«Կեցցե Հայաստան» կը պոռայինք ու «Մեր հայրենիք թշվառ անտեր» կերգեինք, «Թող կործանի Թուրքիան» գոչելով: «Ազատն աստված» կորոտայինք, բաժակներ քամելով Նալբանդյանի հիշատակին:[ii]

Ռուսական բանակների հաղթական մուտքը Կարին, իր հետ բերեց նրա շարքերում մարտնչող հայ ռազմիկների, սպաների ու գեներալների սերտ շփումը քաղաքի երիտասարդության հետ, որոնք ցարիզմի նվաճողական քաղաքականության մեջ տեսնելով արևմտահայ աշխատավորության ազատագրման որոշ երաշխիք, նոր շունչ ու ավյուն ստացան, հույսի նոր շող նշմարեցին թուրքական բռնակալության դեմ ըմբոստանալու իրենց հինավուրց ծրագրերի նորոգվող ուղիներում:

«...Բյուր շնորհակալություն ռուսական բանակին հետ Կարին մտած ազգասեր հայոց, - գրում էին «Մշակ»-ին Կարինից, - որոնց ջանիվք... մեկուսացյալ սրտերը իրարու մոտենալով, մտքերը իր մի կետ ուղղվելով՝ վերջապես կարելի եղավ խորհել կրցող գլխոց գաղափարները ի մի կաղապար ձուլելու...»[iii]

1877թ. Կարինում ստեղծված «Թատերական ընկերությունը», որը գոյություն ունեցավ մինչև 1879թ. հունիս ամիսը, Պ. Դուրյանի ու Մ. Պեշիկիթաշլյանի պատմական պիեսների բեմադրությամբ հայրենասիրական ոգի էր ներշնչում ժողովրդին: «Գայլ Վահանն յուր ամեհի կատաղությամբ, Ս. Ներսեսն յուր անսանձ խանդերովն երևնալով թատերաբեմի վրա իրենց հուսաբեկ որդիները սրտապնդեցին»:

Թատերական ներկայացումներից ստացած եկամուտները հատկացվում էին պատերազմի օրերին և դրանից քիչ հետո ստեղծված հայրենասիրական ընկերություններին. «Սուրբ նպատակին գործադրության միչոցներ հայթայթելով»:

Իսկ այդ սուրբ նպատակը ժողովրդին իր ազատության համպր պայքարի նախապատրաստելն էր։ Դեռ 1878 թ. նոյեմբերի 10-ին, Կ. Պոլսից Կարին Հ. Նշկյանին գրած պատասխան նամակում Մ. Խրիմյանը ոգեշնչում էր նրան. «Քաչալերե և զինե քեզ նման հայրենակիցներդ, լույս և երկաթ միասին լծորդելով վազեցեք դեպի... ապագան»[iv]։

«...Այսօր ժամն եկած հասած է, ժամ փրկության... գործեցեք ուրեմն զգաստ և խոհեմ գործեցեք, դուք պիտի հաղթանակեք, ինչպես հաղթեցին ձեր նախնիքները... և ձեզ հետ Բարձրն-Հայաստան պիտի բարձրանա և լինի ազատ, անկախ և փառավորյալ»։

Այսպես էր ազդարարում Կարինի հայությանը պատրիարքական պատվիրակ Վահան Մինասյանր ՝ Ազգային սահմանադրության 19-րդ տարեդարձի տոնակատարության օրը, Կարինից մեկ ժամվա հեռավորության վրա գտնվող Գ. Լուսավորչի վանքի բեմահարթակից[v]: Ուրեմն արդեն ոչ թե լոկ բարենորոգումների, այլ ազատ, անկախ Հայաստանի ոգին էր թևածում արևմտահայ ժողովրդին խեղդող կապարե երկնակամարում, ուր բոլորն էլ հորիզոնում նշմարում էին ազատություն երկնող լուսե ճառագայթներ։

1879թ. Կարինում «Ղևոնդյան»[vi] ու «Վարդանանց» ընկերությունների արանքում կռունկի թևեր առած թռչում-գործում էր բարենորոգումների նպատակով որպես Բ. Դռան պաշտոնական ներկայացուցիչ Կարինում գտնվող Վանի նախկին փոխկուսակալ Մարկոս Աղաբեգյանը։ Ինչպես անցյալի դառը հուշ՝ ետևում թողած Ազգային սահմանադրության գովերգուի անփառունակ իր տարիները, իսկ սրտում սուլթանի երկյուղը թաքցրած, նա իր ժողովրդի համար ազատության ուղիներ էր որոնում կարծես։

1880թ. «գաղտնի պատճառով մը» միաժամանակ Կարին են այցելում Կոնստանդին Կամսարականը և Հովսեփ Շիշմաննյանը (Ծերենց)։ Նրանց կատարած գործունեության մասին որոշակի ոչինչ հայտնի չէ, բայց ենթադրելի է այն գործուն դերը, որ նրանք հավանաբար խաղացին Կարինի եռացող մթնոլորտում։

1881թ. հունիսի 25-ի զեկուցագրում Կարինի ռուսական գլխավոր հյուպատոս Ա. Դեննետը գրում էր Կ. Պոլսի իր դեսպանին, որ Կարին մտնելիս հենց առաջին ակնթարթ աչքի է զարնում հայերի մոտ եղած արտակարգ հուզված տրամադրությունը, որոնք օր առ օր սպասելով բարենորոգումների, միաժամանակ երազում են հին Հայաստանի քաղաքական վերածնության մասին[vii]։

Կարինի հայ ազգաբնակչությունը անտարբեր չմնաց նաև հին օրերի առաջնորդ Հարություն Վեհապետյանի նկատմամբ, և նոր օրերի շունչը ազգային գավառական ժողովում Պալլարյանի, Փաստրմաճյանի և Տեր-Ազարյանի բերանով պահանջեց նրա հրաժարականը։

Կարինի հայրենասիրական ուժերն իրենց այնքան կազմակերպված ու ամուր էին զգում, որ 1879թ. Կ. Պոլիս ուղարկեցին Հայաստանի բարենորոգումների սեփական ծրագիր, թեպետ այն նկատելիորեն կրում էր Բեռլինի կոնգրեսին ներկայացված հայկական ինքնավարության ծրագրի ազդեցությունը[viii]:

Թուրքական իշխանություններն արդեն կասկածներ ունեին Հայերի մեջ կատարվող խմորումների մասին։ Մուստաֆա փաշան Կարինի իր կուսակալության առաջին շրջանում իսկ այդ զգաց և շտապեց արգելել թատերական ներկայացումները, որոնք գրգռում էին հայ երիտասարդության մտքերը։ Հ. Նշկյանի վկայությամբ, այդ շրջանում Կ. Պոլսից, Բ. Դռան հանձնարարությամբ, հարկային կարևոր պաշտոնով Կարին է գալիս ոմն Գ.Ա., «Ազգային խնդիրներով մեծապես հետաքրքրվող... զարգացած, մի քանի լեզուների հմուտ, կարող, բանիբուն», Մ. Օրմանյանի հետ «կաթոլիկ եկեղեցիեն մայր եկեղեցու գիրկը վերադարձած» մեկը, որը 1878—1880 թթ. ընթացքում մի շարք փորձեր կատարեց, իբր գաղտնի հեղափոխական խմբեր ստեղծելու, բայց շատ ուշ պարզվեց, որ նրա նպատակն է եղել, ըստ Նշկյանի, ոչ թե նման խմբերի ստեղծումը, այլ նրանց հայտնաբերումն ու իշխանությանը մատնելը[ix]: Այդ օրերին էր, որ ավելի մեծ լիազորություններով և նույն գաղտնի հանձնարարությամբ Վան մեկնեց Սամի փաշան:

Սակայն ազատագրական շարժման գաղափարական ու գործնական վերելքը ակնհայտ էր, և առաջին պահ նրա տարերային թափը իր հետ տարավ ու մոլեգնած հորձանքներում կարծես թե խեղդեց այդ վաղեմի ու թունոտ ախտը։

Նույն շռնդալից օրերին, Կարինի հայրենասիրական գաղափարներով տոգորված երիտասարդության ջանքերով և Կարինի առաջնորդ Մ. Օրմանյանի խորհրդով, միավորվեցին նախկին չորս ընկերությունները («Վարդանանց», «Դպրաց», «Ուսումնասիրաց» և «Ընթերցասիրաց») և հիմնադրվեց «Բարձր Հայոց ընկերություն»-ը։

Թուրքական իշխանությունները «Բարձ» բառի մեջ իրենց համար ինչ որ ստորացուցիչ երևույթ տեսան և կասկածեցին նրա քաղաքական բնույթի մասին, ուստի այն շուտով խափանվեց: Քիլ ավելի ուշ՝ 1881թ. մայիսին[x] երիզագործ Խաչատուր Կերեքցյանի ղեկավարությամբ հիմնադրվեց «Պաշտպան հայրենյաց» ազատագրական հեղափոխական գաղտնի կազմակերպությունը, միշտ իր վրա կրելով «Երկրագործական ընկերություն» անմեղ անունը։ Սկզբում նախատեսվում էր կազմակերպությունն անվանել «Մասիս լեռների միություն», բայց հետո նպատակահարմար գտան հրաժարվել այլդ մտադրությունից։

Կազմակերպության ղեկավարությունն իրականացվում էր հին հոգուց կազմված (ըստ Հ. Նշկյանի՝ վեց. Խաչատուր Կերեքցյան, Կարապետ Նշկյան, Հակոբ Իշղալացյան, Հովհաննես Աստուրյան, Եղիշե Տուրսունյան, Ալեքսան Էթալիկյան և որպես յոթերորդ՝ խորհրդակից անդամ Հակոբ Նշկյան) Հեղափոխական շտաբի՝ Գլխավոր խորհրդի (Գերագույն խորհուրդ)[xi] միջոցով, առանց որևէ գրավոր կանոնադրության: Հավանական պետք է համարել, որ Գերագույն խորհուրդը կազմված էր Նշկյանի բերած ցուցակի առաջին հնգյակից։ Նրանցից Ե. Տուրսունյանը խուսափեց ձերբակալությունից, որը և գուցե Սարուխանին հանգեցնում է Խորհուրդը չորս հոգուց կազմված լինելու մասին ոչ ճիշտ եզրակացությանը:

Կազմակերպության ծրագիր-մինիմումը եղել է հայ ժողովրդի ինքնապաշտպանության կազմակերպումը, որի մասին հետագայում, դատավորության ժամանակ, խոստովանում են կազմակերպության բանտարկված և թուրքական դատարանի առջև կանգնած անդամները, իսկ ծրագիր-մաքսիմումը Հայաստանի անկախության վերականգնումը, որը հասկանալի պատճառներով չեն խոստովանում նրանք։ 1882թ. նոյեմբերին կազմակերպությունը, որի անդամների ու համակրողների թիվը արդեն հազարների էր հասնում, պատահականորեն հայտնաբերվում է և հիմնականում ջախջախվում, թեև նրա գոյությունը իր գործունեության դանդաղ ու խաթարված ընթացքով հարատևում է մինչև 90-ական թվականների սկզբները:

  • * * *


Հիշյալ ընկերության մասին եղել են հակասական, նույնիսկ անվանարկող կարծիքներ, մանավանդ այն առնչությամբ, որ թուրքական իշխանությունները թխել էին հրեշավոր մի սուտ՝ օտարերկրյա գործակալների պատիր դավեր պեսնելով այնտեղ։

Ապա նրանք մեծադղորդ, աղմուկով փութացին ներկայացնել այն որպես հայկական մի խոշոր ապստամբության սկիզբ, որն իրենք արյան մեջ պիտի խեղդեն, իսկ քիչ ուշ, վախենալով, որ այդ ցնցող լուրը կրքերն առավել հրահրելով, ավելի լուրջ հուզումներ կառաջացնի և միջամտության նոր առիթ կտա «քրիստոնեաների պաշտպան» Եվրոպային, հևիհև իջեցրին կազմակերպության ու նրա գործունեության նշանակությունը մինչև քրեական ինչ որ զանցանքների աստիճան։ Որոշակի պատճառներով այն տարբեր ձևերով է ներկայացվել նաև ժամանակի հայ և օտար մամուլի էջերում։

Բ. Դռանը և տեղերում մահմեդական ամբոխի գրգռմանը տեղիք չտալու մտայնությունը ստիպում էր Կ. Պոլսի հայկական լրագրերին համեմատաբար քիչ և երեսանց անդրադառնալ Կարինի և նրա հետ առնչվող դեպքերին։ Թերևս այդ նպատակով էր պատրիարքը հրավիրում բոլոր խմբագիրներին 1882թ. դեկտեմբերի 22-ին «խառը ժողովո ներկայանալ անշուշտ կարևոր գործո մը պատճառով»: Իսկ ժողովը կարծես ուղղակի ցուցում էր տալիս խմբագիրներին գոհունակությամբ արձանագրելով, թե «գործը չունի ծանր հանգամանք, որ ի սկզբան շատ մը զրույցներու նյութ եղած էր»[14]: Նույն օրը «Մամուլ»-ը մատ էր թափահարում «Մասիս»-ի խմբագրի վրա, որ տակավին պաշտոնապես չհաստատված լուրերը «կանուխեն առաջ նետվելով շատ չը խառնակշտե»՝ իզուր տեղը ազգի վրա կասկածն ու թշնամությունն ավելացնելով։ «Օտար թերթերը,— շարունակում է «Մամուլ»-ը,— օտար շահերով ու նկատառումներով կրնան շատ մը բաներ գրել, իսկ հայ թերթի մը բնավ երբեք ներելի չէ, որ յուր կարծիքները կանխահաս լուրերու վրա հիմնելով խելքիդ փչածը հրատարակն»[15]։

Քիչ ուշ արդեն «Մասիս»-ն իր հերթին մեղադրում էր «Մշակ»-ին, նրա կողմից «Պաշտպան հայրենյաց»-ը հակասուլթանական քաղաքական կազմակերպություն ներկայացնելու համար[16]: Եվ ինքը, դեռ դրանից առաջ, Բյուզանդ Քեչյանի բերանով, ջանում էր համոզել թուրքական իշխանություններին, որ «մտաց հորիզոնն յուր արտեն անդին չանցնող հայ մշակին, որը արորեն զատ գործիք չէ տեսած և զենք բռնել չգիտե», զուր են մեղադրում «քաղաքական հեռանկար դիտումների» մեջ[17]: Իսկ ավելի ուշ փորձում էր հերքել Կարինի կուսակալի զեկուցագիրը՝ շարժման համընդհանուր լինելու մասին[18]:

Արևելահայ առաջադիմական մամուլը անզուսպ ոգևորթյամբ թմբկահարում էր հայոց ազատագրական բանակների ապագա երթը և կարծես ինքն էլ հավատալով՝ արձագանքում ու ջանում դրանով նոր թափ հաղորդել շարժման ծավալմանը։ Ուստի և կրելով քավության նոխազը, արժանանում իր արևմտյան համակիրների պարսավանքին, մեղադրվելով արևմտահայ ժողովրդի նկատմամբ նոր ճնշումների ու հալածանքների պատճառ դառնալու մեջ։

«Մշակ»-ը նույնիսկ տպագրեց Արևմտյան Հայաստանից ստացած այնպիսի թղթակցություններ, որոնց հեղինակների երևակայությունը Կարինի հայկական եկեղեցու ներքնահարկում թուրքական իշխանությունների կողմից հայտնաբերված 6,000 հրացան և 6 հրանոթ էր ստեղծել[19]։

Շարժման նկատմամբ թշնամական դիրք էր բռնել պահպանողական «Մեղու Հայաստանի»-ն, որի Կ. Պոլսի թղթակիցը «Պաշտպան հայրենյաց»-ում ղեկավար դեր ունենալու մեջ մեղադրելով՝ լուտանքներ էր թափում Մ. Օրմանյանի գլխին, Կարինի բանտարկյալների դժբախտության պատճառ համարում նրան[20]: Լռում էր միայն XIX դարի 80-ական թվականների արևմտահայ ամենախոհուն լրագրողը՝ Մատթեոս Մամուրյանը։

Թուրքական մամուլը սկզբում մոլեգնած աղաղակում էր հայկական համընդհանուր ապստամբության մասին, բայց ինչպես վերը տեսանք շուտով զգաց իրեն անձեռնտու նման դիրքորոշումն ու երկյուղելով եվրոպական միջամտության ուրվականից, «Վագըթ»-ի առաջնորդությամբ սկսեց «ամեն օր պոռալ», որ այդ ամենը խնամքով հորինված սին հեքիաթներ են միայն։

Ավստրո-Հունգարիայի թուրքական դեսպանությունը շտապեց դիմել Վիեննայի «Պոլիտիշե կորեսպոնդենց» թերթին, խնդրելով, որպես միջնորդ-վկայի, Եվրոպային հայտնել Հայաստանում կատարվող իրադարձությունների անճշմարտացիությունը, հատկապես Կարինի դեպքերի անստույգ ու չափազանցված լինելը, որտեղ իբր ձերբակալված են միայն մի քանի մարդ՝ սոսկ քրեական հանցագործության համար[21];

Եվ եթե Եվրոպային միջամտելու առիթ չտալու համար Բ. Դուռը և նրա թելադրանքով թուրքական թերթերը փորձում էին թուլացնել տպավորությունը, ապա հենց հանուն այդ միջամտության Լոնդոնից 1882 թ. դեկտեմբերի 27-ի (հունվարի 8-ի) հեռագրով եվրոպական բոլոր թերթերն ազդարարում էին. «Այն շարժումը, որ սկսվել է տաճկական Հայաստանում, շատ ծանրակշիռ նշանակություն ունի և արդեն տարածվել է Կարնո, Վանի, Բիթլիսի և Տիգրանակերտի վիլայեթների վրա»[22]։

Ձերբակալությունների առաջին իսկ օրերին, Կ. Պոլիս հասած ցնցող լուրերի տարափի տակ, սուլթանի ցուցումով, մեծ եպարքոս Սայիդ փաշան, որպես առաջնահերթ միջոցառումներից մեկը՝ նոյեմբերի 29-ին պալատ հրավիրեց տարուց ի վեր (13/11 —1881 թ,—29/11 —1882 թ.) «հրաժարական մը նետած» Ներսես Վարժապետյանին և նորից վերադարձրեց պատրիարքական աթոռ։ Իսկ դեկտեմբերի 6-ին պատրիարքին ընդունեց նաև սուլթանը և սիրալիր զրույցից հետո հազար ռուբլի և ադամանդակուռ տուփ նվիրեց նրան։ Ավելի ուշ, փոխադարձ համաձայնությամբ Ներսեսը պարտավորվեց կանխել հետագա հուզումները, իսկ սուլթանը «հազվագյուտ պատրիարքին» ամբողջ մի ապարանք նվիրելով Միջագյուղում, խոստացավ ներումն շնորհել բանտարկյալներին և անմիջապես ձեռնարկել բարենորոգումների իրագործմանը։ Նույն օրերին (1882 թ. դեկտեմբերին), հայ ազատագրական շարժումների տապալման գործում կառավարությանն հետագա ծառայություն մատուցելու համար թերևս, սուլթանի կողմից Մեջիդիե 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվեցին հայազգի Նուրյան և Ապրո Էֆենդիները։

Վճռականորեն հերքելով ռազմական մինիստր Ղազի Օսման փաշայի հայտարարությունը, թե իրենց հայտնի է, որ 300 հազար հայեր պատկանում են հայտնաբերված գաղտնի ընկերությանը, Ներսես Վարժապետյանը, առաջին մինիստրի հետ ունեցած զրույցում, նույնիսկ փորձեց դիվանագիտորեն ազդել և զգուշացրեց, որ Հայաստանում թուրքական իշխանությունների կողմից նոր խստություններ ու արյունահեղություն սկսելու դեպքում ոչ թե կկանխվեն, այլ կբորբոքվեն հուզումները և ժողովուրդը այդ արհավիրքից փրկվելու հուսով ավելի կհակվի ռուսների օգնությամբ ազատագրվելու գաղափարին՝ դրանով իսկ անխուսափելի դարձնելով Ռուսաստանի անհաճո միջամտություն[23]:

Ներսեսը միաժամանակ նպատակահարմար գտավ հրաժարվել Կարինի դեպքերի մասին օտարերկրյա թղթակիցներին որևէ տեղեկություն տալուց։ Թուրքական կառավարությունը, Կարինում ձերբակալություններն սկսելուց երկու շաբաթ էլ չանցած, արդեն զգացել էր հարցը չափից դուրս մեծացնելու իր սխալի վնասակարությունը և, ինչպես տեսանք, փորձում էր ավելի մեղմ կերպարանք տալ դրան:

Իրականում այդ շարժումն ուներ լայն ժողովրդական բնույթ։ «Դա ապստամբություն է... բռնակալության և անիրավության դեմ, դա կենդանի ժողովրդի կենդանի բողոքն է, որով նա պահանջում է մարդավայել գոյության իրավունքներ,- ազդարարվում էր Մոսկվայի հայ ուսանողների «Հայրենասերների միության» 1883 թ. հրապարակած մի կոչում[24]:

«Պաշտպան հայրենյաց»-ն իր ճյուղավորումներով տարածվել էր Արևմտյան Հայաստանի մեծ մասում և կապեր էր ստեղծել արևելահայության հետ, փորձելով հանդես գալ որպես արևմտահայ աշխատավորության սոցիալական ու քաղաքական շահագործման դեմ ուղղված ժողովրդական ընդվզումների համահավաք կենտրոն։

  • * * *

...Ձերբակալությունների ժամանակ Պալաս Տեր-Ղազարյանի մոտ գտնված անդամատոմսը կրել է 4374 համարը[25] և մեզ իրավունք է տալիս ենթադրելու, որ կազմակերպության անդամների թիվը հասել է շուրջ հինգ հազարի: Իսկ կոշկակար Հարությունի մոտ եղած տոմսը վկայել է նրա հայկական ազատագրական բանակի ենթասպա լինելը:

«Պաշտպան հայրենյաց»-ի մեջ եղել են պրոֆեսիոնալ գործիչներ, որոնք վարձատրվել են ու թերևս զբաղվել միայն ընկերության աշխատանքներով, հարկավ, որևէ այլ զբաղմունքով քողարկելով իրենց գաղտնի գործունեությունը։

Երբ հայրենի հողի վրա ստեղծված այդ ազատագրական-հեղափոխական կազմակերպությունն ապրում էր դեռ իր գաղափարական ու գործնական աշխատանքների արբունքի շրջանը, ստացվում է Ներսես պատրիարքի անուղղակի խրախուսանքը. «Երանի թե գավառցիներդ ավելի կանուխեն ինքնագլուխ գործելու գիտակցությունն ունենայիք և ամեն բան Պոլսեն ու պոլիսեցիներեն սպասելու ակնկալությամբ անգործ չմնայիք»[26]:

Նույն շրջանում Խ. Կերեքցյանը մեկնում է Վան և հանդիպում ունենում Մկրտիչ Խրիմյանի հետ։ Սխալ պետք է համարել հարցաքննությունների ժամանակ ձերբակալվածների, հատկապես Խ. Կերեքցյանի վկայությունների հիման վրա ստեղծված այն թյուր կարծիքը, թե Խրիմյանն իբր առաջարկել է դադարեցնել «Պաշտպան հայրենյաց»-ի գործունեությունը, հաշվի առնելով, որ հայերը փոքրաթիվ են և այդ ամենը մեր ժողովրդի համար կունենա ողբերգական վախճան, նույնիսկ սպառնացել մատնել նրանց Թուրքական իշխանություններին։ Այնինչ նա խրախուսում է և խորհուրդ տալիս լինել ավելի զգույշ ու համբերությամբ պատրաստվել, իսկ ընդհանուր ապստամբության դրոշը բարձրացնելու համար սպասել բարենպաստ պայմանների ու երիտասարդական ավելորդ տաքարյունությամբ չփչացնել դժվարությամբ սկսած սուրբ գործը[27]: Վանից Խ. Կերեքցյանը, Խրիմյանի խորհրդով, անցնում է Թիֆլիս, ապա Երևան։ Թիֆլիսում հանդիպումներ է ունենում արևելահայ մի շարք գործիչների, այդ թվում հայ «նիհիլիստների» հետ և համաձայնության գալիս, որ նրանցից մեկը, ապստամբության հարցր խորը և բազմակողմանի ուսումնասիրելու և կազմակերպության աշխատանքներին ավելի գործնական օգնություն ցույց տալու համար այցելի Կարին։ Հենց այդ և ոչ «հայ ժողովրդի կենցաղը ուսումնասիրելու և հիվանդությունների դեմ պայքարելույ»[28], նպատակով էլ 1882թ. հուլիսին Կարին են ժամանում Բագրատ Նավասարդյանը, Արսեն Թոխմախյանր, ինչպես նաև Հարոն։

«Պաշտպան հայրենյաց»-ի համար նոր համարակալված տոմսեր ստեղծելու գաղափարը պատկանում է Բագրատ Նավասարդյանին, որը 1882թ. ամռանը Եվրոպայից անցնելով Թուրքիա, Կ. Պոլսում հանդիպում է ունենում Ն. Վարժապետյանի հետ, ապա անցնում Կարին, Վան, կազմակերպության գործունեության հետ կապված տարբեր հարցերի շուրջը համաձայնության գալիս Մ. Օրմանյանի ու Մ. Խրիմյանի հետ:

Կարինում Նավասարդյանն օգնում է «Պաշտպան հայրենյաց»-ի կազմակերպման ամրապնդմանը»[29]:

1881թ. նոյեմբերի 1-ին առևտրական գործունեության պատրվակով Թիֆլիս է մեկնում կազմակերպության հիմնադիրներից մեկը՝ Գերագույն խորհրդի անդամ Կարապետ Նշկյանը, դրամ հայթայթելու և զենքի տեղափոխման նպատակով։ Առատ խոստումներով ծանրաբեռնված, մի քանի ամսից, նա Կ. Պոլսի վրայով, ուր որոշ ժամանակ տեղակայվում է՝ անտարակույս կազմակերպության հետ կապված առանձին հարցերի լուծմանն հետամուտ, վերադառնում է Կարին։

Անցնում էին օրեր, ամիսներ, սակայն խոստացված օգնությունն ուշանում էր։ Եվ ահա Գերագույն խորհրդի նիստերից մեկում Խ. Կերեքցյանը հանդես է գալիս մի հանդուգն ծրագրով՝ զենք ու զինամթերք ձեռք բերելու համար հարձակվել Կարինի կառավարական զինապահեստի վրա։ Նա անգամ հղացել էր պատրաստելու փորող մի գործիք, որը հնարավորություն պետք է տար ստորերկրյա մոտենալ զինապահեստին[30]:

Հապճեպ արված այս առաջարկությունը բուռն վիճաբանությունների տեղիք է տալիս և մեծամասնությամբ մերժվում, ուժերի փոխհարաբերակցության իրենց համար ոչ նպաստավոր իրավիճակի պատճառով:

Ուստի որոշվում է չհապաղել և Կ. Նշկյանին նորից ուղարկել Թիֆլիս, խոստացված օգնությունն արագացնելու: Նշկյանը Թիֆլիս պետք է մեկնած լինի Բ. Նավասարդյանից անմիջապես հետո, քանի որ Նավասարդյանն Արևմտյան Հայաստանում եղած պիտի լինի 1882թ. հուլիս-օգոստոս ամիսներին, որովհետև մայիսին դեռ Ժնևում էր, հունիսին՝ Կ. Պոլսում, իսկ սեպտեմբերին, երբ Նշկյանն արդեն Թիֆլիսում էր նրանք մի շարք հանդիպումներ են ունենում միմյանց և այլ գործիչների հետ։ Այդ թվում Նշկյանն այցելում է Գր. Արծրունուն (որից, ըստ երևույթին գոհ չի մնում) և Դ. Տեր-Ասատուրյանին։

Կ. Նշկյանի 1913 թ, Ֆրեզնոյից Թիֆլիս՝ Բ. Նավասարդյանին, գրած նամակում պարունակվում են կարևոր մանրամասնություններ այդ շարժման մի քանի չլուսաբանված խնդիրների և նրանց հետ կապված առանձին անհատների դիմագծերի ճշտման առումով։

Կրկին անգամ հաստատվում է, որ իրոք «Պաշտպան հայրենյացը» կապված է եղել Թիֆլիսի հետ, որոշ հրահանգներ է ստացել այնտեղից, խրախուսվել, որտեղից երբեմն էլ անհեռատես տղայամտությամբ անժամանակ հոխորտանքի են մղել կազմակերպության անդամներին։ Գեներալ Դիմիտրի Տեր-Ասատուրյանը նույնիսկ ռուսական բանակների կողմից զինված օգնության հույսեր էր ներշնչում Թիֆլիսից Կարին վերադարձող Կ. Նշկյանին[31]: Թիֆլիսում Կ. Նշկյանին առանձին անձանց կողմից խորհուրդ է տրվում նաև շուտափույթ կերպով ոչնչացնել բոլոր տեսակի երդմնագրերը, անդամատոմսերն ու մյուս վտանգավոր թղթերը, որոնք կարող են ընկնել թուրքական ոստիկանության ձեռքը և սպառնալ կազմակերպության հայտնաբերմանը։

Նույն շրջանում Կարինից Կ. Պոլիս էր ուղարկվել երդմնագրերի երկու օրինակ, որոնք տեսնելով Ն. Վարժապետյանը նույնպես պահանջում է շտապ այրել թե հին և թե նոր տոմսերն ու երդմնագրերը, քանի որ կազմակերպությունը դեռ շարունակում էր հին անդամատոմսերը հավաքելու և նրանք նոր, համարակալված տոմսերով փոխարինելու աշխատանքները։ Ինչպես իրավացիորեն գրում է Մ. Օրմանյանը «... ընկերակիցներու արձանագրության տոմսեր բաշխելու ձևը գաղտնության պահանջին չէր հարմարեր, և ձախող հետևանք ալ ունեցավ»[32]: Ինքը՝ Օրմանյանը սկզբում տեղյակ չէր «Պաշտպան հայ֊րենյաց»-ի գոյությանը, բայց հետո դարձավ նրա ակտիվ մասնակիցը՝ ապահովելով նաև Ներսես պատրիարքի աջակցությունը։ Հաջորդելով Կարինում Հարություն Վեհապետյանի «թթված» առաջնորդությանը (1853—1880), Մ. Օրմանյանի (առաջնորդ 1880—1887 թթ.) անդրանիկ գործն եղավ, աթոռների առաջնության հարցով գժտվել Կարինի կաթոլիկ համայնքի ղեկավար Ստ. Մելիքսեդեկյան եպիսկոպոսի հետ[33] ու չնայած իր դեմ եղած կաթոլիկ հոգևորականության ղավերին, դրվատանքի արժանի այնպիսի աշխատանք ծավալեց Կարինում, հատկապես 1880թ. սովի օրերին, որ հետագայում, մի ճանապարհորդի վկայությամբ, «Կարնեցիք... երանի տալով էին հիշում Օրմանյան վարդապետի հետ վայելած օրերը»[34]:

Մ. Օրմանյանի գործունեության հենց այղ շրջանն ի նկատի ուներ նահատակված տաղանդավոր նովելագիրը, երբ գրում էր. «... մեր եպիսկոպոսներեն երիտասարդն է, ինչ որ մեծ բան է հարկավ և՝ մեր երիտասարդներուն եպիսկոպոսը, ինչ որ ավելի մեծ բան մըն է... երբ ուրիշներ գավառներեն ու վանքերեն կոլ գան չեմ գիտեր ինչու համար հոս, ինքը հոսկե վանք ու գավառ կերթա օգտակար գործեր կատարելու համար։ Ամբողջ դաս մը կա ասոր մեջ»[35]: «Պաշտպան հայրենյաց»-ի անդամների համար սահմանված էր անդամավճար` տարեկան մեկ քառորդ մեջիդին, որը հույժ կարևոր էր կազմակերպության անդամներին զենքով ապահովելու տեսակետից։

Նախատեսվում էր զենքի հայթայթումը կազմակերպել հայ վաճառականների միջոցով և խիստ ցածր գներով, իսկ հարկ եղած դեպքում ձրի բաժանել միայն հայերին։ Այդ ուղիով զենք ձեռք բերելու գործում կարնեցիք հին փորձ ունեին։ Դեռևս 1877թ. սկսած վաճառականներ Հ. Եգանյանը և Հ. Նշկյանը Կ. Պոլսից զենք էին տեղափոխում Կարին և վաճառում հատկապես հայերին։

Հ. Նշկյանն իր հուշերում պատմում է 1877թ. սկզբներին, պատրիարքարանի վկայականով դասագրքեր տեղափոխելու անվան տակ, Ս. Տեր-Սարգսենցի «Շահենն ի Սիպիր» գրքի մոտ 200 օրինակ ու գրքերի երկհարկ արկղում զենք թաքցնելու և այն Կարին տեղափոխելու փորձի մասին, որն իրենց այդ անգամ չի հաջողվում[36]:

Զենք ձեռք բերելու համար կամավոր նվիրատվություններ էին կատարում կազմակերպության քիչ թե շատ ունևոր անդամները, որոնք բացառապես մի քանի անհատներ էին։

Տարբեր նպատակների անվան տակ ձեռնարկված էր նաև հանգանակություն։ Իսկ երբեմն էլ զգացվում էր հարուստների նկատմամբ ահաբեկում կիրառելու անհրաժեշտությունը: Եվ որովհետև զենքի ձեռք բերման հարցը կազմակերպության առջև ծառացած կարևորագույն և դժվար լուծելի խնդիրներից մեկն էր, կապված մանավանդ դրամի սղության հետ, ուստի որոշ շրջանում, ուշադրությունն այդ հարցի վրա բևեռելու միտումով, ընդունելությունը կազմակերպության մեջ ժամանակավորապես սահմանափակվեց[37]:

«Պաշտպան հայրենյաց»-ի գործունեության շրջանում և նրան օգնելու նպատակով, Թիֆլիսից Բ. Նավասարդյանի և մյուս ընկերների հանձնարարությամբ Կարին եկած Բարսեղ Մելիք-Գբիգորյանը (Ղարա-Մելիք) բերում է իր մասնակցությամբ գումարված ժողովներից մեկում Ավետիս Վեմյանի ելույթը, զենքի առաջնահերթ ձեռք բերման անհրաժեշտության մասին. «Մեր ժողովուրդը,— ասում է նա,— առավել սիրում է երևակայությամբ ապրել, քան գործնական կյանքով։ Քարոզները, երդումները չեն կարող նրան հանել յուր արդի վիճակից, ամեն մի գյուղացի ստորագրելով երդմնագրերը, համարում է իրեն զինվոր և սպասում է մեզանից հրահանգի ու օգնության, որը մեզանում բացակայում է, և հույսը դնելով մեր օգնության վրա, ինքն անդամալուծի պես ընկած սպասում է, որ իրեն ամեն բանով օգնեն, փոխանակ ինքը օգուտ տալու գործին, որի զինվորն է նա»: Ապա նշելով, որ թուրքը, քուրդը և մյուսները, որպես անհրաժեշտություն, գնում են իրենց համար զենք, իսկ հայերը չեն մտածում, այն, թեկուզ գաղտնի, սեփական նախաձեռնությամբ ձեռք բերելու մասին, շարունակում է. «Մեր երկրում ապրելու, գլուխ պահելու համար ամենից առաջ զենք է հարկավոր. այն ինչ մենք, փոխանակ գործնական միջոցի դիմելու, զբաղված ենք զանազան երդմնագրեր տարածելով և ծրագիրներ կազմելով։ Մեր նպատակին հասնելու, այն է՝ ազատություն ձեռք բերելու համար հարկավոր է 1) զենք, 2) զենք և Յ) զենք։ Տվեք մեր ժողովրդին զենք, վարժեցրեք նրան արյուն թափել և նա կգտնի յուր ճանապարհը։ Մենք մեր ներկա դրությունից մեզ ազատելու և քաղաքական ազատություն ձեռք բերելու համար դեն ձգենք երդմնագրերը և ուղղակի դիմենք զենքի օգնության»[38]:

1895թ. հայկական ջարդերի ժամանակ հերոսաբար ընկած զինագործ քահանայի[39] բերանում դրված այս խոսքերը, գուցե հետագայում որոշ չափով զարդարվել են Մելիք-Գրիգորյանի կողմից, բայց այն հարցի էությունը չի փոխում բնավ:

Կազմակերպությունն ուներ նաև, սահմանափակ հնարավորություններ ունեցող, զինագործական գաղտնի արհեստանոց Չայղարայի հեռավոր թաղամասում, Կարինի քսանյոթ հայ զինագործներից ամենահայտնի՝ հիշյալ Ավետիս Վեմ֊յանի ղեկավարությամբ, որը բանտարկությունների նախօրյակին պատրաստվում էր մեկնել Զեյթուն, որպես կազմակերպության ներկայացուցիչ և մնար այնտեղ հավանաբար Ջեյթունում կենտրոնացված զինագործարան ստեղծելու միտումով։ Այդ կապակցությամբ, «Կովկասից կանչված էին... երկու հմուտ երկաթագործ արհեստավորներ։ Դժբախտաբար այդ մտադրությունները չիրականացան 1882 թվականի խառնակության պատճառով»[40]:

Որոշվում է «Պաշտպան հայրենյաց»-ի ղեկավարությունը տեղերում իրագործելու նպատակով, Արևմտյան Հայաստանի բոլոր քաղաքներում ստեղծել հինգ հոգուց կազմված հեղափոխական խորհուրդներ և այն մասնակիորեն իրագործվում է։ Մշակված էր նաև կենտրոնների համար նշանաբանի ամիսը մեկ փոխելու սիստեմ։

Շարժման հզորացող ալիքը իր մեջ էր առել առաջին հերթին Արևմտյան Հայաստանի մեծ քաղաքները, ինչպես նաև Թուրքիայի հայաբնակ շատ այլ վայրեր: Ամենուր պատրաստ են զենքի դիմելու, որպեսզի թոթափեն թուրքական լուծը,- գրում էին ժամանակի մամուլի ռուսական ու եվրոպական բազմաթիվ օրգաններ[41]: Թեպետ, «Մասիս»-ին (№ 3361) Կարինից գրում էին, որ «Կարնո պատերուն վրա «գրգռիչ») հայտարարություն մը գտնվեր է», բայց Օրմանյանի ավելի լավատեղյակ վկայությամբ, քաղաքի փողոցներում փակցված կամ ցրված կոչեր չեն եղել[42]։ Սակայն կազմակերպությունը, վիմագրական գաղտնի մեքենայով, որը բերված էր Կ. Պոլսից, պատրաստել և տարածել էր հեղափոխական թռուցիկներ, որոնցից, խուզարկությունների ժամանակ, գտնվեցին Թաթոսի մոտ, ինչպես նաև ձերբակալվածներից շատերի տներում։ Ալեքսան Էթաղիկյանի և ջորեպան Կարապետի բնակարաններում հայտնաբերվեցին դրանց տպագրության վիմագրական քարերը։

Այդ կոչերը մերկացնում ու դատապարտում էին թուրքական բարբարոսական կարգերր և ոգեկոչում՝ համախմբվել ու պայքարել նրա տապալման համար, որի ժամը հնչել է արդեն։ Եվ որ պետք է պատրաստ լինել այդ պայքարում զոհելու ամեն ինչ, եթե հարկ լինի և սեփական կյանքը բերել տանջահար ժողովրդի ազատությանն ընծա։

Կերեքցյանների տանը, որտեղ սկզբում տեղավորված էր «Պաշտպան հայրենյաց»-ի վիմագրական գաղտնի մեքենան, տպագրվում է կազմակերպության անդամության տոմսերից 2400-ը։ Խ. Կերեքցյանի կողմից 300 անդամատոմս, քաղաքից դուրս, հանձնվում է ջորեպան Հարությունին և ուղարկվում Վանի հեղափոխական խորհրդին, որի հետ, հավանաբար, Վանում եղած ժամանակ, Խ. Կերեքցյանը Խրիմյանի միջոցով համաձայնության էր եկել և այնուհետև ստեղծվել էր սերտ համագործակցություն։

Վանի հեղափոխական խորհուրդը, ամենայն հավանականությամբ, «Պաշտպան հայրենյաց»-ից շատ առաջ Վանում ստեղծված «Սև խաչ» կազմակերպության գործադիր օրգանն էր, որի գործունեությունը հեղափոխական որոշակի բնույթ ստացավ հատկապես «Պաշտպան հայրենյաց»-ի հետ կապվելուց հետո։ «Սև խաչ» կազմակերպությունն ավելի կորով առավ երբ գիտցավ, թե Կարնո մեջ զորավոր կազմակերպություն մը կա որ կանոնավոր կերպով կը գործե, և իսկույն սկսավ թղթակցիլ, բայց ափսոս, որ շատ երկար չտևեց և մատնության գույժն Վան հասավ։ Կարնո կազմակերպությունը շատ ուշ սկսավ թղթակցություն, որովհետև Վանա կազմակերպությունն իրենց ծանոթ չէր»[43]:

«Պաշտպան հայրենյաց»-ի Գերագույն խորհուրդը մտադիր էր նաև կապեր հաստատել քուրդ ցեղապետների հետ, որն այդպես էլ նրան չհաջողվեց։ Այդ ուղղությամբ կազմակերպության ձեռնարկած նվազ ջանքերը վերջացան անհաջողությամբ։ Նախատեսվում էր երեսուն տարում շարժման մեջ ընդգրկել 300.000 մարդ, հետևաբար որոշված էր հաջողության հասնելու համար պայքարել երկարատև ու համբերատար, թեպետ կազմակերպության Գերագույն խորհրդի հեղափոխական ոգով կազմված հրահանգներում կոչ էր արվում ամենուր բարձրացնել ապստամբության դրոշը։

Այս հանգամանքը վկայում է շարժման մեջ եղած «արմատական» ու «չափավոր» թևերի գոյության մասին, որոնց միջև եղած հակասությունն, հետագայում անխուսափելիորեն սրվեց՝ բաժանելով պայքարի նրանց միասնական ճանապարհը արևմտահայ ժողովրդի ազգային երկունքի ալեկոծ ժամերին:

Ապստամբությունն սկսելիս, թուրքական ոստիկանությանը խուճապի մատնելու նպատակով, մի քանի ջոկատներ պետք է մարտադաշտում երևային ռուսական զինվորական նշանազգեստներով։ Այդ մտահղացումը նրանց մեջ հավանաբար ծնել էր 1876թ. ապրիլին, բուլղարական ապստամբության ժամանակ, Գեորգի Բենկովսկու ջոկատների նույնանման փորձի հաջողությունը։ Համազգեստների համար կտոր ձեռք բերելու նպատակով էլ, անշուշտ, Կ. Պոլիս էր մեկնել Հակոբ Իշղալացյանը, գուցե նաև Տեր-Աբրահամյանը, որոնք հետագայում այնտեղ էլ ձերբակալվեցին (Հ. Իշղալացյանը տեղափոխվեց Կարինի բանտը)։

Կ. Պոլսի թուրքական թերթերը հևասպառ չափում էին իրենց իսկ հնարաստեղծած այն տասը հազար մետր կտորը, իբր «բռնված մի երիտասարդ հայ վաճառականի մոտ», որով պետք է համազգեստ կարվեր հայ հեղափոխականների համար[44]։

Աշխարհազորի ջոկատները, պայմանավորված ազդանշանով, այն է բնակելի վայրերին մոտ լեռնագագաթների վրա մեծ խարույկներ վառելով, լեռները պետք է բարձրանային և փոքր խմբերի բաժանված, Հերցոգովինայի ապստամբների նման սկսեին լեռնային պատերազմ։ Այդ ազդանշանը պետք է տրվեր, այսինքն՝ ապստամբությունը սկսվեր հաշվի առնելով միջազգային իրադրությունը, առաջին հերթին Հայաստանում իրենց շահերը հետապնդող երկու երկրների՝ Ռուսաստանի և Անգլիայի, այդ շրջանում, հայերի նկատմամբ բռնած դիրքը[45]:

Կազմակերպության շարժիչ ուժը քաղաքի արհեստավորական դասն էր և շրջակա գյուղացիությունը: «...Գրեթե բոլոր կամ բոլորովին կարոտ են կամ օրը աշխատող և օրը ուտող», - գրում էր Օրմանյանը «Պաշտպան հայրենյաց»-ի բանտարկված անդամների մասին[46], որոնց ընտանիքներին հանգանակությամբ կամ առաջնորդարանից ալյուր ուղարկելով օգնում էին ապահովելու իրենց չարքաշ կյանքը։ Հիրավի, մեկ-երկու վաճառականի կամ ուսուցչի բացառությամբ, բոլորն էլ պատկանում էին հայ ռամիկ դասին։ Դրանք կոշկակարներ էին, դարբիններ, անագողներ, կտավագործներ, ասպանդակագործներ, հյուսներ, մաղագործներ, ջրաղացպաններ, մշակներ և մոտիկ գյուղերի հողի աշխատավորներ[47]:

Այս հանգամանքը շեշտում էր թուրքական բռնապետական կարգերի դեմ բարձրացող հայ ազատագրական շարժման առաջամղիչ ուժերի սոցիալական որակը։

Այն գալիս էր նորից հաստատելու, որ Արևմտյան Հայաստանի ազատագրմամբ առաջին հերթին շահագրգռված էր երկակի ճնշման տակ գտնվող հայ աշխատավոր դասակարգը, քանզի ազատագրված ու անկախ հայրենիքից հույժ առաջնահերթ ու անհրաժեշտ սպասելիքներ նա ուներ։

Անշուշտ ուշադրության են արժանի այն տողերը, որ այս կապակցությամբ գրում էր Կ. Պոլսի ռուսական դեսպան Նելիդովը Ռուսաստանի արտաքին գործոց մինիստր Զինովևին 1883 թ. հոկտեմբերի 13-ին. «Ազգային շարժման («Պաշտպան հայրենյաց»-ի — Ռ. Հ.) ղեկավարներ հանդես են գալիս ամենածայրահեղ գործիչները, որոնք ոչինչ չունեն կորցնելու և որոնք տարվելով նիհիլիզմի թեորիաներով, գոյություն ունեցող իրավակարգի վերափոխման հարցը դիտում են որպես գործունեության գլխավոր նպատակ»[48]:

«Պաշտպան հայրենյաց»-ի գործունեության մեջ քաղաքի արհեստավորության շեշտված մեծամասնությունն էլ հետագայում մղեց «Մշակոին գրելու, որ Կարինի արհեստավորությունն այն տարրն է, որից կարողք ենք «սպասել այն ինչ բոլորս սրտով ցանկանում ենք»[49]: Այսինքն՝ շարժման մեջ որոշիչ, առաջատար դերը, անվիճելիորեն պատկանում էր հենց այդ դասին։ Դա անշուշտ չի բացառում նրանում հասարակական այլ խավերի մասնակցությունը, թեպետ ակնհայտ էր քաղաքային վերնախավերի անկամ մասնակցությունը, իսկ երբեմն էլ անբարյացկամ, ազգադավ դիրքը շարժման նկատմամբ։

Գերագույն խորհուրդը աշխատում էր նույնիսկ գաղտնի պահել կազմակերպությունը հայ «հարուստներից ու երևելի վաճառականներից», վախենալով, որ նրանք կնպաստեն ոչ թե ընկերության ամրաապնդմանը, այլ հետամուտ կլինեն նրա կործանման[50]: Բայց ինչ խոսք բացառություններ կային։ Իսկ քաղաքի և գյուղի հայ դեմոկրատական մտավորականությունը, համարյա ամբողջությամբ, շարժման կողմն էր։ Եթե համատարած չէր մասնակցում, ապա լիովին հարում էր նրան։

Չէր սխալվում թուրքական դատարանը ենթադրելով, որ շարժման ղեկավար կորիզը մեծ մասամբ խույս տվեց ձերբակալություններից ու պատժից։ Դրանց մեջ էին Ա. Վեմյանը, Գ. Չիլինկիրյանը, Մ. Նշկյանը, ինչպես նաև Գերագույն խորհըրդի անդամ Եղիշե Տուրսունյանը և շատ ուրիշներ։ Էլ չենք խոսում Մ. Խրիմյանի, Մ. Օրմանյանի, Ն. Վարժապետյանի, Բ. Նավասարդյանի և այլոց մասին, որոնց նկատմամբ թուրքական ոստիկանական հետաքննությունը և դատարանը բացահայտ մեղադրանքներ չկարողացան թխել։

«... Թուրքական դատական իշխանություններին հաջողվեց հայտնաբերել խնամքով պատրաստված հեղափոխական մեքենայի մասնիկը միայն, մինչդեռ գլխավոր մեքենագետները մնացին մի կողմ, չբացահայտված»,— զեկուցում էր Կարինի ռուսական գլխավոր հյուպատոսը Կ. Պոլսի իր դեսպանին[51]:

1882թ. նոյեմբերին «Պաշտպան հայրենյաց»-ը պատահականորեն հայտնաբերվեց թուրքական իշխանությունների կողմից։ Կարինում, իսկ քիչ ուշ նաև այլ վայրերում, սկսվեցին մասսայական ձերբակալությունները։ Խուզարկությունները կատարվում էին հիմնականում գիշերը։ Մերկացվում էին կանայք, տղամարդիկ, երեխաներ՝ թռուցիկ կամ վկայական գտնելու հույսով։ Հայ ընտանիքներում թղթի և գրքի հետք անգամ չմնաց, կասկածելի համարելով բոլորը վերցնում էին։ Հատկապես այլանդակ էին խուզարկության նպատակով Ձիթող և Գեղախոռ մեկնած ոստիկանների սանձարձակությունները։ Եվ այդ ամենն իրավունք էր տալիս Օրմանյանին եզրակացնելու, որ նման խուզարկությունների և խոշտանգումների «Հրամանը ստուգիվ բարձրեն է»[52]:

Կարինի ոստիկանությունը փորձեց խուզարկման ենթարկել նաև Սանասարյան վարժարանը, «բայց վարժարանը Ռուսիո պաշտպանության ներքև գտնվելուն համար ռուսական հյուպատոսն ընդդիմացավ»[53]։ Այս պատճառ դարձավ, որպեսզի կրկնապատկվեն թուրքական իշխանությունների՝ շարժման մեջ ռուսական գործակալների ձեռքը տեսնելու կասկածները։ Ւսկ Կ. Պոլսի «անգլիական դեսպանատան բերան» «Իստերն Էքսպրես»-ը նույնիսկ բացահայտորեն գրեց տյդ մասին[54]: Հայերի հետ մտերմական հարաբերությունների մեջ գտնվող մահմեդականներն իսկ կասկածի ենթարկվեցին և «թուրքերը հայու մը հետ խոսիլ և բարև տալե զգուշանալ սկսան»[55]:

Բանտարկություններից խուսափելու նպատակով այդ օրերին շատերը գաղտնի հեռացան Կարինից կամ պատսպարվեցին թաքստոցներում։

Հավանաբար ձերբակալություններից խույս տված կարնեցի մի խումբ արհեստավորների մասին էր «Լա թուրքի»-ն իր 1883 թ. հունվարի 22-ի համարում գրում, որ նրանք «... Սելանիկի մեջ ձերբակալվելով Կ. Պոլիս ղրկված էին, հինգշաբթի օրը Տրապիզոն ղրկվեցան, ուսկից ընդ հսկողությամբ Կարին պիտի երթան։

Արդեն ըսինք թե այս գործավորք Կարնո դավադրության մասնակից լինելու կասկածանց ներքև են։ Ասոնցմե մին շոգենավ նստած պահուն ինքզինք ծովը նետելով փախչիլ փորձեց, բայց բռնելով շոգենավը դրվեցավ»[56]:

  • * * *

«Պաշտպան հայրենյաց»-ի հայտնաբերման մասին կան տարբեր վկայություններ, որոնք հիմնականում հանգում են երկու կարծիքի։ Առաջինը, որ կազմակերպությունն հայտնի է դարձել իշխանությանը Կարինի Մելիքսեդեկ քահանայի կամ նրա որդու մատնությամբ։ Իսկ երկրորդը, որ այն բացահայտվել է Մելիքսեդեկ քահանայի տան առջև աղմուկ բարձրացրած մի քանի անձանց ձերբակալման ժամանակ՝ նրանց մոտ պատահականորեն հայտնաբերված թղթերի պատճառով։ Ականատեսների վկայությունների մանրազնին ուսումնասիրությունն ու բաղդատումը հաստատում են երկրորդ կարծիքի իրավացիությունը[68]:

Մելիքսեդեկ քահանան շատ ապօրինությունների տեղիք էր տվել, և կարնեցիք չէին հավատում անգամ նրա քահանայական վկայականի իսկությանը, որը նա ստացել էր քաղաքից հեռու՝ Մակբայեցոց վանքի վանահայր ոմն Թադեոս եպիսկոպոսից։ Շատերը պահանջում էին տեր հորը փետրաթափ անել խուզել մորուքը և աքսորել։ Եվ ահա Կարինի թեմական առաջնորդ Մ. Օրմանյանը 1882 թ. նոյեմբերի երկրորդ տասնօրյակի առաջին օրերին նրան վտարեց քաղաքից, ուղարկելով Կարինից չորս ժամվա հեռավորության վրա գտնվող նշանավոր Ս. Աստվածածնի՝ Կարմիր կոչված վանքում ապաշխարելու[69]: Բայց շատ շուտով, հավանաբար մեկ շաբաթ անց, Մելիքսեդեկ քահանան հիվանդանում է և որդու Կարինում պատվավոր անձ համարվող, գավառական ժողովի անդամ Հովհաննես Տեր-Մելիքսեդեկյանի խնդրանքով թույլտվություն ստանում վերադառնալ տուն՝ բուժվելու։

Նոյեմբերի 25-ին Մուսալլա թաղի գինետանը գինովցած մի խումբ երիտասարդներ, այդ թվում «Պաշտպան հայրենյաց»-ի Ա. Էթալիկյանի ղեկավարած հարյուրակի տասնապետ Պալաս Տեր-Դաղարյանը և ուրիշներ, որոնք սպառնական նամակով Մելիքսեդեկ քահանայի որդուց պահանջել էին «Պաշտպան հայրենյաց»-ի օգտին վճարել հիսուն ոսկի և մինչև այդ չէին ստացել, քահանայի տան մոտ, որը գտնվում էր Տաճար փողոցում, մեծ աղմուկ են բարձրացնում։ Նախ ներս խուժելով բնակարան պահանջում են ոսկին, ապա դուրս գալիս փողոց և լուտանքներ նետում նրա ու իրենց հետ վիճող նրա կնոջ հասցեին։ Վրա հասած ոստիկանները ձերբակալում են նրանց և տանում ոստիկանատուն, ուր Պալասի, Գալուստի, դարբին Մինասի, և կոշկակար Հարությունի նկատմամբ կար նաև դրամափոխ Հովհաննեսի բողոքը իրեն անարգելու մասին։

Խուզարկության ժամանակ Պալաս Տեր-Ղազարյանի և Հարությունի մոտ հայտնաբերվում են ընկերության անդամատոմսեր և հավանաբար նաև այլ թղթեր։

Այդ նույն շրջանում ոստիկանական գաղտնի գործակալ Պողոս Սարաֆյանը, որոշ չափով ծանոթացել էր «Պաշտպան Հայրենյաց»-ի գոյությունը վկայող մի շարք փաստերի։ Սրա պնդմամբ որոշվում է Պալասին ամենավատթար տանջանքների ենթարկելով խոստովանեցնել, որը և նրա կարծիքով կարձակեր գաղտնի կազմակերպության ողջ կծիկը[70]։

Նա միաժամանակ այցելում է բանտարկված Պալասին ե անարգաբար համոզում խոստովանել գիտցածը և փրկվել, այլապես սպառնալով խստագույն միջոցների այն դժոխային հեռանկարով, որով կարող էին պարծենալ թերևս միայն թուրքական բանտերը, արվամոլության, ղազուխի ու բանտարկյալների կազմակերպված թունավորման այդ զարհուրելի որջերը։

Պալասը հրաժարվում է, բայց խոշտանգումներին երկար չդիմանալով հանձնվում է և մատնում նկարիչ Միքայել Մանուկյանին, հավանաբար նաև իր հարյուրապետ Ալեքսան Էթալիկյանին, ինչպես նաև այն տասնյակի անդամներին, որի հրամանատարն էր ինքը[71]: Նկարիչ Միքայելը լսելով, որ կազմակերպությունը հայտնաբերված է, ներկայանում է ոստիկանատուն և խոստանում ամեն ինչ ճշտությամբ ու մանրամասնորեն պատմել, եթե իրեն կնդունեն ոչ թե որպես շարժման մասնակից, այլ վկա, լրատու («մյուխպիր») և կվարձատրեն:

Կուսակալը երդումով խոստանում է երկուսն էլ: Սկսվում է մատնության ոճիրը։ Ճիշտ չպետք է համարել այն կարծիքը, որ իբր Միքայելը մատնությունը կատարել է խոշտանգումների ենթարկվելուց հետո, բարբարոսական հարցաքննությանը չդիմանալով[72]: Մինչդեռ հայտնի է, որ պետական մեղադրող Իսմեթ բեյը իր մեղադրական եզրակացության մեջ գտնում էր, որ Միքայել Մանուկյանին պետք է ազատել «պատժական օրենսգրքի 65-րդ հոդվածին համեմատ»[73]։ Այսինքն թուրքական դատական օրգանների կողմից նա իրոք ընդունվել է իբրև «լրատու»[74]։

Մատնությանը մասնակցեցին նաև հայ այն հարուսաները, որոնք կազմակերպությանը գումար տրամադրելու մասին սպառնական անստորագիր նամակներ էին ստացել, ուր պահանջվում էր այս կամ այն քանակությամբ դրամ բերել նշանակված տեղը, և այդ նամակները հանձնել էին թուրքական իշխանություններին ու բողոքել: Ուստի կասկածներ Մուստաֆա փաշայի և նրա պաշտոնյաների մոտ արդեն կային[75]:

Անշուշտ ավելի որոշակին Մելիքսեդեկի անվան հետ առնչվող դեպքն էր, որը տեր հոր և նրա ընտանիքի անունը նորից մրոտեց և այն մաքրելու համար «ճիզվիթ քահանան» ու նրա պատվարժան որդին ոչինչ չխնայեցին Կ. Պոլսի իրենց բարեկամների միջոցով ու հավաքած կեղծ ստորագրություններով լրագրերի էջերը կեղտոտելու[76]։

Միքայելի մատնությամբ, որն աշխատանքի բերումով կապված էր Գերագույն խորհրդի բոլոր անդամների հետ և համարյա բոլորին էլ ճանաչում էր անձամբ, ձերբակալվում են Գերագույն խորհրդի քաղաքում գտնվող անդամները, բացառությամբ Եղ. Տուրսունյանի, ապա և «Պաշտպան հայրենյաց»-ի բազմաթիվ շարքային անդամներ, որոնց թիվը, սակայն, 72-ից (կամ 76-ից) չի անցնում, ինչպես տեսանք, շնորհիվ կազմակերպության տասնապետական կառուցվածքի։ Ձերբակալվեցին նաև կազմակերպության հետ առնչություն չունեցող մարդիկ։

«Ընկերություն» բառը այնպիսի սարսափ էր առաջացրել, որ բանտ նետվեց անգամ Կարինում գործող փոխատուական ընկերության քսան տարի առաջ քարտուղար եղած Ղազարոս Վահանյան ծերունազարդ վարժապետը, որը, սակայն, շուտով ազատվեց։

Միքայելը որպես կազմակերպության ղեկավարներ է ներկայացնում նաև Ներսես պատրիարքին, Մկրտիչ Խրիմյանին, Մաղաքիա Օրմանյանին ու ռուսահայ մի քանի գործիչների, որոնց նկատմամբ թուրքական իշխանություններն առանց այն էլ կասկածներ ունեին։ Բայց հարցաքննության ժամանակ Խ. Կերեքցյանը և մյուսները հերքում են բոլորը։ Խ. Կերեքցյանն հայտարարում է թե Խրիմյանն իրեն ասել էր, որ եթե եկեղեցում, խոստովանության ժամանակ պատմած չլինեիր կազմակերպության գոյության մասին, ապա ինքը նրան կմատներ իշխանություններին։ Իսկ Օրմանյանին, որը նոր էր կաթոլիկությունից լուսավորչական եկեղեցու գիրկը վերադարձել, իրենք չէին վստահում[77]։

Սխալ պետք է համարել Հայկակի (Ա. Արփիարյան) այն պնդումը, թե ձերբակալվածները մտածելով, որ իրենք սակավաթիվ են և ընկերներին մատնելով կարող են բազմաթիվ լինել ու դյուրացնել բոլորի փրկությունը, որովհետև կառավարությունը տեսնելով բանտերը լցված են, լավագույն միջոցը կհամարի իրենից ազատել, իբր իրագործում են այդ խորհուրդը[78]: Մինչդեռ կատարվում էր ճիշտ հակառակը։

Բանտարկյալների մի մասը, հատկապես կազմակերպության շարքային անդամները, հայտարարում էին, որ իրենք չեն հասկացել, թե ինչ ընկերության են անդամագրվում, կամ ասում էին որ սկզբում կողմ էին, հետո զղջացել են և այլն։ Իսկ մյուս մասը բացեիբաց հայտարարում էր, որ կեղեքվող ժողովրդի վիճակի բարելավման համար պայքարելը մեր պարտականությունն է և եթե ազատվենք, կշարունակենք մարտնչել հանուն նույն նպատակի իրագործման։

Ա. Էթալիկյանը ցանկանում էր իր վրա վերցնել ողջ ծանրությունը և քննության ժամանակ հայտնել, որ Պալասի մոտ գտնված թղթերը իրենն են ու այն իրեն տվել է Պողոս Սարաֆյանը (ոստիկանական գործակալը)։ Բայց խորհում են, որ դրան ոչ ոք չի հավատա և չեն փորձում։ Խ. Կերքեցյանն առաջարկում է մեղադրանքն ամբողջությամբ բարդել իր ուսերին և Օրմանյանին տեղեկացնում է, որ ինքն այն թեթևությամբ կտանի, միայն թե ազատվողները և դրսում մնացածները չլքեն գործը։

Իրեն ուղղած այն հարցի, թե ինչու էր Թիֆլիս գնացել և ով էր Թիֆլիսից նրա հետ եկել Կարին, Խ. Կերեքցյանը պատասխանում է, թե առևտրական նպատակներով իր Կովկաս մեկնելու մեջ ինքը անթույլատրելի ոչինչ չի տեսնում, իսկ այն անձնավորությունը, որը վերադարձին իր հետ Կարին էր եկել, պատահական ճանապարհային ընկեր էր, իրեն համարում էր «նիհիլիստ» և ամեն տեղ տարբեր անուններով էր հանդես գալիս, ուստի ճիշտ անունը ինքը չգիտի։ Եվ որ նա մեկ ամսի չափ միայն մնաց Կարինում ու գնաց Եվրոպա[79]:

Իսկ Պալասը, որն առաջին հարցաքննության ժամանակ սարսափից թոթովել էր, թե ինքը մեկ անգամ Օրմանյանին ցույց տալով երդմնագրերը ասել է. «Այս թղթերը տվիք մեզ, մեր ապրուստն ալ տվեք», դրանով էլ Կարինի թեմական առաջնորդին ներկայացնելով որպես շարժման ղեկավար կամ ղեկավարներից մեկը. հետագայում հրաժարվում է իր նախորդ ցուցմունքներից և հայտարարում, որ իր կողմից եղծված այդ պատմությունն իրենից կորզել են ոստիկանական գործակալները խոստանալով մարել իր ունեցած 35 ոսկի պարտքը և ներկայացնել կառավարական պարգևի։

Հովհաննես Աստուրյանն ու Կ. Պոլսից Կարինի բանտ տեղափոխված Հակոբ Իշղալացյանը պնդում էին, որ այդ ամենն իրենց ու իրենց ընկերների դեմ ամբաստանության հեղինակների կողմից անձնական վրեժի նկատառումներով տմարդորեն հորինված հերյուրանքներ են[80]:

Հ. Նշկյանը բերում է մի երիտասարդի պատասխանը՝ կազմակերպության ղեկավարներին մատնելու հարցապնդման ժամանակ.

«Հարցաքննիչ դատավորը կը հարցնե 18 տարեկան պատանիի մը. -Տղաս, դու խելացի մեկը կերևիս և կարծեմ ամեն բանի ճշմարիտը պիտի խոսիս։ -Էվվեթ էֆենտիմ (այո, տեր իմ)։ -Ուրեմն ըսե ինձ թե դուք գլուխ մը ունի՞ք։ -Էվվեթ էֆենտիմ, -Աֆերիմ (ապրես) տղաս, ես գիտեմ, որ դուն ճշմարիտը կը խոսիս, հիմա ըսե ո՞րն է և ո՞ւր է ձեր գլուխը։ -Ւշթե էֆենտիմ (ահավասիկ տեր իմ) կըսե պատանին, գլուխ աջ ու ձախ շարժելով»[81]:

Չնայած բոլոր խոշտանգումներին, Խ. Կերեքցյանն ու նրա ընկերները չմատնեցին նաև Թիֆլիսի իրենց բարեկամներին, որոնց մասին դատաքննիչները փութաջանորեն հետաքրքրվում էին։ Այդ հարցով նվազ շահագրգռվածություն էր ցուցաբերում ռուսական հյուպատոսությունը և իր թարգմանչին հայազգի Արսեն Շապանյանի միջոցով, ցանկանում էր համոզել հատկապես Խ. Կերեքցյանին՝ մատնելու «Պաշտպան հայրենյաց»-ի ռուսահայ գործակիցներին։

Զուր չէին Կարինից 1883 թ. մայիսի 14-ին գրում Թիֆլիս, որ ռուսական գլխավոր հյուպատոս գեներալ Ա. Դեննետը «շատ գեշ հայացք ունի ռուսահայոց վրա, և որ նա մեկնել է Ռուսաստան թերևս «Պաշտպան հայրենյաց»-ի հետ կապված արևելահայ գործիչներին ցարիզմի հաշվեհարդարի առջև կանգնեցնելու նպատակով ու զգուշացնում, «Այս մասին հարկ եղածն մտածել և խորհել ձեզ անկ է»[82]:

Դեննետը ցանկանում էր Թիֆլիս ուղարկել և ցարական դատաստանին հանձնել այնտեղից հեղափոխական գործունեության նպատակով Կարին եկած Ա. Մելիք-Գրիգորյանին, բայց վերջինս պարսկահպատակ լինելով, պարսից դեսպանի միջամտությամբ հնարավորություն ստացավ խուսափել, իսկ հետո անցավ Անդրկովկաս։

Ձերբակալությունից խույս տվեց նաև Գերագույն խորհրդի անդամ Կ. Նշկյանը, որը գտնվում էր Թիֆլիսում և Կարինում կատարված ձերբակալությունների օրերին հազար ռուբլի հանգանակությամբ, որն հետագայում ծախսվեց բանտարկեալների ազատման համար, տուն էր վերադառնում եղելությանն անտեղյակ։ Տրապիզոնից Կարին տանող ճանապարհին՝ Գյումուշխանեի մոտ նրան ընդառաջ են գնում Բ. Մելիք-Գրիգորյանը և Կ. Փենզեհերյանը, հանդիպում և կանխում նրա մուտքը քաղաք։ Մի քանի օր մնալով Ս. Աստվածածնի վանքում, Կ. Նշկյանը վերադառնում է Տրապիզոն, ապա անցնում Կ. Պոլիս, չմտածելով հարկավ, որ դա վերջին հրաժեշտն էր այնքան սիրած իր հայրենիքին, որի ազատությանն էր ինքը զինագրվել ու երդվել նրան զոհելու իր արյան վերջին կաթիլն անգամ։

Ավելի ուշ, անցնելով Ամերիկա և հանգրվանելով այնտեղ, նա բավարարվեց 1885 թ, Ֆրեզնոյում գրած մի ոտանավորով.

Ընկերներս ամեն շղթա կրեցին, Անոնք զիս միայն ազատ կարծեցին, Թեև ազատ, ես այս դրոշին փարած, Բայց ձեռքս ու ոտքսշղթայով կապված։

Եվրոպ լուռ մնաց մեր լաց ու կոծին, Թողուց ստրկի լուծը մեր վզին, Տար երկինք մի օր մի առիթ լիներ, Այս դրոշն աստղազարդ մեր լուծը վշրեր[83]:

Ապա խաչ քաշեց պայքարի նախորդ բոլոր ծրագրերին ու ամոքվելով մի քանի աղեկտուր նամակներով, իր կյանքն ավարտեց 1916թ., 60 տարեկան հասակում, որպես ամերիկյան մայր ցամաքի հայության վաղահաս կորուստը ողբացող միշտ ազնիվ, բայց թևաթափ եղած հայրենասեր։ Կազմակերպության հայտնաբերումից անմիջապես հետո թուրքական իշխանությունները սարսափի մեջ ընկան և կուսակալի տենդագին հեռագրերն ազդարարեցին ողջ Արևմտյան Հայաստանը հեղափոխական շարժման մեջ լինելու և առաջիկայում ռուսահայերի ու նրանց միջոցով Ռուսաստանի օժանդակությամբ ապստամբություն բարձրացնելու մասին։ Ապա օգնության խուճապային աղաղակները լայնատարած արձագանքեցին Օսմանյան ամբողջ կայսրության մեջ և Երզնկա յում տեղավորված թուրքական չորրորդ բանակը «քալեց Կարինի վրա:

Քաղաքի ամրոցների հրանոթներն ուղղվեցին դեպի հայկական թաղամասերը։ Տեղական զինվորներն ու ոստիկանությունը լրացուցիչ փամփուշտ ստացան և ամենուր պատերազմական ժամանակների պահակություն սահմանվեց: Այնպիսի իրարանցում էր սկսվել, կարծես «ահեղ բանակ մը օսմանյան գահուն հաստատությանը սպառնա»[84]։

Բայց հետո, երբ պարզվեց, որ այդպիսի մեծ իրարանցման հարկ չկա, նրանք մի փոքր հանդարտվեցին և Կ. Պոլսից ստացած հրահանգների համաձայն, ձերբակալություններն ու հարցաքննությունները սկսեցին կատարել գաղտնի, միաժամանակ փորձելով օտարերկրյա դիտողներին շարժումը ներկայացնել որպես տեղական բնույթ ունեցող աննշան մի դեպք։ Թուրքական իշխանությունները մեծ նշանակություն էիՆ տալիս իրադարձությանը, բայց ցանկանում էին այն ներկայացնել նվազագույն չափերով։ Եվ հենց այն փաստը, որ ձերբակալվածների թվի մասին կային իրարամերժ բազմաթիվ կարծիքներ՝ մի քանի հոգուց մինչև մի քանի հազար (ավելի տարածվածը 400-ն էր), վկայում է այն մասին, որ ձերբակալություններն ու հետաքննությունները շարունակվում էին արդեն խիստ քողարկված։

«Հսկողությունք, խստությունք, սահմանագլուխները և երկրի զանազան կողմերը,— գրում էր այդ օրերին «Մեղու Հայաստանի»-ի Կ. Պոլսի թղթակիցը,— կրկնապատիկ ավելացած են կառավարության գաղտնի լրտեսներ՝ վարձկան բայց ուշիմ, թեև արտաքուստ ողորմելի գյուղացվոց կերպարանքի տակ, ամենեն փոքր գյուղերը կայցելեն, բնակչաց կյանքը, այժմյան վիճակը դիտելով և նոցա տրամադրությանց տեղյակ լինելու, անցորդները քննելու և ըստ այնմ գավառա գլուխ իշխանությանց տեղեկագրելու համար»[85]:

Իշխանությունները մի կողմից առանձին բանտարկյալների ազատելով և այդ մասին բարձրաձայն հայտարարելով, «մյուս կողմից լուռ ու մունջ, ծածուկ, շատերին նորից բանտ են նետում»,— Արևմտյան Հայաստանից գրված մասնավոր մի նամակով հայտնում էին Թիֆլիս[86]։ 1883թ. փետրվարի կեսերին Կ. Պոլսից հղված մի գաղտնի հեռագրի ստացումից հետո, նույն օրը ևեթ (բայց հավանաբար միայն նույն օրը), փոքր բարելավում մտցվեց բանտարկյալների կենցաղում։ Նրանց ներքնակները փոխեցին, թույլատրեցին մաքուր օդ դուրս գալ և գարշահոտությունը վերացնելու համար բանտախցերում կրակ վառեցին: Կուսակալի մոտ այդ երեկո հրավիրված գաղտնի խորհրդակցության բնույթի մասին կողմնակի ոչ ոք չկարողացավ իմանալ[87]:

Այդ օրերին տեղական իշխանությունները միաժամանակ գողունի գրգռում էին մահմեդական ազգաբնակչության մոլեռանդությունը, ավելի լարում նրանց իրենց հայ դրացիների դեմ։ «Տաճկաց բերանը անարգական հնավանդ բառեր, որ դադարած էին, նորեն շատացան,— գրում է Օրմանյանը,— շուկաներու մեջ տաճկաց կողմե խրոխտանք մը սկսավ տիրել և ամեն շուկայի խնդիրներ և առևտրական կռիվներ քաղաքական ձևեր սկսան զգենուլ, գյուղերու մեջ երթևեկները երկյուղալի դարձան և շարունակ գանգատներ կը հասնին կերպ-կերպ նեղությանց վերա և տակավին կուսակալին բռնած ճամբան կհարատևե կասկածը շատացնելու անդորրությունը վրդովվելու և դրացիները իրարմե անվստահ ընելու դիտմամբ…»[88]:

Կանգ չէր առնվում ոչ մի տեսակ ստի ու կեղծիքի առջև։ Լուրեր տարածեցին անգամ, թե հայերը Սըվազում հարձակվել են մզկիթների վրա, սպանել 200 տաճիկ[89] և այլն։ Կազմակերպությունը հայտնաբերվելու հաջորդ օրը Խաչատուր Կերեքցյանի կրտսեր եղբայրը՝ Տիգրան Կերեքցյանը, «Պաշտպան հայրենյաց»-ի Գերագույն խորհրդի անդամ Հ. Աստուրյանի ցուցումով, առաջնորդարանի ծառա Մարուքեի հետ միասին այրում է հեղափոխական կոչերով և այլ փաստաթղթերով լի արկղը, գուցե դրանով էլ շատերին փրկելով անխուսափելի պատժից։ Ձերբակալվածների ճնշող մեծամասնությունը երիտասարդներ էին, անգամ պատանիներ։ Նրանցից ամենա տարեցը Խ. Կերեքցյանն էր՝ ընդամենը 36 տարեկան։

Սկսվեց ինկվիզիտորական հարցաքննությունը, որին ենթարկում էին իրենց տունը, պատիվն ու ընտանիքը պաշտպանելուն, իրենց հայրենիքի ազատությանը զինվորագրված այդ երիտասարդությանը, որը երդվել էր «ազգին համար արյամբ չափ աշխատել» (Օրման յան)։

«Խոշտանգանաց գլխավորը եղած է Բոլիս, որ ըստ օրինաց հաղորդակցությունն զատելով ձերբակալելոց առանձին թողլո տեղ մըն է, որպեսզի չխրատվի ուստիք (՞) սակայն այդ առթթին մեջ Բոլիսը ճշմարիտ տանջանքի փոխված է,— գրում էր Կարինի հոգևոր առաջնորդը,— Բոլիս ըսված տեղերը անձուկ ծակեր են, տասը թզաչափ երկայն և հինգ թզաչափ լայն և մարդաչափ բարձր գետնահարկի մեջ հատակը թաց հող, ամեն կողմե խոնավ, սաստիկ ցուրտ, առանց և ոչ կտոր մի փսիաթի, որ կարի ծանր է Կարնո ցրտության խստությունը ի նկատի առնելով վասնզի արդեն ձյուն ու սառ բռնած էր և այդ ծակին մեջ փակած են ձերբակալյալները, արգելելով ըմպել և ծխել, և քսանչորս ժամը անգամ մը միայն կարյաց համար դուր և ելնելու ներելով. պարտավորված են նույն ծակին մեջ այդ անախորժ մարմնական պետքը կատարել և այնպես մնալ...

Այդ Բոլիսի խոշտանգանաց ենթարկված է Ալեքսան Էթալիկյան, վեց օր շարունակ, և այնուհետև ալ երկար ատեն խիստ բանտի մեջ թողված առանց ծխելու։— Խաչատուր Կերեքցյան չորս օր, որո վերա սովորական հագուստն ալ հանած են և լոկ բաճկոնով թողուցած, անոթությունը մինչև քառասուն և ութ ժամ երկարաձգած են, այնպես որ նվաղության վիճակի հասած և կիսամեռ դուրս հանած են։ Խաչատուր Պապոյան երկու օր, սակայն ներս չդրած պաղ ջրի մեջ նետած են և երկու օր շարունակ անոթի պահած»[90]: Եվ այդպես բոլորին։

Ա. Էթալիկյանը հավանաբար չդիմացավ ահավոր տանջանքներին և արդեն 1883թ, հունվարի 29-ին նրան տեսնում ենք զինվորական հիվանդանոց տեղափոխված[91]:

Բանտարկյալներին, որոնք զնդանված էին քաղաքի մահապարտների բանտում, ցորենի շտեմարանում և քաղաքից դուրս գտնվող Ազիզիե ամրոցի խցերում, չէր թույլատրվում առանձին տեսակցել դատապաշտպանների հետ։ Արգելված էր նրանց հետ խոսել կամ բողոքներ գրել հայերեն լեզվով։ Անհնարին էր դարձել նաև հարազատների հետ որևէ հարաբերություն ունենալ։ Մուստաֆա փաշան նույնիսկ պատռեց բանտարկյալների ընտանիքներից ստացած հանրագիրը, ուր խնդրվում էր ազատել իրենց անմեղ որդիներին, եղբայրներին ու ամուսիններին։

Բայց այդ ամենը չէր վհատեցնում երդվյալ հայրենասերներին, որոնք դատավարության ժամանակ ողջ հայ ժողովրդի նախատինքը նետեցին դահիճներին. տարիներ շարունակ մեզ կեղեքում են քուրդը, չերքեզը, թուրք պաշտոնյան, այդ բոլորը կատարվում է կառավարության հատուկ ցուցումով, օրը ցերեկով, արևի լույսի տակ և մենք այժմ ընկերություն ենք ստեղծել պայքարելու այդ անմարդկային կեղեքման դեմ, պաշտպանելով մեր պատիվը, մեր ունեցվածքն ու կյանքը[92];

«Ռուսսկի կուրյեր»-ի Կ. Պոլսի թղթակիցը հայտնում էր, որ Կարինի բանտարկյալները արժանապատվությամբ են տանում թուրքական իշխանությունների բարբարոսական հարցաքննությունը և ի լուր աշխարհի հայտարարում են, որ իրենց կազմակերպության անդամները բազմաթիվ են, բյուր են, և որ իրենք թուրքական կառավարությանը, միևնույն է, հանգիստ չեն թողնի մինչև իրենց նվիրական նպատակին չհասնեն[93]:

Խ. Կերեքցյանը նույնիսկ ըմբոստանում է, հետագա հարցաքննությունների ժամանակ հրաժարվելով ցուցմունք տալ, պատճառաբանելով, թե իրեն այնպես են չարչարել, որ գիտակցությունը տեղը չէ, ուստի և չի ընդունում հարցաքննության օրինականությունը։ Կարինի հայ ազգաբնակչության որոշ շրջաններում, հատկապես ձերբակալվածների ընտանիքներում, խուլ դժգոհություն առաջացավ Խ. Կերեքցյանի և Մ. Օրմանյանի դեմ, բայց ժողովրդի զգալի մասը ավելի կայուն էր։ Այդ օրերին շատերը բավարարվում էին միայն խռնվել եկեղեցում և աղերսական «ամեն»)ներով հայտնել իրենց սրտից բխած «երախտապարտ և հավատարիմ իղձերը...»[94]:

Ներսես Վարժապետյանը 1883թ. փետրվարի 10-ի պաշտոնագրով հորդորում էր Օրմանյանին և Կարինի բնակչությանը, ինչով հնարավոր է օգնել բանտարկյալներին ու նրանց անտերունչ ընտանիքներին և համբերությամբ ու հավատով սպասել իր կողմից ներման համար ձեռնարկվող միջոցառումների արգասավոր արդյունքին։

Այդ օրերին Կարինի հույները մի փոքրիկ գումար են հավաքում և իրենց առաջնորդի միջոցով հանձնում Օրմանյանին` ձերբակալվածների ընտանիքներին օգնելու նպատակով։ Դա հույն ազգաբնակչության լուռ համերաշխությունն էր իրենց հայ բարեկամներին[95]:

Սակայն ինչպես Կարինի ռուսական գլխավոր հյուպատոսությունը, այնպես էլ մյուս երկրների ներկայացուցիչները ձեռնպահ մնացին հայերի մասսայական ձերբակալությունների նկատմամբ[96]: Ինքնըստինքյան հերքելով ռուսական թերթերում հրապարակված ստահոդ այն լուրը, թե իբր «Էրզրումի ռուսական հյուպատոսը հայերին վերցրել է իր հովանավորության տակ, դրանով ցույց տալով, որ Ռուսաստանը նրանց բարին է ցանկանում»[97]:

Ավելին. Կ արինի ռուսական գլխավոր հյուպատոս Ա. Դեննետը Կ. Պոլսի իր դեսպանին գրում էր, թե միայն այն հանգամանքը, որ «Պաշտպան հայրենյաց»-ը կապեր է հաստատել Կովկասի նարոդնիկական խմբակների՝ «ժամանակակից հասարակության ստորագույն տարրերի» հետ, «...բավական է, որպեսզի ըստ արժանվույն գնահատենք այսպես կոչված Երիտասարդ Հայաստանի (Jeune Аrmenie) վերաբերմունքը մեր նկատմամբ»[98]:

Սխալ պետք է համարել նաև «Մշակ»-ի Կարինի թղթակցի հաղորդումը, թե ռուսական հյուպատոսը «երկու տեղացի ռուսահպատակ բանտարկյալ հայերու ազատության համար ևս անտարբեր մնաց»[99]։

Իրականում բանտարկված էր ռուսահպատակ մեկ հայ, այն է զինագործ Իսրայել Հովհաննիսյանի (վավերագրում՝ Օգանեզով) Կարապետ անունով 18-ամյա (այլ տվյալներով 21 տարեկան) որդին[100], որին ձերբակալությունից ազատման համար Կարինի ռուսական հյուպատոսությունը միջամտեց, բայց ոչ մի արդյունքի չհասավ[101]:

1883թ. ապրիլի 6-ին ավարտվեց մեղադրական եզրակացության կատարման արարողությունը և պետական մեղադրողը փութով հայտարարեց, թե մեղադրյալները ցանկացել են հեղափոխական ճանապարհով Թուրքիայից անջատել «օսմանյան երկրների մի մասը, այսինքն Էրզրումը և շրջակայքը»[102]:

Այս ձևակերպումով, մեղմացուցիչ հանգամանքներ չլինելու դեպքում, Թուրքիայի պետական օրենսդրությամբ, բոլորին մահապատիժ էր սպառնում, իսկ նման հանգամանքներ լինելու պայմաններում՝ հինգ տարուց ոչ պակաս բանտարգելում։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ[խմբագրել | խմբագրել կոդը]


[i] Մ. Օրմանյան, Խոհ և խոսք, էջ 119: [ii] Հ. Նշկյան, Առաջին կայծերը, էջ 111-112: [iii] «Մշակ», 1879, N: 110: Այս շրջանի և հետագա դեպքերը գեղարվեստորեն արտացոլվել են Ատրպետի «Ալմաստ» վեպում, ուր երբեմն կատարվել է նույնիսկ անունների նմանացում. Կարապետ Նշկյանը դարձել է Նշան Կարապետյան և այլն: [iv] Հ. Նշկյան, Առաջին կայծերը, էջ 64: [v] «Մշակ», 1879, N: 105 [vi] «Ղևոնդյան» ընկերությունը ենթադրում ենք՝ նույն «Դպրաց» ընկերությունն է: [vii] ՌԱՔԱ, Ֆ. քաղ. Արխիվ, 1881-1884թթ., գ. 1625, թ.16: [viii] Այդ ծրագիրը տե՜ս «Փորձ», 1879, N: 9, էջ 181-197թ: [ix] Հ. Նշկյան, Առաջին կայծերը, էջ 107: «Մասիս»-ի 1879թ. 2462-ում բերված է Օրմանյանի հետ լուսավորչական [x] Մ. Օրմանյանի մոտ («Խոհ և խոսք», էջ 119) տրված է 1882թ. առաջին կեսը, որով հավանաբար նա նշել է կազմակերպության մեջ իր մտնելու կամ այն իրեն, հայտնի դառնալու ժամանակը: [xi] Լեոն շփոթում է, ենթադրելով, որ «Պաշտպան հայրենյաց»-ը սկզբում կոչվել է «Գերագույն խորհուրդ (տե՛ս «Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը», հատ, 1, էջ 139): Մինչդեռ այդպես կոչվել է կազմակերպության ղեկավար օրգանը։ Այդ հարցում իրավացիորեն քննադատելով Լեոին, Ա. Գյուլխանդանյանը, սակայն, անգիտանում է, թե ինչու Լեոն շփոթել է այն։ Անկասկած Գյուլխանդանյանը տեղյակ չէ, որ «Պաշտպան հայրենյաց»-ը ունեցել է «Գերագույն խորհուրդ» անունով ղեկավար կենտրոն: [14] «Մասիս», 1882, N:3370 [15] «Մամուլ», 1882, N:973 [16] «Մասիս», 1883, N:3479 [17] Նույնը, 1882, N:3368 [18] Նույնը, 1883, N:3432 [19] Տե՜ս «Մշակ», 1883, N:12 [20] «Մեղու Հայաստանի», 1883, N:40 [21] «Голос», 1883, N:2 [22] Տե՜ս «Մշակ», 1883, N:4 [23] «Московские ведомости», 1883, N:3,7,9: [24] Տե՜ս Վ. Պարսամյան, Հայ ազատագրական շարժումների պատմությունից, էջ 262: [25] Տե՜ս ՌԱՔԱ, Ֆ. Քաղ. արխիվ, 1881/1884թթ., գ. 1625, նա. «Մասիս», 1883, N: 3463: [26] Հ. Նշկյան, Առաջին կայծերը, էջ 119: [27] Տե՜ս ՀՍՍՌ կուլտուրայի մինիստրության գրականության և արվեստի թանգարանի արխիվ, Ազատյանի, ֆ., XII-11519, նաև Մ. Նշկյան, Ով փճացուց հայությանը, Ֆրեզնո, 1920, էջ 8: [28] Ռ. Փարսադանյան, Հայ բժշկության պատմությունից, Երևան, 1958, էջ 147: [29] Սխալվում են այն հեղինակները, որոնք դրանից եզրակացնում են, որ կազմակերպությունը ղեկավարվել է Թիֆլիսից՝ Բ. Նավասարդյանի ձեռքով (Լեո), կամ 1878-1880-ական թվականների արևմտահայ շարժումները կազմակերպել է Բ. Նավասարդյանը (Կ. Նշկյան): Սխալ է նաև ծայրահեղ մյուս կարծիքը, որի հեղինակ Ա. Գյուլպանդանյանը «Պաշտպան Հայրենյաց»-ի և Թիֆլիսի գործիչների կապը համարում է զուտ պատահական (տե՜ս «Հայրենիք», ամսագիր, Բոստոն, 1939, N:9, էջ 128): [30] Եղբոր վկայությամբ, Խ. Կերեքցյանը բացի դրանից նախագծել էր պատրաստել զենքի մի տեսակ՝ հեծանիվի սիստեմով, վրան կրակափողեր տեղադրված, ընթացքում միաժամանակ կրակելու համար: Բայց պատրաստվեցին դրանց նախատիպերը (մոդել) միայն: (Տե՜ս ՀՍՍՌ կուլտուրայի մինիստրության գրականության և արվեստի թանգարանի արխիվ, Բ. Նավասարդյանի ֆ., 9-III): [31] Տե՜ս ՀՍՍՌ կուլտուրայի մինիստրության գրականության և արվեստի թանգարանի արխիվ, Բ. Նավասարդյանի ֆ., II-271): [32] Մ. Օրմանյան, Խոհ և խոսք, էջ 119: [33] Օրմանյանի այդ պայքարը վերջացավ միայն 1886թ., երբ նա հասավ այն բանին, որ նույն տարվա սեպտեմբերի 9-ին արդեն Մելիքսեդեկյանից վերև ստորագրեց նահանգական ժողովի որոշումների տակ: [34] «Մշակ», 1889, N:65: [35] Գ. Զոհրապ, Ծանոթ դեմքեր ու պատմվածքներ, Փարիզ, 1932, էջ 74-75: [36] Հ. Նշկյան, Առաջին կայծեր, էջ 27-29: [37] Նույն տեղում, էջ 117-118: [38] «Կարնո հիշատակին», Վիեննա, 1896, էջ 79-80: [39] Ավետիս Վեմյանը 1894թ. ձեռնադրվում է քահանա Գարեգին անունով և գաղտնի շարունակում զինագործությունն ու թաղից թաղ տեղափոխում քահանայի լայն փաշայի տակ թաքցրած իր պատրաստած զենքերը: [40] «Կարնո Հիշատակին», էջ 77: [41] «Московский телеграф», 1883, N:2, և այլ թերթեր: [42] ՀՍՍՌ կուլտուրայի մինիստրության գրականության և արվեստի թանգարանի արխիվ, Թ. Ազատյանի ֆոնդ, XII-11507: [43] Հ. Ճանկուլյան, Հիշատակներ հայկական ճգնաժամեն, էջ 93: [44] Տե՜ս «Մասիս», 1882, N: 3360 և 3361: [45] ՀՍՍՌ կուլտուրայի մինիստրության գրականության և արվեստի թանգարանի արխիվ, Բ. Նավասարդյանի ֆ., 9-III): [46] Նույն տեղում, Թ. Ազատյանի ֆ., XII-11512: Տե՜ս նաև ՌԱՔԱ, Ֆ. Քաղ. Արխիվ, 1881/1884թթ., գ. 1625, թ.83-85: [47] Թյուրիմացության արդյունք է, անշուշտ, երբ Արտ. Կարինյանը «Նորք»-ի 1926թ. N:2-ում, «Պաշտպան հայրենյաց»-ի անդամների մասին անտեղյակորեն գրում է, որ «դրանք բացառապես «քաղաքացիք» էին – «արհեստավորներ» և «վաճառականներ», (էջ 156), իսկ քիչ անց էլ կազմակերպությունը համարում «… շուտափույթ կերպով լիկվիդացիայի ենթարկված մի խումբ վաճառականների պատահական ձեռնարկություն»(էջ 166)»: [48] Տե՜ս Մ. Ներսիսյան, Հայ ժողովրդի պայքարը թուրքական բռնապետության դեմ, հավելված N:68: [49] «Մշակ», 1890, N:83: [50] Տե՜ս «Արշալույս Արարատյան», 1883, N: 1207: [51] ՌԱՔԱ, Ֆ. Քաղ. Արխիվ, 1881/1884թթ., գ.1625, թ.123-128: [52] ՀՍՍՌ կուլտուրայի մինիստրության գրականության և արվեստի թանգարանի արխիվ, Թ. Ազատյանի ֆ., XII-11515: [53] «Մասիս», 1882, N:3364, նաև «Московские ведомости», 1883թ. N:7: Թեպետ Կարինից «Ստամբուլ»-ին ուղարկում էին հակասական տեղեկություններ (տե՜ս «Մասիս», 1883, N: 3369, 3388) և Օրմանյանն էլ գրում էր, որ Սանասարյան վարժարանի հետ կապված լուրը ճիշտ չեն (ՀՍՍՌ կուլտուրայի մինիստրության գրականության և արվեստի թանգարանի արխիվ, Թ. Ազատյանի ֆ., XII-11507): [54] Տե՜ս «Մասիս», 1882, N: 3367: [55] ՀՍՍՌ կուլտուրայի մինիստրության գրականության և արվեստի թանգարանի արխիվ, Թ. Ազատյանի ֆ., XII-11515: [56] Տե՜ս «Մասիս», 1883, N:3390: [68] Տե'ս Օրմանյան, Ազգապատում, Խոհ և խոսք, Հ. Նշկյան, Առաջին կայծերը, Հ, Երամյան, Հուշարձան, Հ. ճանկուլյան, Հիշատակներ հայկական ճգնաժամէն, Մ. Նշկյան, Ով փճացուց հայությանը, ՀՍՍՌ կուլտուրայի մինիստրության գրականության և արվեստի թանգարանի արխիվ, Թ. Ազատյանի և Բ. Նավասարդյանի ֆոնդերում եղած նյութերը, «Գործ», 1917, № 3, «Հայրենիք», շաբաթաթերթ (Բոստոն), 1905, 25/11 և ժամանակի արևմտահայ, արևելահայ և օտար մամուլը, ՌԱՔԱ, ֆ. Քաղ., արխիվ։ [69] ի դեպ այդ վանքում են սովորել Ան. Շիրակացին, Գր. Նարեկացին, Ար. Լաստիվերտցին, Գր. Մագիստրոսը և հայ մշակույթի այլ նշանավոր գործիչներ։ [70] Հ. Նշկյանի մոտ («Առաջին կայծերը») եղած հապավումները՝ Է. Պ. և Ս. Պ. կարդում ենք Էհրամճի Պալաս և Սարաֆյան Պողոս։ «Մշակ»-ում (1883, N: 59), Սարթֆձանը սխալմամբ տպագրված է Սարաճյան: [71] Ըստ Տ. Կերեքցյանի Ա. Էթալիկյանն է մատնել Մ. Մանուկյանին (տե՛ս ՀՍՍՌ կուլտուրայի մինիստրության գրականության և արվեստի թանգարանի արխիվ, Բ. Նավասարդյանի ֆ., 9—III)։ [72] Տե՛ս «Մշակ», 1883, № 55 (Կարինից ստացած թղթակցությունը)։ [73] «Արշալույս Արարատյան», 1883թ., N:1207 [74] Մամուլում թյուրիմացարար, թղթակիցների մեղքով, Միքայել Մանուկյանի անունը, առանձին դեպքերում, նույնացվեց Գարեգին Սրվանձտյանի եղբոր՝ Միքայել Սրվանձտյանի անվան հետ։ Բայց մատնության հեղինակը ոչ թե Գ. Սրվանձտյանի, այլ կոշկակար Գևորգ Մանուկյանի եղբայրն էր (տե՛ս «Մշակ», 1883, N: 55)։ [75] Տրապիզոնից «Մշակ»)ին (1883, N:9), գրում էին, որ Մելիքսեդեկ քահանայի հետ միասին մատնությանը մասնակցել են նաև Պողոս քահանան և «երկու աշխարհական էֆենդիներ»: [76] Տե՛ս «Մշակ», 1883, № 12: [77] Մաղաքիա Օրմանյանը (ծննդեան անունով Պողոս) կաթոլիկությունից լուսավորչական եկեղեցու գիրկն է դարձել 1879 թ. հոկտեմբերի 28-ին։ [78] «Մշակ», 1883, № 6: [79] ՀՍՍՌ կուլտուրայի մինիստրության գրականության և արվեստի թանգարանի արխիվ, Բ. Նավասարդյանի ֆ., 9-III: [80] Տե՛ս «Արշալույս Արարատյան», 1883, N:1207: [81] Հ. Նշկյան, Առաջին կայծեր, էջ 140: [82] Տե՛ս «Հայրենիք» շաբաթաթերթ, Բոստոն, 1905մ 9/12: [83] Տե՛ս Մ. Նշկյան, Ով փճացուց հայությանը: [84] ՀՍՍՌ կուլտուրայի մինիստրության գրականության և արվեստի թանգարանի արխիվ, Թ. Ազատյանի ֆ., XII - 11507: [85] «Մեղու Հայաստանի», 1883, N:44: [86] «Մշակ», 1883, № 12: [87] ՀՍՍՌ կուլտուրայի մինիստրության գրականության և արվեստի թանգարանի արխիվ, Թ. Ազատյանի ֆ., XII - 11516: [88] Նույն տեղում, XII-11513: [89] «Մշակ», 1883, № 12: [90] ՀՍՍՌ կուլտուրայի մինիստրության գրականության և արվեստի թանգարանի արխիվ, Թ. Ազատյանի ֆ., XII - 11515: [91] Նույն տեղում, XII-11517: [92] Տե՛ս Մար, Թուրքական բանտեր, Ժնև, 1906, էջ 15: [93] Տե՛ս «Մշակ», 1883, № 62: [94] ՀՍՍՌ կուլտուրայի մինիստրության գրականության և արվեստի թանգարանի արխիվ, Թ. Ազատյանի ֆ., XII - 11508: [95] Նույն տեղում, XII-11508: [96] ՌԱՔԱ, ֆ. քաղ, արխիվ 1881/1884թթ., գ. 1625, թ. 83-85: [97] «Московские ведомости», 1883, N:3, «Русские ведомости», 1883, N:4: [98] ՌԱՔԱ, ֆ. քաղ, արխիվ 1881/1884թթ., գ. 1625, թ. Էջ 83-85: [99] «Մշակ», 1883, № 33: [100] Դատաստանական փաստաթղթերում, 0րմանյանի նամակներում և ժամանակի մամուլում՝ Կարապետ Իսրայելյան (հավանաբար հայրանունը շփոթված է ազգանվան հետ): [101] ՌԱՔԱ, ֆ. քաղ, արխիվ 1881/1884թթ., գ. 1625, թ. Էջ 83-85: [102] ՀՍՍՌ կուլտուրայի մինիստրության գրականության և արվեստի թանգարանի արիիվք Թ. Ազատյանի ֆ., XII—11519: Նաև «Մասիս», 1883, N: 3463, 3464։ Նշենք, որ «Պաշտպան հայրենյաց»-իc հետո Թուրքիայում եղած բոլոր հայկական հուզումները, աննշան ցույցերն անգամ, նույնպես դատապարտվում էին որպես «Թուրքիայի մի մասը Օսմանյան կայսրությունից հանելու նպատակով ձեռնարկված շարժումների (տե՛ս Մ. Օրմանյան, Ազգապատում, հատ. 3, էջ 4641 )։

ԱՂԲՅՈՒՐԸ՝ Ռ.Փ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ "ԱՐԵՎՄՏԱՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԻՆԻ "ՊԱՇՏՊԱՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ" ՄԻՈՒԹՅՈՒՆԸ" գրքից: Երևան 1965թ.:[խմբագրել | խմբագրել կոդը]